ՍԱՐԴԱՐԱՊԱՏ (ֆանտասմագորիկ պատմվածք). ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
2057 թվական: Մայիս: Կիրակի: Ամերիկյան գերզարգացած խոշոր մի քաղաքի հայկական փոքրիկ վարժարաններից մեկում սկսում է Հայ ժողովրդի պատմության կիրակնօրյա դասը: Աշակերտները՝ տասներկու տարեկանին մոտ, գույնզգույն տատուներով, անհասկանալի կտրվածքի ու գույնի մազերով, քթածակերին ու ականջաբլթակներին փայլփլուն քարեր, աղմուկով գրավում են դասասենյակը: Նրանց անգլերեն շաղակրատանքը մասամբ ընդհատվում է ուսուցչի ներս մտնելով:
- Բարև, - ողջունում է ուսուցիչը:
- Բարև, պարոն, -այս ու այն կողմից պատասխանում են աշակերտները՝ ոմանք հանելով ականջակալները, ոմանք մնալով իրենց հեռախոսների, ժամացույցների ու գրիչների էկրաններին գամված:
- Խնդրեմ ամենըդ ոտքի ելնաք «Հայր մերին» համար:
Աշակերտները ոտքի են ելնում, ու անտարբեր հայացքները հառելով ուսուցչին սկսում են հեգել.
- Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…
«Հայր մեր»-ից հետո բոլորը կրկին նստում են, և ուսուցիչը սկսում է դասը.
- Կեցցե՛ք: Նախ` մեկ լավ լուր ունիմ հայտնելու: Քանի որ մեր վարժարանին աշակերտներու մեծ մասը հայաստանցիներ են, դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրած է, որ այսուհետ դասերը պետք է անցնին արեվելահայերեն:
- Wow! Cool! Great! - ձայնում են աշակերտները:
- Օքեյ, գայս, այժմ անցնինք մեր բուն դասին: Այսօր պիտի ուսումնասիրենք հայ ժողովուրդի մայիսյան հերոսամարտերը և Սարդարապատին ճակատամարտը: Վստահ եմ, որ առիթ ունեցած եք լսելու հայ ժողովուրդի և բանակի այս մեծ հերոսություններու մասին: Ո՞վ մեզի կասե` ե՞րբ տեղի ունեցած է Սարդարապատին հերոսական ճակատամարտը:
- 1918 թ. մայիսին, պարոն, - տեղից ասում է մի տղա:
- Կեցցե՛ս, - ուրախանում է ուսուցիրը: - Մեզի համար շատ կարևոր է, որ լավ գիտնանք մեր պատմությունը: Այդ դաժան օրերուն ողջ հայ ժողովուրդը կարողացավ համախմբիլ իր ուժերը և արժանի հարված մը տալ թուրք հրոսակներուն, որ ցանկանում էին երկրորդ ցեղասպանությունը գործել և իսպառ վերացնել Հայաստանն ու ողջ մնացած հայությունը: Իսկ ո՞վ կարող է ասել, ի՞նչ պատմական երևույթ հաջորդեց Սարդարապատիը հերոսամարտին:
- Հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը պարոն, - ասում է նույն տղան:
- Այո, կեցցե՛ս, - կրկին ուրախանում է ուսուցիչը:
- Պարոն, ես մեկ հարց ունեմ, - կրկին նույն տղան է,- իսկ ինչու՞ մենք կորցրեցինք մեր հայրենիքը:
Դասասենյակում հանկարծ ծանր լռություն է տիրում: Ուսուցիչը հավաքում է իրեն ու ժամանակ շահելու համար ասում է.
- Լա՜վ հարց է… Եկեք միասին խորհինք: Ձեր ընտանիքն ինչու՞ է արտագաղթել Ամերիկա:
- Ծնողներս ասացին, որ Հայաստանի մեջ լավ աշխատանք չկար: Շատ չէին կարողանում դրամ վաստակել: Ասում էին, որ մեր ապագայի համար են եկել:
-Իսկ ձե՞ր ընտանիքն ինչու արտագաղթեց Հայաստանից Արամ,-հարցնում է ուսուցիչը մեկ այլ տղայի:
Արամ անունով աշակերտը դադարում է զրույցը կողքի աղջկա հետ և պատասխանում է.
-Հայրս չուզեց, որ մենք հետագայում հայկական բանակում ծառայենք: Ասաց` թող ուրիշները գնան իրենց կյանքը տան ավազակային իշխանությունների համար:
-Դո՞ւ ինչ կասես, Սիլվա:
Սիլվա անունով աղջիկը մի պահ կարկամում է և ասում.
