Արա Ալոյան
Արա Ալոյան

 

Բանաստեղծ եմ:

Երաժիշտ:

Մանկավարժ:

Նաև՝ հեռուստա-

լրագրող:

 

Բայց ավելի

շատ երևի

բանաստեղծ եմ:

 

Ինչո՞ւ:

Որովհետև

համարում եմ,

որ կյանքս

գրականացված

է, ավելի ճիշտ

գրականության

հետ սերտաճել է:

 

Գրականությունն

ինձ համար

աստվածա-

հաղորդության,

աստված-

առնչության

խորհուրդ ունի:

 

Գրականության

կենտրոնում

ոչ թե գրողն է,

այլ զրույցը,

գիրը,

տեքստը…

 

Խոսքը

տարբերում եմ

շաղակրա-

տությունից:

 

Իմ հերոսն էլ

Մարդն է՝

վախենալու

չափ ծանոթ,

հարազատու-

թյան չափ

շփոթեցնող

Մարդը:

 

Կարծում եմ,

որ եթե չես

կորցրել,

ուրեմն,

չես սիրել,

չես սխալվել,

չես համոզվել,

մեծ հաշվով՝

չես ապրել…

 

 

Օրավարտն էլի ԾԱՆՐ ՎԵՐՄԱԿ Է

 

***
Ձյունել է նորից, ձյունե՛լ է-
Փաթիլ են հուշերը մանում,
Դու ու՞ր ես, արդյոք, ձյուներես,
անսառ կարոտի իմ անու՛ն:

Ահա՜, քեզ գրում եմ իմ երգը-
Իմ սերը ինչու՞ չի սառչում,
Եթե փոխել ես եզերքդ,
Եթե էլ ինձ չե՛ս անջրում:

...Ձյունել է նորից, ձյունե՛լ է-
Չանցնո՜ղ եղանակ իմ, անու՜շ,
Դու ու՞ր ես, արդյոք, ձյուներես,
անսառ կարոտի իմ անուն...

ՊԱՏՎԻՐԱՆ 
կամ աղոթք՝ առանց պատվերի

-----
Հա՜յր մեր, որ հիմա երկրի վրա ես,
Եվ քո փոխարեն մենք ենք երկնքում -
Եվ դատում ենք մենք ու մենք էլ փրկում,
Դու Տե՞ր ես հիմա, անտեր ծառա՞ ես:

Հա՜յր մեր, սխալվեցինք, տրվեցինք խաղի,
Եվ նյութը եղավ մեզ իշխան ու տեր,
Ա՛րդ, երկրի վրա մեզ կախաղանից
Փրկեա և մի տար Երկինքդ անտեր...

***
Ինքնակենսագրություն.
Ես՝ 
Մորս 
աչքերի մեջ...

***
Օրերի մեջ խելառ ու անհատնում երթի -
Ի՜նչ կարոտ է, որ դեռ անուն չունի հստակ,
Սրտեզերքին այդ ի՜նչ մառախուղ է նստած,
Ներսերենում այդ ինչ արևներ են և թի՜ռ:

Ո՞վ է կանչում անվերջ՝ չմարմնացած ու հեզ,
Ու՞մ պատկերն են գինին ու ծուխն ուրվագծում,
Ո՞վ է այն նոր հրեշտակը ցածում,
Որին գիտեմ, սակայն չեմ ճանաչում դեռ ես:

Մերթ կապում է ցավին, մերթ դառնում է ծիծաղ.
Խելագարի թիկնոց արտանետած հոգուս,
Ա՜խ, հայտնվիր հենց այս, հենց ա՛յս գիշեր թեկուզ,
Որ շոշափեմ միայն անվարժ ձեռքով իմ ձախ:

Իսկ աջ ձեռքով գրեմ գոյությունդ շքեղ.
Ցերեկներում, հետո, չճանաչեմ նորից -
Որ ուրանաս էլի, որ ուրանաս դու ինձ -
Մեկ է, կհեռանաս, գնալը խորթ չէ քեզ…

***
Ավելի լավ է 
Քեզ սիրել նորից, 
Ու երկրորդ անգամ 
և կրկին 
սխալվել,
քան թե չսիրել քեզ առհասարակ՝ 
հար սխալվելով կամ կրկնակի…

***
Երբեք չես կորցնի
Նրան,
ով ներսումդ է,
Դու կարող ես չտեսնել,
Չբռնել ձեռքն
Ու չհամբուրել անգամ...
Բայց չես կարող կորցնել,
քանզի Նա կա, Նա կա՛,
ինչպես լինում է
արյունը,
սրտազարկը ինչպես,
ինչպես լինում է
Վերքն ու մարմինը...

