«Նոյյան տապան որոնելիս...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Ամեն հայի, թերևս, ամենասիրած պատմություններից մեկն է Նոյ նահապետի առասպելը, որն իրականության և բիբլիական պատումի նուրբ եզրագծի վրա է:
Հայաստանի պետական պատկերասրահում շատերս ենք կանգնել Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավի առջև ու լռության մեջ մտովի փորձել հետ գնալ դեպի հազարամյակների խորքն ու հասկանալ, թե ի՞նչ պատմական դրվագ է արտացոլված այդ կտավի և նրա հեղինակի մտքի անհասանելի ակունքներում:
Հիրավի հոգեզմայլ տեսարան է՝ նահապետն իր որդիների՝ Սեմի, Հաբեթի և Քամի հետ առաջ ընկած, իսկ նրանց հետևում են այլ մարդիկ և զույգ կենդանիների անսպառ բազմությունը: Ետնապատկերում Արարատն է, իսկ չորս դին ցամաքող ջրերի հետքերն են: Հատկանշական է, որ Նոյն իջնում է դեպի այսօրյա Հայաստան՝ Արարատյան դաշտավայր, ուր նա տնկել է խաղողի առաջին որթը և սկիզբ դրել նոր կյանքին:
Եվ որքան սրտատրոփ ենք սպասել Արարատ բարձրացող ամենատարբեր արշավախմբերի զեկույցներին, որ վերջապես տեսել և նկարահանել են տապանի մնացորդներն, ու ամեն ինչ վերջապես իր տեղն է գտել՝ հայտնաբերվել են աստվածաշնչյան նավի մնացորդները, և առասպելն այլևս իրական անցք է՝ հետագա ուսումնասիրությունների դաշտում գտնվող:
Սպասել ենք ու ամեն անգամ մնացել տարակուսանքի մեջ:
Ընդհանրապես անցյալի, հատկապես՝ հեռավոր անցյալի, դեպքերը հասկանալու համար երկու մոտեցում կա. գիտական մեթոդը և, այդպես անվանենք, մետաֆիզիկականը, երբ փորձում ենք կիրառել Դեկարտի սկզբունքը և, փաստերի տարալուծման օգնությամբ, ու մի քիչ էլ՝ երևակայական հետևությունները տրամաբանության սահմաններում տեղավորելով, հանգել քիչ թե շատ ապացուցելի մի հետևության:
Խնդիրն այն է, որ գիտական մոտեցումը հիմնովին բացառում է երկրորդ՝ մետաֆիզիկական մեթոդի ճշմարտացիությունը: Ավա՜ղ, այդպիսին է աշխարհի կարգը, և պետք է լինում դարձյալ քայլել իրականության և առասպելի՝ գրեթե անտեսանելի եզրագծի երկայնքով: Ինչևէ, փորձենք մեկ այլ, դեռևս չկիրառված տեսակետից մեկնաբանել սույն պատմությունը:
Էական է նաև այն փաստը, որ համաշխարհային ջրհեղեղի և Նոյի պատմությունը Հին կտակարանից զատ հանդիպում է նաև այլ աղբյուրներում՝ Գիլգամեշում, Մեռյալ ծովի արձանագրություններում, Ղուրանում, հինդուական պատումներում, հունական առասպելներում, և այլուր:
Մեր խորին համոզմամբ, անգամ մեր ազգային էպոսում նկարագրված Ծովինարի հղիանալը ծովի ջրերից և Սանասարի ու Բաղդասարի ծնունդը այս պատմության հայկական մեկնաբանությունն են: Հարմար առիթ է ևս մեկ անգամ նկատելու, որ մեր ազգային էպոսն, իհարկե, ընդամենը հազար տարվա պատմություն չունի, այլ շա՜տ ավելի հին է: Միգուցե հազար տարի առաջ այն պարզապես առաջին անգամ գրի է առնվել:
