Արթուր Աթանեսյան
Արթուր Աթանեսյան

 

Արթուրը

քաղաքական

գիտությունների

դոկտոր է,

պրոֆեսոր,

Երևանի

պետական

համալասարանի

կիրառական

սոցիոլոգիայի

ամբիոնի

վարիչն է:

 

Սովորել է

Երևանի

պետական

համալսանի

փիլիսոփայության,

սոցիոլոգիայի

և հոգեբանության

ֆակուլտետի

փիլիսոփայության

բաժնում,

Գիտությունների

ազգային

ակադեմիայի

փիլիսոփայության

և իրավունքի

ինստիտուտում,

ԱՄՆ Հյուսիսային

Կարոլինայի

համալսարանի

Ուոլքերի

անվան

Միջազգային

հարաբերությունների

ինստիտուտում,

Միջազգային

իրավունքի և

դիվանագիտության

Ֆլեթչերի

դպրոցում,

(Թավթս

համալսարան):

 

Սովորում է

կյանքում ու

սովորում է

ամեն օր...

«Պոպուլիզմի և բռնության մասին...». ԱՐԹՈՒՐ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Անկախ նրանից, թե որքանով արդյունավետ կլինեն նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումները, հասարակության սոցիալ-հոգեբանական մթնոլորտն արդեն ակտիվորեն աղտոտվում է պոպուլիզմի, այլոց հաշվին ինքնահաստատվելու, չստուգված տեղեկատվությունն ազատորեն հրապարակելու (զրպարտելու) և մասնագիտական մոտեցումներից հեռու, սակայն պաշտոնական մակարդակ ունեցող գնահատականներ տալու վտանգավոր միտումներով: 

Այս ամենը քաղաքական մշակույթի աղավաղման, պոպուլիզմի և բռնության վերաբերյալ կիսագրագետ և բարդույթավորված ընկալումների հետևանքներից է:

Ապրիլյան զանգվածային ընդվզման արդյունքում Հայաստանում փոխվեց պատմությունը: Կարծես թե վերածնվեց հայաստանցիների՝ համատեղ ուժերով սեփական պետությանը տեր կանգնելու կարողությունը։ Այդ կարողության առկայությամբ կամ բացակայությամբ է պայմանավորված տարբեր ժողովուրդների՝ պետություն ունենալու կամ չունենալու և այլ պետությունների հովանու (լծի) տակ ապրելու պատմական իրողությունը։

Միևնույն ժամանակ, արդեն իսկ պահն է ինքնագովասանքով տարվելու փուլն ավարտված համարել:

Պետականության ամրապնդումը և զարգացման ապահովումը մեկ պատմական պահի խնդիր չէ միայն, այլ միասնական ջանքերի ու մասնագիտական մոտեցումների մշտական ներդրման, հայրենասիրության ոչ խոսքային-ելույթային, այլ պրակտիկ և արդյունավետ դրսևորումների արդյունք է։

Ի՞նչ է լինելու վաղը. այս հարցն իրեն, հավանաբար, ժամանակին տվել է ոչ միայն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն երկրի գլխավոր հրապարակում և փողոցներում ապրիլի 23-ին երջանկացած յուրաքանչյուր հայաստանցի, հեռուստացույցերի մոտ նստած ու իշխանափոխության հետ համաձայն կամ անհամաձայն յուրաքանչյուր ոք, այլ շարունակելու ենք տալ յուրաքանչյուր հաջորդ օրը։

Արդյոք ինչ-որ բան Հայաստանում, իրոք, փոխվե՞ց դեպի լավը, արդյոք իզուր չէի՞ն հասարակության ստվար զանգվածի ջանքերը։

Հայտնի է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի կամ քաղաքականությանը մասնակցող սուբյեկտի (անձի, խմբի) ջանքերի վերջնանպատակն իշխանության հասնելն է ու այն ունենալը: Սա հանրահայտ դասագրքային սահմանում է, ու դրա հետ վիճել՝ ասելով, թե իշխանությունը վերջնանպատակ չէ, այլ, ասենք, միջոց՝ սեփական երկրի կամ ժողովրդի համար ինչ-որ բան անելու, զուտ պոպուլիզմ է, կամ հռետորաբանություն։

