Ռաֆայել Հովհաննիսյան
Ռաֆայել Հովհաննիսյան

 

Մարկ Մըրֆին,

որն իմ

ամենասիրելի

ջազ երգիչն է,

ասում էր,

որ ջազ

երգիչը նա է,

որը ջազ է

երգում

(ինչքան

պարզ է, չէ՞):

 

Նրանից շատ

առաջ ջազի

լեգենդ Լուի

Արմսթրոնգն

էլ ասում էր,

որ «Եթե

հարցնում

ես, թե ինչ է

ջազը, ուրեմն

երբեք էլ

չես իմանա»:

 

Այս ամենից

հետո ինձ

մնում է ասել,

որ ես ջազ

երգիչ եմ

և ուզում

եմ, որ

չմեռնենք չծաղկած:

Քոուինգսից մինչև ԵՐԵՎԱՆՅԱՆ ՋԱԶ

 

Ջազի վարպետ Մարիոն Քոուինգսի (Marion Cowings)  հետ զրույցների ժամանակ, երբ քննարկում էինք, թե ջազ երգիչը ինչպես պետք է կարողանա բոլորից տարբերվելով գտնել միայն իրեն հատուկ կատարողականությունն ու բնական ձայնը, Նյու-Յորքյան ու ընդհանրապես Ամերկյան վոկալ ջազի ամենակարևոր դեմքերից մեկը մի շատ լավ բանաձևի մասին պատմեց, որն ինքը չէ առաջ քաշել, այլ լեգենդար ջազային շեփորահար և կոմպոզիտոր Քլարկ Թերրին (Clark Terry):

Ուրեմն այսպես, ըստ այդ մոտեցման յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ջազ երգիչ, ով, ի դեպ, ևս երաժիշտ է, անցնում է հետևյալ երեք փուլերի միջով՝

1. (imitation) իմիտացիա կամ նմանակում

2. (assimilation) ասիմիլյացիա կամ յուրացում

3. (innovation) ինովացիա կամ նորարաություն

Առաջին փուլն այն ընթացքն է, որը գրեթե բոլոր երաժիշտներն են անցնում: Սա մի ժամանակաշրջան է, երբ տարվում ես այս կամ այն հայտնի դեմքով, որը ոգեշնչում է քեզ ու գտնվում ես նրա երաժշտության ազդեցության տակ, ձգտում ես քո կատարողականությամբ ամեն կերպ նմանվել նրան, երբեմն փորձում ես ուղղակի նմանակել, գուցե առանց անգամ նկատելու և մտածելու դրա մասին, որովհետև ջանում ես հնարավորինս քեզ մոտեցնել այն կերպարին, որով հիանում ես:

Սա միանգամայն բնական ընթացք է, իհարկե, այն դեպքում, երբ կարողանում ես հաղթահարել այդ ազդեցությունը, դուրս գալ այդ փուլից և անցնել հաջորդին:

Երկրորդ փուլի՝ ասիմիլյացիայի ժամանակ, փորձում ես ընդունելով, յուրացնելով հանդերձ այն ամենը, ինչը ոգեշնչել է քեզ, միախառնել քո ներսում եղած ստեղծագործական անհատականության հետ և այդ ամենը միաձուլել իրար:

Երրորդ փուլի ժամանակ արդեն առաջ է գալիս նորարարության հերթը, երբ այդ երկու շրջաններն անցնելուց հետո, կարողանում ես երաժշտության մեջ ստեղծել միայն քեզ հատուկ կատարողական դիմագիծը, ցույց տալ այն, ինչը մինչ այդ ոչ ոք չի ներկայացրել քեզանից առաջ:

Սա, իհարկե, հեշտ չի տրվում, ինչի համար մեծ ջանքեր ու նվիրում է պահանջվում, բայց ցանկացած պրոֆեսիոնալ երաժիշտ պետք է ամեն կերպ միշտ ձգտի և արդյունքում կարողանա այն իրականություն դարձնել:

Բնավ պարտադիր չէ, որ երգիչը անպայմանորեն ոգեշնչված լինի մեկ այլ երգչով: Շատ դեպքերում ջազային երգչի կատարողականության մեջ մեծ դեր են ունենում հենց ինստրումենտալիստները: Անգամ համաշխարհային ճանաչում ունեցող անունները, որոնք բոլորին են հայտնի, ջազային երաժշտության մեջ անցնում են վերոնշյալ փուլերով, նրանք իրենց ճանապարհի սկզբում միշտ ունենում են մեկը կամ մի քանիսը, որոնցով ոգեշնչվում են և սկզբում փորձում են նմանվել ինչ-որ կերպ՝ ինչպես ձայնով, այնպես էլ բեմական շարժուձևով ու արտահայտչականությամբ:

