Արթուր Աթանեսյան
Արթուր Աթանեսյան

 

Արթուրը

քաղաքական

գիտությունների

դոկտոր է,

պրոֆեսոր,

Երևանի

պետական

համալասարանի

կիրառական

սոցիոլոգիայի

ամբիոնի

վարիչն է:

 

Սովորել է

Երևանի

պետական

համալսանի

փիլիսոփայության,

սոցիոլոգիայի

և հոգեբանության

ֆակուլտետի

փիլիսոփայության

բաժնում,

Գիտությունների

ազգային

ակադեմիայի

փիլիսոփայության

և իրավունքի

ինստիտուտում,

ԱՄՆ Հյուսիսային

Կարոլինայի

համալսարանի

Ուոլքերի

անվան

Միջազգային

հարաբերությունների

ինստիտուտում,

Միջազգային

իրավունքի և

դիվանագիտության

Ֆլեթչերի

դպրոցում,

(Թավթս

համալսարան):

 

Սովորում է

կյանքում ու

սովորում է

ամեն օր...

«Միևնույն քաղաքական մշակույթը՝ տարբեր դրսևորումներով...». ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Քաղաքական մշակույթը մարդկանց՝ իշխանությունների և հանրության մտածելակերպն ու գործելաոճն է՝ քաղաքականության մեջ և քաղաքականության հետ կապված։

Քաղաքական իշխանության հասնելն ու այն օգտագործելը, քվեարկելը, քաղաքական անցուդարձին հետևելն ու այն քննարկելը, պետություն ունենալ-չունենալը, ունենալով՝ չունենալը, կամ սեփական պետությանն իսկապես տեր կանգնելը, պետության համար աշխատելը և/կամ այդ մասին միայն այստեղ-այնտեղ բղավելը, համացանցում գրառումներ կատարել-չկատարելը, և/կամ պարզապես աշխատանքի գնալն ու ազնիվ աշխատելը, հարկեր վճարելը, միջավայրը չաղտոտելն ու դրանով պարտաճանաչ քաղաքացի լինելը քաղաքական մշակույթի տարբեր դրսևորումներ են։

Ընդ որում՝ մշակույթ բառն այստեղ ավելի շուտ համարժեք է ոչ թե դասական բարձր մշակույթին, այլ առօրեականությանը. անցել են այն ժամանակները, երբ քաղաքական ու դասական մշակույթ կրողները միևնույն մարդիկ էին, որոնք և՛ արվեստ գիտեին, և՛ գրականություն, և՛ սեփական ազգի լավագույն ներկայացուցիչներից էին, և՛ զինվորական, և՛ ազնվական, և՛ պարզապես ազնիվ մարդ։

Այսօր, ավելի շատ քան նախկինում, քաղաքականության մեջ լինելն ու քաղաքականությամբ «զբաղվելը» այլևս չի ընկալվում որպես արվեստ. այն շատերի համար հենց զբաղմունք է, արկածախնդրություն, խաղ, տեխնոլոգիա։

Որոշակի բան ծախսելով՝ քաղաքականությամբ «զբաղվողները» փորձում են դրանից առավելագույն շահույթ ստանալ՝ ֆինանսական, մարդկային-սոցիալական, տեղեկատվական, այլ...։ Սա էլ է քաղաքական մշակույթի դրսևորում. դրան վերաբերել ոչ թե որպես որևէ բան բարելավելու, պետության և ազգի համար արդյունավետ աշխատելու-ծառայելու, այլ որպես սեփական հիվանդագին «Ես»-ը սփոփելու, գրպանը լցնելու, այլոց հանդեպ իշխանություն բանեցնելու, փող «ուտելու», ազատ «ֆռֆռալու» հնարավորության։

Այս ամենը, իհարկե, «մշակույթ»՝ բարձր մշակույթ չէ, սակայն նույնպես քաղաքական մշակույթ է՝ հասարակության մեծամասնության մտածելակերպն ու կենսաոճը քաղաքական կյանքում։

