«Մի անջատեք ուղեղը. դա չարդարացված շռայլություն է հայերիս համար...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
1980 թիվն առհավետ դրոշմվել է հիշողությանս մեջ: Շոգ ամառը, Օլիմպիական խաղերը Մոսկվայում, Ջոն Լենոնի, Վլադիմիր Վիսոցկու և Ջո Դասենի անժամանակ մահերը...
Բրեժնևյան դարաշրջանի «ոսկե» օրերն էին: Ավելի հստակ՝ սոցիալիստական կայսրության վերջին «բարեկեցիկ» տարիները: Սովետական զորքերն արդեն Աֆղանստանում էին: Մարդիկ խոսում էին գիշերով ժամանող օդանավերի և ցինկապատ դագաղների մասին... Առավել ձեռներեցները հատուկ ալեհավաքով թուրքական հեռուստաալիքներ էին դիտում: Դա համարվում էր բարեկեցության և անգամ քաղաքակրթության չափանիշ: Անկեղծ ասած՝ սովորական ալիքներով առանձնապես նայելու բան էլ չկար: Ինչպես անեկդոտն էր ասում՝ «Գովասանք, բամբասանք, սպորտ»: Գրեթե ամեն երեկո ֆիլմեր էին ցուցադրում՝ հետաքրքիր կամ էլ ոչ այնքան:
Եվ հենց 1980 թվին էր, որ էկրաններին հայտնվեց «Թեհրան 43» ֆիլմը և միանգամից սիրվեց բազմամիլիոնանոց հանդիսատեսի կողմից:
Հիշում եմ՝ կինոթատրոններում անգամ հերթեր էին: Ես էլ էի սիրում այդ ֆիլմը: Բացի այն, որ շատ հետաքրքիր էր և նոր՝ իր բնույթով, նաև հիացնում էր Կարվարենցի և Ազնավուրի «Une vie d’amour» հոգեպարար երգով, ինչպես նաև համաշխարհային կինոաստղերի՝ Ալեն Դելոնի, Կլոդ Ժադի, Կուրդ Յուրգենսի, ինչպես նաև սովետական վարպետների՝ Ֆիլոզովի, Ջիգարխանյանի, Կոստոլևսկու, Բելոխվոստիկովայի և այլոց փայլուն կատարմամբ: Հիշում եմ՝ երբ Ջիգարխանյանն էր երևում կադրում՝ դահլիճը հիացական շունչ էր քաշում ու ծափահարում...
Անցել է գրեթե քառասուն տարի: Ճիշտ այնքան, որքան այս խելահեղ աշխարհում ապրեց Ջոն Լենոնը: Մի քանի օր առաջ պատահաբար կրկին նայեցի «Թեհրան 43» ֆիլմը: Հիշողությունս տակնուվրա եղավ, ու ակամայից 1980 թիվն ու շոգ ամառը հիշեցի: Բայց շուտով զգացմունքներս նահանջեցին, երբ սկսեցի մտածել այդ ֆիլմի մասին:
Չգիտես ինչու, մենք՝ հայերս, շատ ենք հպարտանում այդ ֆիլմով: Ովքեր տեղյակ չեն՝ ֆիլմը սիրո դշխեմ պատմությանը զուգահեռ պատմում է 1943 թ. Թեհրանում Ռուզվելտի, Չերչիլի և Ստալինի դեմ գերմանացիների կողմից իրականացված անհաջող մահափորձի և այդ մահափորձը բացահայտած և ձախողած ԿԳԲ-ի գործողությունների մասին:
Բայց ես հիմա չեմ ուզում խոսել ֆիլմի մասին որպես այսօրվա հայ հանդիսատես, այլ ցանկանում եմ կարծիք հայտնել որպես, ասենք, 2019 թ. Բոստոնում ապրող միջին վիճակագրական ամերիկացի կամ միգուցե որպես միջին չինացի...