Եթե առաջնորդվենք զուտ գիտական մեթոդով, ապա պետք է արձանագրենք, որ որևէ արշավախումբ և որևէ այլ հետազոտություն որևէ հիմավորված ապացույց չի բերում, որ Նոյյան տապանը գտնվել է և չի նշում նրա աշխարհագրական կոորդինատները:
Հալված սառույցների տակից դուրս եկած մեկ-երկու կիսափտած գերանները շատ հեռու են ապացույց կամ անգամ գիտական վարկած համարվելուց: Անգամ այն տարիներին, երբ սառույցներն առավելագույնս էին հալվել, երբեմնի գրեթե 150-մետրանոց փայտե նավի գոյության անժխտելի նյութական ապացույց չի հայտնաբերվել:
Ողջ տեղեկատվական նյութը կառուցված է «հնարավոր է», «չի բացառվում», «ամենայն հավանականությամբ» և նմանատիպ այլ ենթադրական արտահայտությունների վրա, որոնք ոչ մի պարագայում չեն կարող գիտական հիմնավորման նյութ հանդիսանալ:
Մի փոքր զուգահեռ անցկացնենք ֆիզիակայի բնագավառում:
Երբ 19-րդ դարի վերջերին սկսեց բուռն կերպով զարգանալ գիտությունը և, մասնավորապես, քվանտային տեսությունը, գրեթե համընդհանուր ընդունելություն գտած մի վարկած կար, ըստ որի էլեկտրամագնիսական ալիքները (մասնավորապես՝ տեսանելի լույսը կամ ռադիոալիքները) կարող են տարածվել միայն նյութական միջավայրում: Այդ միջավայրը պայմանականորեն անվանեցին «եթեր» և առաջատար գիտնականները սկսեցին փնտրել եթերը:
Այդ թեմայով հազարավոր գիտափորձեր են արվել և, երևի, նույնքան էլ տեսական հետազոտություններ: Ավա՜ղ, եթերի գոյության որևէ հիմնավորված ապայույց այդպես էլ երևան չեկավ: Եվ երևի պետք էր Ալբերտ Այնշտայնի մտքի ուժը, որ կանգներ և բացեիբաց հայտարարեր, որ եթե եթերը գտնել չի հաջողվում, ուրեմն այն գոյություն չունի: Այս բառերը պայթող հրաբուխի պես փոխեցին գրեթե բոլոր պատկերացումները ժամանակակից ֆիզիկայի բնագավառում: Այսօր էլ դեռ կան տաքգլուխ տեսաբաններ, որոնք համառորեն փորձում են գտնել եթերը, սակայն՝ ապարդյուն. ցայսօր որևէ գիտական հիմնավորում չի ապացուցում եթերի գոյությունը:
Հանդգնորեն և մենք կհայտարարենք՝ Նոյյան տապանը չի հաջողվում հայտնաբերել, որովհետև այն, որպես նյութական երևույթ, երբևէ գոյություն չի ունեցել:
Ժամանակակից աշխարհը հիմնված է առավելապես շոուների վրա:
Հենրիխ Շլիմանը «հայտնագործեց» Տրոյան, սակայն ցանկությունը որպես իրականություն ներկայացնելը դեռևս ոչինչ չի ապացուցում: Վստահաբար կարող ենք ասել, որ Տրոյան տակավին հայտնագործված չէ: Արդեն զգում ենք դեպի մեզ ուղղված քարերի տեղատարափը, ուստի փորձենք բերել մեր կռվանները՝ վերոհիշյալ ենթադրությունն առավել առարկայական դարձնելու համար:
Քրիստոնեական աշխարհի առաջատար միտքը այլ հարցերում խիստ գիտական մոտեցում ցուցաբերելով հանդերձ, այս հարցում, չգիտես ինչու, «Ծննդոց գրքում» նկարագրված մտքերը հակված է միայն ուղղակիորեն ընկալելու՝ պարզապես անտեսելով այն հանգամանքը, որ այդ դեպքերը հիմնականում այլաբանական նշանակություն ունեն:
Չէ՞ որ մենք ուղղակի չենք ընկալում այն միտքը, թե Աստված աշխարհը վեց օրում է արարել: Օրը ևս այլաբանական իմաստ ունի և կարող է խորհրդանշել միլիոնավոր տարիներ: Ի դեպ, արարման հաջորդականությունը որևէ կասկած չի հարուցում և ճշգրտորեն համընկնում է գիտական ուսումնասիրությունների հետ: Հատկապես «Ծննդոց գրքի» պատմությունները, որոնք Մովսեսի Հնգամատյանի (Torah) հիմքն են, բերված են այլաբանական իմաստով և առնչվում են Երկիր մոլորակի այս հատվածի ստեղծման և հետագա ձևավորման ամենանախնական պատկերացումների հետ:
Կրկին անդրադառնալով Գիլգամեշի պատմությանը, կարող ենք հաստատել այդ միտքը:
Հայկական լեռնաշխարհը, հիրավի, բացառիկ աշխարհագրական տեղանք է:
Եկեք միասին հիշենք մեծն Խորենացու պատմությունը Հայկի մասին: Բաբելոնը լքելով՝ մեր նահապետը շարժվում է դեպի հյուսիս և, ի վեջո, տուն է դնում մի դրախտային վայրում՝ «Արարադի» երկրում (Վանա լճից հարավ ընկած երկիրը՝ ըստ Ստեփան Մալխասյանի): Իր թոռ Կադմոսին այդտեղ թողնելով, Հայկը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ և հիմնում է Հայկաշենը: Հայկի հետագա սերունդները ցրվում են դեպի արևելք և հյուսիս-արևելք՝ աստիճանաբար լցնելով ողջ Հայկական լեռնաշխարհը:
Հետևություն՝ Հայկն իր ազգի համար ընտրեց և սրով պաշտպանեց բնակլիմայական տեսանկյունից, թերևս, ամենանպաստավոր տեղանքը ողջ տարածաշրջանում:
Ընդսմին նկատենք նաև, որ պատմությունը անմիջականորեն աղերսվում է աշխարհագրությանը (Geopolitics): Հայկական լեռնաշխարհի կլիմայական պայմանները այսօր և քառասունհինգ դար առաջ էապես տարբերվել՝ ոչ հօգուտ մեր օրերի:
Հաջորդ փաստարկը դարձյալ «Ծննդոց գրքում» հիշատակվող Եդեմի պարտեզն է:
«Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց, և իր շինած մարդը դրավ այնտեղ: Եվ Եհովա Աստվածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի և ուտելու քաղցր, և պարտեզի մեջտեղը՝ կենաց ծառը, և բարին ու չարը գիտենալու ծառը: Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում և չորս գլուխ էր դառնում: Մեկի անունը Փիսոն է, սա պտտում է Եվիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է. և այն երկրի ոսկին ազնիվ է. այնտեղ է սուտակը և գահանակը:
Եվ երկրորդ գետի անունը Գեհոն է (Երասխ = Արաքս). սա պատում է Քուշի բոլոր երկիրը: Եվ երրորդ երկրի անունը Տիգրիս է. սա գնում է Ասորեստանի առաջովը: Եվ չորրորդ գետը Եփրատն է»: Հետևություն՝ Եդեմի (կամ Դրախտի պարտեզը) գտնվել է բուն Հայկական լեռնաշխարհի կենտրոնում:
Մարդկային տեսակի ծագումնաբանության և զարգացման տեսանկյունից ևս Հայկական լեռնաշխարհը նկատելի առավելություններ ունի տարածաշրջանի այլ հատվածների համեմատությամբ:
Հեռու մնալով դարվինիզմի քննադատության գայթակղիչ, բայց ոչ տեղին մոտեցումից, պարզապես նկատենք, որ մարդու ծագումն ու զարգացումը կարող էր տեղի ունենալ միայն և միայն մեր լեռնաշխարհին հատուկ բնակլիմայական պայմաններում: Դա չէր կարող լինել ոչ շատ տաք և ոչ էլ շատ ցուրտ միջավայրում: Այդ առումով Հայկական լեռնաշխարհը գրեթե իդեալական բնական միջավայր է հանդիսանում:
Բացի այդ, հենց այսպիսի լեռնային և դաշտավայրային գոտիներն են, որ առավել բարենպաստ են բնակության և զարգացման համար, հատկապես հաշվի առնելով հողի բերրիությունը, մաքուր ջրերի առատությունը և օգտակար հանածոների հասանելի բազմազանությունը: Անհավատալի կհնչի, բայց երկրաբանորեն Հայաստանը երկրագնդի միակ ամենազանգվածեղ լեռնային բարձրավանդակն է, որը լեռնաշղթաների տափարակ գագաթներից կազմված երկիր է:
Եթե մտովի արդուկենք Հայական լեռնաշխարհը, ապա ստացված հարթ պատկերն իր մակերեսով կգերազանցի ԱՄՆ-ի մակերեսը:
Տիբեթի և հիմալայներ լեռնազանգվածները չունեն Հայկական լեռնաշխարհին հատուկ տարածականությունը, տափարակությունը և զանգվածեղությունը՝ միաժամանակ գրեթե դրախտային բնակլիմայական պայմաններով (առավել մանրամասն տես՝ Prof. Hovhannes Pilikian, “A study of the origins of of the HAI, the first people”, 2011):
Արարատ լեռան մասին:
Սա, հիրավի, բացառիկ երևույթ է անգամ իր երկրաբանական և աշխարհագրական նշանակությամբ: Արարատը հարաբերական բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է: Բացի այդ, Արարատը պատահականորեն չի համարվում սուրբ լեռ և հայ էթնոսի խորհրդանիշը: Սույն հոդվածի շրջանակներում չենք ծավալվի էթիմոլոգիական հարցերի շուրջ: Պարզապես նկատենք, որ թե՛ Արարադի երկիրը, թե՛ Արարատը, և թե՛, այսպես կոչված, Ուրարտուն ներկայացնում են նույն երկիրը՝ Արարատ լեռն իր շրջակայքով:
Մի բան էլ՝ Դարձյալ «Ծննդոց գրքում» ենք կարդում Նոյի մասին ՝ «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքի տրտմությունից և Աստծու անիծած երկրից»: «Աստված տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը։ Ուստի Աստված ափսոսաց, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում» և որոշեց ամեն ինչ վերացնել ջրով:
Բուն տապանի կառուցումը մենք դարձյալ հակված ենք այլաբանորեն ընդունել: Անգամ այսօրվա պայմաններում դժվար է պատկերացնել մի նավ, որն իր մեջ է առնում երկուական բոլոր կենդանատեսակներից (բնականաբար նաև՝ բուսատեսակներից) և քառասուն օր լողում ջրերում՝ փոթորիկների և կայծակների տակ և վերջապես հանգրվանում լեռան բարձունքին:
Այսպիսով, Նոյյան տապանի «հանգրվանելու» աշխարհագրական վայրը Հայկական լեռնաշխարհի սիրտն է՝ Մեծ Արարատը: Նոր կյանքի սկիզբը կարող էր աղերսվել միայն Հայոց աշխարհի հետ:
Մենք հեռու ենք այն մտքից, որ «տապանում» եղել են փղեր, կենգուրուներ և նմանատիպ այլ կենդանիներ: Էլ չենք խոսում տասնյակ հազարավոր միջատների և փոքր կենդանիների մասին: Նման մոտեցումը, բնականաբար, չի կարող տեղ գտնել առողջ բանականության սահմաններում: Ուստի եզրակացնում ենք, որ Նոյյան տապանը զուտ խորհրդանշական և այլաբանական երևույթ է, ուստի պետք միանգամայն այլ տեսանկյունից մեկնաբանվի:
Հայկական լեռնաշխարհն իր բնակլիմայական պայմաններով իդեալական է կենդանական և բուսական բազմազանության համար՝ ընդ որում ոչ միայն էնդեմիկ տեսակների համար: Ուստի հենց այստեղից կարող էր գոյատևել և աշխարհով մեկ սփռվել այդ ամբողջ տարատեսակությունը: Դարձյալ նկատենք, որ խոսքը Մերձավոր և Միջին արևելքի և Եվրոպայի մասին է:
Մեր խորին համոզմամբ, քաղաքակրթության ակունքները չեն սահմանափակվել լոկ մեկ տեղանքով, այլ մի քանիսն են եղել, սակայն այս վարկածը շատ ծավալուն հետազոտությունների նյութ է, և մենք այստեղ զերծ կմնանք դրա շահարկումներից:
Այժմ անդրադառնանք հարցի մյուս կարևոր կողմին՝ հոգևոր արժեքների տեսանկյունից: Հայկական էթնոսի ձևավորումից սկսած, երբ Հայկի հետնորդներն իրենց ամբողջականությունը և ինքնահաստատումը գտան հայ լինելու և հայերեն խոսելու մեջ, պատկերավոր ասած՝ Կովկասյան լեռներին շղթաներով գամված Պրոմեթևսի պես մենք ողջ աշխարհին իմաստություն և լույս ենք մատակարարում:
Ինչու՞ ենք հատկապես նշում լեռներին գամված լինելու դարձյալ խորհրդանշական պատկերը: Հայ մարդը կարող է լիովին դրսևորվել միայն և միայն Հայկական լեռնաշխարհից և հայկական հողից էներգիա ստանալով: Իհարկե, Հայաստանից դուրս ապրողների մոտ էլ են ի հայտ գալիս լուսավորչական տաղանդները, սակայն դրանք ընդամենը գենետիկ ժառանգության արդյունք են: Արյունն աստիճանաբար խառնելով այլ ազգերի հետ և ինքն իրեն զրկելով մայր հողի էներգետիկ սննդից՝ հայ մարդու տեսակն, ի վերջո, կթուլանա և կդառնա սովորական միջին վիճակագրական մահականցու:
Այս առումով պատահական չէ սփյուռքահայության անբացատրելի հոգևոր կապը պատմական հայրենիքի հետ: Այստեղ գալով նրանք ինչ-որ իմաստով վերագտնում են իրենք իրենց և հսկայական հոգևոր էներգիա են ստանում, թեև դա ավելի հաճախ ենթագիտակցական մակարդակի վրա է կատարվում: Անգամ ոչ հայերն են զգում էներգետիկ դաշտի հզորությունը, որը կարող է դրսևորվել, օրինակ, հայ մարդու հյուրասիրության ձևով:
Արդեն գրեթե 4500 տարի հայ ժողովուրդն իր լույսն է տալիս ողջ աշխարհին ամենատարբեր բնագավառներում՝ արվեստ, գիտություն, արհեստներ, ռազմական գործ, պետական կառավարում, և այլն, և այլն: Հենց սա է Նոյյան տապանի խորհրդանշական իմաստը: Անգամ խաղողի առաջին որթն այս հողի վրա է հասունացել և գինի դարձել: Այնուհետը այդ որթը տարածվել է երկրագնդով մեկ:
Միայն խաղողը բավական է մեր վարկածը հաստատելու համար, սակայն օրինակները, հիրավի բազմաթիվ են: Հայերի շարժը դեպի Բրիտանական կղզիներ, Բասկերի երկիր և այլուր հիմք է դրել միանգամայն նոր՝ առավել բարձր քաղաքակրթությունների: Մետաղաձուլության հմտությունները ևս Հայաստանից են փոխանցվել այլ ժողովուրդներին: Միայն Անի քաղաքն իր կործանումից հետո դարեր շարունակ լույս է տվել Եվրոպային՝ Հունգարիայից մինչև Լեհաստան և Իտալիայից մինչև Բրիտանիա:
Մնում է միայն ափսոսալ, որ ժամանակակից վայ-գիտնականներն ամեն կերպ փորձում են աղավաղել և մոռացության տալ այդ փաստը: Անգամ Բրիտանիայի պատմության ակունքը հանդիսացող Անգլո-սաքսոնյան քրոնիկաների չորս ձեռագրերից երեքն ունեն առաջաբան, որոնցում, ինչպես ասում են, սևով սպիտակի վրա գրված է, որ անգլիական կղզիների հնագույն բնակիչները եկել են ARMENIA երկրից:
Վերջին «գիտական» հետազոտությունների հեղինակները հակված են դա վերագրել վրիպակի և փոխարենը վերցնում են հյուսիսային Եվրապայում գտնվող ինչ-որ ARMORICA տեղանուն: Սա, իհարկե, զավեշտալի կլիներ, եթե աստիճանաբար նման կեղծ վարկածները նոր ուսումնասիրությունների համար աղբյուր չդառնային, և վարկածը չդառնար գիտական հիմք:
Նույնպիսի տարակուսանք է հարուցում նաև հայերի՝ իբր շիկահեր և կապտաչյա լինելու սին հիպոթեզը: Նման բան չի՛ եղել, ուստի ձեր թանկարժեք ժամանակը մի՛ ծախսեք մտացածին և ունայն վարկածներ առաջ քաշելու և բակի տաղավարներում կամ սոցիալական ցանցերում դրանք պատմելու և հակագիտական հոգեորս անելու համար:
Ափսոսանք կարելի է հայտնել, որ աշխարհին հոգևոր լույս մատակարարող Հայոց աշխարհն այսօր փոքրացել է, թուլացել և դարձել հիրավի «մի բուռ»: Հայկական բարձրավանդակում ապրող 30-40-միլիոնանոց հզոր էթնոսը լրիվ այլ դերակատարաում կունենար մարդկության կյանքում: Բայց ունենք այն, ինչ ունենք:
Երբեմն անգամ զարմանք է հարուցում այն փաստը, որ մենք դեռևս պահպանում ենք պատմական հայրենիքի մի մասը և մեր ինքնությունը: Իսկ այն, որ Արարատն այսօր բոլոր հայերի աչքի տակ է, բայց միաժամանակ անհասանելի, մեզ անհրաժեշտ է ինքնգիտակցության մաքրման և արևի տակ մեր տեղն ու դերը հասկանալու և գնահատելու համար:
Հայաստանը և մենք՝ հայերս, հիրավի մարդկության Նոյյան տապանն ենք: Բայց սա բնավ ինքնաբավության և առավել ևս մեծամտության աղբյուր չպետք է դառնա:
Այսօր, առավել, քան երբեք, ժամանակն է լրջանալու և իրականությանն առերեսվելու:
Վերջում էլ՝ մի խորհուրդ տապանը գտնելու մոլուցքով տարված նոր արշավախմբերին և նրանց հովանավորողներին: Մի՛ փնտրեք այն, ինչը չի եղել և չկա: Եթե ցանակնում եք տեսնել Նոյյան տապանը՝ եկեք Հայաստան, տեսեք ու ճանաչեք հայերին և վայելեք հայկական խաղողից քամված գինին:
Իսկ մենք՝ եկեք զերծ մնանք ինքնասպան ամբարտավանությունից, այլ վերջապես գիտակցենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Ճշմարիտ է ասված, թե «մի քաղաք, որը լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են»:
Դավիթ Խաչիյան