Սա միայն հայաստանյան քաղաքական մշակույթը չէ. ամբողջ աշխարհում այսօր նկատելի է դասական իմաստով առաջնորդների պակաս։ Նրանց փոխարինել են բիզնեսմեններ (մեծ ու զարգացած արդյունաբերական երկրներում՝ խոշոր բիզնեսմեններ (Թրամփ և այլք), տնտեսապես աղքատ երկրներում (Հայաստան))՝ մանր առևտրականներ, որոնք, այնուհանդերձ, շարունակում են իրենց հասարակությունների հետ խոսել դասական առաջնորդների լեզվով. բարձր և հնչեղ կարգախոսներով, կոչերով, ուղիղ եթերում կամ լրատվական թողարկումներով։ Որակն ընկել է, պաթոսը՝ մնացել։

Եվ եթե հին հունական դիցաբանության մեջ ներքևում սովորական մահկանացուներ էին, վերևում՝ աստվածներ, մեջտեղում՝ հերոսներ, որոնք սովորական մարդկանցից ավելի ուժեղ էին, խելացի, գիտակ ու՝ ի տարբերություն այլոց, մտածում էին ոչ թե իրենց, այլ բոլորի մասին, ու դրա շնորհիվ առաջնորդում էին, ապա այսօր քաղաքականության մեջ հերոսները նույնքան քիչ են, որքան առևտրի ոլորտում՝ ազնիվները։

Այսօր քաղաքական կյանքում մնացել են նրանք, որոնք եղել ու մնացել են մահկանացու՝ «ընտրազանգված» կոչվածը, և նրանք, որոնք իրենք իրենց աստված են համարում («էլիտա»), ու դրանում նաև համոզում, կամ ստիպում համոզվել մահկանացուներին։

Քաղաքականության մեջ ազգային շահերին սեփական շահերը զոհաբերելու կարող այրեր՝ հերոսներ, գրեթե այլևս չկան. սա էլ է ժամանակակից քաղաքական մշակույթի դրսևորում։

Միևնույն ժամանակ, զբոսնելով տարբեր երկրների մայրաքաղաք-քաղաքներով, օգտվելով հանրային վայրերից և տրանսպորտից, դիտարկելով հանրային վարքը՝ կարելի է տարբեր քաղաքական-քաղաքացիական մշակույթներ տեսնել։ Մաքուր փողոցներ, պարտաճանաչ ու կազմակերպված մարդիկ, ազնվությունը՝ որպես նորմալ, սովորական երևույթ, առողջ բնություն, առողջ կենսակերպ, հարգանք պետության և մարդու հանդեպ. սա քաղաքական-քաղաքացիական մշակույթի մեկ պատկեր է։

Մեկ այլ պատկեր, այլ մշակույթ՝ անբարվոք տրանսպորտ, փնթի փողոցներ, անպարտաճանաչ ու ճոռո-ճոռո խոսող, մյուսներին խանգարող ու արհամարհող, միմյանց հրող, ներողություն ասելը «պալոժ» չհամարող ու միմյանց չգիտես ինչու մրցակից-թշնամի համարող՝ միևնույն հասարակության ներկայացուցիչներ։ Նաև՝ տեղական ինքնակառավարման գրեթե բացակայություն, բնության աղտոտվածություն, պետության ու հանրային վայրերի վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով թքած ունենալու վիճակ. սա էլ է քաղաքական մշակույթ։

Խոսենք մեր մասին։

2018 թ., ապրիլ-մայիս։ Փողոցներում մարդիկ՝ հազարավոր, ուրախ, հպարտ, անգամ՝ լացակումաց. վատ իշխանություն է փոխվել, այն էլ՝ հասարակության ջանքերով, կամքով, միասին գործելու կարողությամբ։ Վերևում նշված վատը, իրոք, հատուկ էր հայաստանյան քաղաքական մշակույթին մինչ իշխանափոխությունը։ Եվ ահա, կարծես թե, մերժելով իրական ու պատկերավոր Սերժին, մերժում ենք նաև մեր միջի «սերժին»՝ քաղաքական այն մշակույթը, որը, մի գուցե, ավելի շատ էր հատուկ ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանին, այլ բազում սովորական հայաստանցիների, որոնք, սակայն, իրենց այդ մշակույթով այդքան տեսանելի չէին ու, չի բացառվում, նույնպես «Մերժի՛ր Սերժին» էին գոռում նախորդ տարվա գարնան ամիսներին։

