Արմենուհի Սիսյան
Արմենուհի Սիսյան

«Պայուսակը...». ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

 

Ադամանդի խանութում ամեն ինչ նախկինի պես էր: Մատանիները շարված էին ըստ գների: Նախասրահում համեմատաբար մատչելիներն էին: Նախասրահից աջ՝ առանձնահատուկներն էին՝ թանկանոց, բարձր մաքրության քարերը: Ասես նույն ընտանիքից չլինեին՝ նույն հումքից ու քարից ստացված:

Երիտասարդը երկրորդ օրն էր արդեն, ինչ հսկում էր խանութի ելումուտը: Թե ինչ կա խանութի ներսում, ինքը լավ գիտի, թեև իր համար բոլորն էլ նույն քարի տաշվածքներն են. չլիներ մարդու աշխատանքը, համառ պեղումները, ավելի ու ավելի խորանալը հումքի մեջ, տեսնես որտեղի՞ց պիտի համարվեին «բարձր պրոբի»: Այդ մարդո՛ւն է պետք  թանկ գնահատել, նրա՛ն, ով կարողանում է  ընդառաջ գնալ դժվարություններին, հաղթահարել արգելքներն ու ձեռք բերել խորքինը՝ դժվար մատչելին: Ասենք՝ իրե՞ն ինչ, կարևորը՝ թե ինչ կտան իրեն դրանց դիմաց…

Խանութի ուղղությամբ քայլող կնոջը դեռ հեռվից էր նշմարել: Որոշում կայացրած, հաստատակամ կնոջ տեսք ուներ: Ա՛յ, հիմա կանաչ լույսը կլինի, նա կանցնի փողոցն ու հաստատ կանի որոշածը: Այդպես էլ եղավ: Վստահ քայլերով անցավ փողոցը, մոտեցավ ադամանդի խանութին, բացեց դուռն ու ներս մտավ: Ահա՛ թե ինչ էր որոշածը: Կասկած չկա՝ առնող է: Նման չէ այն անցորդներին, որ անցնելիս պատահաբար կարդացել են խանութի անվանումն ու «մտնեմ, տեսնեմ՝ ինչ կա-չկա»: Հնարավոր է՝ նույնիսկ ընտրած լինի արդեն: «Տեսնենք»,- մտածեց երիտասարդն ու առանց ներս մտնելու՝ դրսի ապակեպատ հատվածից սկսեց հետևել կնոջը:

Վերջինս խանութի ներսում ընդգծված ուշադրությամբ բացեց պայուսակը, ինչ-որ բան ստուգեց, փակեց, հետո նորից բացեց-ճշտեց ինչ-որ բան, ապա  ձեռքերի մեջ առավ պայուսակն ու  մոտեցավ ադամանդե մանյակների ցուցափեղկին: «Օհո՛, ի՛նքն է, կպա՛վ»,- հրճվեց երիտասարդը. պարզ բան է՝ փողն էր ստուգում:

Վաճառողը նույնպես գլխի ընկավ, որ գնորդ է, ջանասիրաբար սկսեց ներկայացնել ցուցադրված ապրանքն ու ուղղորդել տիկնոջը: Վերջինս ուշի ուշով լսում էր, երբեմն ընդհատում հարցերով, ապա խնդրում մոտիկից ցույց տալ: Վաճառողից հայելի խնդրեց, զարդերը մեկ առ մեկ դրեց պարանոցին ու սկսեց մանրակրկիտ զննել: Դժվար, շա՛տ դժվար բան է ընտրությունը: Ինքն արդեն վաճառողին ասել էր, որ իր համար է գնում, արժեքի թանկությունը կարևոր չէ, հարկավոր է միայն իր երեկոյան զգեստին համապատասխան մանյակ ընտրել: Է՛հ, տղամարդկանց գործը հեշտ է, ոչ թե կանանց պես…

«Դուք նկարագրե՛ք Ձեր զգեստը»,- առաջարկեց վաճառողը: Քիչ առաջվա մտահոգ արտահայտությունն իր տեղը զիջեց աչքերի փայլին, ասես  հենց դրան էր սպասում. սկսեց աշխուժորեն նկարագրել երեկոյան զգեստի երկարությունը, կտորի խտությունը, ուսագոտու խոր բացվածքը, թևքի ծալքերը…