- Ծնողներս ասում էին, որ Հայաստանում ապագա չկա: Ասում էին գնանք Ամերիկա, մեր ապագան ապահովենք, իսկ երբ Հայաստանը լավ երկիր դառնա` բոլորս կվերադառնանք:
- Իմ զարմիկս էլ Ավստրիա գնաց, որ երաժշտական ուսում ստանա, - նկատում է աշակերտներից մեկը:
- Իսկ իմ հորեղբայրը Ֆրանսիայում է: Գործարանում բանվոր է աշխատում: Ասում է, որ հպարտ է իր ազնիվ աշխատանքով:
- Օ քեյ, - ընդհատում է բոլորին ուսուցիչը, - իսկ ձեզմե ո՞վ է պատրաստ վերադառնալ Հայաստան:
Մեկ - երկուսը վախվորած բարձրացնում են ձեռքերը, բայց նայելով անհաղորդ կողքիններին` իրենք էլ իջեցնում են:
- Փաստորեն` ոչ ոք, - նկատում է ուսուցիչը: Ոչ ոք… Իսկ կուզե՞իք ծովից-ծով հզոր հայրենիք և Տիգրան Մեծին պես արքա:
- Այո,- միաձայն, բայց անտարբեր պատասխանում են բոլորը:
- Պարոն, իսկ դո՞ւք ինչու եք հեռացել հայրենիքից, - հանկարծ հարցնում է մի կապուտաչյա աղջնակ:
Ուսուցիչը միանգամից չի պատասխանում: Նայում է պատուհանից հեռու ու դանդաղ ասում է.
- Ես ընդդիմադիր էի իշխանություններուն: Կը գիտնա՞ք, թե որքան էր ուսուցչի աշխատավարձը Հայաստանում: Սենթեր… Ես ալ ընտանիք ունիմ, ես ալ ցանկացա որ զավակներս բարեկեցիկ ապրեն և օրվա հացի կարոտ չըլլան: Եվ ոչմեկը չի կարող ինձ մեղադրել: Ես այստեղ էլ մեծ գործ եմ անում իմ հայրենիքին համար: Մենք ամիսը երկու անգամ հանդիպում ենք և կարևոր հարցեր քննարկում:
Ուսուցչի ձայնը թուլացած ու նվաղած էր: Զգացվում էր, որ նա այդ բառերն առաջին անգամ չէ, որ արտաբերում է:
- Պարոն, ասում են, որ 1918-ին հայ ժողովուրդը ոտքի է կանգնել ու պայքարել է հզոր պետությունների դեմ: Եթե այդպես է, ինչո՞ւ է կորցրել հայրենիքը,-կրկին Արամն է:
- Դժվար հարց է, Արամ… Երևի հայրենիքը կորցրել է 18-ից առաջ: Մենք գուցե չցանկացանք պայքարիլ: Գուցե՝ չկարեցանք: Հետո էլ գուցե թողնելն ու հեռանալը նախընտրեցինք: Գուցե չենք կարենում շենացնել մեր հայրենիքը: Գուցե ուրիշի շինած երկիրը կսիրենք: Դժվար հարց է:
- Իսկ հույս կա՞, որ մի օր մենք կրկին հայրենիք կունենանք:
- Մենք հայրենիք ունինք, Արամ: Կորցրածն էլ գուցե մեկ օր կվերադարձնենք: Մենք ամենքս պիտի լավ սովրենք և օր-օրի պիտի պայքար տանինք այդ վեհ նպատակուն համար: Մի օր մենք անպայման միասին պիտի վերադառնանք Երևան, Արցախ, Սևան, Վան: Կը համաձայնի՞ ք:
- Այո, այո, պարոն- լսվում են աշակերտների կիսատ-պռատ ձայները:
- Սարդարապատի ու մայիսյան հերոսամարտերու մասին չխոսեցանք: Կուզե՞ք երգենք միասին: Գոնե Սարդարապատին երգը,-ասում է ուսուցիչը շփոթված ու սկսում է երգել.
Զանգե՜ր, ղողանջե՛ք,
սրբազան քաջերին կանչեք այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից…
Աշակերտներից ոմանք շատ ցածր ձայնակցում են ուսուցչին:
-Զանգի ժամն է, ուսուցիչ,-ասում է աշակերտներից մեկը ու թողնելով երգելը նրանք դուրս են գալիս վարժարանից:
-Hi, babe! OK, school is over today. See you in an hour at Armenia pub. Will you have a cheeseburger? Great! By,-ասում է Արամը կապուտաչյա ընկերուհուն ու խառնվում Ամերիկյան գերզարգացած բարեկեցիկ քաղաքի օրվա անցուդարձին:
Դավիթ Խաչիյան