Ծնվել եմ:
Դա
հաստատ է:
Մնացած
կյանքս
հորինվածք է:
Ամենակարևոր
հատորյակը՝
մեր
կյանքն է:
Հրատարակվում է
այն, թե ոչ՝
այնքան էլ
կարևոր չէ:
Կարևորը
այն կա:
ՍԵՐԸ՝ թավայի մեջ
Հավաբնում տաք է։ Հավերը համերաշխ են:
Աքլորները գիտեն իրենց կանանց և մյուս հավերին վերաբերվում են մեծ հարգանքով:
Ճիշտ է, կերը մեկ-մեկ ուշանում էր, սակայն տղամարդիկ արժանապատվորեն կերամանի մոտ էին թողնում ամեն օր մայրացող կանանց, իսկ իրենք՝ կուրծքն առաջ, հայացքը հեռվում, հսկում էին հավաբնի անդորրը:
Երբ կանայք հեռանում էին կերամանից, ջուր խմում և նստում ձվերի վրա՝ փաթաթվելով նրանց թևերով, տղամարդիկ մոտենում էին կերամանին:
Օրն արևոտ էր․արևի շողերը հասնում էին անգամ հավաբուն: Օդի մեջ լռություն կար, մերթ ընդ մերթ լսվող ծուղրուղու, և թխակալ մայրերի նազախառն տքտքոց:
Տանտիրուհին վերջին շաբաթում ածած ձվերը այսօր էլ դրել է դեղնավուն հարդով լցված արկղի մեջ, որպեսզի հավերը սկսեն իրենց առաքելությունը:
Հավերը՝ հանդիսավոր, իրենց կարևորությունը ընդգծող կեցվածքով մոտեցան արկղիկին և տեղավորվեցին ձվերի վրա: Աչքերի մեջ մայրանալու անզուսպ բերկրանք կար:
Պատից այն կողմ հարևաններն են, չգիտես ինչու այնտեղ միշտ աղմուկ էր:
Աքլորները հայհոյում էին իրար, մեկ-մեկ էլ՝ հավերին:
Ամալ տատն էլ հավերին ու աքլորներին էր անիծում, ասում էր, որ իզուր է կերակրում… առավոտվա ժամերգության ժամանակ արդեն սկսում էին նրա անեծքները:
Ինչ-որ մի բան պատից այն կողմ այնպես չէր ընթանում: Օրը մեկին մորթում էին և խանձվածի հոտը հասնում էր մեր երջանիկ հավատունը:
-Աշխարհում ոչինչ չկա չվերջացող,-դասերի ժամանակ ասում է վարժապետ աքլորը, սակայն հույս էր հայտնում, որ իրենց համայնքի երջանկությունը երկար է տևելու:
Առավոտյան օրը բացվեց, որ ժամանակից շուտ փակվի:
Զրուցելով, հավաբնին մոտեցան տանտերն ու տանտիրուհին:
-Ափսոս, բայց ստիպված ենք․․․Տանը ուտելու բան չկա, թոշակն էլ ուշանում է:
-Թե, ասա, էս նեղ պահին հյուրեր բերելու ժամանակ է՞…
-Ինչ արած, երկու աքլոր մորթենք ու էդ ձվերն էլ թխսկանների տակից հանեք, մի մեծ թավայով ձվածեղ արա, ա՛յ կին:
Աքլորները, լսելով նրանց, կանգնեցին մի շարքի վրա, հպարտությամբ ընդունելով ճակատագրի այս անակնկալը և թողնելով բախտին ընտրությունը: Ում կընտրի տերը՝ պարզ կլինի րոպեներ անց:
Հավերը թևերը սեղմեցին ձվերի վրա այնպես, կարծես թվաց, թե հիմա ուր որ է կկոտրվեն: Սակայն ձվերը չեն կոտրվում թխսկանի թևերի մեջ:
Տանտերը և տանտիրուհին ներս մտան հավաբուն։ ժամանակը կանգ էր առել անդունդի եզրին, և գահավիժելու էր վայրկյաններ անց:
Տերը բռնեց Վարդգեսին և Արիստոտելին՝ ամենաերիտասարդ տղամարդկանց: Արիստոտել էին կոչել, որովհետև շատ խելացի թռչուն էր, իմաստուն։