Եվ այսպես՝ «Լավ ֆիլմ էր, թեև արդեն բավականին հնաոճ: Երաժշտությունը լավն էր՝ երևի կանադական: Լավ դերասաններ էին խաղում: Մեկին կարծես մի ուրիշ ֆիլմում տեսել եմ: Էլ ովքե՞ր են խաղում... Չէ, անծանոթ են... Դե լավ, երևի ֆուտբոլ կամ բոքս միացնեմ»:
Իսկ ի՞նչ կասի 1980 թվից հետո ծնված և Ամերիկայում բնակվող միջին վիճակագրական ամերիկահայը կամ էլ Երևանում բնակվող ՀՀ քաղաքացին: Կարծում եմ՝ մոտավորապես նույնը: Եվ կշտապի այլ բան միացնել՝ անգամ չկարդալով ֆիլմի վերջին տողերը դերասանների և այլոց մասին: Միջին վիճակագրականից մի քիչ ավելի բարձրը թերևս կճանաչի Ջիգարխանյանին և հիացական կասի՝ «Դե լավն ենք էլի…»
Ինչևէ: 1943 թ. աշնանը Թեհրանում շատ կարևոր անցքեր են տեղի ունեցել, և դրանց մասին ֆիլմ է նկարահանվել: Հիմնական դրական հերոսը՝ Անդրեյ Բորոդինն է (դերասան Իգոր Կոստոլևսկի), որի նախակերպարը հայազգի հետախույզ Գևորգ Վարդանյանն է: Բորոդինի ղեկավարը ոմն Արմոլին է, որի նախակերպարը մեկ այլ հայազգի հետախույզ է՝ գեներալ Իվան (Հովհաննես) Աղայանը՝ ԿԳԲ-ի ռեզիդենտը Իրանում: Ֆիլմում հնչում է Ժորժ (Տիրան) Կարվարենցի և Շառլ Ազնավուրի (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) սիրապարար երգը: Իսկ ամենաբացասական հերոս, մարդասպան և տեռորիստ Մաքս Ռիշարի դերում Արմեն Ջիգարխանյանն է:
Այնպես որ՝ Բոստոնում ապրող միջին վիճակագրական ամերիկացուն, Չինաստանում ապրող միջին վիճակագրական չինացուն և վախենամ, որ անգամ նոր սերնդի միջին վիճակագրական հային այս ֆիլմը հայերի մասին ոչինչ չի ասի…
Ես դժվարանում եմ քաղաքական գնահատական տալ 1943 թ. աշնանը Թեհրանում կատարվածին: Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ էր Իվան Աղայանի կամ Գևորգ Վարդանյանի և նրա կնոջ՝Գոհարի մտքին... Կամ ինչո՞ւ էր ԱՄՆ-ում ԿԳԲ-ի հայազգի ռեզիդենտ Հայկ Հովակիմյանն այնքան շահագրգռված միջուկային զենքի գաղտնիքները Մոսկվա ուղարկելու հարցում... Նույնը նաև Հովհաննես Բաղրամյանի և Նվեր Սաֆարյանի մասին... Միգուցե մարդիկ երազում էին, որ 1945-ին աշխարհասփյուռ հայերի հավաքած միջոցներով կառուցված «Սասունցի Դավիթ» տանկային դիվիզիան մտնելու և ազատագրելու է Արևմտյան Հայաստանը... Չստացվեց:
Մեծ քաղաքականության մեջ մենք անգամ սպա կամ ձի չենք, այլ ընդամենը զինվորներ: Անգամ մարշալ Բաղրամյանն ընդամենը զինվոր էր: Չորս մարշալ և հարյուրի չափ գեներալներ: Արդյունքը՝ ոչինչ: Միայն դառն արցունքներ:
Իսկ ինչ վերաբերում է ֆիլմին... Չգիտեմ: Այս մտորումներից հետո բոլորովին այլ աչքերով եմ նայելու «Թեհրան 43» ֆիլմը:
Դե ուրեմն եկեք չզարմանանք, որ Lord of War («Պատերազմի աստվածը») ֆիլմում հանրահայտ Սարգիս Սողանալյանի կերպարը պրոդյուսերների թեթև ձեռքով դարձել է Յուրի Օռլով՝ Օդեսայից գաղթած հրեա: Այո, Սողանալյանի կերպարը միանշանակ չէ: Նրան անվանում էին Մահավաճառ, որն, ասում են, մասնավորապես նաև Հայաստանին է զենք մատակարարել: Բայց ինչո՞ւ այդպես թեթև ձևով Սողանալյանին դարձնել Օռլով… Ո՞ւր եք, հայեր: «Խոստում» եք նկարո՞ւմ: Իզուր, դիտող չեղավ: Ոչ մեկին պետք չէ անգամ ամենալավ ֆիլմը, եթե դիտող չունի:
Ուրեմն եկեք չզարմանանք, որ Վասիլ Կայսեր կողմից մինադրված և 250 տարի Բյուզանդիայում իշխած արքայատոհմը ոչ թե հայկական է կոչվում, այլ մակեդոնական: Ու առավել ևս եկեք չզարմանանք, որ ոչ բարի դրացի երկրում մեր եկեղեցիները ալբանական են հորջորջվում:
Եվ վերջում՝ մի փոքրիկ պատմություն մի քիչ այլ թեմայով: Մի հրաշալի ռուսական ֆիլմ կա՝ «Где находится нофелет» անունով: Սցենարի հեղինակն է Անատոլի Էյրամջանը: Դե կռահեք՝ ո՞վ է Անատոլի Էյրամջանը: Դա նույն ինքը Անտոլի Նիկողայոսի Տեր-Գրիգորյանն է՝ Ղազարոս Աղայանի ծոռը և Մարտիրոս Սարյանի զարմիկը: Բաքվում ծնված և Մայամիում մահացած: Բայց պատմության մեջ կմնա իբրև Էյրամջան: Մի հարյուր տարի հետո երևի կհամարվի թուրք կամ ալբանացի սցենարիստ... Եվ կկորչի-կգնա: Ի՞նչն է ստիպել այդ մարդուն մերժել իր հայկական ծագումն ու կտրել կապերը հայ անվան հետ...
Եթե մենք ինքներս չգնահատենք մեզ ու մեր արժեքները, ուրիշները դա երբեք չեն անելու: Իսկ ֆիլմ նայելիս մի անջատեք ուղեղը: Երբե՛ք մի անջատեք: Դա մեզ՝ հայերիս համար չարդարացված շռայլություն է:
Դավիթ Խաչիյան