...Երբեք չես կորցնի նրան,
ում հետ խոսում ես
ներսերենով
Եվ Ով՝ ինքն է ներսաբնակը ՔՈ՝
քո երակային անկյուններում,
Մահճում քո կարոտային,
Տաճարում քո սրտաշար...

Երբեք չես կորցնի Նրան,
ով Քո կողքին չէ, բայց Քոնն է անպատճառ...

***
Օրավարտն էլի
ծանր վերմակ է
մեր փխրուն մարմնին,
Հոգուն մեր տկար...
Գիշերը ինքն է
ցավից կարկամել...
Եվ աստղերը թաց
մեր արցունքներ են,
Մենք կամ լռեցինք,
Լացեցինք կամ էլ...

Օրավարտն էլի
Հուշատրոփ է,
Սիրասուն վերք է
Բաժանման հիմներգ...

Բայց այդքան հեռու
Դու մերձ ես էլի,
Դու էլի ի՛մն ես...

***
Կփռվի նորից գիշերը քո դեմ,
Եվ աստղերն էլի կդառնան աղոթք.
Ես կհորինեմ քեզոտված եդեմ,
Կտարվես էլի քո սիրախաղով:

Կասեղնագործեմ կարոտը սրտիս,
Դու Աստղի նման անհաս կթվաս,
Ես կդիմանամ քմայքիդ ցրտին՝
Քեզ տալով գարուն և արբունքի թաս:

Ի՜նչ արած, կյանք է, վաղն էլ, չգիտեմ,
Ի՜նչ է լինելու՝ մահանինջ վախով...
Սակայն կփռվի գիշերը մեր դեմ,
Եվ աստղերն էլի կդառնան աղոթք...

***
Ես նոր հասկացա,
Թե ինչու այդքան
երկար է տևում
Քո հոտն՝ ափերիս,
Այսինքն երբեք, երբե՛ք չի անցնում,
Թեպետ անցել են
գարուններ անթիվ
Եվ բաժանված ենք...

Տարրալուծվել ես
Երակներիս մեջ,
ներսի՛ց ես բուրում,
Հոտավետությու՜ն ժամանակներիս...

***
Բաժանումները
բերում են վերքեր,
երգեր են բերում
Եվ բերում են ե՛լք,
որ անակնկալ 
մի հանդիպումով ասում է՝ ահա՜
աչք ունես էլի, դեռչե՛ս կուրացել,
տե՜ս, ունես վերքեր, ուրեմն՝ մարմին,
եվ ուրեմն՝ սիրտ, 
եվ հոգի՜, հոգի՜...

Բաժանումներին ոչ մի հանդիպում
չէ՜, չի ամոքի՜,
Բայց քո ներսերը չեն ամայանա,
Եվ մի լույս աղջիկ
Քո թաց վերքերին կչոքի անմեղ, 
Կաղոթի անձայն...

...Բաժանումները
Ճամփա են սիրո, կարոտի, խղճի՜...

***
Շուրթիս դիպար -
Ներսս ծաղկեց,
Սիրտս մի պահ
արձագանքեց:

Սրտածաղի՜կ
գիշերագույն,
Հոգիս ցավից
Դո՛ւ ես փրկում:

Քեզ կանրջեմ -
լուսե՜ երազ,
Աղաչում եմ
չլուսանա՜ս...

***
Մերկ ցերեկների գունատ շուրթերին
մահը շրթներկ է և՛ կարմիր, և՛ ճոխ.
Դու կանցնես բոլո՜ր մահերի միջով
Եվ ինձ... կսպանես, իմ սեր անթերի՜:

Բայց օրավարտին, երբ ինձ չհիշես,
եվ ատելանքդ անցնի մեկ օրով,
Ես աստղերի հետ կբերեմ օրո՜ր,
Ես գիշերվա պես կնստեմ հանց շե՜րտ:

Եվ անակնկալ չե՛ս էլ իմանա,
Թե ինչու շուրթիդ անունս է նորից,
Սերը չի՛ սկսվում, գուցե, շուրթերից,
Բայց, գուցե, այնտեղ ավարտվում է Նա...

***

Իմ գիշերները էլ անուն չունեն,
եվ անանուն է կարոտն էլ հիմա -
Եվ հարցմունքները՝ զարկված թռչուններ,
եվ արցունքները՝ նոր և կամ հին մահ...

Սիրասուն իմ կես, սիրել չգիտե՜ս.
սիրվե՜լն է քո կենտ շնորհը, ավա՜ղ,
բայց պիտի երկար Դու արտագրվես
Իմ երակներից և կյանքի համա՜ր:

Եվ նոտագրեմ դեռ պիտի քո ջինջ
Կոչնակումները սրտիս երկայնքով...
որ գիշերներս, միգուցե՝ վերջին,
առավոտ դառնան ինչ-որ հրաշքով...

2017 թ.

Արա Ալոյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