Ընդ որում, հռետորաբանությունը կարող է լինել պերճախոս, գեղեցիկ, գրավիչ, համոզիչ, հռետորաբանության մասնագիտական գործիքների կիրառմամբ, որի շնորհիվ թիրախային լսարանը կարող է թմրել՝ չզգալով տարբերությունը իրականության և տվյալ հռետորաբանության միջև և կարծել, որ խոսքն, իրոք, գործ է։

Մինչդեռ, յուրաքանչյուր հասարակություն օբյեկտիվորեն և անկեղծորեն, իրոք, ուզում է պետության օգտագործմամբ լուծել սեփական պրոբլեմները: Սա արդեն հռետորաբանություն չէ, քանզի չստանալով իր երկրում սեփական պրոբլեմների լուծումները, կամ չտեսնելով դրանց ուղղված ջանքերը՝ մարդը, վերջին հաշվով, թողնում և գնում է ուրիշ երկիր:

Սա անհերքելի փաստ է, որն արտահայտված է վիճակագրությամբ։

Որոշ երկրներում մարդիկ հպարտանում են այդ երկրին պատկանելով: Այդ երկրներ մարդկանց անընդհատ ներհոսք կա: Մարդիկ այդ երկրներում ամրապնդվում են, ստեղծում սեփական գործ, ստանում մրցունակ և արդիական կրթություն, գնում բնակարան, կազմում ընտանիք, ստանում քաղաքացիություն և այլն:

Կան նաև երկրներ, որտեղից մարդիկ մշտապես գնում են՝ թողնելով և վաճառելով ամեն ինչ, անգամ սեփական արմատները, տոհմածառն ու ինքնությունը։ Ցավոք, մեր նորագույն պատմության մեջ հիմնականում դասվել ենք հենց այդ երկրորդ տեսակին, և այդ վիճակով ենք փորձում մոտենալ պետության բարեփոխման նոր հնարավորություններից: Եթե մեր նոր ջանքերն ապարդյուն անցնեն, ապա այլ բան չի մնա, քան ընդունել պետականություն չունենալու մեր սեփական մեղքի բաժինը:

Փաստորեն, ցանկացած անհատ կամ խումբ, որ ձեռնարկում կամ ակտիվորեն մասնակցում է քաղաքականությանը, նպատակ ունի հասնել իշխանության և ստանձնել այն, իսկ հասարակության նպատակն է՝ իր պետության սահմաններում ունենալ հնարավորինս քիչ պրոբլեմ, լինել պաշտպանված և ապրել անհոգ։ Իրականում, սակայն, այս երկու նպատակները միշտ չէ, որ լիարժեքորեն իրացվում են, բայց խելամիտ ժողովուրդները վաղուց արդեն հասկացել են, որ առանց իշխանության օգտագործման և իշխանությունից պահանջելու՝ հնարավոր չէ հասնել հանրային բարեկեցության, իսկ առանց հանրային բարեկեցությունը քիչ թե շատ երաշխավորելու՝ հնարավոր չէ հասնել իշխանության։

Մնացած ամեն ինչը, դարձյալ, լոկ հռետորաբանություն է:

Կարելի է տարիներ շարունակ անընդմեջ և գեղեցիկ խոսել, թե որքան ենք սիրում մեր ժողովրդին, որքան ենք կարևորում սեփական հայրենիքը, և մյուս կողմից երկար հրճվել այն հանգամանքով, թե ինչպես կարողացանք «բան ասել իշխանություններին», անգամ՝ հեռացնել նրանց։ Սակայն, երկու դեպքում էլ, այս ամենը կիսաճշմարտություն է: Հասարակությունը պետք է ունենա երաշխավորված և մշտապես գործող մեխանիզմներ, ինչպես նաև ունակություն, կարողություն և հավես՝ իշխանությանը մշտապես «բան ասելու» բառիս բուն և փոխաբերական իմաստով, իսկ իշխանության հասնելը պետք է հնարավոր լինի միայն հասարակության աջակցության և ոչ թե մի խումբ մարդկանց թաքուն որոշման արդյունքում։

Դարձյալ՝ ի՞նչ է լինելու վաղը՝ գարնանային հանգուցային իրադարձություններին հաջորդող օրերին և ամիսներին։

Այն, թե ինչ է լինելու հետո, կախված է նրանից, թե ինչ ենք անում այսօր։ Այսօր աշխատեցիր՝ վաղը կստանաս, այսօր ծառ տնկեցիր և ջրեցիր՝ վաղը բերք կհավաքես։

