Սյուզան Խարդալյան
Սյուզան Խարդալյան

 

Կինոռեժիսոր է:

Վավերագրող:

Լրագրող:

Քաղաքագետ:

 

Սովորել է

Բեյրութում,

Փարիզում:

 

Նախնական

կրթությամբ

լրագրող է:

 

Ստոկհոլմի

վավերա-

գրական

կինոյի

դպրոցի

սան է:

 

նաև

Թավթսի

համալ-

սարանի

միջազգային

իրավունքի և

դիվանա-

գիտության

Ֆլետչերի

դպրոցի

մագիստրոս է:

«Քաղաքականությունը պետք է թևեր տա հայկական կինոյին...». ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

 

 

Այս օրերին, երբ քննարկվում են կինոոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ, առավել, քան կարևոր է դառնում ոլորտում հայտնի անձանց գնահատականը:

արևորելով ասվածը, «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը Եվրոպական միության աջակցությամբ ««Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից մշակված «Կինոարվեստի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկեց Շվեդիայում բնակվող հայտնի կինոռեժիսոր, լրագրող, մեդիա մասնագետ, քաղաքագետ, Ստոկհոլմի վավերագրական կինոյի դպրոցի սան, Թավթսի համալսարանի միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի մագիստրոս ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆԻՆ՝  վերջինիս դիտարկումներին ծանոթանալու խնդրանքով:

Եվ ահա, Սյուզան Խարդալյանից ստացվեց մի հրապարակում, որը ոչ միայն անդրադառնում է վերընշյալ նախագծի առավելություններին ու թերություններին, այլև դիտարկումների խորության, մասնագիտական  մակարդակի ու փորձառության, ժամանակակից աշխարհի միտումներին տեղեկացվածության առումով հավակնում է  դառնալ ծրագրային հայեցակարգ:

Մեծապես շնորհակալ ենք Սյուզան Խարդալյանին այսպիսի սրտացավությամբ, պրոֆեսիոնալ մոտեցմամբ վերաբերվելու համար խնդրին և կարծում ենք, որ նրա դիտարկումները մեծապես օգտակար կլինեն:

 

Կինոն մեր ժամանակներում արվեստի ամենակարևոր արտահայտություններից մեկն է: Այն մարմնավորում, այնուհետև դիմացինին է փոխանցում մարդկային  կյանքի մասին բազմատեսակ պատմություններ և յուրահատուկ է իր հասանելիությամբ: Կինոն բոլորինն է, անկախ մարդու տարիքից կամ ծագումից: Այն հասանելի է հասարակության մեծ մասին: Ֆիլմերն ուրախացնում են մեզ, զվարճացնում, հուզում, ստեղծում մտերմություն, մերձեցնում և հատկապես՝ լուսավորում։

Կինոն ուրիշին հասկանալու անկրկնելի արվեստի գործիք է: Վերընշյալ այս հատկությունները որոշ մարդկանց համար կարող են հակառակ ազդեցություն ունենալ. ֆիլմը կարող է ընկալվել որպես խանգարիչ կամ նույնիսկ սադրիչ, սակայն ինձ համար ֆիլմն իր էությամբ դրական է, նույնիսկ, երբ այն պրովոկացիա է:

Բարդ և հրատապ թեմաներով ֆիլմերը կարող են ոգեշնչել բոլորիս, քաջալերել քննարկումներ և մղել վերանայելու հասարակության կողմից ընդունված, քարացած շատ բարոյական արժեքներ և կամ մտքեր: Կինոն մեզ է հրամցնում նոր հնարավորություններ, նոր պատկերացումներ մարդկային կյանքի, մտքի, տարբեր մշակույթների, տարբեր ժամանակների և հեռավոր կամ մոտիկ վայրերի մասին:

Կինոաշխարհի այս բազմազանությունը նպաստում է մեր աշխարհայացքի ընդլայնմանն ու զարգացմանը, և ահա սկսում ենք հասկանալ բաներ, որոնք մեր կողմից մինչ օրս օտար էին, ընդհուպ՝ անընդունելի։

