Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

«Մի շենքի պատմություն, կամ... աշխարհը կառավարում են նշանները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Փավստոս Բուզանդն է գրում. պարսից Շապուհ արքան, Դ դարում գրավելով Անի-Կամախը, բացել է տվել այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները, որ աճյունները Պարսկաստան տեղափոխի: Պարսիկների պատկերացումներով՝ ոսկորների հետ միասին իրենց աշխարհ կփոխադրվեր նաև հայ թագավորների «փառքը, բախտն ու քաջությունը»: Սակայան Վասակ Մամիկոնյան սպարապետը Այրարատում հաղթելով պարսիկներին՝ խլել է այդ մասունքները, վերադարձրել և թաղել է Աղցքում, որ հայոց փառքը, բախտն ու քաջությունը մնա Հայաստանում:

Ժամանակին մեր տաք մայրաքաղաքում մի գեղեցիկ շենք կար՝ երևանցիներիս ասած՝ Լեզվի ինստիտուտը: Եվ ինչպես մեր սիրտն է մարմնի կենտրոնում, այնպես էլ Լեզվի ինստիտուտն էր Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների հատման կետում:

Այդ գեղեցիկ շենքը, որը կարող էր ցանկացած մայրաքաղաքի զարդը լինել, 1937 թ. նախագծել և կառուցել էր Աննա Տեր-Ավետիքյանը՝ Հայաստանի առաջին կին ճարտարապետը:

Այդ ժամանակ նա ընդամենը 29 տարեկան էր, իսկ Հայաստանում մոլեգնում էր Ստալինի արյունոտ մանգաղը: Բայց որքա՜ն մեծ էր մեր ազգի ապրելու և արարելու կենսական բնազդը, որ անգամ այդ մահաշունչ ժամանակներում հառնեց այդ հիրավի ակադեմիական գեղեցկուհի շենքը, որը մոտ ապագայում պիտի դառնար «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը»:

Երևի Աննա-ճարտարապետն էլ իր արևակայության մեջ, Չարենցի ասած, «տեսել էր արևային մի քաղաք…»:

Այդ շենքը մի գաղտնի խորհուրդ էլ ուներ. պաշտպանում էր իր ետնաբակում ծվարած մատուռը՝ այն փոքրիկ բեկորը, որը մնացել էր 1936 թ. Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին քանդելուց հետո:

Ինչ-որ անհայտ հրաշքով էր կանգուն մնացել՝ Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Հակոբ Մանանդյանի և այլոց շնորհիվ և իշխանությունների խիստ պայմանով, որ եկեղեցին չպետք է երևար քաղաքի որևէ կետից։

Ընթացքում նորոգվում են եկեղեցու գմբեթը, կամարները, վեղարային հատվածի քիվերը և այլն, մաքրվում և բարեկարգվում է շրջապատը: 1915-ին Եղեռնից մազապուրծ հայ մայրերը Դեր Զորի ավազների վրա իրենց որդիներին հայոց գրերն էին սովորեցնում: Դրանից ընդամենը 22 տարի անց Երևանի հնաբնակ Տեր-Ավետիքյանների տոհմից սերած Աննա ճարտարապետը կառուցեց այդ հրաշալի կոթողը՝ նախ որպես դպրոց, որը պատերազմի տարիներին ծառայեց իբրև զինվորական հոսպիտալ, իսկ հետո դարձավ Լեզվի ինստիտուտ: Անապատի ավազների վրա Այբ ու Գիմ սերտող հայ մանուկներն այստեղ սրբացած քրմերի պես մեսրոպյան գրերով բառարաններ պիտի կազմեին և շենացնեին մեր լեզուն:

Շենքն ապամոնտաժելու պլաններ դեռևս 1982 թվականից կային, սակայն այն վերջնականապես իրականացավ միայն 2007 թ.:

Եկեղեցու և հայրապետական նստավայրի աշխատանքները հովանավորել է հայ գործարար և բարերար Հրայր Հովնանյանը՝ ի հիշատակ իր տիկնոջ Աննա Հովնանյանի:

Չար լեզուներն ասում են, թե պայմանն այն էր, որ աշխարհափոխությունից հետո բարերարների շիրիմներն ամփոփվեն եկեղեցու բակում: Չգիտեմ, թող լույս իջնի Հովնանյանների շիրիմներին, որտեղ էլ որ դրանք ամփոփված լինեն: Պայմաններից մեկն էլ այն էր, որ շենքը քար առ քար ապամոնտաժվելու է և նույնությամբ վեր է հառնելու մեկ այլ վայրում: Դա էլ չեղավ:

Ճակատագրի զուգահեռությունները հաճախ անըմբռնելի են: Մի Աննայի կառուցած շենքը կոչվեց մեկ այլ Աննայի անունով:

Բայց այնքա՜ն խորհրդանշական էր Ս.Կաթողիկե մատուռի և Լեզվի ինստիտուտի հարևանությունը: Երկու կառույց, որ մեզ հայ են պահել դարերի արհավիրքների բովում: Եվ, հիրավի, դժվար է գերապատվություն տալ դրանցից մեկին. և՛ լեզուն, և՛ հավատը եղել են մեր գոյության հիմնասյուները անգամ պետականության բացակայության դժնի օրերում: Իսկ որքա՜ն ավելին պիտի դրանք տային պետականության տարիներին: Ծառն էլ կարող է ինքն իրեն աճել՝ ապավինած նախախնամությանը, բայց որքա՜ն ավելի լավ են աճում հոգատար այգեպան ունեցող ծառերը:

Կոնֆուցիոսն ասում էր, թե ոչ թե  մարդիկ և օրենքներն են կառավարում աշխարհը, այլ նշաններն ու խորհրդանիշները:

Լեզվի ինստիտուտը մեր խորհրդանիշներից էր: Ինչպիսին էր և Երիտասարդական պալատը: Մի պահ պատկերացրեք՝ Երիտասարդական պալատ: Շա՞տ երկրներում կտեսնեք նման հոյակերտ շինություններ՝ կառուցված հենց երիտասարդ սերնդի համար:

Եվ մի՞թե Հայոց լեզվի ինստիտուտն ինքնին տաճար չէ՝ ձոնված Աստծուն, որը մեզ մեր ոսկեղենիկ մայրենին է պարգևել, և որի շնորհիվ ենք մենք ապրել և հայ կոչվել:

Այս ինստիտուտը պետք է Երևանի ամենափառահեղ կառույցը լիներ և կաթողիկոսները Թարգմանչաց տոնին այն պետք է պարբերաբար օծեին: Եվ այս ինստիտուտում աշխատող լեզվագետները, որ հիրավի մեր ինքնության քրմերն էին, պիտի ամենաբարձր պատվին արժանանային:

Սիրելի Հրայր Հովնանյան, լույս իջնի շիրիմիդ, միթե գոնե մեկը քեզ չհուշե՞ց, որ ավելի լավ է այդ գումարներով վերականգնել, շքեղացնել այս քարակերտ կոթողը, նորագույն տեխնիկայով ու այլ միջոցներով հագեցնել աշխատասենյակները, արժանապատիվ աշխատավարձ տալ հայոց լեզվի մասնագետներին, որ դարեդար ապրի և ծաղկի մեր ոսկեղենիկ հայերենը:

Մեր լեզուն հենց մեր խիղճն է ու մեր հոգին: Երևի թե չէր նեղանա մեծն Աճառյանը (նրա շիրիմին էլ լույս իջնի), եթե ինստիտուտը վերանվանվեր Հրայր և Աննա Հովնանյանների անունով: Չէ՞ որ ասված է՝ «Պտուղներից ճանաչեք ծառը»: Աստվածավախ իմ հայ եղբայրներ և քույրեր, եթե իմ խոսքը ձեզ համար ոչինչ է, ապա գոնե Հիսուսի բառերին ականջ դրեք:

Իսկ Երևանի այսօրվա խորհրդանիշը Կասկադն է: Այնքա՜ն խորհրդանշական…

Ստորին մասում՝ գեղեցիկ և սիրված, իսկ ապագային ուղղված վերին հատվածում, որը դեպի Մայր-Հայաստան և Հասկ է տանում, անավարտ և անփառունակ անորոշությանն ու քամիներին ապավինած:

Եվ ինչու՞ ենք հպարտանում Կասկադով, որն իր այսօրվա տեսքով և բովանդակությամբ  մեր ամոթի խարանը պիտի լիներ՝ կտրված Մայր-Հայաստանով խորհրդանշված անցյալից Հասկի խորհուրդը կրող ապագայից: Ասես մի ծովի ալիքներին տրված և առանց փորձառու նավապետ մնացած մի նավ:

Տունը կամ կոթողը քանդելու համար բնավ պարտադիր չէ ֆիզիկական ջանք գործադրելը: Եթե քո տանը չապրես, պարբերաբար չնորոգես ու չվերացնես թերությունները՝ նա մի օր ինքն իրեն քանդվելու է: Եվ այգին կործանելու համար էլ հատուկ քայլեր պետք չեն. եթե չջրես, գարնանը էտում չանես և չսիրես քո ծառերը, ապա այն մի օր չորանալու և անապատի է վերածվելու:

Երբ ուզում ես կործանել մի երկիր կամ մի բանակ՝ նախ նրան զրկիր իր խորհրդանշաններից:

Հինավուրց ժամանակներից կարգ կար, որն այսօր էլ դեռ գործում է՝ դրոշը կորցրած ռազմական միավորումները խայտառակ ձևով լուծարվում են: Որովհետև դրոշն է գնդի մարտական ոգին: Ինչի՞ համար կռվես և ինչպե՞ս կռվես, եթե ոչ պատիվ ունես, ոչ էլ պաշտպանելու բան: Եթե մի օր (Աստված չանի) թշնամին Երևան մտնի, մենք ի՞նչն ենք պաշտպանելու՝ Կասկա՞դը, թե՞ Մեգամոլը, Հյուսիսային պողոտա՞ն, թե՞ Հայրապետական նստավայրը: Չորանա՛ լեզուս, չորանա՜…

Ցավով սպասում եմ մեր մյուս խորհրդանիշների՝ Մայր-Հայաստանի, Օպերայի և բալետի թատրոնի, Երևանի պետական համալսարանի, Ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի, Մատենադարանի և մյուսների կորստին: Երբ ձևը վերջնականապես կհաղթի բովանդակությանը, այդ դեպքում արդեն կարելի է հանգիստ գերեզման իջնել՝ Մատենադարանի չափ մի դամբարան սարքելով: Արցունքներ էլ պետք չեն:

Արցունքները պետք էին, երբ քանդվում էր Լեզվի ինստիտուտը: Լաց լինել պետք էր, երբ Երկրաշարժից հետո Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից մեզ նվիրված ռոբոտաշինության «Մարս» գործարանը, որը կարող էր անգամ անօդաչուներ արտադրել, հանկարծ փոշիացավ և վերածվեց նորաձևության ցուցադրության կենտրոնի: Լաց լինել պետք էր, երբ IBM-ի հետ ոտք գցող Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը փոշիացավ և դարձավ չգիտեմ ինչ: Երբ «Ազգ և Ընտանիք» կոչվող բազալտե հենասյուներին վերջնականապես կփոխարինեն դատարկ «անհատական ազատությունն ու մարդկային ամբոխ» դյուրաբեկ աղյուսները՝ այնժամ սարսափե՛ք, գլուխների՛դ տվեք և լա՛ց եղեք, եթե արցունքներ մնացած լինեն:

Մի լավ խոսք կա՝ «Բարի նպատակներով է պատված դժոխք տանող ճանապարհը» (The road to hell is paved with good intentions):

Եթե ասեն, որ Երևանի պետական համալսարանը պետք է տեղափոխել այլ վայր և փոխարենը հյուրանոց-կազինո-պոռնկատուն բացել՝ դա կարելի է այնքա՜ն գեղեցիկ բառերով ներկայացնել, որ մարդիկ անգամ սիրով և հոժարությամբ կգնան դրան: Դե՝ «նորմալ շուկայական հարաբերություններ են»: Իսկ գերմանացի փիլիսոփայի բառերով ասած՝ «Որտեղ սկսվում է շուկան, այնտեղ սկսվում է բզզոցը թունավոր ճանճերի»:

Պետությունը և պետականությունը շուկա չեն, այլ բարձրագույն և սրբագույն արժեքներ: Իսկ պետության հիմքը Լեզվի ինստիտուտն ու Պետական համալսարանն են նաև:

«Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»: Իսկ որտե՞ղ են այսօր մեր գանձերը: Մեր աչքի առաջ են: Տեսնողը թող տեսնի: Վա՜յ մեզ, եթե չտեսանք: Իսկ մեր թշնամիները մեզնից շա՜տ ավելի լավ են տեսնում և այսօր մեր իսկ ձեռքով մեզանից մեր փառքը, բախտն ու քաջությունն են տանում: Եվ չկա քաջարի Վասակը, որ պատերազմի և հետ բերի դրանք:

Աննա Տեր-Ավետիքյանն իր մահկանացուն կնքեց 2013 թ.՝ 104 տարեկան հասակում, դառնալով իր հոգեզավակներից մեկի՝ Լեզվի ինստիտուտի քանդման և փոշիացման վկան:

Տեսնես ի՞նչ էր մտածում Աննա-ճարտարապետը Սայաթ-Նովայի փողոցով անցնելիս…

Հ.Գ. Այս շենքի քանդումը քոչարյանական ժամանակի շինարարական «բումի» արգասիքներից էր: Նրանք տեսնում էին ոչ թե «արևային մի քաղաք», այլ այն, ինչ տեսնում էին: Իսկ կպատկերացնե՞ք, եթե հայ ճարտարապետական միտքը մի քիչ ընդվզեր, մի քիչ հարգեր իրեն, իր ժառանգությունը, գուցե գտնվեին ճարտարապետական լուծումներ: Կպատկերացնե՞ք, օրինակ, եթե բացվեին շենքի առաջին հարկի մուտքերն ու պատուհանները, դառնային մուտքեր դեպի եկեղեցի և այլն:   

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