Ռաֆայել Հովհաննիսյան
Ռաֆայել Հովհաննիսյան

 

Մարկ Մըրֆին,

որն իմ

ամենասիրելի

ջազ երգիչն է,

ասում էր,

որ ջազ

երգիչը նա է,

որը ջազ է

երգում

(ինչքան

պարզ է, չէ՞):

 

Նրանից շատ

առաջ ջազի

լեգենդ Լուի

Արմսթրոնգն

էլ ասում էր,

որ «Եթե

հարցնում

ես, թե ինչ է

ջազը, ուրեմն

երբեք էլ

չես իմանա»:

 

Այս ամենից

հետո ինձ

մնում է ասել,

որ ես ջազ

երգիչ եմ

և ուզում

եմ, որ

չմեռնենք չծաղկած:

Մի հարց. հիմա սա ո՞վ է ՄԱՔՐԵԼՈՒ...

 

Տարիների ընթացքում այնպիսի տպավորություն է, որ Սփյուռքում՝ գերազանցապես հայկական ամենամեծ երկու համայնքներում՝ Ռուսաստանում ու ԱՄՆ-ում, հայության մի մեծ զանգվածի համար «ռաբիսը» որպես ազգապահպանության բացառիկ գործոն է դիտարկվում: Երևույթը սարսափելի մի միջոցի է վերածվել հայրենիքից հեռու ապրող մարդուն իբր «հայ պահելու» համար:

Մեր օրերում «ռաբիսի» այս սյուրռեալիստական «ֆենոմենը», կարծում եմ միանգամայն արմատական վերաբերմունքի կարիք ունի, որովհետև նրա «հայապահպանական առաքելությունը» տարածվում է նաև հայերիս բուն հայրենիքում՝ Հայաստանում:

Հայկական ինքնությունն արթուն պահելու այդ «հայրենանվեր առաքելության» գործում «ռաբիսի» հանդեպ նման անշահախնդիր վստահությունն, իրականում, չափազանց ողբերգական տպավորություն է թողնում ինչպես իր ձևավորած իրականության, որտեղ իրական արվեստը ոտնակոխ է արվում, այնպես էլ դրա հետևանքների մեջ:

Հատկապես, անգամ օտարության մեջ հայրենիքից կտրված նոր սերնդին կարևոր այդ «ժառանգությունը» փոխանցելու լույսի տակ, որովհետև երաժշտական այդ ուղղվածությունը կարող է արդյունավետ լինել ասենք՝ պարսկա-արաբական, մոնղոլ-թաթարական կամ թուրքա-ադրբեջանական ինքնության պահպանման հարցում, բայց ոչ երբեք հայկական:

Եթե նպատակը հայ մնալն ու ազգային ոգին պահպանել է, ապա պետք է հասկանալ, որ այս երաժշտությամբ կարող ես մնալ ամեն ինչ, բացի հայ լինելուց:

«Արևելյան» կոչվող երաժշտությունը՝ ասենք արաբականը կամ պարսկականը, երբ ազգությամբ արաբ կամ պարսիկ երաժիշտներն են կատարում, կարող ես լսել այնպես, ինչպես ասենք հնդկական կամ չինական ազգային երաժշտությունը կունկընդրեիր, որպես տվյալ ժողովրդի ազգային երաժշտությունը ներկայացնող կատարում:

Բայց հնչողությամբ բացահայտ արաբական, իրանական, թուրքական մեղեդիների համար գրել հայերեն տեքստեր, մեկ օրվա ընթացքում միլիոնավոր դիտումներ ապահովել համացանցում, հեռուստատեսությամբ, մեդիայի բոլոր միջոցներով «գրոհ» կազմակերպել, որի արդյունքում ալիքային ազդեցությամբ փողոցներում մեքենաներից վայնասուն է տարածվում, և անթաքույց հպարտանալ այդ ամենով, որպես քո երաժշտական հաջողությունը ևս մեկ անգամ փաստող երևույթ, իհարկե, «մեծագույն հայապահպանական առաքելություն» է անգամ հայրենիքում:

Այս ամենը, ցավալիորեն, արվեստում «վաստակ» ունենալը փաստելու գործում հաջող խաղադրույք կատարելու գնահատվող քայլ է, որի նախադեպերն արդեն եղել են:

Ցավալի է, և այս պարագայում՝ ոչ զարմանալի, որ միևնույն իրավիճակը ոլորտի առանձնահատուկ դրսևորումներով ոչ միայն երաժիշտներին է վերաբերում, այլև արվեստի մյուս բնագավառի ներկայացուցիչներին: 