Կոռուպցիան, կուսակցական ու կլանային շահերի գերակայությունը, հասարակության հանդեպ իշխող խմբի արհամարհական-մեծամիտ վերաբերմունքը, քաղաքականության և մենաշնորհային բիզնեսի սերտաճվածությունը, խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) մոտեցմամբ ամեն տեսակի պաշտոն-չպաշտոնների զբաղեցումը, և այլն. այս ամենը հայաստանյան հասարակության՝ սովորական մահկանացուների և «էլիտայի» քաղաքական մշակույթն էր մինչև «թավշյա հեղափոխությունը»։

Ինքը՝ «թավշյա հեղափոխության» փաստը, ցույց տվեց նաև, որ հայաստանյան այդօրինակ քաղաքական մշակույթն իր մեջ հակասական է. անազնիվ ու կոռումպացված լինելու հետ՝ կա ազնվություն և անշահախնդրություն, պարապ պերճախոսության հետ՝ ազնիվ և արդյունավետ աշխատանք, վատ կառավարման հետ՝ լավ կառավարում, ստրկամտության հետ՝ ազատ քննադատական մտածողություն, եսասիրության հետ՝ միասին գործելու կարողություն։

Փաստորեն, եթե ընթերցողն իր համար դեռ չի հստակեցրել, թե ինչն է լավն ու ինչն է վատը, և, օրինակ, գետնին թքելն ու հանրային կարգուկանոնի վրա թքած ունենալը նորմալ բան է համարում, ապա, իհարկե, այս հոդվածը հենց իր ու իր նմանների մասին է։ Միևնույն ժամանակ, մեր հակասական քաղաքական մշակույթում առկա են և՛ փողոցում թքողներ, և թքողների վրա թքած ունեցողներ, և այդ ամենից վրդովվածներ, և նրանք, որոնք, ցավոք, քիչ են, սակայն այս պահին պարզապես լավ են կատարում իրենց աշխատանքը, և թքած չունեն։

Միևնույն ժամանակ, քաղաքական մշակույթը հենց մեծամասնության մտածելակերպն ու վարքն է. բացառությունները հանրային պատկեր չեն ստեղծում։ Օրինակ՝ զանգվածային ծառահատումների մեջ մի քանի ծառ տնկողը չի երևում։ Ցավոք։

Պետությունը դատարկ երևույթ է. այն իր տեսքով և բովանդակությամբ պայմանավորված է այդ պետությունում ապրող մարդկանց մեծամասնության քաղաքական մշակույթով՝ մտածողությամբ, վերաբերմունքով և վարքով։

Այժմ փորձենք տեսնել, թե, այնուամենայնիվ, ինչ փոխվեց մեր քաղաքական մշակույթում «թավշյա հեղափոխությունից» հետո. եթե ոչինչ, կամ գրեթե ոչինչ, ապա և՛ պետության կառավարումը, և՛ պետություն-հասարակություն հարաբերությունները, և՛ պետության՝ մարդու հանդեպ վերաբերմունքն ու հակառակը, մնացել են նույնը։

Լինենք ազնիվ, խոսենք ազատ։

Հայաստանյան քաղաքական մշակույթի տարրեր և դրսևորումներ

Մինչև «թավշյա հեղափոխություն»

«թավշյա հեղափոխությունից» մինչ այժմ

 

     1. Քաղաքական կոռուպցիա

Այո։ Քաղաքական պաշտոնների զբաղեցում կուսակցական ցուցակներով, որոնցում հայտնվելը ներկուսակցական շահերին ու առաջնորդին հավատարմությունն ապացուցելու միջոցով էր։