Դրսում երիտասարդը սկսեց անհանգստանալ. ինչ-որ շատ է երկարացնում փողատեր տիկինը: Գուցե նրա ետևից մա՞րդ է գալու, դրա համար էլ ձգձգում է մինչև գան, հավանաբար՝ մեքենայով… Այդ դեպքում հօդս կցնդեն իր ծրագրերը: Երիտասարդն անհանգիստ դեսուդեն նայեց. խանութի մոտ ոչ մի նոր եկած մեքենա չկար, կնոջն էլ ինքը ուշի ուշով հետևել է. ո՛չ հեռախոս է հանել, ո՛չ էլ ժամացույցին է նայել: Ոչինչ, կսպասի ինչքան պետք է, միայն թե՝ ոչ ոք չգա փողաշատ պայուսակատիրուհու ետևից:

Իսկ կինն ամբողջ ճանապարհին մտածել էր. «Ումի՞ց եմ պակաս… Այսպես այլևս չի կարելի, ես պե՛տք է վերադարձնեմ ինքնավստահությունս»…

Ադամանդասեր տիկինը դեռ շարունակում էր տնտղել ու մեկը մյուսի ետևից փորձել թանկարժեք մանյակները. սեփական ուժերի հանդեպ հավատն էլ հո փողով չի… Զգում է, որ նորից կարող է դառնալ նախկինը… Ինքն իրավունք ունի՛ իրեն փայփայված կին զգալու… Խորը շունչ քաշեց, երջանիկ ժպտաց վաճառողին և նոր միայն ճշտեց իր ընտրածի գինը:

Բայց կարծես մի փոքր խնդիր կա. իր մոտ պակասում է եղած-չեղածը՝ ընդամենը հարյուր-հարյուր հիսուն դոլար: Վաճառողն ասաց, որ նման թանկարժեք զարդի դեպքում իրենք զեղչում են հարյուր դոլար, բայց այս մեկին՝ ավելին չեն կարող, հազվագյուտ աշխատանք է: Ինչպե՞ս վարվել: Այսքան երկար ընտրությունից հետո ինչ-որ մի հարյուր հիսուն դոլարի համար արժե՞ր ուրիշ բան վերցնել և աչքը թողնել մյուսի վրա, մանավանդ, որ գինը որոշիչ դեր չունի իր համար: «Իհա՛րկե՝ ոչ»,- հաստատեց վաճառողը: Որոշված է՝ հաջորդ օրն ևեթ, առանց հապաղելու, կգա և կվերցնի զարդը: Իսկ եթե…

- Ո՛չ, ո՛չ, մի՛ անհանգստացեք, նախ՝ այդ տեսակից երկրորդն էլ ունենք, բացի այդ, նման թանկարժեք զարդերն արագ չեն սպառվում:

- Ախր ես շա՜տ զարդեր ունեմ, բայց նոր զգեստիս հետ միայն դա՛ կսազի, ասես հենց զգեստիս համար էլ ստեղծված է…

Մեկ անգամ էլ պայուսակի պարունակությունը ստուգելուց հետո կինն ինքնագոհ դուրս եկավ խանութից: Նայեց շուրջը, պայուսակն առավ ձեռքերի մեջ ու արագ-արագ քայլեց առաջ: «Կվախենաս, բա չե՞ս վախենա, էդքան գումարը ձեռքիդ ման ես գալիս»,- հեգնեց երիտասարդը,- ապրե՛ս, որ հիմա չառար, գործս բավականին հեշտացրիր»…

Համոզվելով, որ քայլող պայուսակի ետևից եկող ոչ ոք չկա, երիտասարդը շարժվեց նրա ետևից: Պայուսակը մտավ առաջին իսկ նրբանցքը, երիտասարդը՝ նրա ետևից, թեքվեց աջ, երիտասարդը՝ նրա ետևից: Մեկ-երկու րոպեի ընթացքում կրճատվեց նրանց բաժանող տարածությունը: Համոզվելով, որ իրեն հետևում են, կինն ակնհայտ խուճապի մեջ ընկավ. հաճախ սկսեց հետ-հետ նայել ու արագացնել քայլերը: Գուշակելով հետապնդողի մտքինը՝ վախեցած կինը պայուսակը հուսահատ մեկնեց դեպի կարմրած աչքերով երիտասարդը: Վերջինս իսկույն հափշտակեց այն ու փախավ:

Չանցած հինգ րոպե՝ ապահով վայրում երիտասարդը ծոցից հանեց ավարն ու գոհունակությամբ բացեց այն. պայուսակի մեջ միայն մի սանր կար…

 

 

Արմենուհի Սիսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