Հավաքելով ձվերը, իրենց հետ վերցնելով հորեղբայր Վարդգեսին և Արիստոտելին, տանտերերը հեռացան հավաբնից՝ մի քանի բուռ ցորեն լցնելով կերամանի մեջ:
Մորթեցին ու սկսեցին փետրել նրանց։ Հերթը մեզ չէր հասել:
Ես ամեն կերպ փորձում էի գլորվել և հայտնվել նրա կողքին, ում նկատել էի երկու օր առաջ, երբ մեզ տեղավորում էին արկղերի մեջ:
Նա մի կարմրափետուր ազնվական տիկնոջ աղջիկ էր։
Ի՜նչ զարհուրելի է, հորեղբայրներիս մտցրեցին գազօջախին դրված եռացող կաթսայի մեջ, հետո հանեցին նրանց կարմրախաշ մարմինը և շարունակեցին փետրել, ինչ մեղք է մարդը՝ ինչեր պիտի անի՝ապրելու համար:
Տանտերն ու տանտիրուհին տխուր էին, չէին խոսում: Կարծես մտքի ծանր պարկեր լինեին շալակներին և՝ կռացած աքլորների վրա, դանդաղ փետրում էին նրանց:
Ահա ճարպկորեն շարժեցի դեղնուցս և գլորվեցի դեպի այդ վառվռուն ձվիկը։ Ինձ թվում էր, որ նա նման է արեգակի. ինչքան ավելի էի մոտենում նրան, այդքան տաքանում էր իմ ներսը, շոգից անգամ ուզում էի հանել վերնաշապիկս, բայց հասկանում էի, որ ես դեռ չեմ ձևավորվել և այդ վիճակով ճիշտ չէ ներկայանալ սիրած աղջկան:
Իսկ ինքը նկատո՞ւմ էր ինձ: Ինձ թվում է, այո՛, որովհետև անհանգիստ գլորվում էր այս ու այն կողմ, երևի ինձ էր փնտրում, կամ էլ ձվածեղ լինելու վախից խառնվել էր իրար:
Խելքս կորցրել եմ, քիչ է մնում կոտրեմ հագիս կեղևը ու, թեկուզ առայժմ տձև, ներկայանամ նրան։ Տեսնես անունը ի՞նչ է։ Հավանաբար Վիոլետ՝ հնչեղ է…
Ներկայանամ Վիոլետին, կոտրեմ նրա կեղևն էլ ու փախչենք։ Հա, բայց մենք հասունացած չենք, ինչպե՞ս պիտի հասնենք մեր ծննդավայր: Դժվարը հասնելն է։ Կմտնենք Մայր թխսկանի թևերի տակ. նա շատ հմուտ է, ու մեզ կյանք կտա իր կախարդական առագաստ թևերով:
Հորեղբայրներիս դրեցին սկուտեղի մեջ, դանակով կտրեցին նրանց փորը և այնտեղից ինչ-որ ավելորդ բաներ հանեցին:
-Շուշա՛ն, այ սա աքլորի սիրտն է,- տանտերը տիկնոջը մեկնեց մի փոքրիկ կարմիր գունդ:
-Առաջին անգամ չէ, Դերենի՛կ, ինչո՞ւ ես ցույց տալիս:
-Չգիտեմ: Ինձ թվում է սենյակում ինչ-որ մեկը կա բացի մեզանից:
-Ի՞նչ,- կինը զարմացած նայեց ամուսնուն և շարունակեց խնամել հորեղբայրներիս դիերը:
Օ՜ հո, երևի ինձ նկատել են տիկին Շուշանը և պարոն Դերենիկը։ Լավ է, որ անուններն էլ իմացա, հարկավոր է զգույշ շարժվել և ցույց չտալ զգացմունքներս. միգուցե զգացմունքներից ձայն է դուրս գալիս: Առաջին անգամն է, չգիտեմ: Ինչ լավ բան է սիրահարված լինելը: Չեմ էլ մտածում, որ քիչ անց գազօջախին դրված թավայի մեջ են գցելու իմ գեղեցիկ մարմինը:
Իսկ նա իսկապես սարսափում է։ Ես զգում եմ. նրա կեղևին վախի հետքեր կան: Պետք է ավելի մոտենալ նրան և շշնջալ, որ ես այստեղ եմ, որ կպաշտպանեմ իրեն, որ ես իրեն սի… սիրո՞ւմ եմ:
Այո, սիրում եմ, ու երբ որ նա էլ հասկանա, որ սիրում է ինձ, էլ չի վախենա այդ տժվժացող թավայից:
