Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Ֆիզիկոս եմ:

 

Սովորել եմ

Երևանի

պետական

համալսարանում:

 

Քանի որ

ֆիզիկներից

ամեն ինչ

սպասելի է, 

մասնագիտացա

նաև

զբոսաշրջության

ոլորտում:

 

«Լևոն Թրավըլ»

ընկերության

զբոսաշրջային

բաժնի

ղեկավարն եմ՝

ինչպես

ընկերներս են

ասում, 

«անհիշելի»

ժամանակներից:

 

Նաև գրում եմ:

Արձակ:

 

Մի օր, երբ

սկսում ես

ստեղծագործել,

ժամանակի 

ընթացքում

դրանք

դառնում են

տպագրված

ու չտպագրված

գրքեր:

 

Տպագրված

գրքեր ունեմ:

Նաև՝

չտպագրվածներ:

 

Ես հավատում եմ

այն մեծ

մտածողին,

որն ասում էր, 

երբ քամի է

փչում, ոչ թե

պատ, այլ

հողմաղաց

կառուցիր:

 

«Պերեսի ու...իմ երազանքները...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

Վերընթերցում եմ Շիմոն Պերեսի՝ 2015 թ. Կիևում ունեցած հանրահայտ ելույթի սղագրությունը: Պերեսը խոսում է երազանքի, խիզախության և հույսի հանդգնության մասին:

Դա Պերեսի երազանքն էր: Ու մինչ մեր երազանքին գալը, փորձեմ մի քանի դրվագով հիշեցնել Պերեսինը.

«...Մենք երազում էինք մեր երկրի մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, երազանք չէր… Այնտեղ ճահիճներ էին ու մոծակներ, հարավում՝ անապատ ու քարեր: Պետք էր ընտրել՝ մոծակներ կամ քարեր:

Այդ հողում երկու լիճ կար՝ մեկը մեռած էր, իսկ երկրորդը մահանում էր: Հայտնի մի գետ կար, սակայն նրանում ջուր չկար: Ավելի ճիշտ՝ ջուր ընդհանրապես չկար: Որևէ բնական ռեսուրս նույնպես չկար՝ ո՛չ ոսկի, ո՛չ նավթ: Այդ ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում կան երկու տեսակի երկրներ՝ նավթային երկրներ ու սուրբ երկրներ: Մերը լիակատար սուրբ էր, որովհետև այնտեղ ընդհանրապես ոչինչ չկար:

Մենք միայնակ էինք: Մենք չունեինք եղբայր՝ կրոնի մեջ, քույր՝ լեզվի մեջ, հարևան՝ պատմության մեջ: Այս ամենը Հոլոքոստից հետո էր: Մենք եկանք այստեղ ու ընդհանրապես չգիտեինք, թե ինչ անենք… Եվ մենք մտածեցինք, որ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդի՛կ հարստացրեցին երկիրը, այլ ոչ թե՝ երկիրը ժողովրդին:

Մենք բոլորս դարձանք կրթված: Իսրայելի յուրաքանչյուր ագարակատեր սկսեց ուսումնասիրել, թե ինչպես կարելի է զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի ու առանց հողի: Մենք սկսեցինք զարգանալ: Դա աշխարհում առաջին գյուղատնտեսությունն էր, որ հիմնված էր բարձր տեխնոլոգիաների վրա: Ի զարմանս ինձ՝ պարզվեց, որ գյուղատնտեսությունը կարող է գործել՝ հիմնված լինելով ոչ թե հողի բերրիության, այլ բարձր տեխնոլոգիաների վրա:

Մենք այսօր ունենք բավականին ջուր: Ջուրը սովորաբար գտնում են, այն չեն հայթայթում: Իսկ մենք սկսեցինք հայթայթել այն: Եվ դա հաջողվեց մեզ: Մենք սկսեցինք աղազատել ջուրը, հայտանբերել բանջարեղեն, որն այնքան էլ ջուր չի պահանջում:

