Կինոռեժիսոր է:
Վավերագրող:
Լրագրող:
Քաղաքագետ:
Սովորել է
Բեյրութում,
Փարիզում:
Նախնական
կրթությամբ
լրագրող է:
Ստոկհոլմի
վավերա-
գրական
կինոյի
դպրոցի
սան է:
նաև
Թավթսի
համալ-
սարանի
միջազգային
իրավունքի և
դիվանա-
գիտության
Ֆլետչերի
դպրոցի
մագիստրոս է:
«Մարդկանց բաժանել հրեշների ու հրեշտակների...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ
Շվեդահայ հայտնի կինոռեժիսոր, վավերագրող, լրագրող, մեդիա մասնագետ, քաղաքագետ, Թավթսի համալսարանի միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի մագիստրոս ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆԻ հերթական հրապարակումը ժամանակակից իրողությունների վերլուծություն է, դատողական նոթ:
Պատկերացրեք մի պահ, երբ կանգնած եք պարզ լուծում չունեցող որևէ խնդրի առաջ, և այդ պարզ լուծում չունեցող խնդիրը չունի նաև պարզ բացատրություն, չկան պարզ արդարացումներ, նաև՝ այդ խնդրում չկան ակնհայտ հանցավորներ կամ մեղադրելի կողմեր։
Բայց այդ շատ կնճռոտ խնդիրը, պատկերացրեք, ունի՝ միշտ ունի մի շատ պարզ լուծում. մեղադրել մի բոլորովին անմեղ մարդու, և, ինչպես կասեր ֆրանսիացին՝ voila (ահա) հարցը լուծված է։
Ճիշտ է՝ սա բուն խնդիրը լուծելու ոչ մի նպատակ չի հետապնդում`լինի այն բերքի խնդիրը ձախողելը, սովն ու համաճարակը, մշակութային ցնցումները, թե՝ տնտեսական ու սոցիալական աղետները: Բայց անմեղին մեղադրելով՝ շահագրգիռ կողմը կարող է ստեղծել միասնական ոգի ու, թերևս՝ նույնիսկ, համերաշխություն, բայց սա լոկ խաբեութուն է:
Մարդիկ սնվում են մի մեծ ստով, թե՝ այդ շատ կնճռոտ խնդիրը հեշտ է և լուծելի:
Եթե մի անհատ, կամ մի խումբ մարդիկ ներկայացվեն որպես չարիքի ակունք ու եթե բավարար թվով մարդիկ համոզվեն, որ անհատն ու խումբը վերացնելով՝ կվերացվի չարիքը, ապա նշանակություն չունի, թե չարիքի աղբյուրի մատնանշումը իրական է, թե՝ անիրական:
Ավելին՝ նույն մարդիկ բոլորովին հետքրքրված չեն՝ մատնանշողը իսկապես մեղավո՞ր է, թե՝ ոչ:
Սա «Քավության նոխազ» հասկացության խտացված պատկերումն է:
«Քավության նոխազն» ինձ հիշեցնում է մ.թ. 1-ին հազարամյակում ապրող հույն փիլիսոփա Ապոլլոնիոս Թիանացուն, որի մասին ասվում է, թե նա Հիսուսի ժամանակակիցներից էր և որ հայտնի էր իր «հրաշքներով»:
Ապոլլոնիոսն ապրում էր Եփեսոս հին քաղաքում և բազմիցս դատապարտել էր բնակչութանն իր ծուլության, նյութապաշտության ու զեխ ապրելակերպի համար:
Մի օր քաղաքը հայտնվում է հիվանդության ու համաճարակի ճիրաններում, և իշխանավորները դիմում են Ապոլլոնիոսի օգնությանը՝ փրկելու համար Եփեսոս քաղաքը։
Երբ Ապոլլոնիոսը մտնում է քաղաք, անմիջապես գտնում է խնդրի պատճառը՝ ցույց է տալիս փողոցում նստած կեղտոտ ու ծեր մի մուրացկանի, ապա հորդորում է Եփեսացիներին՝ քարկոծելով սպանել այդ խեղճ մարդուն:
Բնականաբար, Եփեսոսի մարդիկ առաջին հերթին ցնցվում են: Քաղաքացիները չեն ուզում կատարել այդ դաժան արարքը, սակայն Ապոլլոնիոսը հայտարարում է, որ աղքատը դև է և չարիքի արմատը, և ուրեմն պետք է սպանել նրան ու ոչնչացնել չարիքի արմատը։
... Շուտով ամբողջ քաղաքը մասնակցում է քարկոծմանը, և կույր ու ծեր մարդը մեռնում է քարերի տարափի տակ:
Բայց հետո, երբ ժողովուրդը դիակը դուրս հանելու համար հավաքում է քարերը, ի զարման բոլորի՝ քարերի տակ գտնում է ոչ թե մուրացկանի դիակը, այլ մի մեծ, սև հրեշի:
Այդ քարկոծման շնորհիվ մարդիկ ստացան իրենց փնտրած «Քավության նոխազը», և այդպիսով իրագործվեց Եփեսոսի ահավոր հրաշքը:
Մեր օրերում ևս հրաշալիորեն գործում է «Քավության նոխազի» մեխանիզմը ու գործում է բազմապատկված ուժով. սոցիալական կայքեր, նոր մեդիա, կեղծ լուրեր, որոնք բազմապատկում են հասանելիության և ազդեցության պոտենցիալը:
Քաղաքական ռեժիմներն ու շարժումները, որոնք սնում են մարդկանց՝ վախ ներարկելով, այսօր զինված են թվային տեխնոլոգիաների բոլոր հնարքներով, մեր թվային կյանքի բոլոր կեղծ պալատների ու փուչիկների ճանապարհով, և հեշտությամբ կարող են փորել մի խեղճ մուրացկանի աչքերը, նրա վզից կախել դավաճանի ու թշնամու պիտակը, ու շատ արագ մարդկանց բաժանել հրեշների ու հրեշտակների, որից հետո ամենափոքր խոսակցությունը կամ տարակարծությունը կարող է բառացիորեն վերածվել քարկոծման։
Դժբախտաբար, քարերն ու քարկոծումը սկսել են գրավել հասարակություններն ու տարածվել երկիր առ երկիր, պետություն առ պետություն:
Նայեք մեր իրականությանը:
Անհասկանալի են Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի շուրջ ծավալվող աղետալի գործընթացները, եթե դրանցում չենք տեսնում «Քավության նոխազ» գտնելու ռազմավարությունը: Մարդկանց հավատացնում են, թե ԵՄ-ից դուրս գալով չարիքը պիտի խափանվի, և , օ~ հրաշք, պիտի վերականգնվի պատմական Մեծ Բրիտանիան իր ողջ փառահեղությամբ:
Իհարկե, հայտարարությունների և ասվածի մեծ մասը կեղծիք է, և որ այնքան էլ հեշտ չէ ԵՄ-ից դուրս գալը, եթե չասենք՝ անհնար, բայց «Քավության նոխազի» գործիքը՝ որպես քաղաքական ուժեղ զենք, գործեց նույն արդյունավետությամբ, ինչպես Եփեսոսի քարկոծումը:
Առանց «Քավության նոխազների»՝ իսլամների, հրեաների, մեքսիկացիների, Դոնալդ Թրամփի ընտրությունը նախագահի պաշտոնում հազիվ թե հնարավոր դառնար:
Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, որը Թրամփը դարձրեց իր քաղաքականության խորհրդանիշը, ոչ մի առնչություն չուներ երկրի սահմանների անվտանգության հետ, սակայն, միանշանակ, այն կենդանի էր պահում «Քավության նոխազները»:
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ևս խիստ մտահոգիչ է:
Սովորական խոսակցությունն ու երկխոսությունը սպանելու միտումներ եմ տեսնում: Մարդիկ ասում և անում են բաներ, որոնք բնական պայմաններում չպետք է ասեին կամ անեին, սակայն բոլորն այսօր տրված են նոր հոսանքին՝ պատրաստ հարվածել միմյանց:
Հարվածողների թիվն օրեցօր շատանում է, և, ցավալիորեն, մարդկանց մտքում հարվածելը դառնում է սովորական, ընդունելի և իրավացի։
Սակայն Եփեսոսի նման՝ քար նետողները քարերի տակից Մուրացկանին չէ, որ պետք է գտնեն: Ի զարմանք բոլորիս՝ այնտեղ պիտի գտնենք հրեշներ: Իսկ հրեշներն ամեն բանի ընդունակ են։ Անսպասելին անելու ընդունակություն ունեն։
Լավ կլիներ, եթե որևէ մեկը կարողանար այս խելագարության առաջն առնել։ Գուցե ասելով՝ նա, ով երբեք մեղք չի գործել, թող նա նետի առաջին քարը:
Սյուզան Խարդալյան