Մասնավորապես համոզված եմ, որ կինոն տանում է ինքնաճանաչման և համըմբռնման առողջ մթնոլորտի: Այսպես՝ կինոաշխարհում են ստեղծվում պատմություններ, որոնք խոսում են մեզ հետ՝ անկախ անհատի սեռից, սեռական կողմնորոշումից, էթնիկ պատկանելութունից, կրոնից, տարիքից, անհատական կարողություններից կամ սոցիալ-տնտեսական պայմաններից: Շատերի համար՝ անհատ, թե հասարակություն, կինոն կարող է նույնիսկ ինքնության և լեզվի կրող լինել և նշանակալից՝ որպես օղակ անցյալ, ներկա և ապագա սերունդների միջև:

Եվ վերջապես, իմ համոզմամբ, ձայների և պատմությունների բազմազանությամբ՝ կինոն նպաստում է նաև խոսքի ազատության կայացմանը և որպես այդպիսին՝ հանդիսանում իսկական ժողովրդավարության կարևոր գործիքամաս:

Կինոն նվազեցնում է մարդկանց և ընկերային հասարակական տարբեր խմբերի միջև բևեռացումը և նպաստում է համախմբված հասարակության կուռ կայացմանը:

Հետևաբար՝ կինոարվեստին վերաբերող որևէ երկրի քաղաքականությունը պետք է մեկնակետ ունենա մտաշխարհի բազմազանության և հավասարության մշտական ​​որոնումները:

Ֆիլմի և կինոարվեստի մասին իմ այս սեփական գնահատականի առիթ է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության օրենքը կինոարվեստի մասին»  վերջերս ներկայացված նախագիծը։

Այս նախագիծը հետաքրքրական փորձ է՝ զարգացման նոր քաղաքականություն մշակելու, կինոարվեստի պայմանները բարելավելու, նոր որակ տալու կինոարվեստին, որն այսօր, դժբախտաբար, շփոթում են հեռուստատեսային ռեպորտաժի կամ հեռախոսով նկարահանված ինչ-որ անցուդարձի հետ:

Նախագծի նպատակը յուրօրինակ հայկական ֆիլմարվեստի զարգացումն ու այդ արվեստի հասանելիության ապահովումն է իր լսարանին:  

Այն առաջադրում է՝

Ա. Կինոարտադրության, զարգացման, գործարկման և ցուցադրման պայմանների բարելավում:

Բ. Կինոյի՝ ստեղծագործական տարբեր հանգրվաններով աշխատող անհատների, գործի պայմանների բարելավում Կինոարվեստի պետական աջակցության ձևերը ամրագրելու ճանապարհով։

Քաղաքական անցուդարձերի այս անորոշ օրերին նմանօրինակ քաղաքականություն կազմելու և գործադրելու նախաձեռնությունը ոչ միայն ողջունելի է, այլև հրամայական, որն ավելի շեշտված է, քան երբեք: Ինքնաճանաչման և համըմբռնման առողջ մթնոլորտի անհետաձգելի հրամայականից թելադրված մերձեցման այս հարթակը կրկնակի կարևորություն ունի։

Անցյալում կային ֆիլմարվեստի դիտման քիչ թվով պատուհաններ, որոնք սահմանափակ ժամանակահատվածի մեջ մեզ իրար էին մոտեցնում ֆիզիկապես ու հոգեպես. կինոթատրոնն այն տարածքն էր, որը մեզ հանում էր նույն նավի վրա, ապա նույն փոթորիկից դուրս էինք գալիս միասին։

Այսօր ֆիլմերը հասանելի են բոլորին, կան դիտման տարբեր պատուհաններ, հասանելի են ավելի մեծ թվով մարդկանց՝ օրվա բոլոր ժամերին: Թվային զարգացումը արմատապես հեղափոխել է ֆիլմի սպառման, նկարահանման, ինչպես նաև շարժուն պատկերներ ստեղծելու ձևերն ու հնարավորությունները:

Զարգացումն անշրջելի հետևանքներ է առաջացրել կինոյի հետ մեր հարաբերությունների առումով: Այսօր ֆիլմը, շարժական պատկերը, դարձել է մեր հասարակության լեզուն, մարդկանց միջև հաղորդակցության անքակտելի մաս։ Ինչը իր չափով որոշակիորեն փոխել է մեր մարդկային էությունը։