Մի մեծ գաղտնիք ասեմ. ապագայի համար կարևոր չէ, թե ինչ եք դուք գտնում, կարևորը, թե ինչ եք արտադրում:

Մենք չունեինք ո՛չ մարդ, ո՛չ զինամթերք, մենք երբեք չէինք պատերազմել, ունեինք ընդամենը 450 հազար բնակիչ, չունեինք հրամանատարներ, չունեինք ռազմական փորձ:

ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, բայց, փաստացիորեն, պատերազմ էր ընթանում: Ի՞նչ կարող էինք անել… Երկու բան: Առաջինը՝ մարդիկ պետք է դառնային խիզախ ու քաջարի: Նրանք պետք է հասկանային, որ մենք չունենք ընտրություն, մենք պետք է միայն հաղթենք: Եթե գոնե մեկ անգամ պարտվենք՝ վերջ: Երկրորդ. քանզի մենք չունեինք զենք, պետք է սկսեինք այն արտադրել:

Ինձ երբեմն հարցնում են, թե, եթե հետ հայացք նետենք, որո՞նք են մեր ամենամեծ սխալները:

Ես կպատասխանեմ. մենք կարծում էինք, թե մեծ երազանքներ ունենք: Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք մեծի՛ մասին: Որքան մեծ լինի ձեր երազանքը, այնքան ավելի մեծ բաների դուք կհասնեք:

Ինչո՞ւ եմ սա ձեզ պատմում: Մինչ օրս ես երիտասարդ տղաներին ու աղջիկներին ասում եմ. ընկերներ, դուք շատ ավելին ունեք, քան կարծում եք: Ծույլ մի՛ եղեք: Դուք ավելին ունեք, քան երկիրը կարող է առաջարկել ձեզ: Դուք կարող եք արտադրել բաներ, որոնք տրված չեն ձեզ: Սա դաս է բոլորի համար:

Բոլոր մարդիկ մեծ ներուժ ունեն: Բայց բոլորը մի փոքր ծույլ են: Եթե ցանկանում եք հասնել ինչ-որ բանի, պետք է աշխատեք: Ոչինչ երկնքից չի ընկնում: Մենք Իսրայելում շատ ենք աշխատում: Ի՞նչ վատ բան կա դրանում: Ես արդեն 90 տարեկան եմ և երբեք արձակուրդ չեմ վերցրել: Ինձ ասում են. «Դու ի՞նչ է, ցնդե՞լ ես: Ինչպե՞ս ես հանգստանում»: Իսկ ես նախընտրում եմ աշխատել: Աշխատանքից ես հաճույք եմ ստանում: Մի՛ եղեք վատատեսներ. դա նույնպես ժամանակի դատարկ վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են:

Պետք է գնալ գիտության ետևից: Գիտությունը սահմաններ և սահմանափակումներ չունի:

Մի՛ փորձեք լուծել անցյալի խնդիրները: Ես չգիտեմ, թե արդյոք հնարավո՞ր է դա: Անցյալը ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում: Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները: Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ հույս:

Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հիշել, ոչ թե պատկերացնել, և սա ամենամեծ սխալն է: Ի՞նչ եք ցանկանում հիշել: Բոլոր սխալները, որոնք կատարվե՞լ են: Պատմությանը չի կարելի ապավինել: Պատմաբանները թագավորների ազդարարներն էին և իշխանավորներին ասում էին այն, ինչ վերջիններս ցանկանում էին լսել:

Մեր երիտասարդ սերունդը հիասքանչ է: Բայց ինձ մի բան է զայրացնում՝ նրանք ատում են քաղաքագետներին: Ըստ նրանց՝ քաղաքականությունը կոռումպացված է, ուստի այն իրենց համար չէ: Ես պատասխանում եմ՝ եթե դուք ազնիվ եք և ուզում եք ունենալ ազնիվ քաղաքականություն, ապա գնացեք և ստեղծեք ազնիվ քաղաքականություն...»:

Հիմա գանք մեր երազանքին:

Ես ուզում եմ մի շատ պարզ հարցից սկսել՝ ինչի՞ց է սկսում ամեն ինչ. Հայրենիքը, կյանքը, հավատը…