Այո։ Մոտեցումը չի փոխվել. փոխվել են ցուցակները։

            2.Անձի պաշտամունք

Այո։Իշխանության եկողներին սկզբից հերոսացրել ենք, հետո՝ հիասթափվել ու «Օլիմպոսից» վայր գցել։ Կարծես թե հիասթափվել ենք բոլոր նախորդ առաջնորդներից։ Մի գուցե ժամանակն է փոխել քաղաքական մեր մշակույթն ու ի սկզբանե անձի պաշտամունքով չզբաղվե՞լ։

Այո։ Փոխվել են միայն անձինք։ Նախկինում ասում էին՝ Լևոն, հետո՝ Ռոբ, հետո՝ Սերժ, այժմ՝ Նիկոլ։ Ընդորում՝ վերջին մեկուկես տարում կարծես թե «Նիկոլ» ավելի շատ են ասել, քան՝ «Սերժ»՝ նախորդ բոլոր տարիներին։

 

     3.Միանձնյա կառավարում («ավտորիտար» - ինքնակալական քաղաքական համակարգ)

Այո։ Քաղաքական համակարգի արդյունավետությունը կախված էր ոչ այնքան քաղաքական ինստիտուտներից, որքան՝ առանձին անհատներից։ Քաղաքական համակարգը ներկայացված էր անձանցով. պետությունը՝ Ս. Սարգսյանով, նախարարությունները՝ նախարարներով, ԱԺ-ն՝ առանձին պատգամավորներով։ Համակարգ կարծես թե չկար․ կային անձինք։

Այո։ Ն. Փաշինյանի շուրջ կառուցվում է իշխանության նոր բուրգ․ ինքն է անձամբ ներկայացնում և՛ օրենսդիր, և գործադիր իշխանությունը։ Ինքն է հնչեցնում այն հարցերը, որոնցով պետք է զբաղեցվեն և՛ իշխանության մարմինները, և հասարակության ուշադրությունը։ Ինքն է անձամբ միջամտում այդ հարցերի լուծմանը։ Այլ հարցեր և այլ լուծումներ, կարծես, գոյություն չունեն։

 4.Իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի խախտվածություն

Այո։ Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատման սկզբունքը այդ ճյուղերի անկախության ապահովման մոտեցումն են, պետության գործառնման արդյունավետության ապահովման կարևորագույն սկզբունքը։ Նախկինում ամբողջ իշխանությունն իր երեք ճյուղերով և ներկայացուցիչներով ոչ-պաշտոնապես ենթարկվում էր գործադիրին՝ ՀՀ նախագահին։

Այո։ Օրենսդիր և գործադիր մարմիններն արդեն ձևավորված են «հեղափոխական» շարժման /չշփոթել, կամ շփոթել ՀՀՇ-ի հետ/ ներկայացուցիչներից ու իրենց ճիշտ ժամանակին միացածներից։ Դատարանների փակումն ու այդ ոլորտին իշխանության մյուս ճյուղերի միջամտությունը իշխանության տարանջատման սկզբունքի նորովի խախտում է։

5. Քաղաքական «էլիտայի» և հասարակության լայն շերտերի միջև երկխոսության խախտվածություն, միակողմանիություն։

Այո։ Հասարակության հետ երկխոսության մշակույթը կարելի է բնութագրել «եկել ես՝ մեր տոնը խանգարես, որ ի՞նչ անես», և նման այլ «էլիտար» արտահայտություններով ու նման վարվելակերպով։ Լրագրողներին ծեծելն ու կոպտելն այդ նույն քաղաքական մշակույթի դրսևորումներից էր։

Ոչ։Նոր իշխանություններն ի դեմս Ն. Փաշինյանի ի սկզբանե շեշտադրել են հենց երկխոսությունը․ հասարակության հետ խոսում են և ուղղակի, և անուղղակի, և պաշտոնական, և ոչ պաշտոնական ալիքներով։ Մշտապես առկա է նաև 6.հետադարձ կապը։