Քանի որ հիմնական նյութը վերաբերում է երգիչներին, օրինակների մեջ էլ անդրադարձը երգիչների մասին կկատարեմ:

Ասենք՝ ջազային լեգենդար երգչուհի Բիլլի Հոլիդեյը (Billie Holiday) ոգեշնչված էր՝ Բեսսի Սմիթով (Bessie Smith) և Լուի Արմսթրոնգով (Louis Armstrong), իսկ ինքը հետագայում արդեն ոգեշնչման աղբյուր է եղել ինչպես Էլլա Ֆիցջերալդի (Ella Fitzgerald), (ում վրա մեծ ազդեցություն է թողել նաև լեգենդար Չարլի Պարկերը (Charlie Parker), Քարմեն Մըքրեայի (Carmen McRae) ու մինչև այսօր նոր սերնդի ջազ երգիչ-երգչուհիներից  շատերի համար:

Երիտասարդ Սինատրան նույնպես ոգեշնչված էր Բիլլի Հոլիդեյով, ինչպես նաև Բինգ Քրոսբիով (Bing Crosby) և տրոմբոնիստ Թոմի Դորսեյով (Tommy Dorsey): Նեթ Քինգ Քոուլն (Nat King Cole) էլ որպես դաշնակահար և երգիչ, իր վրա կրում էր Արմսթրոնգի, Էըրլ Հայնսի (Earl Hines) ու Ջիմմի Նունի (Jimmie Noone) ազդեցությունը:

Այսպես մինչև մեր օրերը, երբ հետագայում արդեն ջազային սերունդներից շատ շատերը ոգեշնչվում էին արդեն Էլլայով, Սինատրայով, Սարա Վոhանով (Sarah Vaughan), Քարմեն Մաքրեայով, Բեթթի Քարթերով (Betty Carter), Շըրլի Հորնով (Shirley Horn) և այլ ջազային կատարողներով:

Վոկալ ջազի ամենայուրահատուկ ու անգերազանցելի դեմքերից մեկի՝ Մարկ Մըրֆիի (Mark Murphy) վրա ժամանակին բավականին ազդեցություն էր թողել լեգենդար Ջոնի Հարթմանը (Johnny Hartman), իսկ Մըրֆին իր հերթին արդեն ոգեշնչման աղբյուր է եղել նոր սերնդի ջազային ամենահայտնի երգիչներից ինչպես Քըրտ Էլլինգի (Kurt Elling), ալյև շատերի համար:

Նույն Մարիոն Քոուինգսի համար այդպիսի ազդեցություն է ունեցել լեգենդար Ջոն Հենդրիքսը (Jon Hendricks):

Վերոնշյալ հայտնի այս անունները իրենց տեսակով ու կատարողական անհատականությամբ այնքան բազմազան են, որ մեկը մյուսի հետ երբեք հնարավոր չէ շփոթել: Նրանցից ամեն մեկը մինչև այսօր ոգեշնչման աղբյուր է ջազային սերունդների համար:

Կարևոր է սակայն անցնել ազդեցության այդ փուլի միջով և ոչ թե մի հարմար ու ապահով «անկյուն» գտնել ու հանգիստ դադար առնել այնտեղ, ինչպես շատ կատարողներ հիմա վարվում են:

Այս ամենի զուգահեռները տեսնելով այսօրվա մեր երաժշտական իրականության մեջ՝ այնքան պարզորեն ու բացահայտ ձևով նկատելի է այն, ինչը տեղի է ունենում Երևանյան բեմահարթակներում ու ակումբներում (ի դեպ, զուտ ջազային ակումբ հասկացողությունը միանգամայն բացակայում է մեր քաղաքում, ինչի պատճառները հանդիսատեսի պահանջարկով են բացատրում) այստեղ կենդանի նվագակցությամբ պարբերաբար հանդես են գալիս երգիչ-երգչուհիներ, որոնք իրենց շատ հաճախ կոչում են ջազային կատարողներ, բայց որոնց կատարումները բանիմաց երաժշտասերի ականջի համար միանգամայն պարզ են դարձնում համաշխարհային հայտնի երգիչ-երգչուհիներին բացահայտ նմանակելու երևույթը:

Արետտա Ֆրենկլինին (Aretta Franklin), Էտտա Ջեյմսին (Etta James), Էմի Ուայնհաուսին (Amy Winehouse) իրենց կատարողական մաներայով նմանակելու փորձերը վերջին շրջանում մեր երգչուհիների մոտ չափազանց շատ է նկատվում, ինչն արդեն բավականին տևական ժամանակ է իր տեղը չի զիջում, փոխարենն ավելանում են նոր երգչուհիներ միևնույն հնչերանգային ակցենտավորումներով ու երբեմն անգամ հնարավոր չի լինում նրանց տարբերակել միմյանցից:

Իսկ երգիչները հիմնականում փորձում են իրենց կատարողականությամբ նմանվել՝ Մայքլ Բուբլեին, (Michael Buble), Սթիվիին (Stevie Wonder), Ռեյ Չարլզին (Ray Charles) կամ Սթինգին (Sting):

Անգամ շատ հաճախ գործիքավորումներն են մեկին մեկ նույնը ներկայացնում ինչը որ օրիգինալ կատարման ժամանակ է եղել, նպատակը երևի այն է, որ հնչողությունը հանդիսատեսի ականջի համար ավելի ծանոթ ու ընկալելի լինի:

Արդյունքում ցավալի է տեսնել, որ ոչ մի կերպ չի երևում առանձին կատարողների ստեղծագործական «ես»-ն ու անհատականությունը, որը ցավալիորեն թաքնվում է այս նմանակումների հետևում ու անիմաստ կերպով պահ տրվում, իսկ կատարումները մեկը մյուսին նման վոկալային մեկնաբանություններով ոչ օրգանիկ ու անբնական հնչողություն են ստանում:

Այս ամենի մեջ գուցե նաև հանդիստեսի մի ստվար զանգածի մոտ տարածված այն մոտեցումն էլ իր մեղավորությունն ունի (չէ՞ որ մեզ մոտ արվեստի բոլոր բնագավառներում հանդիսատեսին բավարարելու միտումը շատ ակնառու է), երբ գնում են համերգասրահ կամ ինչ-որ ակումբ կենդանի երաժշտություն լսելու, մտածում են, որ եթե այս կամ այն երգիչը երգում է մի ինչ-որ շատ հայտնի աստղի նման, առավել ևս երբ հենց այդ երգչի կամ երգչուհու երգացանկից ինչ-որ գործ է կատարում, ուրեմն արդեն անառարկելիորեն լավ երգիչ է, եթե ոչ՝ այսինքն երբ բացահայտելու ու ականջի համար մի քիչ անսովոր նյութ կա, այդ ամենը դառնում է արդեն ավելի անհետաքրքիր ու ձանձրալի:

Մեր իրականության մեջ, երբ երգչին իբրև գովեստի խոսք ասում են, որ նա այնքան նման է երգում այս կամ այն հայտնի երգչին, որ անգամ տարբերակել չի լինում, հաճախ կարելի է տեսնել, թե կատարողն ինչպես է շոյվում այս խոսքերից, մինչդեռ պրոֆեսիոնալ առումով սա մեծ վիրավորանք է ջազ երգչի և, կարծում եմ, ընդհանրապես ցանկացած ժանրում երգող երգչի համար:

Արվեստը միայն ժամանացային ու հեշտ ընկալելի գործոն դիտարկելու տարածված մոտեցումը շատ վտանգավոր երևույթ է, ինչի արդյունքները հիմա մեր մշակութային իրականության մեջ այնքան բացահայտ են ընդգծված:

ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման մոտեցումը պրոֆեսիոնալ առումով ոչ մի կերպ ընդունելի չի կարող լինել, որովհետև նմանակելը միանգամայն ծիծաղելի ու միայն իբրև հումորային կատարում կարող է ընկալվել, իսկ մեզ մոտ, շատ ցավալի կերպով, շարունակում են կատարողական կրկնօրինակությամբ զբաղվել պրոֆեսիոնալ բեմի վրա՝ արժանանալով այդ ամենին արդեն ընտելացած հանդիսատեսի բարձր ծափերին և շատ հաճախ դա անում այնպես, ասես իրենք են «բնօրինակը»:

Ավելորդ է անգամ խոսել ջազային երգացանկի մասին, ինչը կազմվում է հիմնականում ամենահայտնի ստանդարտներից, որոնք միջազգային մակարդակում արդեն իսկ այնքան էլ լուրջ չեն ընկալվում, իսկ մեզ մոտ այդ գործերից հեռուն այդպես էլ չեն գնում, որովհետև ուզում են երգել միայն այն երգերը, որոնք գիտեն բոլորը: Պարզապես պետք է փնտրել ու տեսնել, որ «Summertime», «Georgia On My Mind», «Sway», «What A Wonderful World»-ից բացի հարյուրավոր այլ հրաշալի ջազային ստնադարտներ կան:

Այս ամենին Օսկար Ուայլդը լավ ամփոփում կտար, ասելով՝ եղիր այն ինչ կաս, որովհետև մնացյալն արդեն վերցված է ուրիշների կողմից:

Երկրորդ փուլին՝ ասիմիլյացիային անցնելն էլ չափազաց կարևոր է, որովհետև դրա արդյունքում դու սկսում ես արտաքին ոգեշնչմանը զուգահեռ փնտրել ինքդ քեզ, մեկ քայլ առաջ անել, դեպի ներս նայել, այդ ամենին ավելացնել այն, ինչը կա քո ներսում և աշխատել վարպետությունդ վրա:

Սա ինքնաճանաչման ու սեփական ստեղծագործական անհատականությունդ ընդունելու կենսական փուլ է:

Իսկ երրորդ փուլի ժամանակ արդեն սկսում ես կարևորություն տալ քո ստեղծագործական ներուժին: Մարկ Մըրֆին (Mark Murphy) ասում էր, որ ջազ երգիչը, որ ամեն ելույթի ժամանակ ստեղծագործում է, հայտանաբերում մի բան, որը մինչ այդ չկար այնտեղ, ու դրա համար համարձակություն է պետք, դա հեշտ ճանապարհ չէ, բայցև շատ հետաքրքիր ճանապարհ է, ջազը քեզ մղում է քո կյանքն իմպրովիզ անելու (հայերենում, պարզվում է, այս բառը հանկարծաստեղծել է նշանակում, կարծես վատ չի հնչում), վոկալ ջազի մեջ ամենակարևորը նորարարությունն է, երբ ամեն ելույթի ժամանակ դու վերաստեղծում ես ինքդ քեզ, մի կողմ ես նետում այն ինչ պետք չէ այլևս, և թողնում այն, ինչն իրական է ու անհրաժեշտ:

Ըստ Հերբի Հենքոքի (Herbie Hancock) ջազը արվեստ է պահի մեջ լինելու մասին:

Ջազ երգչի ամենակարևոր հատկանիշներից մեկն այն է, որ միևնույն գործը, եթե անգամ շատ ցանկանա, նույն կերպ ու միևնույն զգացողությամբ չես կարող կատարել, որովհետև ամեն անգամ ապրումները նույնը չեն կարող լինել, տրամադրությունները տարբեր են ու միջավայրն է տարբեր:

Հերակլիտեսի հայտնի միտքը, որ նույն գետը երկու անգամ չես մտնի, շատ տեղին է այս դեպքում մեջբերելը, թեպետ մեկ այլ հայտնի մտածող, ավելի հեռուն էր գնացել, ասելով որ նույն գետն անգամ մեկ անգամ մտնել չես կարող, որովհետև մինչ դու պատրաստվում ես մտնել այնտեղ, ջուրը հոսում է և երբ արդեն գալիս է մտնելուդ պահը, դա արդեն այն նույն գետը չէ, որը հոսում էր մի քանի վայրկյան առաջ, ջուրն ուրիշ է: Կյանքն էլ մշտական շարժման մեջ է ու, այո, ամեն ինչ փոփոխական է:

Մարկ Մըրֆին (Mark Murphy) խոսում էր երգիչների մասին առանց անուններ նշելու, որոնց մոտ, ամեն անգամ նույն երգը կատարելուց արցունքի կաթիլն ընկնում է միևնույն բառը երգելու ժամանակ:

Միչդեռ հենց Մըրֆիի կատարումներին ծանոթ ջազի սիրահարները կհաստատեն, որ երբ ինքն էր կատարում թեկուզ փոփ երգ, կամ ասենք՝ Բիթլզից ինչ-որ գործ, կամ ջազային որևէ ստեղծագործություն, երբ մեղեդին ու խոսքերը միշտ նույնն են, բայց ամեն անգամ նույն գործը երգելիս նա երբեք չէր երգում միևնույն կերպ, նույն՝ նախապես պատրաստած սոլոն չէր կատարում, այլ երգում էր մի նոր շնչով, բացառիկ զգացողությամբ ու կատարողական բարձր վարպետությամբ:

Դիտարկումներիս նպատակը մեկն է՝ ջազային երգչի անունից վեր հանել այն խնդիրները, որոնք կան մեր երկրում ընդհանուր երաժշտական իրականության և հատկապես ջազային երաժշտության ոլորտում, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է մշակութային մի առանձնահատուկ բնագավառում և այդ կերպ փորձել բացահայտել խնդիրների պատճառներն ու ուղիներ գտնել միանգամայն ոչ պրոֆեսիոնալ սկզբունքներով արմատներ գցած երաժշտական իրավիճակը ձևափոխելու, հաղթահարելու ու ասպարեզն ինչ-որ կերպ առողջացնելու համար:

Ռաֆայել Հովհաննիսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