Նախանձում եմ այն մարդկանց, ովքեր համոզված են, որ այն, ինչ արվում է այսօր, անվերապահորեն ճիշտ է: Միևնույն ժամանակ, ակնհայտորեն տեսնում եմ, որ մենք այսօր փաստացիորեն և բառացիորեն փոխարինում ենք մեկ անձին ու մեկ անհատապաշտությունը՝ մյուսով։ Իսկ անձով պայմանավորված իշխանությունը միանձնյա կառավարում է՝ ավտորիտարիզմ։

Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր կտրականապես դեմ էին Սերժ Սարգսյանին, դեմ են հանրապետականներին, սակայն չեն ցանկանում փոխարինել փոխկապված անձանց մի խումբը մյուսով: Ի՞նչ անեն նրանք, ովքեր հանրապետական կուսակցության անդամ էին, սակայն մասնագիտական առումով երբեք կուսակցական կողմնակալություն չեն դրսևորել (անձամբ` որպես անկուսակցական, ճանաչում եմ տասնյակ այդպիսի մարդկանց) և ցուցաբերել են արհեստավարժություն` նպաստելով իրենց վստահված ոլորտների առաջընթացին:

Կամ էլ` ի՞նչպես վարվեն այն անկուսակցականները, որոնք աշխատում էին հանրապետական կուսակցության անդամների կողմից ղեկավարվող հիմնարկներում, և աշխատել են ազնիվ, արդյունավետ, պետականամետ:

Հերքել նման մարդկանց գոյությունը, կնշանակի` առնվազն չունենալ որևէ անձնական միջավայր, ինչպես նաև պատկերացում հասարակության և պետության կառուցվածքի մասին: Ի՞նչ անեն բոլոր նրանք, ում անտեղի ոչ մասնագետ են համարում` զուտ քաղաքական նկատառումներից ելնելով:

Այսօր Նիկոլ Փաշինյանին հրապարակավ քննադատելը նույնքան անշնորհակալ գործ է, որքան նախկինում` Սերժ Սարգսյանին: Ավելին՝ հանրային կարծիքն ուղղակիորեն ճնշում է այն ամենը, ինչը կապված չէ նոր անձի անվերապահ պաշտամունքի հետ: Տվյալ մեխանիզմը հայտնի է և հենված է այն տրամբանության վրա, թե մարդը խուսափում է հասարակությունից մեկուսացվելուց, վախենում մնալ մենակ, կամ դառնալ փոքրամասնություն, ուստի հակված է ակտիվորեն փնտրել «մեծամասնության» կարծիքն ու առանց մտածելու հարել դրան:

Հատկապես սոցցանցերում այսօր ակնհայտ է ատելության և հայհոյանքի լեզուն, որն իրեն հրապարակավ խոսելու իրավունք վերապահող յուրաքանչյուր մեկն ակտիվորեն օգտագործում է կոնկրետ և վերացական անձանց հասցեին: Կարծես թե Նիկոլ Փաշինյանի կոչերը «սիրո և համերաշխության» մասին չեն վերաբերում իրենց «հեղափոխության զինվոր» համարող այդ հարյուրավոր անդեմ անձանց, ովքեր մշտապես նստած են համացանցում` իրենց կոմֆորտի գոտում, և ճահճի խոնավության մեջ թաքնված գորտերի պես անտեղի աղմկում են` զուտ իրենց գոլության մասին ահազանգելով:

Ի՞նչ է նշանակում` «Դե գնացի’ք, տականքնե’ր» և բազում ավելի պիղծ խոսքեր գրառել այն մարդկանց հետևից, ում չես ճանաչում, ում մասնագիտական մակարդակը կարող չես գնահատել, ում աշխատանքից ազատել են` անգամ այդ մասին չզգուշացնելով, և ով տարիներ շարունակ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԼԱՎ Է ԱՇԽԱՏԵԼ: Սա ի՞նչ է` 1937 թվակա՞նն է, երբ հարևանի, «բարեկամի» կամ պարզապես անծանոթի սուբյեկտիվ կարծիքով և ցանկությամբ մարդու մասին բացասական հանրային կարծիք էին ձևավորում և պատժում էին, իսկ տասը տարի անց` հետմահու արդարացնում:

Մենք ի՞նչ է` աշխատանքից անտեղի ազատված որակյալ մասնագետների արտագաղթի նոր ալի՞ք ենք ստեղծում (բնական է` խոսքն այն անձանց մասին չէ, որոնց վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել): Մեր փոքրաթիվ ազգն արդյոք կարո՞ղ է իրեն այսօր այդպիսի ճոխություն և այդպիսի հիմարություն թույլ տալ:

Այժմ՝ բռնության մասին։

Բռնությունը իշխանության հասնելու, այն իրացնելու պատմականորեն ձևավորված մեխանիզմներից է։

Իհարկե, բռնությունը կարող է լինել լեգիտիմ՝ թույլատրելի և օրենքով սահմանված։ Չմոռանանք, որ բռնությունը պետության կառավարման արդյունավետ գործիքներից է: Ցանկալի արդյունք ստանալու համար մարդկանց ոչ միայն խրախուսել է պետք, այլև՝ պատժել։ Բռնության կիրառումն արդարացված է նաև ներքին և արտաքին թշնամիների հանդեպ, որոնք փորձում են խարխլել պետականության հիմքերը, սպառնում ազգային անվտանգությանը։

Իսկ հնարավո՞ր է արդյոք իշխանափոխություն՝ առանց բռնության։

Իհարկե, կարելի է ասել՝ այո՛, և տարաբնույթ պատմական օրինակներ բերել։

Ներկայիս հայաստանյան իրողություններում հասարակության ստվար զանգվածի գործողությունները՝ ընդհուպ մինչև վարչապետի հեռացումն ու նոր վարչապետի թեկնածության առաջադրումը, ուղեկցվել են բռնություններից խուսափելու, խաղաղ և միմյանց հետ համերաշխ լինելու իմաստուն կոչերով։ Այս հանգամանքը, միանշանակորեն, պատվաբեր է ինչպես հայաստանյան հասարակության ստվար զանգվածի, այնպես էլ խաղաղ կերպով իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանի համար։

Միևնույն ժամանակ, իշխանության համար ցանկացած պայքար ենթադրում է, որ դրա համար մրցող ուժերից ոմանք իրենց նպատակին կհասնեն, իսկ ոմանք՝ ոչ։

Իսկ բռնությունը պայքարի ավանդական և անգամ անխուսափելի գործիքներից է։

Դարձյալ, քաղաքականությանը մասնակցողների նպատակն է՝ հասնել իշխանության, ունենալ և օգտագործել այն, իսկ հասարակության նպատակն այլ է՝ հանգիստ քնել և իմանալ, որ պետությունը հոգ կտանի իրենց համար։ Ուստի, հասարակությունը չէ, որ պայքարում է իշխանության համար, այլ հասարակության առանձին ներկայացուցիչները՝ հանդես գալով հասարակության անունից։

Հասարակության շահերի ներկայացումն այլ քաղաքական ուժերին, այն է՝ լոբբիստական գործունեությունը, ոչ այլ ինչ է, քան ճնշում, իսկ ճնշումը բռնության տարատեսակ է։

Պատահական չէ, որ այս կամ այն շահերի ապահովմանը սատարող և դրանք առաջ տանող խմբերը «ճնշման խումբ» են կոչվում: Պարզունակ կլիներ կարծել, որ 21-րդ դարում քաղաքական բռնությունը պետք է իրականացվի ավանդական՝ ֆիզիկական մեթոդներով։ Այսօր, տեղեկատվական հեղափոխությունների և քաղաքական տեխնոլոգիաների դարաշրջանում, բռնությունը բազում այլ երանգներ և ձևեր է ստացել՝ տեղեկատվա-հոգեբանական, ֆինանսական, կիբեռ և հաքերական հարձակումների բնույթի և այլն։

Հասարակության կամքի պարտադրումը վարչապետ Սերժ Սարգսյանին և ապա՝ հանրապետական կուսակցությանը, իր բնույթով (մեթոդները երկրորդական են) ոչ այլ ինչ էր, քան լեգիտիմ, ժողովրդավարության տառին համապատասխանող ճնշում։ Նույնն էլ տեղի է ունեցավ Ազգային Ժողովում, մայիսմեկյան քննարկումների ընթացքում. ընդդիմության ամենաազդեցիկ փաստարկը ոչ թե ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթներն էին, այլ իր ետևում` «Հանրապետության» հրապարակում և փողոցներում կանգնածների պահանջները, այսինքն` հասարակական ճնշումը:

ԱԺ-ում մեծամասնություն կազմողների ամենաուժեղ փաստարկը նույնպես ոչ թե հանրապետականների ելույթների ամբողջությունն էր, այլ նրանց ետևում կանգնած իշխանական ռեսուրսը, այդ թվում`բռնություն գործադրելու լեգիտիմ իրավունքին դեռևս տիրապետելը:

Ուստի, այն գաղափարաբանությունը, թե Հայաստանում գարնան ամիսներին իրականացված իշխանափոխությունը և դրան հաջորդող գործընթացները փոխադարձ իմաստով բռնի չեն, այսինքն` որևէ փոխադարձ ճնշում չեն պարունակում, նույնպես պոպուլիզմ է և չի համապատասխանում իրականությանը։

Պատմությունը վկայում է, որ որևէ մեկն իր կամքով իշխանությունից չի հրաժարվում, անգամ եթե դառնում է տկար:  Իշխանության շուրջ մղվող պայքարը կոնֆլիկտ է, իսկ կոնֆլիկտում կողմերից մեկի հաղթանակը պայմանավորված է կա՛մ մյուսին բռնի կերպով ոչնչացնելու հնարավորությամբ, կա՛մ էլ՝ բռնության այլ ձևերի կիրառման արդյունքում մյուս կողմի ինքնակամ վերացմամբ։

Նորություն չէ, որ ժամանակակից հայաստանյան հասարակությունում բարձր կոնֆլիկտայնությունը տխուր և վաղուց արձանագրված իրողություններից է, իսկ քաղաքական բանակցությունների մշակույթը (և անգամ փոքր հարցի շուրջ կենցաղային մակարդակի վիճաբանության խաղաղ ընթացքը)՝ ավելի շուտ բացառություն, քան լայնորեն տարածված երևույթ է։

Ուստի, մերօրյա քաղաքական իրողությունների պայմաններում, երբ որևէ մեկն իր կամքով իշխանությունից չի հրաժարվի, և երբ հանրային ճնշումն, ըստ էության, արդեն բռնություն է, թեկուզ և խաղաղ, պետք է հասկանալ, որ համակարգային փոփոխությունների պարագայում իշխանության համար կոնֆլիկտը շարունակվելու է։

Միևնույն ժամանակ, եթե ԶԼՄ-ների կողմից լայնորեն լուսաբանվող հարթակներում քաղաքական պոպուլիզմը դարձյալ կարող է ներկայացվել քաղաքացիական ընդվզումները և իշխանությունների դիմադրությունը՝ որպես իրենց մեջ ճնշում և բռնություն չպարունակող, ապա ավելի ցածր օղակներում՝ միջին և մանր պաշտոնների վերաբաշխման պարագայում, ինչպես նաև սովորական մարդկանց կենցաղում, այդ ճնշումներն ու բռնությունը կարող են ավելի առարկայական, անգամ ֆիզիկական բնույթ ստանալ։

Սոցցանցերում տարաբնույթ անդեմ և չինքնահաստատված անձնավորությունների կողմից տարբեր պաշտոնյաների հեռացման համար նախաձեռնվող ստորագրահավաքները, աշխատանքից այս կամ այն ազատված անձի հետևից «ցեխ շպրտելու» նորաստեղծ փնթի սովորությունը ոչ այլ ինչ են, քան բռնություն։ Եվ եթե զանգվածային ընդվզումն իր էությամբ լեգիտիմ՝ ժողովրդավարության կանոնակարգերով իրականացված ճնշում էր, ապա դրա համատեքստում սոցցանցերում և այլ հարթակներում բազում հայաստանցիների և արտերկրի «հայրենասեր հայորդիների» կողմից կազմակերպվող և կոնկրետ անձանց դեմ ուղղված, այդ անձանց պիտակավորող և նրանց հրաժարականը պահանջող միջոցառումները ոչ լեգիտիմ բռնություն են:

Քաղաքական իշխանության փոփոխությունների փաստի չարաշահմամբ անձնական հաշիվների մաքրումը, մյուսին զրպարտելու միջոցով պաշտոն ստանալը Բուլգակովի «Շան սիրտը» ստեղծագործության հերոսներից մեկի անվանմամբ՝ Շվոնդերականություն է, իսկ մերօրյա հայաստանցի շվոնդերներն ակտիվորեն ստվերում են ապրիլյան զանգվածային ընդվզման վեհ փաստը, խափանում նոր իշխանությունների ձևավորման և գործունեության հնարավորությունները։

 

Արթուր Աթանեսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