Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

«Մտածիր, կամ 5 տոկոսի ֆենոմենը...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Եթե ձեզ երբևէ բախտ վիճակվի հայտնվել Նյու Յորքում կամ ամերիկյան որևէ այլ քաղաքի այն հատվածում, որն այս կամ այն կերպ կապ ունի IBM ընկերության հետ, ապա, հավանաբար, կտեսնեք THINK մեծադիր բառը, որը թարգմանաբար նշանակում է ՄՏԱԾԻ՛Ր:

Սա աշխարհահռչակ համակարգչային և տեղեկատվական ընկերության կարգախոսն է:

Վստահ եմ, որ շատերն են այն տեսնում, բայց շատ քչերն են սկսում մտածել: Սա հատուկ է մարդկային բնությանը՝ նայել և չտեսնել: Դեռևս հնավուրց Դելփիքում, գլխավոր տաճարի վերնամասում դաջված էր ԾԱՆԻՐ ԶՔԵԶ (ճանաչիր ինքդ քեզ) արտահայտությունը: Վստահ չեմ, որ օրակուլին այցելողները խորհում էին այս պատգամի շուրջ: Միգուցե հարյուրից մեկը: Իսկ այսօրվա խելահեղ դարում կարծես թե ամեն ինչ արվում է, որ մարդը չմտածի և, առավել ևս, չճանաչի ինքն իրեն:

Մարդկային հասարակությունը զուտ սպառողական է, և այս միտումը գնալով ահագնանում է: Աշխատել և ծախսել: Մտածելու և առավել ևս՝ սեփական անձդ ճանաչելու համար ժամանակ չի մնում:

Ֆրանցիսկոս պապի ականջը կանչի…

Սակայն գանք մեր երկիր ու վերանանք աշխարհի հոգսերից:

Ես երբեմն մտածում եմ, թե ինչո՞ւ ժամանակին համակարգիչներ արտադրող և IBM-ից գրեթե հետ չմնացող Մերգելյանը՝ Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի հիմնած և նրա անվան) այսօր մի կերպ է պահպանում իր գոյությունը: Երևի զարմանալի կհնչի, բայց բազում պատճառներից (խորհրդային հասարակարգ, պետականության բացակայություն, հասրակարգի փոփոխություն, անկլավ և այլն) մեկն էլ, թերևս, այն է, որ այս ինստիտուտի կարգախոսը ՄՏԱԾԻ՛Ր-ը չէր և չէ՝ առավել ևս:

Եթե չեմ սխալվում՝ կարգախոս ընդհանրապես չուներ: Կարծեմ՝ նաև չունի: Սա հատկանշական հանգամանք է:

Հետո հարցերիս շրջանակը մեծացավ. ի՞նչ են մտածում փողոցում աղբ թափող կամ թքող մարդիկ: Ինչո՞ւ են անհասկանալի քայլեր անում և ապա գլուխ ջարդում դրանց տխուր հետևանքները վերացնելու համար: Ինչո՞ւ են իրենց արյուն-քրտինքով կուտակածը վատնում անցավորների գերեզմանները մավզոլյան դամբարանների վերածելու համար: Ինչո՞ւ են ամուսնանում գրեթե անծանոթ մեկի հետ ու հետո ամբողջ կյանքում տառապում՝ անսեր ու անմխիթար… Ինչո՞ւ են առանց երկար-բարակ մտածելու թողնում, գնում արտասահմաններ ու, որևէ հաջողության չհասնելով, առհավետ կարոտախտի դատապարտում  իրենց և իրենց զավակներին: Ի՞նչ են մտածում այն մարդիկ, որոնք հեռավոր արտասահմաններում փող են հանգանակում և հայկական եկեղեցի կառուցում, որը վաղ թե ուշ դատապարտված է կործանման:

Հարցերի շարանն անվերջ է թվում…

Պատասխանները եկան ինքնին՝ Նյու Յորք այցելելուց հետո:

Եթե չկռահեցիք, ապա ասեմ՝ այդ մարդիկ չեմ մտածում: Ես, իհարկե, նկատի ունեմ «հասարակական մտածողություն» կոչվածը: Որովայնը լցնելու, մերկությունը ծածկելու կամ բազմանալու համար մտածել երևի պետք չէ: Հիմնական բնազդները բավական են: Ա՜խ, ինչ լավ կլիներ, եթե մենք՝ հայերս մտածեինք… Նկատի ունեմ՝ գոնե ճնշող մեծամասնությունը…

Բայց եկեք պատրանքներին չտրվենք: Ունենք այն, ինչ ունենք:

Որպես նախկին մաթեմատիկոս, մի զարհուրելի թիվ եմ ուզում հայտնել:

Նստա՞ծ եք: Պի՛նդ բռնվեք:

Ուրեմն այսպես, մտածելու ընդունակությամբ օժտված է մարդկության մոտավորապես 5 (հինգ) տոկոսը:

Հայերս էլ բացառություն չենք:

Առաջին անգամ սրա մասին լսեցի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի շուրթերից: Նա, իհարկե, իրեն բնորոշ քաղաքավարությամբ, ավելի զգույշ արտահայտվեց: Մոտավորապես ասաց, որ հինգ տոկոսը տանում իր և մնացած իննսունհինգ տոկոսի բեռը և դա ճակատագիր է, որից չես փախչի:

Այո՛, այո՛: Հենց այդ հինգ տոկոսն է, որը ոչ թե ի պաշտոնե, այլ մտքի ու սրտի թելադրանքով հասարակական վայրում ծառ է տնկում, իսկ երբ առավոտյան գալիս է այն ջրելու, պարզվում է, որ իննսունհինգ տոկոսանոց բանակի զինվորներից մեկը գիշերով այն գողացել է կամ էլ պարզապես հանել և դեն նետել:

Այդ նույն հինգ տոկոսն է, որն օրհասական պահին կյանքն է տալիս հանուն իննսունհինգ տոկոսի ապագա շահի: Այդ հինգ տոկոսն է, որ մեր երկրից դուրս բարձր է պահում մեր պատիվը, որն այդքան հեշտությամբ արատավորում է իննսունհինգ տոկոս: Այդ հինգ տոկոսն է, որի համար Հայկի, Արամի, Արշակի, Տիգրանի, Լևոնի, Անդրանիկի, Նժդեհի, մերօրյա հերոսների անունները միայն բաժակաճառի թեմա չեն և բաժակաճառի թեմա չեն ընդհանրապես:

Այդ հինգ տոկոսն է, որը ցրտից կսառչի, աղոթքով ու հոգու ջերմությամբ կապրի, բայց պուրակի ծառը չի կտրի: Այդ հինգ տոկոսն է, որն իր երեխային կսովորեցնի «Մեր հայրենիքը» լսելիս ոտքի կանգնել: Այդ հինգ տոկոսն է, որն իր մանկահասակ երեխային քնեցնելու համար Օրորոցային է երգում:

Ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ պարզապես հոգու և սրտի պատգամը կատարելու համար ապրող ու արարող հինգ տոկոսը:

Գրեթե վստահ եմ, որ այս տողերը կարդացողները հենց հինգ տոկոսանոց մեր բանակի մարտիկներից են: Այն երեք հարյուր սպարտացիներից մեկը, որոնք Քսերքսեսի դեմն առան: Այն մարտիկներից մեկը, որոնք Հայկի հետ միասին Բելին սատկացրին, Արամի հետ միասին Հայաստանը մեծացրին ու շենացրին ու Նժդեհի կողքին կանգնած Լեռնահայաստան կերտեցին:

Հուրախություն մեզ՝ հինգ տոկոսիս, Հայկը, Արամն ու Նժդեհը ևս մեր միջից են:

Այնպես որ, միասին ՄՏԱԾԵՆՔ, ՃԱՆԱՉԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ և իննսունհինգ տոկոսին առաջնորդենք դեպի ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ:

Իննսունհինգ տոկոսը կարող է և պիտի ենթարկվի մեզ՝ հինգ տոկոսիս, եթե մենք Հայկ, Արամ ու Նժդեհ ծնենք:

Հաստատ կծնենք:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