Հարյուրավոր պատասխաններ եմ ակնկալում, բայց ամենակարևորը, թերևս, հենց երազանքն է:

Մենք մոռացել ենք երազելու մասին: Իսկ երազողներին անվանում ենք միամիտ իդեալիստներ, կյանքից և իրականությունից վերացած պոետներ… Մինչդեռ հենց երազանքից է սկսվում ամեն ինչ:

Երազեք և թողեք, որ ձեր երեխաները երազեն: Ոչ թե մասնագիտություն ընտրեք նրանց համար, այլ օգնեք երազել և գնալ երազանքների հետևից:

Ոչ թե երազել բժիշկ դառնալ, այլ երազել մարդկանց բուժելու մասին: Սա նպատակ է, իսկ բժիշկ դառնալը՝ ճանապարհ, որը պետք է ցույց տալ մեր ուստրերին ու դուստրերին:

Ոչ թե երաժիշտ դառնալ, այլ ապրել ու զբաղվել երաժշտությամբ:

Ոչ թե դառնալ գեներալ, այլ զենքը ձեռքին կռվել հայրենիքի համար ու մյուսներին էլ առաջնորդել հանուն այդ վեհ գործի:

Սա է երազանքի իմաստը: Ընդ որում՝ երազանքն ինքնին պետք է մեծ լինի: Տիեզերական օրենք է՝ ստանում ես այն, ինչ ուզում ես քո ողջ էությամբ: Այդ դեպքում տիեզերքը քեզ կօգնի և ճանապարհ ցույց կտա: Պարզապես ուժեղ և հետևողական եղիր այդ ճանապարհով մինչև վերջ անցնելու համար:

Բայց խոհափիլիսոփայությունից վերադառնանամ իրականություն ու փորձեմ միաժամանակ տարբերակել երազանքն ու ինքնախաբեությունը:

Հարցս՝ ի՞նչ ենք ուզում մենք՝ հայերս:

Լսում եմ միջին հայի միջին պատասխանները՝

- Ծովից ծով Հայաստան ... Լա՜վ երազանք է: Իսկ ի՞նչ ենք անում դրա համար: Եկեք անկեղծ լինենք՝ ոչինչ էլ չենք անում: Դա անգամ երազանք չէ: Չգիտեմ, թե ինչ է…

- Որ համայն հայությունը վերադառնա ու ապրի Հայաստան աշխարհում ... Հը՜մ… Միանգամից ուզում եմ հակադարձել՝ ինչպե՞ս և ինչո՞ւ: Արդեն չորս սերունդ Ամերիկայում ապրող մարդկանց, որոնք նույնիսկ հայերեն էլ չգիտեն, ինչպե՞ս վերադարձնել Հայաստան (իմա՝ Երևան, քանզի հազարից մեկն է համաձայնում Երևանից դուրս բնակվել): Եվ ինչո՞ւ: Իսրայելի հզորությունը նաև իր սփյուռքն է՝ իր հսկայական աշխատանքով:

- Ունենալ հզոր ու շեն երկիր, մեծ ընտանիք և շատ զավակներ ... Հրաշալի է: Ունենանք… Իսկ ի՞նչ ենք անում դրա համար: Թալանում ու մսխում ենք եղածը՞:

Լսում եմ նաև մեր հրաշալի երիտասարդների ձայնը՝ ի տարբերություն ձեզ, մենք չենք թալանում: Լա՜վ… Ես ձեզ շատ եմ սիրում, երիտասարդներ, բայց մի բան հասկացեք՝ ծնելիության 1.6 ցուցիչով և «դրսում ապրելու ու կատարելագործվելու» ցանկությամբ ապրող սերունդը դատապարտված է սպիտակ մահվան:

- Հզոր արդյունաբերություն ... Եկեք կառուցենք միասին: Սկսենք երազանքից:

- Հզոր գիտություն ու մշակույթ ... Եկեք կերտենք միասին: Սկսենք երազանքից:

- Սեփական միջուկային զենք ... Եկեք անենք միասին: Հաշվի են նստում միայն ուժեղի հետ:

- Սեփական ավիաուղիներ ... Վերացրեցրինք եղածը: Լա՜վ, եկեք ստեղծենք նորը:

Ի՞նչ, փող չկա՞... Եթե մի բան այս աշխարհում շատ կա, հաստատ փողն է: Ուրիշ հարց է, թե այդ փողն ուր է գնում: Միայն Ստամբուլի ու Զմյուռնիայի հայ առևտրականների փողերով ժամանակին կարելի էր ամբողջ աշխարհն առնել ու կաշառել աշխարհի բոլոր իշխանավորներին: Հիմա ոչ այդ փողը կա, ոչ էլ այդ առևտրականները: Դաս եղա՞վ: Չեղավ:

Վախենամ, որ պատմությունը հերթական անգամ կրկնվում է:

Հպարտ հայեր, կարագանդաներում ու այլուր ծվարած: Դուք հասկանու՞մ եք, որ Հայաստան փող ուղարկելով դուք ձեր ազգականներին դատապարտում եք դանդաղ կործանման: Մարդու կողմից կերակրվող գազանները բնության մեջ արդեն ապրել չեն կարողանում, քանի որ կեր հայթայթելու և պաշտպանվելու բնական բնազդները մեռնում են: Իսկ կյանքը, ուզենք, թե չուզենք, վայրի անտառ է, եթե ոչ ջունգլի…

- Գեղեցիկ երկիր ... Դե եկեք հրաժարվենք անծայրածիր գերեզմանոցներից, անտառները կտրելուց, Սևանը թալանելուց: Անճաշակությունից: Հրաժարվենք սպառողի հոգեբանությամբ ապրելուց ու աղբ արտադրելուց: Վերջապես եկեք երազենք մեծի մասին ու աշխատենք:

- Որ Արարատը մերը լինի ... Ինչի՞ համար: Որ լանջերից մինչև գագաթ խաշանոցնե՞ր շարենք: Չէ, թող մնա «որպես անհաս փառքի ճամփա» մինչև մի քիչ խելք հավաքենք:

- Որ ճանաչեն Ցեղասպանությունն ու վերադարձնեն հողերը ... Հետո՞...: Իսկ ո՞վ է ապրելու այդ հողերի վրա: Ո՞վ է շենացնելու այդ երկիրը, մե՛ր երկիրը: Հնդիկնե՞րը, որոնք չեն խորշում աշխատանքից... Եկեք խոստովանենք՝ քարից հաց քամող մեր ազգը շա՜տ է ծուլացել... Աշխատե՞լ: Օրական հինգ հազար դրամո՞վ: Ինչի՞ համար: Գիտությո՞ւն: Ի՞նչ գիտություն այս «քոսոտ» երկրում: Այ հրեան ուրիշ է… Հրեան կարող է… Բայց ի՜նչ լավ կլիներ, եթե հրթիռ արտադրող սեփական գործարան ունենայինք… Սա արդեն երազախաբություն է:

Հրեաներն անապատը դրախտավայր են դարձրել: Մենք մեր երկիր-դրախտավայրն աստիճանաբար անապատ ենք դարձնում: Ջուր չունեցող երկիրն աշխարհի ամենազարգացած գյուղատնտեսությունն ունի: Մենք ունենք աղբյուրների ջուրը ամենահմտորեն փոշիացնող բնակչությունը:

Սովորե՛նք երազել ու երազենք մե՛ծ բաների մասին: Գոնե երազանքի մեջ զերծ մնանք մանրախնդրությունից: Բայց շա՜տ եմ խնդրում՝ չկորցնենք իրականության զգացողությունը: Այլապես ինքնաբավարարումը սեքսի տեղ կընդունենք: Իսկ դրանից, ինչպես հայտնի է, երեխաներ չեն ծնվում:

Իսկ յուրաքանչյուր չծնված երեխա մեր ու տիեզերքի պարտությունն է:

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