Ֆիլմարվեստի և շարժական պատկերի միջև տարբերություն դնող հայեցակարգի անցյալի բնորոշումը այլևս այնքան էլ ակնհայտ չէ: Ոչ էլ ճիշտ է: Շատ առումով, թվային տեխնոլոգիաների զարգացումը մեզ է ընծայում նոր հնարավորություններ, բայց նաև՝ զուգահեռ պարտադրում է նոր մարտահրավերներ:

Օրինակ՝ առաջացել են կինոարտադրության և ֆինանսավորման նորանոր դժվարություններ, հեղինակային իրավունքի խախտման, կինոգործերի ապօրինի բաշխման կտրուկ և անվերահսկելի աճ, բայց կա շատ ավելի կարևոր խնդիր՝ կինոյի, շարժական պատկերի իմաստի ու նշանակության վերանայման և դրա վերաբերյալ գիտելիքների ավելացման անհրաժեշտության առումով:

Երբ շարժական պատկերը մեր օրերում դարձել է հաղորդակցության հիմնական միջոց, մենք պետք է հասկանանք ոչ միայն դրա ազդեցությունն ու հետևանքները, այլև զարգացնենք դրա միջոցով ինքնարտահայտվելու ունակությունը և հասանելիության խնդրի լուծումը:

Այս բոլորը պահանջում են ֆիլմարվեստի նոր քաղաքականություն և նոր լուծումներ, նոր ձևակերպումներ:

Մի միջավայրում, ուր ամեն մարդ, ամեն տեղ, ամեն պահի կարող է ստեղծել իր շարժապատկերները, ֆիլմարվեստի առաջ ծագում են նոր հարցեր:

Այս իմաստով, «Կինոարվեստի մասին» օրենքի նոր նախագիծն ունի որոշակի թերացումներ, բացթողումներ։

Ինչպե՞ս կարելի է ձևավորել, մշակել և սահմանել ազգային ֆիլմարվեստի պետական ​​աջակցությունը:

Ինչպե՞ս կարելի է ազգային ֆիլմարվեստի քաղաքականության ճանապարհով բարձրացնել երեխաների և երիտասարդների գիտելիքները ֆիլմարվեստի մասին։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կինոարվեստի ամբողջական պետական աջակցություն:

Այնտեղ նշված է պետության պարտավորությունների մասին: Սա  նման է շատ երկրներում գործող պրակտիկային։ Ֆիլմը, վերջիվերջո, միայն  զվարճանքի համար չէ։ Այն կարող է դառնալ քաղաքական գործիք, այսպիսով չքացնելով ֆիլմարվեստն ու հասարակության ազատ մտածողությունը։

Այնպես որ, նախագծի առաջադրած պետության իրավասությունների սահմանափակումը, հատկապես ֆիլմի բովանդակության առումով ասելիք չունենալու մասով, խիստ կարևոր է։ Պետությունը պարտավոր է տեր մնալ ֆինանսավորման իր գործառույթին, սակայն չի կարող հովանավորել և որոշել, թե ով՝ ինչի մասին, երբ և կամ ինչու ֆիլմ պետք է նկարահանի։

«Կինոարվեստի Հայկական Ինստիտուտ»-ի ստեղծումը նաև մեծապես գնահատելի քայլ է, եթե չասենք պարտադիր։

Փաստորեն, սա այն հաստատությունն է, որ պիտի իրականացնի նոր քաղաքականությունը։ Այնտեղ ներգրավված պիտի լինեն կինոյի և կինոարդյունաբերության մասին մեծ գիտելիքների տեր մարդիկ, որոնք պիտի ապահովեն Կինոյի ինստիտուտի թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Ի շարս այլ բաների՝ «Կինոարվեստի Հայկական Ինստիտուտ»-ը, պիտի ձեռնարկի կինոքաղաքականությանն աջակցելու նախագծի պատրաստումը:

Հայկական կինոյի Տեսլական


Ո՞րն է Ֆիլմարվեստի քաղաքականության տեսլականը։

Հայկական կինոն պետք է լինի որակյալ, պատմությունների լայն ներկապանակով, ինչպես մեր հասարակության հայելի, պատմի բոլորի մասին և ներգրավի բոլորին: Հայկական կինոնկարը պետք է լինի ակնհայտ մատչելի ամբողջ երկրի տարածքին ու նաև՝ միջազգայնորեն գրավիչ:

Նոր նախագծի փաթեթը հիմնականում համահունչ է իմ մտքերին, բայց կարծեմ թե այնտեղ պակասում է հայկական / ազգային ֆիլմարվեստի քաղաքականության տեսլականի շեշտադրումը:

Որակը, նորացումը և հասանելիությունը պետք է լինեն կինոյի քաղաքականության ընդհանուր ուշադրության կիզակետում։

Անկասկած։ Ես կուզեի տեսնել հստակ, համապարփակ տեսլական կինոարվեստի քաղաքականության մասին:

Հայաստանն ունի երկար տարիների ավանդույթ, որպես կինոարվեստի երկիր: Բայց հայկական կինոն Հայաստանցի հանդիսատեսի կողմից պահանջարկ չունի և չի գնահատվում, իսկ միջազգային հարթակներում քիչ է արժանանում ուշադրության ու գնահատանքի:

Կինոարվեստի քաղաքականությունը պետք է թևեր տա հայկական կինոյին՝ զարգացման նորացման պայմանների ապահովմամբ: Կինոն մեկ շարունակական գործընթացի առանցքային մասն է, որ ձևավորում է մեր և Հայաստանի պատկերն ու պատմությունը: Մեզ համար և ուրիշի համար։

Միևնույն ժամանակ, հայկական կինոն, պետք է ասել նաև ոչ հայկականը, կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Ուստի, հայկական կինոարվեստի համար հավակնոտ և երկարաժամկետ տեսլական ձևավորելու համար կան լուրջ պահանջներ։

Ես հավատում եմ, որ տեսլականն է, որը պետք է առաջնորդի մեզ, երբ փորձում ենք կինոարվեստի քաղաքականության նպատակներն ու ձգտումները վերածել կոնկրետ միջոցների և գործողությունների:

Ֆիլմարվեստի  քաղաքականությունը, հետևաբար, պետք է իրականացվի այն տեսլականի հիման վրա, որ հայկական կինոն պիտի ունենա բարձր որակ և պատմությունների այնպիսի լայնություն ու բազմազանություն, որ արտացոլի մեր  բոլորի կյանքը: Այս տեսլականը նաև նպաստում է նեղ ու որակյալ կինոնկարների և ավելի լայն առևտրի առումով կենսունակ կինոնկարների միջև ընդմիշտ առկա բևեռացման վերացման կամ՝ գոնե նվազեցման։

Ազգային կինոքաղաքականության նպատակները

Ազգային կինոյի քաղաքականության նպատակները և հետևաբար պետության ջանքերը պետք է ուղղված լինեն դեպի հետևյալը.

Ա. որակյալ կինոյի անխափան և մնայուն զարգացումը և արտադրությունը երկրի ամբողջ տարածքում

Հայկական որակյալ կինոնկարը պետք է ներառի և ֆիլմեր, որոնք ունեն լայն թիրախային լսարան, և նեղ լսարանի համար ֆիլմեր, որոնք հանդիսատեսին մարտահրավեր են նետում տարբեր ձևերով, և լիամետրաժ ֆիլմեր, և մանկապատանեկան, և վավերագրական ֆիլմեր, կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև անիմացիա: Երեխաների և երիտասարդների համար նախատեսված կինոն ևս պետք է լինի առաջնահերթություն։

Կինոնկարի քաղաքականությունը պետք է նպաստի հայկական ֆիլմի նորացմանը: Սա վերաբերում է ինքնին արհեստին, ֆիլմի գեղարվեստական ​​արժեքին կամ հետաքրքրության աստիճանին: Ուժեղ և դինամիկ կինոարտադրությունը, որ բնութագրված է գեղարվեստական ​​ազատությամբ, կարևոր նշանակություն ունի ֆիլմի հաջող արտադրության համար: Ֆիլմերի արտադրության մասնագիտական ոլորտին պետք է տալ գործելու և զարգանալու լավ պայմաններ: Հետևաբար, ազգային պետական աջակցությունը պետք է լինի թափանցիկ, և հետամուտ լինի ոլորտի շարունակականությանն ու երկարաժամկետությանը:

Մասնագիտական ​​կինոարտադրությունը կարելի է փոխադրել երկրի տարբեր մասեր:

Բ. որակյալ ֆիլմերի բաշխում և ցուցադրում, ներկայացման կամ դիտման տարբեր ու նոր ձևերով, ամբողջ Հայաստանի տարածքում

«Կինոնկար ամբողջ Հայաստանում» հասկացությունը առանցքային է կինոքաղաքականության համար: Հայկական և օտար ֆիլմերի ընտրությունը պետք է հասանելի դարձնել հնարավոր լայն լսարանի համար:

Նոր թվային տեխնոլոգիայի մշակումը և broadband ցանցի առկայությունը կարող են նպաստել դիտման նոր ծառայությունների ստեղծմանը: ֆիլմարվեստի քաղաքականությունը պետք է նպաստի այդպիսի ծառայությունների զարգացմանը և պայքարի ֆիլմի ապօրինի շահագործման դեմ: Կինոթատրոնները յուրահատուկ դիրք ունեն՝ որպես ֆիլմ դիտելու հանգույց: ֆիլմարվեստի քաղաքականությունը պետք է օժանդակի կինոթատրոնների առկայությանը: Ֆիլմի քաղաքականությունը պետք է նպաստի շահույթ չհետապնդող կազմակերպությունների ամրապնդմանը, որոնք զգալի աշխատանք կարող են տանել ֆիլմերի տարածման համար:

Ակնհայտ է, որ այն ֆիլմերը, որոնք ստացել են պետական ​​աջակցություն, պետք է հասանելի լինեն ամբողջ հանրությանը:

Գ. Ֆիլմի ժառանգության պահպանում, օգտագործում և զարգացում

Ֆիլմերի ժառանգությունը հայկական մշակութային ժառանգության կարևոր մի  մասն է։ Մշակութային քաղաքականության հիմնական խնդիրներից է ֆիլմային  ժառանգության պահպանումը։ Կարևոր է ոչ միայն պահպանել այն, այլև օգտագործել մշակութային պատմական հետաքրքրություն ներկայացնող ֆիլմերն ու նյութերը, հասանելի դարձնել և հետազոտությունների և լայն հասարակության համար: ֆիլմի քաղաքականությունը նպաստում է կինոյի ժառանգության թվայնացմանը, պահպանմանը, ինչպես նաև տարածմանը, մեր ժառանգությունը հասանելի դարձնելով ողջ աշխարհին։

Երեխաներին և երիտասարդներին ուղղված ֆիլմերը պետք է առաջնահերթություն ստանան:

Դ. հայկական ֆիլմի տարածում, նաև միջազգային փոխանակում, համագործակցություն կինոոլորտում

Կինոքաղաքականությունը պիտի նպաստի, որ մեր կինոնկարը հասնի աշխարհին։ Միջազգային փոխանակումներն ու համագործակցությունը մեծ նշանակություն ունեն ֆիլմի արտադրության և տարածման, ֆիլմի հասանելիության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման համար: Քանի որ կինոն հասնում է մեծ լսարանի, այն նշանակալի է հայկական  իմիջի տարածման համար: Միևնույն ժամանակ, այլ երկրների կինոնկարները մեր ֆիլմարվեստին և հանդիսատեսին տալիս են նոր գիտելիքներ, նոր հեռանկարներ և ոգեշնչումի աղբյուր են:

Ե. երեխաների և երիտասարդների մոտ կինոյի և շարժական պատկերի (moving images) մասին գիտելիքների խթանում և սեփական ստեղծագործման հնարավորությունների ապահովում:

Ամբողջ երկրի տարածքում երեխաներն ու երիտասարդները, անկախ իրենց կարողություններից, պետք է ունենան լայն հնարավորություններ և ֆիլմ դիտելու և կինոարվեստի վերաբերյալ գիտելիք ձեռք բերելու համար:

Կինոքաղաքականությունը պետք է նպաստի երեխաների և երիտասարդների սեփական ստեղծագործական ձիրքերի խթանմանը: Ֆիլմերը և շարժական պատկերները հետզհետե ավելի կարևոր նշանակություն են ստանում նոր սերնդի  կյանքում: Դրանք ավելի ու ավելի շատ գործառույթներ են կատարում մեր հասարակական հարաբերությունների մեջ, նպաստում ինքնության կայացմանը և արտացոլմանը, օգնում, որ արտաքին աշխարհը հասկանա երիտասարդի սեփական տեսակետներն ու զգացողությունները:

ֆիլմարվեստը հասկանալը և մեկնաբանելը պետք է դնել տեղեկատվական գրագիտության շարքում։ Կարելի է նույնիսկ պարտադիր դարձնել այն ավագ կամ հիմնական դպրոցի ուսումնական ծրագրով։

Ֆիլմարվեստի քաղաքականությունը պետք է օգնի, որ ուսուցիչները ևս, հանրապետության ամբողջ տարածքում ունենան կինոյի մասին ինքնազարգացման հնարավորություն և համապատասխան կրթական գործիքներ:

Զ. Հավասարությունն ու բազմազանությունը բնութագրում են հայ ֆիլմարվեստի բնագավառը

ֆիլմարվետի քաղաքականությունը պետք է նպաստի սրա իրագործմանը:

Կինոքաղաքականությունը պետք է նպաստի ուժեղ ֆիլմերի արտադրության, ուր տեղ կգտնեն բազմատեսակ արտահայտություններ և պատմություններ: Նաև ամբողջ աշխարհից ֆիլմերի լայն տեսականի պետք է բերել Հայաստան: Սեռական հավասարությունը պետք է երևա արտադրության բոլոր մասերից ներս: Դրա իրագործումը պահանջում է ակտիվ և կայուն աշխատանք: Ազգային ֆիլմարվեստի աջակցությունը հավասարաչափ պետք է բաժանել կանանց և տղամարդկանց միջև: Սա կնպաստի կինոնախագծի որակի և արդիականության ամրապնդմանը:

Բոլորը հնարավորություն պիտի ունենան արտահայտվելու ինչպես տեսախցիկի առջև, այնպես էլ դրա ետևում:

Է. Ֆիլմարվեստը նպաստում է խոսքի ազատության և հանրային երկխոսության ամրապնդմանը

Կինոյի դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության մեջ պետք է հստակեցնել առանձին նպատակակետով:

Կինոն կարող է նպաստել բանավեճին և նորարարությանը, հարցերի խորացմանն ու քննարկմանը: Իր խոսունությամբ և ազդեցությամբ այն կարող է զարգացնել և ամրապնդել հասարակական երկխոսությունը և, այդպիսով՝ խոսքի ազատությունը:

Կինոքաղաքականությունը պետք է ձգտի ապահովել կինոհանդիպումների, բանակցությունների  հրապարակայնացման պայմանները: Այստեղ նույնպես կարևոր դեր են խաղում հասարակական կրթական կազմակերպություններն ու միությունները:

Որակի սահմանման առումով, կարելի է ստեղծել ազդեցության գոտի։

ի՞նչ է որակյալ կինոն

Կան գնահատականի հետևյալ չափանիշները՝

Ա.ֆիլմի բովանդակությունն ու կշիռը,

Բ. արհեստագործության (պրոֆեսիոնալիզմի) մակարդակը և ինքնատիպությունը:

Այս չափանիշները ամուր արմատավորված են կինոգործիչների և կինոարդյունաբերության մեջ: Որակը կարող է լինել բազմատեսակ ֆիլմերում և կարելի է գտնել ֆիլմի ստեղծման յուրաքանչյուր հանգրվանի ու բաժնի մեջ:

Որակյալ կինոյի գնահատումը պետք է անել՝ հիմնվելով յուրաքանչյուր առանձին կինոնախագծի հավակնությունների և պայմանների վրա: Ո՞րն է որակյալ ֆիլմը՝ պետք է որոշել բազում տարբեր ասպեկտների համադրությամբ և միայն այդ ճանապարհով գնահատման հանգել: Որակյալ ֆիլմ կարելի է գտնել բոլոր ժանրերի մեջ: Կինոքաղաքականությունը պիտի օգնի չեզոքացնել բևեռացումը, նեղ ֆիլմի և ավելի լայն առևտրի համար մատչելի ֆիլմի միջև.

Հետևաբար, պետության կողմից Կինոյի ինստիտուտի վերահսկողության մանրամասն կարգավորումը պետք է լինի նվազագույն, կամ՝ զրո։

 

Սյուզան Խարդալյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