6.Քաղաքական «էլիտայի»՝ էլիտար կյանքը, երկակի ստանդարտներ

Այո։ ՀՀ քաղաքական «էլիտան» իրեն իրոք էլիտար էր զգում՝ անկախ օբյեկտիվ որակների առկայությունից։ Այդպես էին որոշել, այդպես էին ուզում։ «Էլիտար» մեքենաներ, առանձնատներ, թիկնապահներ, ընտանեկան գործուղումներ, պատեր-պատնեշներ, միմյանց հետ ամուսնանալ, ԽԾԲ դառնալ։ Այլ ծավալով, սակայն, նույն քաղաքական մշակույթի կրողներ էին նաև հասարակության այլ անդամներ։ Միևնույն սրճարանում VIP և սովորական սեղաններ տեղադրելն ու զբաղեցնելը, երթևեկության կանոններին տարբեր կերպ վերաբերվելը՝ կախված մեքենայի արժեքից ու պետհամարանիշերի կլորությունից, սովորական և «էլիտար» հայաստանցիների վարքականոններից էր։

Այո։ «Թավշյա հեղափոխությունից» հետո նախկինում անհամեստ հայաստանցիներն ավելի համեստ չեն դարձել, իսկ քաղաքական նոր «էլիտայի» ներկայացուցիչները, կարծես թե, չեն շտապում հրաժարվել իրենց ճոխ կենսաոճից, ծառայողական մեքենաներից, պարգևավճարներից, անիմաստ գործուղումներից, և այլն։ Կարծես թե չեն շտապում նաև օգտվել հանրային տրանսպորտից ու այն, վերջիվերջո, բարելավել։

7.Խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումը՝ առաջխաղացման սկզբունք

Այո։ Անգամ բացատրության և օրինակների կարիք չկա. բոլորդ գիտեք, նաև այդ սկզբունքին հաստատ դիմել եք։

Այո։ «Թավշյա հեղափոխությունից» հետո բազում աշխատողներ իրենց պաշտոններից անմիջապես ազատվեցին և հեռացվեցին, քանի որ այլևս չէր աշխատում իրենց ԽԾԲ-ն։ Միևնույն ժամանակ, նորանշանակ պաշտոնյաներ, որպես այլոց ԽԾԲ-ներ, իրենց ԽԾԲ-ներից առաջ բերեցին, նշանակվեցին և նշանակեցին։ Քաղաքական մշակույթը նույնն է, մարդիկ՝ տարբեր։

8.Հայաստանի բնությունն ու շրջակա միջավայրը՝ որպես պետական կառավարման ամենաթույլ, անտեսված և առավելապես շահագործված օբյեկտ։

Այո։ Հայաստանի բնությունը պատկանում է ժողովրդին և ազգային բարիք է, ազգային արժեք։ Սակայն փաստացի պատկանում է (թեկուզ՝ վարձակալությամբ) առանձին անհատների կամ կազմակերպությունների․ շահագործվում է մինչև վերջին ծառը, քարը, կաթիլը։ Առկա չէ բնական ռեսուրսների վերականգնման որևէ մոտեցում։ Սևանը և գետերը պղտորվում են, հանքերը՝ դատարկվում։ Բնապահպաններն այդպիսի քաղաքական մշակույթում օտարածին մարմին են։

Այո։ Մնացել է նույնը։ Ամուլսարի հետ կապված իրավիճակը, Իջևանում անտառհատումները, կամ վայրի կենդանիների վերջին մնացորդներին կրակելու որսորդների անզուսպ ցանկությունը՝ դրա ապացույցը։ Մինչդեռ բնության ու շրջակա միջավայրի վիճակը տվյալ հասարակության մակարդակի ցուցանիշ է։

9.Հասարակության առանձին ներկայացուցիչների և փոքր խմբերի ակտիվ լուսավորչական աշխատանքը, հանրային հիմնախնդիրների բարձրացումն ու հանրային շահերի պաշտպանությունը։

Այո։ Նախկին իշխանությունների օրոք եղել և ակտիվ գործունեություն են ծավալել այգային հիմնախնդիրներով մտահոգված, անշահախնդիր մասնագետ-սոցիոլոգներ, քաղաքագետներ, լրագրողներ, բնապահպաններ, իրավաբաններ և իրավապաշտպաններ, պարզապես մարդիկ, որոնք անտարբեր չէին պետության ներկայի և ապագայի նկատմամբ։