Ես հասկացա, որ աքլորի սիրտ ունեմ և տղամարդ եմ դարձել։ Ոչինչ, որ դեռ չեմ էլ ծնվել՝ժպիտ եկավ դեմքիս:
«Գեղեցիկ էլ ժպիտուն եմ», մտածեց նա՝ սպիտակուցի հայելու մեջ նկատելով իր առաջնեկ ժպիտը: Հաստատ կհավանի:
Երեկոն մոտենում էր, հյուրերի գալու ժամն էր:
Ջեռոցից տիկին Շուշանը հանեց իմ հորեղբայրների այրված մարմինները, ճերմակ, երկարավուն ափսեներով դրեց սեղանին:
Լավ է, որ ձվածեղը թարմ են մատուցում. քանի դեռ հյուրերը չեն եկել, մեզ թավայի մեջ չեն գցի: Պետք է շտապել և լուր տալ օրիորդ կարմրափետուրին, որ ես կամ, և որ ես այստեղ եմ ու սիրում եմ իրեն: Ես, հրմշտելով մյուս ձվիկին, գլորվեցի և դիպա նրա կեղևին: Նա թեքվեց իմ կողմ, նկատեց իմ կրակոտ աչքերը և խոնարհաբար կախեց գլուխը:
Աստված իմ, սիրահարվեց: Մեզ բաժանում էին միայն մեր բարակ պարիսպները: Ես դուրս ցատկեցի պարսպից և մտա նրա ննջասենյակը: Նա շփոթվեց, կարկամեց, և նրա դեմքին աչուկներ բացվեցին, ու մի փոքրիկ կատար ծիլ տվեց:
-Վիոլետ,- շշնջացի ես և համբուրեցի նրա նորածիլ կատարը:
-Վլադ,- ծվծվաց նա իր առաջին բառը, ու ես իմացա իմ անունը:
Այնքան շոգ էր մեր մեջ: Կրակ էր թափվում մեր նորածին սրտերի մեջ:
Գազօջախին դրված թավային հեգնանքով էինք նայում:
-Վլադ, այնպես արա, որ ինձ ու քեզ էլ մի մարդ ուտի, որպեսզի շարունակենք ճամփորդել միասին:
Այդ ասելիս ծիլ տվեց նրա կտուցը: Ես նկատեցի, որ իմ դեմքին էլ կա նման բան: Ուրեմն պետք է համբուրվել: Ես հենվեցի իմ դեռ չծլած ոտքերի վրա, ուղղեցի իրանս, գրկեցի նրան և համբուրեցի նրա կտուցը: Անհնար է նկարագրել, թե ինչ եղավ ինձ հետ․մարդիկ դժվար հասկանան ինձ: Համ էլ նրանց ինչպես կհասնի հուշերիս այս պատմվածքը, նրանք կարդում են իրենց գրվածքները:
Հետո էլ իրենց գրողները ընթերցողներից շատ են:
Ես որոշեցի հրատարակել այս պատմությունը «Աքլորի սիրտը» վերնագրով և բաժանել հավաբների, սագաբների, բադաբների և մյուս թռչունների գրադարաններում:
Թող կարդան իմ ու Վիոլետի սիրո պատմությունը:
Դռան թակոց լսվեց և իմ կրակոտ սրտի վրա սառը ջուր լցվեց:
Հյուրերն էին: Ես անմիջապես բռնեցի Վիոլետի նորելուկ թևը և գրկեցի նրան: Որոշեցի չվերադառնալ իմ տուն և մնալ նրա հետ:
Ներս մտավ մի բարձրահասակ մարդ, դռան մոտ կանգնած, ինչ-որ թղթեր ցույց տվեց տանտիրոջը:
Տանտերը գրպանից գունավոր թղթեր հանեց և տվեց այցելուին, ու նա դուրս գնաց:
-Լույսի վարձը այս անգամ շատ է եղել…պետք է խնայել,- ինքն իրեն խոսելով խոհանոց մտավ պարոն Դերենիկը:
Ես չհասկացա, ինչո՞ւ պիտի լույսի համար վճարեն, հավաբնում երբեք այդ մասին չեմ լսել ծնողներիցս:
Հիմա մայրս ու հայրս ինչպես են տանջվում մեզ համար։ Մի քանի ժամ էլ ու մենք բաժանվում ենք: Էլ չասեմ, թե ինչ դժվար է Վիոլետի կարմրափետուր մոր համար: Բայց կարևորը, որ ես Վիոլետի հետ եմ և կարևորը մենք հասցրեցինք սիրել այս կյանքում, մնացածը արդեն կարևոր չէ:
Դուռը առանց թակել բացվեց և ներս մտան մի խումբ աղմկոտ երիտասարդներ:
-Բարև, հայրի՛կ, բարև, մա՛մ,- մի երիտասարդ համբուրեց և գրկեց տանտերերին:
-Ծանոթացնեմ. սա Սարգիսն է, Լիլիթը, Տաթևիկը, Արմանը, Արթուրը, Վիոլետը, Վլադը…
Տանտիրոջ տղան շարունակում էր ներկայացնել ընկերներին, որոնք տաքարյուն երիտասարդներ էին, իսկ ես ու Վիոլետը զարմացած նայում էինք այն երիտասարդներին, որոնց անունները մեր անուններից էր: Զարմացել էինք, որ մարդիկ էլ մեր անուններից ունեն: Նրանք նստել էին սեղանի տարբեր ծայրերում:
Միթե չէին հասկանում, որ սիրել է պետք իրար:
-Վլա՛դ, կարող է պատահի, որ մեզ մոռանան և մենք փրկվենք:
Ես ժպտացի, ամուր գրկելով նրան։ Լսել էի, որ մարդիկ ձվածեղ շատ են սիրում և դժվար թե մոռանան իրենց մասին: Ժամանակը թեթև էր անցնում մարդկանց, սակայն ծանր էր մեզ համար:
-Իսկ հիմա,- բարձր գոչեց տանտիրոջ տղան,- գնում ենք խոհանոց, սիրո ձվածեղ սարքելու, բոլորս դեպի խոհանոց:
Բոլոր հյուրերը հավաքվեցին խոհանոցում, տանտիրուհին միացրեց գազօջախը, սև լուսին հիշեցնող թավան դրեց գազօջախին: Թավայի մեջ դեղին ջուր լցրեց:
Թավայից վեր էր բարձրանում մի տժտժացող մահերգ: Ես ու Վիոլետը սեղմվել էինք իրար և լուռ խոսում էինք, երբեմն նայում միմյանց և թույլ ժպտում:
-Հիմա յուրաքանչյուրդ վերցնում եք մի ձու և կոտրում թավայի մեջ: Ահա՛:
Տանտիրոջ տղան վերցրեց մեր կողքին հենված մի ձու և կոտրեց թավայի մեջ:
Հնչեցին ծափեր։ Նա հանդիսավոր գլուխ տվեց և անցավ հյուրասենյակ: Նրան հետևեցին մյուսները։ Հերթով վերցնում էին մեկ ձու և կոտրում թավայի մեջ:
Այնքան արագ էր տեղի ունենում այդ ամենը, որ շնչառությունից շնչառություն ձվերը մաշվում էին մեր կողքից:
Ամեն անգամ, երբ մարդու ձեռք էր մոտենում մեզ, կանգ էր առնում իմ և Վիոլետի շնչառությունը:
Ահա մնացին երկուսը, իսկ սկուտեղի մեջ մնացել էր չորս ձու: Աստված իմ, արդյո՞ք փրկվելու ենք:
Ահա նրանք միասին մոտեցրեցին ձեռքերը, նայեցին իրար աչքերի, փակեցին աչքերը և վերցրեցին մեզանից քիչ հեռու գլորված երկու ձվերը: Կոտրեցին ձվերը թավայի մեջ ու հեռացան:
Ես ու Վիոլետը շունչ քաշեցինք, բայց մոտ եկան տիկին Շուշանն ու պարոն Դերենիկը՝ վերցրեցին մեզ, մոտեցրին թավային: Ես փակեցի Վիոլետի աչքերը, որ չտեսնի այդ զարհուրելի տեսարանը. թավայի մեջ եփվում էին մեր ընկերները:
-Ա՛յ ,Շուշան, մեր սիրո ձվածեղի ժամանակը վաղուց անցել է: Այս երկու ձվերը տար դիր թխսկալի տակ:
Մեզ հեռացրեցին թավայից և տարան հավաբուն, դրեցին թխսկալի տակ: Աքլորները շարված մնացել էին նույն տեղում, կերամանից էլ ցորենի հատ չէր պակասել:
Մենք սպասում ենք մեր ծնվելուն…
Գրիգոր Մաչանենց Բաբախանյան