«Մի՞թե մենք հապաղելու ժամանակ ունենք, կամ Ճրագալույցի պատարագը…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Հոգեպարար երջանկությունն է համակում ինձ, երբ տեսնում եմ, թե ինչպես են ծերացած ծնողներս քայլ առ քայլ մերձենում հոգևորին: Կոմունիզմի քավարանով անցած և Սովետական երկրի փլուզումից հետո նոր արժեհամակարգին մի կերպ համակերպվող մարդկանց համար դա մեծ ձեռքբերում է: Առավել ևս ուրախություն է ինձ համար, երբ տեսնում եմ հորս՝ եկեղեցի մտնելիս և մոմ վառելիս կամ էլ մորս՝ բոլորիցս գաղտնի աղոթք անելիս…
Ճրագալույցի օրն է: Որոշեցի ծնողներիս ուղեկցել Երևանի սրտում գտնվող եկեղեցիներից մեկը՝ պատարագին մասնակցելու, Բարձրյալի հետ հաղորդակցվելու և սուրբ կրակը տուն բերելու համար: Մտանք ներս: Մայրս մյուս կանանց հետ տեղավորվեց փայտե նստարաններից մեկին, իսկ ես ու հայրս տղամարդկանց հետ մնացինք կանգնած: Խունկի հոտը, հավատացյալների մեծ բազմությունը և Հիսուսի համբարձման նախախորհուրդը լցրել էին օդը ամենանվիրական հույզերով ու զգացմունքներով:
Ինչպես միշտ, պատարագը սկսվեց Տերունական աղոթքով, և փառավորվեցին մեր հոգիները:
Այնուհետև իրար հաջորդելով քահանան և սարկավագները սկսեցին ընթերցումները Ս. Գրքից:
Առաջին մեջբերումը Ծննդոցի առաջին հատվածն էր՝ աշխարհի արարումը:
Ինքս մեծ հետաքրքությամբ էի լսում, թեև շատ լավ ծանոթ եմ տեքստին: Սարկավագը մի կերպ էր կարդում՝ առանց զգացմունքների և հաճախ բառերը շփոթելով կամ բաց թողնելով: Ինչևէ՝ հետաքրքիր էր: Դրան հետևեցին այլ ընթերցումներ՝ հիմնականում Հին կտակարանից: Այստեղ արդեն իմ զարմանքը սկսեց փոխվել տարակուսանքի, քանի որ կարծես հատուկ այնպիսի մեջբերումներ էին ընթերցվում, որոնք ոչ միայն որևէ աղերս չունեն մեզ՝ հայերիս հետ, այլև, մեղմ ասած, մի քիչ վիրավորական էին:
Մեկը վերաբերում էր Աստծո խոսքին՝ ուղղված Իսրայելի քահանայապետերին: Բառացի մեջբերում չեմ անում, բայց հիմնական իմաստն այն էր, որ աշխարհի բոլոր թագավորները պիտի Իսրայելի մեծավորների ծառան լինեն և իրենց գանձերը ծնկաչոք բերեն ու հանձնեն Քանանի երկրի տիրակալներին…
Բայց չէ՞ որ մենք՝ հայերս ևս այդ ծառաների շարքին ենք պատկանում…
Լավ, հավատացյալ մարդիկ լսեցին, խաչակնքվեցին ու պատարագը շարունակվեց:
Մյուս մեջբերումը Աբրահամի և Իսահակի հայտնի պատմությունն է, երբ Եհովան Աբրահամից պահանջում է սպանել իր որդի Իսահակին…
Չգիտեմ հրեաների մոտ ինչպես, բայց մեզ՝ հայերիս համար սա, դարձյալ մեղմ ասած, շատ խորթ պատկեր է: Ինչևէ, անցանք առաջ:
Որպես հնազանդության պարգև, Աստված Աբրահամին խոստանում է ամբողջ աշխարհը և դարձյալ մյուս բոլոր ազգերի ու լեզուների բացարձակ և անժամկետ հպատակությունը Իսրայելի զավակներին…
Ինչպես ասում են՝ չքաղականացնենք:
Մյուս ընթերցումները ևս, գոնե ինձ համար, անհասկանալի էին…
Հովնան մարգարեի գործերը (կետաձկան փորում երեք օր ապրելը, և այլն), Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորի կողմից հրեաների հալածանքը… Լավ… Դրան հետևեց Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների պատմությունը…
Տեսականորեն հետաքրիր է, բայց, թերևս, ոչ տեղին…
Դրան հետևեց չորս սարկավագների կողմից կատարվող երկար, ձանձրալի և բացարձակապես անհասկանալի տաղ-շարականը, որից ես ինքս միայն հատուկենտ բառեր հասկացա:
Յուրաքանչյուր ընթերցանության վերջում քահանան օրհնում էր հավատացյալներին և երգում՝ Քրիստոս հարեաւ ի մեռելոց… Եվ բոլորիս պատասխան խոսքը՝ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…
Առաջինն ընդվզեց հայրս ու ականջիս բարկացած շշնջաց.
