Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

Պտույտ մը ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Հին Հռոմի ժամանակներից մեզ է հասել քաղաքացուն բավարարելու ամենահակիրճ և թերևս ամենադիպուկ արտահայտությունը` «Հաց և զվարճանք», որը լատիներենով հնչում է Panem et circenses: Հանգստություն մաղթենք Յուվենալի և Մաքիավելլիի ոսկորներին: Սիեննայում տարին երկու անգամ ձիարշավներ են կազմակերպվում, որոնք, հիրավի, մեծագույն տոնախմբություն են թե՛ տեղաբնակների, թե՛ քաղաքի հյուրերի համար: Իսկ ամեն տարի փետրվարին Վենետիկում անց են կացնում հանրահայտ դիմակահանդեսը:

Եկեք միասին թափառենք այս հնամենի հիասքանչ քաղաքում, որը նաև Ադրիատիկի գոհար անունն է կրում: Գնացքը մեզ հասցնում է Սանտա Լուչիա կայարան: Այնուհետև կարելի է ջրային տրամվայով լողալ Մեծ ջրանցքով ու հասնել քաղաքի կենտրոնական մասին` Սան Մարկո հրապարակին: Սուրբ Մարկոս ավետարանիչը Վենետիկի պաշտպանն է: Կարելի է անգամ չօգտվել ջրային տրանսպորտից, այլ անցնել գողտրիկ կամրջակներով, նեղլիկ մայթերով ու կրկին ձեր ոտքերը ձեզ կհասցնեն Սան Մարկո հրապարակ: Նստեք, շունչ քաշեք, վայելեք իտալական անուշահամ սուրճն ու բոված շագանակները: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհն իրոք հատուկ քեզ համար է պտտվում: Ռոմատիկ մի ցանկություն է առաջանում, որ աղավնիների գեղգեղանքի ներքո աշխարհը կանգ առնի, ու երջանկության այս զգացումը երբեք չլքի քեզ:

Ք.հ. 64 թ. Ներոն կայսրը Հայոց արքա Տրդատին հրավիրում է Հռոմ` թագադրման համար: Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որն այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է (Quadro)` Վենետիկի Ս. Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը: Հիշեք սրա մասին, երբ քայլեք և լուսանկարվեք Սան Մարկո հրապարակում:

Քիչ այն կողմ` Դոժերի պալատն է իսկ դրան հարակից հրապարակում ևս եռուզեռ է` աշխարհի բոլոր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներ, հուշանվերներ վաճառողներ, իրենց ծառայություններն առաջարկող գոնդոլիերներ… Իսկ հրապարակի ափամերձ հատվածում վեր են խոյանում երկու հսկայական սյուներ: Դրանցից մեկի վրա Վենետիկի խորհրդանիշն է` թևավոր առյուծը: Իսկ Մեծ ջրանցքով ծուլորեն շարժվող նավերը մեզ մի տխուր պատմություն են հրամցնում:

Դարեր առաջ Միջերկրական ծովում մի հզոր թագավորություն կար` Արմենիա անունով: Մենք` հայերս այն Կիլիկյան Հայաստան ենք անվանում կամ պարզապես Կիլիկիա: Մոտ հազար տարի առաջ քրիստոնյա հայերը սրով և հրով այդ հողերի վրա նախ իշխանություն հիմնեցին, ապա հասան թագավորության փառքի: Հայոց ծոցից դուրս եկող հայկական նավերն առևտուր էին անում ողջ Միջերկրածովում: (Ասում են` հայերն անգամ Բրիտանական կղզիներ են հասել ու հիմնել Բրիտների իշխանությունը): Եվ հարկեր ու տուրք էին վճարում: Սակայն այդ հսկա ծովում մոլեգնում էին ծովահենները, իսկ Եվրոպայի ծովափնյա քաղաք-պետությունների կառավարիչները գաղտնի համաձայնության էին եկել ծովահենների հետ` տնօրինելով դրանց ավարի  մի մասը: Հայ իշխաններն ու թագավորներն իրենց դեսպանների ու սուրհանդակների միջոցով հորդորեցին եվրոպացի կառավարիչներին զերծ մնալ այդ հանցավոր համագործակցությունից և ծով հանեցին իրենց ռազմանավերը: Օրինազանցներին սպառնում էր զրկվել Արմենիայի հետ առևտուր անելուց և ծովում անարգել ճամփորդելուց: Շուտով հայ թագավորների ջանքերով ծովահենությունը Միջերկրականում զրկվեց հովանավորությունից և գրեթե վերացավ: Ահա այսպիսին էր հայ մեծամեծերի բարքը, իսկ հայ անունը նույնացվում էր խիզախության և արդարամտության հետ:

Անցան տարիներ: Երբ արդեն անհնար էր պահել հայկական պետականությունը, հայ վերջին թագավորը լքեց իր երկիրն ու ուղևորվեց բարեկամ քաղաք` Վենետիկ: Եվ որպեսզի մեր փառքն ու պատիվը ծաղրուծանակի առարկա չդառնան անհավատ կեղեքիչների ձեռքին, իր հետ Վենետիկ բերեց նաև Հայաստանի խորհրդանիշները, որոնցից մեկն էլ թևավոր առյուծն էր: Այս ամենն ի պահ տրվեց Վենետիկին մինչև վիճակը հանգստանա և հնարավորություն ստեղծվի կրկին վերադառնալ «չքնաղ երկիր մեր Արմենիա»:

Հայոց թագավորին դիմավորելու համար Վենետիկի դուքսն իր շքախմբով անձամբ էր նավով դուրս եկել ծով: Մոտենալով Հայոց արքայի նավին, նա ի նշան բարեկամության ջուրը նետեց իր ոսկեկուռ մատանին: Իսկ Վենետիկի ազնվազարմ տիկնայք` Հայոց արքայի հանդեպ ամոթխածությունից ծածկել էին իրենց երեսները բազմազան դիմակներով:

Թևավոր առյուծը մնաց Վենետիկում: Դարեր անց Նապոլեոն կայսրը, Վենետիկը գրավելուց հետո զմայլվեց և Փարիզ ուղարկեց Արմենիայից բերված թևավոր առյուծը: (Սա ձեզ չի՞ հիշեցնում մեկ այլ պատմություն, երբ Պարսից շահը Հայաստանից տարավ Արշակունիների մասունքերը, որ դրանց հետ նաև հայոց փառքը տարածվի իր երկրի վրա): Ավելի ուշ թևավոր առյուծը վերադարձվեց Վենետիկ քաղաքին` ջարդուփշուր արված: Մեծ ջանքերի գնով միայն հաջողվեց այն փրկել կործանումից: Հայ արքան իր մահկանացուն կնքեց Փարիզում: Իսկ մեզ հասավ միայն Վենետիկի դիմակահանդեսը, որի իրական պատմությունն այսօր մոռացվել է: Թևավոր առյուծը դարձավ Վենետիկի խորհրդանիշը, մինչդեռ որևէ հիշատակում գրանիտե սյան վրա խոյացող թևավոր առյուծի ծագման մասին չի պահպանվել:

Լսում եմ ընդդիմախոսներիս վրդովմունքը` թե թևավոր առյուծը Սուրբ Մարկոսի նշանն է: «Ձայն բարբառո հանապատի…»: Իբր` ուրիշ ինչ ձայն կարող էր հնչել անապատում, եթե ոչ առյուծի ոռնոցը, իսկ Մարկոսի Ավետարանի առաջին պարբերության մեջ հենց այս նախադասությունն է:

Վայ աստվածաբանների այս ենթադրությունը թողնում եմ ընթերցողի դատին` միաժամանակ խնդրելով չմոռանալ Էրեբունի-Երևան քաղաքի թևավոր առյուծների պատկերները:

1512 թ. Վենետիկում հրատարակվեց Ուրբաթագիրքը` հայերեն առաջին տպագիր մատյանը:

Շարունակենք թափառել Վենտիկում: Սան Մարկոյից դեպի արևմուտք շարժվելով և որոշ փնտրտուքներից հետո կհասնեք Մուրատ-Ռափայէլեան վարժարանի շենքին: Վարժարանը հիմնադրվել է 1836 թ. Մխիթարյան միաբանության և հայ վաճառականների ջանքերով: Կրթական մակարդակն այնքան բարձր է եղել, որ շրջանանավարտներն առանց քննության կարող էին ընդունվել Եվրոպայի ցանկացած համալսարան: Այստեղ են ուսանել, մասնավորապես Դանիել Վարուժանը, Թովմաս Թերզյանը, Մ. Աճեմյանը, Վ. Սվաճյանը, Ա. Արապյանը. Վահրամ Փափազյանը, Հակոբ Փափազյանը, Էդգար Շահինը, Զարեհ Մութաֆյանը, Գուրգեն Ալեմշահը, Էդգար Մանասը, Սրապիոն Հեքիմյանը, անվանի հայագետներ Հյուբշմանը, Ֆետտերը, Նևը, Բրոսսեն, Դյուլորիեն, Յորգան, Ֆեյդին, և շատ ուրիշներ: Իսկ ուսուցիչների անուններն առանց ակնածանքի չես կարող արտասանել… Միայն Ղևոնդ Ալիշանի անունը թերևս բավական է…