Այո։ «Թավշյա հեղափոխությունը» հասարակության զանգվածային միասնական գործողություն էր, ուստի հանրային հավաքական շահի պաշտպանությանը միտված մարդկանց քանակն էլ ավելի մեծացավ։ Միևնույն ժամանակ, նման առաջադեմ ու պետականամետ մարդկանց թիվը Հայաստանում դեռևս մեծամասնություն չի կազմում։

 

Այսպիսով, հայաստանյան քաղաքական մշակույթը «թավշյա հեղափոխությունից» հետո, ավաղ, գրեթե չի փոխվել և վերոնշյալի ու նման այլ երևույթների հանրագումարն է։ Իհարկե, հայաստանյան հասարակության մեջ բնականոն զարգացման, նաև՝ նախորդ տասնամյակի ընթացքում տեղի ունեցած զանգվածային գործողությունների արդյունքում ավելի են շատացել առաջադեմ, ազգամետ մարդիկ՝ ոչ միայն երիտասարդներ, ոչ միայն մասնագետներ։ Մասամբ հաղթահարվել է այլոց ու սեփական իշխանությունների հանդեպ պատմականորեն ձևավորված հանրային վախը։

Միևնույն ժամանակ, առկա են նաև «ազատ» լինելու զուտ արտաքին դրսևորումներ, նմանակումներ։ Չսափրված լինելը, դաջվածքներ կրելը, կապույտ-կանաչ մազերով հանդես գալը կամ օր ու գիշեր համացանցում սրա-նրա մասին ազատ ոճի գրառումներ անելը առաջադեմ լինելու ցուցանիշ չէ։ Առաջադեմ համարվելու համար ստուգեք ձեզ. որքանո՞վ եք ձեր ամենօրյա գործողություններով նպաստում Հայաստանի ամրապնդմանն ու զարգացմանը, մարդկանց պաշտպանվածությանն ու նրանց հիմնախնդիրների լուծմանը, հավաքական շահերի պաշտպանությանը։ Որքա՞ն հաճախ եք պարզապես բարի գործ անում։

Բացի վերընշյալից, քաղաքական մշակույթն իր մեջ ներառում է այլ, պակաս զանգվածային ու տարածված դրսևորումներ, օրինակ՝ բազում հայաստանցիների ազնիվ ու մարդկային վերաբերմունքը միմյանց, սեփական գործի, հողի ու ջրի, պետության ապագայի, այլոց խնդիրների վերաբերլայ։ Եղել և մնացել ենք մարտունակ, արի, սահման պահող ու պաշտպանող ազգ։ Հենց մեր զինծառայողների շնորհիվ է, որ ազգովի վայելում ենք կյանքի բարիքներն ու հաճույքները, երեկոներն անցկացնում սրճարաններում, ժամերով նստում Ֆեյսբուքում...

Յուրաքանչյուր օր միրգ ու բանջարեղեն ենք ուտում, սակայն մեզնից քչերն են պատկերացնում գյուղացու կյանքի իրական դժվարությունն ու մտքում նրանց շնորհակալություն ասում։ Ցավոք, այդպես էլ չսովորեցինք հենց այդ մարդկանց գովաբանել, անգամ փոքր բաների համար շնորհակալություն հայտնել, սատարել, վարձատրել, հատուցել, պաշտպանել սահմանում մեզ պաշտպանողներին, մեզ բուժողներին, մեզ համար հողին կռացած՝ հող մշակողներին, ծառ տնկողներին, հաց ստեղծողներին...

Մինչդեռ հենց նրանք են, որ սովորական մահկանացուներից վեր են, սակայն իրենց աստծո տեղ չեն դնում։ Դա էլ է մեր քաղաքական մշակույթի հատկանիշներից մեկը՝ խոսել վերամբարձ հարցերի մասին ու աչքաթող անել կոնկրետն ու կարևորը։

 

Արթուր Աթանեսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