Անուշ Ասլիբեկյան Արծրունի
Անուշ Ասլիբեկյան Արծրունի

 

Թատերագետ,

գրող,

արվեստա-

գիտության

թեկնածու

«Պրոֆեսորը». ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

 

Օրեր առաջ Երևանյան հրաշալի մի միջավայրում կայացավ թատերագետ, գրող, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյան Արծրունու «Պրոֆեսորը» գրքի շնորհանդեսը: Վիպակը բժշկապետ, Երևանի բժշկական համալսարանի հիմնադիրներից Վահան Արծրունու կյանքի գրական արտացոլանքն է, որն իր մեջ ներառում է այն դժվարին ժամանակահատվածը, երբ հայոց պետականությունը հերթական հանգրվանում էր, երբ կայանում էր Հայաստանը, կայանում էր Երևան մայրաքաղաքը, և Վահան Արծրունու նման մարդիկ իրենց ներդրումն էին բերում այդ պետականության կայացմանը՝ հիմնելով կրթական, մշակութային և այլ միջավայրեր, ստեղծելով մշակույթներ, մթնոլորտներ, որոնք անպայմանորեն պետք է փոխանցվեին սերունդներին:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակի խնդրանքով Անուշ Ասլիբեկյան Արծրունին բացառիկ իրավունքով մեր ընթերցողին է տրամադրել վիպակից մի հատված, որը և սիրով հրապարակում ենք, մնացյալ հետաքրքրվածությունը թողնելով գրքի ամբողջական ընթերցմանը:  

 

«...Հուշերիս էջերից մի քանիսը գրեթե մաշվել են` անվերջ թերթվելիս, այնտեղ իմ ամենասիրելի դրվագներն են: Երևի թաքուն, հեռու հեռավոր իմ մտքերում թույլ եմ տվել ինչ-որ նմանություն գտնել իմ ու նրա ճակատագրերում: Թեև նա տասնվեց տարեկան էր, երբ մեծ քաղաք մեկնեց` ուսում առնելու: Նա` իմ պրոֆեսորը, ընտանիքի հետ Թիֆլիս էր տեղափոխվել Նոր Բայազետից, երբ դեռ շատ փոքր էր:

Գիմնազիայում շատ շուտով  աչքի էր ընկել  առաջադիմությամբ ու հատկապես ըմբոստ վարքով: «Ինչպե՞ս կարելի էր չհիանալ Մաքիավելու քաղաքական հայացքներով ու չոգեշնչվել Գարիբալդիի հերոսական կերպարով, Աստղիկ,- մեծ բավականությամբ պատմում էր,- իսկ ավագ դասարաններում, ի վերջո, հիմնեցի սոցիալդեմոկրատական խմբակ, ինչի պատճառով հայտնվեցի ցարական գաղտնի կոնցելյարիայի ուշադրության կենտրոնում` այսպիսով վտանգելով ապագաս:

Տեղի իշխանությունները «վոլչիյ բիլետ» տվեցին ինձ, ինչը նշանակում էր, որ ես զրկվում էի ցարական Ռուսաստանի տարածքում բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից: Իսկ կրթության գինը լավ գիտեին ցարական բանակի սպա հայրս` Մարգար աղան և նրա եղբայրը` խոշոր առևտրական ու գործարար Բարսեղ աղան: Նրանք չդատապարտեցին քաջությունս, խորհուրդ արեցին ու որոշեցին` չեն թողնում, հարկավոր էլ չէ, Եվրոպական կրթությունն ինչո՞վ է վատ: Բարսեղ աղա հորեղբորս հովանավորությամբ Փարիզ մեկնեցի` ուսումս շարունակելու Սորբոնի համալսարանում: Ինձ ուղեկցում էր մի ազգական` իբրև խնամակալ ու խոհարար, տասնվեցամյա պատանուն հեռուներում հոգ տանելու, տնօրինելու համար հորեղբորս հատկացրած գումարները:

Սորբոն ընդունվելու առաջին հաջողությունս համընկավ առաջին դժբախտության հետ. ծանր հիվանդությունը անկողնուն գամեց: Խնամակալս հրավիրեց Փարիզի ամենահանրահայտ վիրաբույժին` Վիրխովին, ով ախտորոշեց` թոքախտ: Հավանաբար, այն դեռ Թիֆլիսում էր բուն դրել թոքերումս, կլիմայափոխությունից բացահայտվեց: Թվաց` ամեն ինչ վերջացավ, բայց մեր ազգին հատուկ տոկունությամբ օժտված խնամակալս չհանձնվեց, վստահեց վիրաբույժին, ով  առանց վարանելու հեռացրեց աջ թոքս, ասել է թե` թոքախտի բուն թիրախը` թոքի հետ միասին: Անհավատալի է, բայց կազդուրվեցի, պարզապես հրաշքով կենդանի մնացի Աստղիկ: Փրկագինը չորս բարձերն են, շնչահեղծ կլինեմ, եթե պառկած քնեմ, դե դու արդեն պատերացում ունես»:

«Առավոտյան սառը լոգանքները և՞ս դրա համար են»,- մի օր կարմրելով հարցրի: Պրոֆեսորը մի պահ լռեց, գլուխը հաստատելու պես տարուբերեց ու մի որոշ ժամանակ անց ասաց` չե՞ք ուզում բժիշկ դառնալ ինձ պես, Աստղիկ: «Ե՞ս, բժի՞շկ, նա կատակում է, անկասկած»: Լռեցի, մոռացա: Անցան ամիսներ, ես ավելի զգուշավոր էի դարձել, խուսափում էի նրա հետ զրուցելուց: Բայց նա մի օր էլի բացեց այդ խոսակցությունը, նա լուրջ էր ասում: Հավանաբար ամեն ինչ զգացել էր, հասկացել ու որոշել էր ինձ հեռացնել իրենից, որքան հնարավոր է հեռու` Լենինգրադ:

Գուցե նկատե՞լ էր` ոնց եմ առավոտները թաքուն հետևում նրա կիսամերկ ջրցողանքներին պատշգամբում` նայելով մեկ նրա դիցաբանական իրանին, մեկ էլ վերևի հարկում բնակվող պառավին, ով վերևից այնպես էր կախվում, վայելելու պրոֆեսորիս` թեև արդեն տարիքով, բայց առնական գեղեցկությունը, որ մի անգամ քիչ էր մնում մեր պատշգամբում հայտնվեր: Հետո չարությունից գազազած, շփոթված` փնթփնթում էր, անիծում և որպես վերջաբան` տատիս պես տասը մատը դեպի պրոֆեսորն ուղղած ֆշշացնում էր` անամոոոթ: Պրոֆեսորը ժպտալով շարունակելում էր ծիսակարգը՝ քթի տակ ինչ-որ արիա երգելով:

Պրոֆեսորին թաղամասում բոլորը գիտեին` այն օրից ի վեր, երբ 21 թվականին մի խումբ այլ եվրոպական հաստատություններում կրթություն ստացած, անվանի գիտնականների հետ հրավիրվեց Սովետական Հայաստան` հիմնադրելու պետական համալսարանը: Սորբոնի համալսարանի դոկտոր, եվրոպական համալսարանների պատվավոր անդամ, թիկունքում բժշկական մեծ փորձառությամբ պրոֆեսորը չէր վարանել: Նա ոչ միայն հիմնադրեց համալսարանի բժշկական ամբիոնը, այլև մի քանի տարի անց՝ Բժշկական ինստիտուտի անատոմիայի ամբիոնը: Նախաձեռնեց ու հրատարակեց առաջին տպագիր «Առողջապահիկ» թերթը, որն անվճար բաժանվում էր շուկաներում և տարրական տեղեկություններ հաղորդում հիվանդությունների, դրանց դեմ պայքարելու մասին:

Նա մատչելի լեզվով թերթի էջերում բացատրում էր տարբեր հիվանդությունների ախտանիշերը, քանի որ մարդիկ բժշկի դիմելու կարևորությունը չէին հասկանում: Նպատակ էր դրել  իրազեկել, կրթել ու առողջացնել բնակչությանը, ուստի քուն ու դադար չուներ: Աշխատում էր ուսանողների հետ, հիվանդներ էր ընդունում տանը, առանց ափսոսելու իր թանկ ժամանակը նրանց հետ երկար զրուցում, թռուցիկներ էր նվիրում առողջության մասին: Նրա ջանքերը իզուր չէին, այս թռուցիկների շնորհիվ Երևանում տիրող տիֆից, խոլերայից, մալարիայից քանի՜, քանի կյանքեր փրկվեցին:

Թեև նրա հիպնոտիզմի մասին երկհատոր աշխատությունը այդպես էլ շարունակում էր դարակում մնալ, մարդիկ դեռ տարրական առողջապահական խնդիրներին էին ծանոթանում, ուր մնաց այդ անհասկանալի գիտությունը: Դարակում էին  նաև նրա հեղինակած երկու վեպը և Զոլայի նատուրալիզմի մասին մեծ գրախոսականը, որոնք  ևս արձագանք չէին կարող գտնել այդ թվականներին: Այս տարիներին էր, որ սկսեց նաև աշխատել առաջին Հայերեն-լատիներեն բժշկական տերմինների բառարանի վրա: Իսկ շնորհիվ փարիզյան առաջադեմ մտավորականության հետ նամակագրական կապի` Փարիզյան գրողների ու նկարիչների գործերը հասցնում էր Հայաստան` իր ընկերներին ու բարեկամներին: Նա Զոլայի առաջին թարգմանիչն էր ֆրանսերենից հայերեն, նրա մտերիմ ընկերը, ում հետ նամակագրությունը պահպանեց մինչև նրա մահը:

Մեր տանը ամեն շաբաթ-կիրակի հավաքվում էին երևանի մտավորականները, նստում թեյի սեղանի շուրջ, թուղթ  խաղում, սիգար էին ծխում և խոսում էին համաշխարհային մշակույթից, ֆրանսիական նկարչական սալոններում տեղի ունեցող նորություններից, բժշկական հայտնագործություններից, համաշխարհային տնտեսական գործընթացներից, Րաֆֆու և «Մշակի» ընդհարումից, Թիֆլիսի Արծրունի թատրոնից, Պետրոս Ադամյանից և այլ թեմաներից:

Ծիծաղում էին թեոսոֆների վրա, հերքում էին Ֆրեյդի սուգեստիվ պսիխոանալիզը: Նրանք քննարկում էին հոգեբանության և հոգեբուժության համաշխարհային վերջին միտումները, Նիցշե էին ընթերցում գերմաներենով: Երեկոները, որպես կանոն, ավարտվում էին երաժշտական կատարումներով: Բժշկապետն իր պրոֆեսոր ընկերների հետ լարային քառյակ էր կազմել, ինքը ջութակ էր նվագում: Ծիսակարգի ավարտին գինի էին խմում և նվագում Բրամս ու Մոցարտ: Հիշում եմ` ինչպես ջանք չէի խնայում նրանց մատակարարելիս` բարձր պահելու պրոֆեսորիս անունը՝ փորձելով մի բան հասկանալ զրույցներից, կամ, գոնե, մտապահել այդ արտակարգ, հեքիաթային դեմքերը… Որքան կուզեի՝ մերոնք՝ ազգականներս, իմանային, թե ինչ մարդկանց առաջ էի դնում-վերցնում:

Պրոֆեսորն իր շուրջ մարդկանց հավաքելու ձգողական մեծ ուժ ուներ: Նրա հետ կարելի էր խոսել ամեն ինչից: Բացի այդ` առույգ էր ու կատակաբան, բժշկում էր ոչ միայն մարդկանց մարմիններն, այլև մտքերն ու հոգիները: Ես վախենում էի նրա համար, ես ուզում էի հնարավորինս շուտ ազատել նրան այցելուներից, որոնց վրա, իմ կարծիքով նա շատ էներգիա էր ծախսում: Իսկ երբ վերջապես հեռանում էին, նստում էր բազկաթոռին, փակում աչքերը մի քանի րոպե, կամ մոտենում էր մոլբերտինու շարունակում կիսատ թողած նկարը:

Նկարելը ևս ֆրանսիայում էր սովորել, դա նրա նախասիրություններից էր: Կարծում եմ՝ հիասքանչ էր նկարում, նրա հերոսները առասպելական կերպարներ էին, որոնց մասին նկարելու ընթացքում նա պատմում էր ինձ` հայացքը մոլբերտից չկտրելով, շարունակելով ծխել կիսատ թողած սիգարը: «Իսկ սիգարը, պրոֆեսոր, ախր լրջորեն վտանգում եք Ձեր առողջությունը»,- համարձակվում էի նրան հիշեցնել:

«Սիգարի վնասները չեզոքանում են շոկոլադի սալիկներով, այդ երկուսը ինձ կապում են իմ անցյալի հետ: Վերցրեք, մեկ հատ էլ համտեսեք, Աստղիկ, մի քաշվեք,- ասում էր»: Սիրտս տրոփում էր, ախր ես ինչպե՞ս Ձեզ հետ նույն շոկոլադը համտեսեի, նույն տարածության մեջ: Վարանելով վերցնում ու թաքցնում էի գրպանումս, շոկոլադ, որը ես էի առավոտյան գնել տորգսինից, մի քանի այլ հազվագյուտ իրերի հետ` տուփով սիգարներ, ճարմանդներ վերնաշապիկի համար, փողկապներ, որոնք պրոֆեսորի հաճույքի անբաժան պարագաներն էին: Իսկ հիմա պիտի ինքս փորձեի այդ թանկագին կոնֆետները:

Երբեմն դրանք գիշերները դնում էի բերանս ու երկար պահում լեզվիս տակ` վայելելով դառնավուն քաղցրությունը, պրոֆեսորիս ձեռքերի համը: Մի քանի պատառ պահել էի ու տարիներ անց էլի ափսոսում էի ուտել: Նրա մահից հետո գիշերները հանում, դնում էի սեղանիս ու աչքերս փակ շնչում էի դրանց բույրը: Տեսնես նու՞յն բանն էին զգում պրոֆեսորի ուսանողուհիները, որոնց նույնպես սովորություն ուներ շոկոլադ նվիրել:

Նա միշտ քննության գնալիս իր հետ վերցնում էր երկու տուփ` մեկը սիգարներով, մյուսը շոկոլադով լիքը, որպեսզի խրախուսեր փայլուն քննություն հանձնած երիտասարդներին` տղաներին՝ սիգար, աղջիկներին՝ շոկոլադ հյուրասիրելով: Տեսնես նրա՞նք էլ գիշերները թաքուն էին ուտում այդ շոկոլադները, թե՞ ոչնչացնում էին հենց նույն պահին, առանց զգալու, որ դրանք սովորական քաղցրավենիք չեն: Տեսնես նրանց սի՞րտն էլ բաբախում էր ուրախությունից, երբ լսում էին  համալսարանի շենքին մոտեցող նրա ֆայտոնի անիվների ձայնն ու ձիերի սմբակների կտկտոցը:

«Չէ, ես հնաոճ չեմ, Աստղիկ, պարզապես այդ նոր ավտոմոբիլների վառելանյութի հոտը տանել չեմ կարողանում, շնչարգելություն եմ ունենում»,- ասում էր: Ես մի անգամ տեսա նրան բաց ծածկով ֆայտոնում նստած, Աստաֆյան փողոցով անցնելիս: Նրա հայացքը որսում էին անցորդները, ինքը սիրալիր ժպտում ու ողջագուրվում էր ծանոթներին հանդիպելիս` ցիլինդրը թեթևակի բարձրացնելով: Չէ, նա ավտոմոբիլ չէր սիրում ոչ այն պատճառով, որ վնաս էր առողջությանը, ես համոզված էի` նա պարզապես սիրում էր մարդկանց հետ շփվել, հետաքրքրվել նրանց որպիսությամբ` դանդաղ ընթացող կառքից: Ի՛մ պրոֆեսորը: Ու հիմա պետք է նրան թողնեի այս անցորդների, պատուհանից թաքուն նրան հետևող պառավի, բազմաթիվ հիվանդների, մտավորական առաջադեմ կանանց ու գիտնական ընկերների հետ:

Բայց ես լռեցի ու համաձայնեցի հեռանալ, քանի որ պրոֆեսրոն իր շուրջ կատարելություն էր սիրում ու ես էլ պիտի համապատասխանեի այդ նիշին...»:

Հ.Գ.

Վիպակում նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները հիմնականում համապատասխանում են իրկանությանը, բժշկապետի կյանքի և կենսագրության մասին տեղեկությունները հեղինակը վերցրել է Արծրունիների անձնական արխիվից: Վիպակում խախտված է ժամանակագրությունը՝ հեղինակի գեղարվեստական մտահղացման և պատումի կառուցվածքային շահեկանության տեսակետից: Իրականում Վահան Արծրունու (կազմախոս (անատոմ), առողջաբան, ականջակոկորդաբույժ) ծննդյան և մահվան տարեթվերն են 1857-1947թթ.: ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ: 2017-ին լրանում է բժշկապետի ծննդյան 160 ամյակը:

 * Նկարակալ

Անուշ Ասլիբեկյան Արծրունի

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