1997 թ. նյութական դժվարությունների և աշակերտների թվի նվազման հետևանքով վարժարանը փակվել է: Այսօր հիմնական մեծ շքադարպասները փակ են: Եթե բախտը ձեզ ժպտա, ապա կողքի փոքրիկ դռնակով կարող եք մուտք գործել մտքի այս երբեմնի կաճառը: Եվ եթե բախտը ձեզ կրկին ժպտա և հանդիպեք հայ վերակացուին, ապա նա ձեզ կթույլատրի շրջել ու նայել երբեմնի վարժարանը: Տպավորությունն  ահավոր ծանր է: Պատերին մեր մեծերի նկարներն են` Մխիթար Սեբաստացի, Մովսես Խորենացի, Ղևոնդ Ալիշան, Դանիել Վարուժան… Եվ դատարկություն ու գերեզմանային սառնություն: Իր մեծարժեք քանդակներով և պատկերազարդ կտավներով, ինչպես նաև պատերի որմնանկարներով Մուրատ-Ռափայէլեան վարժարանը հանդիսանում է յուրահատուկ թանգարան:

Վարժարանը գրեթե ամբողջովին զարդարված է թանկարժեք աշխատություններով, որոնց մեծ մասը ճարտարապետական և գեղանկարչության արվեստի գլուխգործոցներ են: Սենյակներից մեկի վրա կարդում եմ` «Տարրալուծարան»: Հասկանում եմ, որ դա լաբորատորիան է: Անցնում եմ դատարկ միջանցքներով, դասարաններով, հանրակացարանային սենյակներով, երբեմն շքեղ այգով ու սպորտային հրապարակով (վարժարանը զբաղեցնում է Վենետիկի նախկին պալատներից մեկի տարածքը): Վերջում կրկին խոսում եմ վերակացուի հետ: Երբեմնի փառահեղ վարժարանն իր գոյության ծախսերը փորձում է փակել սենյակներն այլ համալսարանների ուսանողների վարձով տալով: Եկամտի այլ աղբյուր չկա:

Ծանր սրտով լքում եմ Մուրատ-Ռափայէլեան վարժարանը: Մտքիս է գալիս նաև վերջերս փակված Կիպրոսի Մելգոնյան վարժարանի նույնքան տխուր պատմությունը: Մեկնաբանությունները կրկին թողնում եմ ընթերցողին:

San Zaccaria (Սուրբ Զաքա՞ր) ջրային կայարանից կարող եք նավակով մեկնել Սուրբ Ղազար (San Lazzaro degli Armeni): Առաջներում հայերի մուտքը կղզի անվճար էր: Հիմա պետք կլինի վճարել: Այստեղ Բայրոնն է եղել ու հայերեն սովորել: Խորհրդանշական է բորոտների նախկին վտարավայր կղզու մակերեսը` 30.000 քառակուսի մետր: Այցելեք, հետաքրքիր է:

Վենետիկի Սուրբ Խաչ (Santa Croce degli Armeni) հայկական եկեղեցին փակ է: Կրկին, եթե  բախտը ձեզ ժպտա, կարող եք մտնել և զգալ անցյալի շունչը:

Այսքանը Ադրիատիկի Գոհարի` Վենետիկի մասին: Եվ երկու խոսք էլ Ֆլորենցիայի մասին: 250 թ. Հայաստանից եկած Մինաս անունով մի մարդ այս քաղաքում Հիսուսի ուսմունքն է սկսում քարոզել: Շուտով նրան ձերբակալում են և գլխատում: Ավանդությունն ասում է, որ Մինասը վերցնում է իր կտրված գլուխը, բարձրանում սարն ի վեր և այնտեղ կնքում իր մահկանացուն: Այդ տեղում հետագայում երախտաշատ  քրիստոնյաները կառուցում են Սուրբ Մինաս եկեղեցին (San Miniato al Monte): Խորանի տակ` նկուղում Մինասի մասունքներն են հանգչում, իսկ առաստաղին լատինատառ մի գրություն կա` San Miniatus Rex Ermenia:

Ի զարմանս ինձ` Ֆլորենցիայում ես վրացական գործող ուղղափառ եկեղեցի տեսա: Առանց մեկնաբանությունների:

Վերջում մի պատմություն Հռոմից: Երբ Ներոն կայսրը Տրդատ Ա-ին հրավիրում է Հռոմ` թագադրելու համար, ցանկանում է ամեն կերպ պատվել նրան և երեք հազար հեծյալից բաղկացած նրա շքախմբին: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չէր արժանացել Հռոմում: Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով (triumphus), որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ: Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց: Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»: Տոնահանդեսներից մեկի ժամանակ Ներոնը դուրս եկավ բեմ և երգեց: Հետո վերադարձավ օթյակ` Տրդատի մոտ ու հարցրեց վերջինիս կարծիքը: Տրդատն անկեղծորեն հանդիմանեց Ներոնին` հասարակ ժողովրդի առջև այդ կերպ նսեմանալու համար: Ասում են` Ներոնն ամոթից կախել էր աչքերը…

Հ.Գ.

Օդանավակայան մեկնելիս տաքսու իտալացի վարորդը հարցրեց, թե որտեղից եմ: Ասացի` Հայաստանից եմ (sono di Armenia). Դրան հետևեց վարորդի հիացական բացականչությունը.

-Romania! Adoro la Romania! (Ռումինիա՜: Պաշտու՜մ եմ Ռումինիան):

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