- Ես գնացի: Զզվեցի այս զազրախոսությունից,- ասաց ու դուրս եկավ:
Քիչ անց ես ու մայրս էլ հետևեցինք նրան:
Համենայն դեպս, սուրբ ճրագի լույսը տարանք մեզ հետ: Չգիտեմ որքանո՞վ է կանոնիկ, բայց մեր ճրագը մատուռի մոմերից վառեցինք…
Տուն վերադարձանք մի քիչ ծանր սրտով: Առավել ևս՝ ես: Այնքան չէի ցանկանա, որ ծեր ծնողներիս հոգում հառնող սերն ու հավատը Հիսուսի ու հավերժական կյանքի մասին պակասեր կամ անգամ անէանար…
Ստիպված էի ինքս մի փոքրիկ բացատրություն տալ օրվա հոգևոր խորհրդի վերաբերյալ ու ցրել ծանր տրամադրությունը, բայց հայրս կրկին դիպուկ մի հարց տվեց, որի պատասխանը չունեի.
- Իսկ ինչո՞ւ են գրաբարով խոսում մարդկանց հետ: Մենք ի՞նչ է՝ պարտավոր ենք գրաբա՞ր իմանալ պատարագն ու քահանային հասկանալու համար:
Հիրավի, ինչու՞ չասել՝ «Հիսուսը հարություն առավ մեռածներից»: Չէ՞ որ դա հասկանալի կլինի բոլոր հավաքվածներին: Մի՞թե Հռոմի պապն իր պատարագներն ու քարոզները լատիներեն է կարդում… Կամ Անգլիկան եկեղեցու առաջնորդը մի՞թե հին անգլերենով է մատուցում պատարագը… Չեմ կարծում: Ուրեմն՝ ինչի՞ համար են այդ արհեստական դժվարությունները: Ամեն դեպքում դա անջրպետ է առաջացնում հասարակ հավատացյալների և եկեղեցու միջև: Ավելի վատ բան հնարավոր չէ պատկերացնել:
Մեզ հաստատ մի հայ Մարտին Լյութեր է պետք, որ եկեղեցական բարեփոխումներ ձեռնարկի, այլապես այս անջպետը առավել կխորանա:
Ո՞րն է Եհովայի վկաների և այլոց հաջողության գաղտնիքը: Պատասխանը շատ պարզ է՝ նրանց քարոզիչները մարդկանց հետ հենց իրենց լեզվով են խոսում: Պարզ և հասկանալի:
Վերջերս լսում էի մեր պատվելի սրբազաններից մեկի հարցուպատասխանը՝ հեռուստաեթերում: Մի հարց հնչեց՝ Ինչո՞ւ է պետք աղոթքով ապրել: Հետևեց մեծապատիվ սրբազանի պատասխանը՝ «Որովհետև այդպես են պահանջում Հայ սրբազան առաքելական եկեղեցու դրույթները»: Բայց սա պատասխան չէ, սրբազան…Դեպի մարդկանց սրտերն ու հոգին տանող ճանապարհը սերն է, միայն սերը և սիրով ասված անկեղծ խոսքերը: Սերը և ոչ թե պարտադրանքը: Իսկ եթե լինի սեր՝ հավատացյալ մարդն աչք կփակի հազար ու մի դժվարությունների վրա:
Մենք ի՞նչ ենք ուզում և ի՞նչ ենք անում: Մի՞թե մենք հապաղելու ժամանակ ունենք: Վստահ եմ, որ չունենք:
Եվ վերջում, ինչպես վայել է հայ լուսավորչական կրոնի հետնորդներիս, տերունական աղթքն ասենք, բայց ոչ թե գրաբարով, այլ մեր գրական հայերենով: Խոսքի ուժը հսկայական է: Հիսուսն ինքն էլ Խոսքի հրեշտակն էր կամ ինչպես Ս.Գրքում է ասվում՝ Բանը: Ուստի պետք է շատ լավ ընկալել խոսքի ամեն մի բառը, որպեսզի նա ունենա իր ազդեցությունը: Իսկ աղոթքի դեպքում՝ կենարար ազդեցությունը:
Անգիր սերտած աղոթքն ազդեցություն չունի ինչպես արմատախիլ արված և նոր հողում տնկված ծառը: Ուրեմն՝ ամեն բառը հասկանալով և իմաստավորելով միասին ասենք՝
«Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին: Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. Ամեն»:
Հիսուսի լույսն ու օրհնանքը բոլորիս վրա:
Դավիթ Խաչիյան