Մեր իրականության մեջ ընդունված ախտորոշում է, որ, ի վերջո, բոլոր ճանապարհները տանում են «Հռոմ», կամ այլ կերպ ասած մեր երկրում բոլոր ոճերի երաժիշտները պետք է ի վերջո «ռաբիս» նվագեն կամ երգեն, որ կարողանան գումար աշխատել:

Այլ կերպ ասած մեր «երաժշտական տարազի» վրա ներկայումս գրեթե բոլոր արևելյան ազգերի նախշերից կա, բացի հայկականից, գոնե հասարակական լայն զանգվածների ընկալման մեջ:

Տարածված կարծիք կա, երբ ասում են՝ հարսանիքի ժամանակ հո՞ Բախ, Գերշվին, Փորթեր կամ Կոմիտաս չենք լսելու:

Իհարկե բոլորս էլ՝ ստիպված կամ էլ մեծ ոգևորությամբ, ինչ-որ առիթի կամ հավաքույթի ժամանակ մեր ձեռքերը բարձրացրել ենք այդ տեսակ նվագի հնչողության տակ, բայց միթե կարելի է մշակույթն այսքան խեղել այդ նվագով, հնչեցնել ամենուր՝ հեռուստատեսությամբ, ամենահեղինակավոր համերգասրահներում, փողոցներում՝ այն էլ «ամենակարողության» պետական հովանավորչության տակ:

Իսկ ինչո՞ւ չի կարելի տրվել մեր ազգագրական երաժշտությանը՝ առանց ավելորդ տարրերի, ու ձեռքերը բարձրացնել և հանգիստ սրտով «զբաղվել» հայապահպանությամբ, առավել ևս, երբ մեր ազգագրական, ժողովրդական երաժշտության առանձին օրինակներ այդ հնարավորությունը մեծագույն ոգևորությամբ ընձեռում են՝ մարդկանց միավորելու իրենց ներքին բացառիկ ուժով: 

Հայկական հարսանեկան երգերն ունեն բազմաթիվ տեղային տարբերակներ, դրանք այնքան գեղեցիկ են ու ոգեշնչող իրենց երաժշտականությամբ: Ինչո՞ւ հրաժարվեցինք, ինչո՞ւ հիմա չվերականգնենք այս ամենը:

Հայկական հարսանեկան երգերի շարքը, ըստ Կոմիտասի կազմված է շուրջ 100 միավորից:

Շատ տարբեր են այդ երգերի բանաստեղծական թեմաները՝ վերաբերելով փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին (օր.՝ «հարսանեկան ծառի» օրհնելը) և այլն։ Հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ «երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը՝ մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ»։

Բազմազան են նաև հարսանեկան երգերի կոմպոզիցիոն միջոցներն ու կատարողական հատկանիշները՝ ընդգրկելով ռեչիտատիվ ու եղանակավոր երգեցողության բոլոր տեսակներով կատարվող արական ու իգական մեներգեր, մեներգչի և խմբի, նաև երկու խմբի հարց ու պատասխանային զուգերգեր և այլն։

Ասենք՝ «Վարդ, զքե չըմ սիրի», «Դուն հալալ մերիկ», ինչպես նաև փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր», «Էն դիզան, տեսեք էն որն ի»։

Հարսանիքի երաժշտությունը ընդգրկում է նաև նրա առանձին դրվագներին հատկացված հատուկ պարերգեր և նվագարանային եղանակներ:

Մենք մեծ թվով այդպիսի հարսանեկան երգեր ունենք, որոնք, իհարկե, դեռևս լրիվ հավաքված-գրառնված չեն։ 

Կոմիտասը, հարսանեկան երգերից կազմել է երկու երգաշար (սյուիտ), Կոմիտասից բացի, 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած դրանք հավաքվել ու պահպանվել են նաև Սահակ Ամատունու, Միհրան Թումաջյանի, Հայրիկ Մուրադյանի և ուրիշների ջանքերով:

Իհարկե այս ամենը կետ առ կետ վերականգնելը մասնագիտական բարդ գործ է, ինչպես նաև հարսանեկան արարողությունների մեջ դրանք ամբողջապես ներմուծելը գուցե արդեն հնարավոր էլ չէ, բայց կարելի է վերցնել առանձին շատ սիրուն գործեր, որոնք այսօր էլ կարելի է նորովի հնչեցնել, և վստահ եմ, որ այդ օրը շատ ավելի անմոռանալի կդառնա:

Ինչ վերաբերում է Երևանում՝ հատկապես կենտրոնում, գրեթե ամեն քայլափոխի լսվող «ոռնոցներին», մուղամներին ու արևելյան կլկլոցներին, որոնք կարծես «մզկիթներից» աղոթքի կանչեն բոլոր հավատացյալներին, կարելի է պատկերացնել, թե այդ ամենը օդի մեջ մշակութային ինչ առանձնակի ֆոն է ստեղծում նաև օտարերկրյա տուրիստների մոտ՝ որպես առաջին քրիստոնյա երկրիր լինելու փաստով միշտ «կուրծք ծեծող» ազգի մշակութային չափազանց բնորոշ պատկեր և ի՜նչ զարգացում կարող է ապահովել տուրիզմի համար:

Այս տարի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի մուտքի մոտ մի սրճարան էր գործում, որտեղ ռուսական «շանսոնն» ու ռաբիսը ձեռք-ձեռքի տված «ծաղկեցնում» էին քաղաքային երեկոները, իսկ Կոմիտասի հայացքի տակ՝ կոնսերվատորիայի դիմացի այգում հնչում էր «Դոլյա Վորովսկայան»՝ ազգային նվագարանների՝ դուդուկի, դհոլի, զուռնայի կատարմամբ, որի «կոմերցիոն» նվագի ներքո անցորդերից մի քանիսն անգամ պար էին բռնում, իբրև մեծագույն պարադոքս և տուրք Հանճարին, որը մինչև վերջ զգալով մեր ազգային երաժշտության կործանման վտանգը, մի ամբողջ կյանք նվիրաբերեց հայ ժողովրդական երաժշտությունը օտար ազդեցություններից մաքրելու, զտելու ու մեզ մեր ամենամաքուր տեսակով ցույց տալու առաքելությանը:

Կոմիտասը բռնեց մեր ձեռքից, տարավ անտառի այն աղբյուրի մոտ, որի հունն ինքն իր ձեռքերով էր մաքրել, ասաց՝ սա է մերը, այստեղից «խմեք»: Կոմիտասը մեզ ճանապարհը ցույց տվեց, բացահայտեց թե իրականում ով ենք մենք, որն է մեր՝ իբրև ազգ, երաժշտական դիմագիծն ու ունեցած ժառանգությունը: 

Փոխարենը մենք այսօր համառորեն շարունակում ենք ցույց տալ, որ մեր «դոլյան» ոչ միայն «վորովսկայա» է, այլև անգամ երգերի ընթացքում ծափ տալու ժամանակ, չգիտես ինչու, նույնիսկ ջազային կատարումների պարագայում երկրորդի փոխարեն միշտ առաջինի վրա է «ընկնում»:

Տարօրինակ չէ, որ միևնույն իրավիճակը նաև քաղաքաշինության մեջ է, որտեղ խախտված է Հռոմից հին մեր քաղաքի հարմոնիկ պատկերը: Որտեղ ամեն նոր շինություն իր մեղեդին է «երգում» ու մեր քաղաքի երգերի հետ ոչ մի հարազատություն ու կապ չունի:

Պարզ է դառնում մի բան, որ եթե մարդ տգետ է, (բնավ նշանակություն չունի քանի համալսարան է ավարտել կամ չի ավարտել), ու այս քաղաքի հետ կապող ոչ մի զգացմունքային հիշողություն չունի, այսինքն նրա համար հարազատ չէ, կամ, ինչը տվյալ դեպքում ավելի կարևոր է, արժեք չի ներկայացնում այս կամ այն փողոցը, շենքը կամ անկյունի ծիրանի ծառը, ուրեմն բնական է, որ նա հենց այս կերպ էլ պետք է վարվեր քաղաքի ու նրա մշակութային շերտի հետ:

Մարդն իր ոտքերի կեղտը չի մաքրում նրա վրա, ում սիրում է:

Իհարկե, հայտնի արդարացում կա. բա մարդիկ ինչպե՞ս փող աշխատեն: Շատերն ասում են այլ ելք չկա, ի՞նչ անենք: Բայց բոլոր տեսակի իրավիճակներից ելք միշտ կա:

Միթե ելքն այն է, որ այս դեպքում կարելի է հարստանալ արվեստի դեմ անընդմեջ ավազակային ծանր ու անպատիժ հանցագործություներ կատարելով, որովհետև դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, ինչպես ասենք կլիներ, եթե որևէ բանկ թալանելու լինեիր:

Վերջում, եթե կարելի է, մի հարց՝ հիմա սա ո՞վ է մաքրելու:

Ռաֆայել Հովհաննիսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