Վահագն Սարգսյան
Վահագն Սարգսյան

 

Ծնվել եմ

Երևանում,

Մկրտիչ

Սարգսյանի

ընտանիքում։

 

Քանի որ

միջավայրս

չափազանց

գրական էր՝

լեցված

գրքերով

ու գրողներով,

ընտրեցի

կյանքի

բանա-

սիրական

ուղին։

 

Բանա-

սիրական

գիտությունների

թեկնածու եմ:

Գիտական

ղեկավարս

Հրանտ

Թամրազյանն էր։

 

1984-ից

աշխատում եմ

Գրահրա-

տարակչության

ոլորտում։

Հիմնադրել եմ

Անկախության

շրջանի

առաջին՝

«Գիր գրոց»

հրատարակ-

չությունը։

 

«Հայաստան»

հրատարակ-

չության

տնօրենն եմ

շուրջ 20 տարի։

 

Նաև

երկարատև

դասա-

խոսական

աշխատանքի

փորձառություն

ունեմ,

ԵՊՀ- ում

ներդրել եմ

Գրահրատա-

րակչական

գործ

առարկան։

 

Ունեմ կին

և երկու զավակ՝

Նարեկը

և Էլենը։

 

Մի խոսքով,

ապրում եմ,

գրում եմ,

գրքեր

խմբագրում՝

«ես կամ, և ամեն

վայրկյան»

մտածում,

երազում եմ

ապագայի

մասին...

«Շառլ Ազնավուրի «Սեր սրտի չափով» գրքի հրատարակչական պատմությունից և ոչ միայն...». ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նվիրում եմ Թորոս Թորանյանին

ՎԵՐԱԴԱՐՁ

Ճակատագրի ու հռչակի համաշխարհային շրջագայության ընթացքում, երբ բեմական հազար ու մի «խաչելությունից» հետո «Օլիմպիայից» լսելի էր դարձրել իր ձայնը աշխարհագրական բոլոր գոտիներում ու մարդկանց սրտերում, հաստատել էր իր «մեծ տաղանդը» (իր խոսքն է), 40-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրը 1964 թ. առաջին անգամ ոտք դրեց նախնյաց երկիր Հայաստան՝ Խորհրդային Հայաստան:

Պատմական հայրենիքում լինելը անշուշտ վաղեմի երազանք էր: Նա, որ Փարիզում ծնված օրվանից ունկնդրել էր հոր՝ Միշայի արտիստիկ կատարումները Սայաթ-Նովայից ու «Անուշ» օպերայից, նրա բարձրագոչ կենացները հայոց քեֆի սեղաններին, հոր ընկերների սրամիտ ու իմաստուն զրույցները աշխարհի ու հայերի ճակատագրի մասին, վայելել Միսաք Մանուշյանի մշտակա «ներկայությունը» իրենց տանը, հուզվել ու կծկվել մոր՝ Քնարի պատմություններից՝ Ցեղասպանության տարիներին իր ողջ գերդաստանի կորստյան հիշողություններից և այլն, և այլն, և երկար մտորել օտարության մեջ հայտնված այդ մարդկանց մասին, որոնք «անցյալ ունեն միայն և չունեն գալիք», այժմ գալիս էր... մարմին տալու իր պատկերացումների երկիր-հայրենիին:

Շառլ Ազնավուրը Մեծ բացակայությունից էր վերադառնում Հայաստան:

Անկասկած դժվար է եղել նրա համար ֆրանսիական մեծ ու աշխարհակալ երգարվեստի մեջ նոր խոսք ասելը, նրանում հատկապես նոր ոճ ու երանգ բերելը, շանսոնի տիտանների կողքին և նրանցից վեր իրեն հաստատելը: Մինչդեռ՝ «Ես ինձ տեսնում էի արդեն»,- այդ տարիներին խոստովանել է Շառլ Ազնավուրը:

Իր արվեստի եզակիությունը, ներաշխարհի վառ ու ինքնատիպ գույները, սիրո անեղծ ու անբռնազբոս դրսևորումները, իրականում ազգային ինքնության խորը դրոշմն ունեն, ինչի մասին բազմիցս ակնարկել են նրա կենսագիրներն ու հենց ինքը՝ հայազգի շանսոնյեն, հակադրվելով. «Ֆրանսերենը իմ ծննդավայրի լեզուն է, հայերենը ծննդիս»... 

Անքննելի է այս պարզ բանաձևը՝ «արվեստը չունի հայրենիք», բայց նաև ոչինչ է անհայրենիք՝ «ավզի վրա հիմնացած» արվեստագետը: Սա գիտակցել են հռչակավոր քանի հայորդիներ՝ Վիլյամ Սարոյանն ու Արամ Խաչատրյանը, Անրի Վեռնոյն ու Արշիլ Գորկին՝ նույնպես:

Ինչևէ: Շառլ Ազնավուրի այցը Երևան ուրեմն հերթական մի գաստրոլային հյուրախաղ չէր և օվացիաներ հավաքելու մի առիթ, այլ շատ ավելին էր՝ նորից նոր հայտնաբերելու, ճանաչելու իր ժողովրդին, զգալու նրա հավաքական շունչը թիկունքից: Երբ խորհրդային չինովնիկների անթափանց հայացքների ներքո համաձայնեցվում էր կարմիր երկրում Ազնավուրի շրջագայության քարտեզը, ճշտվում էին այցի հետ կապված գրեթե բոլոր մանրամասները, թե ո՞ր քաղաքներում և ի՞նչ երգացանկով իրավունք ունի բեմ ելնելու, ո՞ր հանդիսատեսի համար և ինչպե՞ս... և Երևանը չէր ընդգրկվում համերգային շրջագայության մեջ, Ազնավուրը ստիպված եղավ խորհրդային դեսպաններին մեկ անգամ ևս բացատրել և հասկացնել, որ իր նպատակը Հայաստան մեկնելն է, իր հարազատներին տեսակցելը, այլապես...

«Զարմանում եմ, թե ինչի՞ց են վախենում իշխանությունները,- հետագայում հիշում է Ազնավուրը,- ճիշտ է, հրաժարվել էի տեքստերը հանձնել գրաքննությանը: Սակայն, իմիջայլոց, ի՞նչը պիտի գրաքննության ենթարկեին: Ծայրահեղ դեպքում «Սիրուց հետո»-ն: Եվ դրա համար էլ չէի ուզում հանձնել»:

Երևանում Ազնավուրին, որ քրոջ՝ Աիդայի հետ էր ժամանել, ընդունեցին խելահեղորեն, «խորունկ հոգուց ծնված» գանձի պես, որ կարծես կորցրել ազգովին և ահա գտնում էին ազգովին ու 60-ականների Արթնացող սերունդը սրտատրոփ սպասում էր նրան ամենուր՝ օդանավակայանում, հյուրանոցում, փողոցում, օպերայի շենքի մոտակայքում խռնված, մարդիկ ցանկանում էին պահ առաջ տեսնել նրան, լսել նրան.

- «Շառլ ջան, սիրելի՛ Շառլ, ախպեր ջան»,- գոռում էին ու նետվում առաջ՝ ձեռք սեղմելու, համբուրելու, պարզապես գրկելու.

- «Բարի եկաք ձեր տուն, ուրախ ենք, որ վերադարձա՜ք...»:

Հետո անպայման քննարկում, թե ի՞նչ ասաց, հայերե՞ն ասաց, ուրեմն չի մոռացել իր արմատները, ո՞ւմ էր ձեռքով անում, երևի ճանաչե՜լ էր...

Հյուրերը նույնպես սրտատրոփ էին՝ խառը զգացմունքներ էին պաշարել նրանց. հուզմունքն ու հրճվանքը միախառնվում էին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ

Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Բոլոր աթոռները գրավված են կուսակցական և պետական պաշտոնական էլիտայի կողմից: Ուսանողները օպերայի պատին գրել են. «Տեղերը կուսակցության համար են, սակայն Ազնավուրը մերն է»: Երգիչը վրդովված է, միջամտում է վերջնագրի խստությամբ: Հաջորդ օրն իսկ «կուսակցական որոշ ջոջեր ուղարկվեցին ավելի համեստ տեղեր», բեմի դիմացի «կառավարական» աթոռները զիջելով 96-ամյա, փոքրամարմին Հայկանուշ տատին, «որին կարող էի մի ձեռքով բարձրացնել» ,- ասում է հռչակավոր թոռը, և հրավիրյալ բարեկամներին, որոնց թիվը շատ ավելին էր, քան 6-ը՝ ըստ Ազնավուրի հուշերի:

Ցնծում է դահլիճը: «Մաման» երգով Ազնավուրը ծնկել է Հայկանուշ տատի առջև.

Այնքան հուշ կա ու սեր ու սեր,
Սփռած քո շուրջ, քո շուրջ, մամա՛,
Այնքան ժպիտ ու արցունքներ,
Սրտիդ միջից, սրտի՛դ, մամա...
Որ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք
Մեզնից չես հեռանա...

Ազնավուրին բարեկամները հասկանում են առանց թարգմանության: Իսկ տատն ապրում է իր ծերունական կյանքի լավագույն օրը, նա կեցվածք չունի, արցունքներն են հուզմունքը մատնում, և իր երկար կյանքի ընթացքում՝ հինգ երեխաների մայրը երբեք չի մոռացել իր սիրելի ու «անառակ» ամուսնուն՝ Միսաքին: Անգամ նրա մահից տարիներ հետո «տատիկն այնպիսի քնքշանքից թրթռացող ձայնով էր խոսում նրա մասին, որ կեղծելն անհնար կլիներ»,- նկատել է Աիդան:

Հրավիրյալ բարեկամների մեջ էին՝ Մկրտիչ Սարգսյանը, որ այդ տարիներին «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր և դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մամիկոն Բուբուշյանը՝ տիկնանց հետ:

Ազնավուրյանների գերդաստանի հետ Մկրտիչ Սարգսյանի ազգակցական կապը գրողի մայրական տատի՝ Սոֆյա Հարությունի Ազնավուրյանի (1870-1961) շառավղով է՝ «քաղքի մամը», ինչպես սիրում էր անվանել նրան Մկրտիչ Սարգսյանը և ում կերպարը երթևեկում է նրա կենսագրական բնույթ ունեցող գեղարվեստական ստեղծագործություններում՝ «Խաղաղություն պատերազմից առաջ» վեպում, «Պապս», «Աշուղ է եկել մեր մայլեն» և այլ պատմվածքներում ու չափածո գործերում: 

Սոֆյա Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, քաղաքի անվանի մտավորականներից մեկի՝ Հարություն Կարապետի Ազնավուրյանցի (Ազնավուրով) ընտանիքում, ով Կարապետյան դպրոցի ուսուցիչներից էր, քաղաքային խորհրդի (Гор. дума) քանիցս ընտրված անդամ (1876, 1886...) և հայտնի էր Ախալցխայի կրթական, քաղաքաշինական, հոգևոր-եկեղեցական կյանքի տարբեր ձեռնարկների ու ծրագրերի կազմակերպման ու իրականացման գործուն մասնակցությամբ՝ ի սեր հայրենի քաղաքի, նրա բարվոք կենցաղավարության ու զարգացման:

Գերդաստանի նախնիք (Կարապետը՝ անկասկած) Կարինից են՝ 1830-ականներին վերաբնակեցված Ախալցխայում, ինչի մասին ուղղակի և անուղղակի ակնարկում է Հարություն Ազնավուրյանցը Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի առիթով գրած և 1862թ. «Մասեաց աղաւնի եւ ծիածան Հայաստանեաց» թերթում տպագրված իր մի հոդվածում, որտեղ այլ հիմնախնդիրների արծարծումից բացի, նա այսպիսի «թափանցիկ» տողերով է բնութագրել կարինյան ոգին կրող իր համաքաղաքացիներին. «Քաղաքիս բարեպաշտ եւ ջերմեռանդ Կարնեցի Հայոց գաղթական ժողովուրդը, որ իմանկութենէ մեծահաց սեղանի մը վրայ մեծցած տղու պէս սովրած էր իրեն ջերմեռանդութիւնը նուիրել այս ու այն սուրբ տեղերուն մէջ, որ միայն անոնք կհամարէր իրեն ճշմարիտ փառքն ու սեպհական պարծանքը, եւ ասոր համար է, որ բոլորովին մոռցաւ իւր անձնական փառքը, կորսնցուց զգալի հեշտութիւններն ու այստեղ գաղթեց. բայց ափսոս, որ անոնց հետ կորսնցուց նաեւ իւր հոգեւոր հարստութիւններէն մէկ քանին, այսինքն այն տեղի հոյակապ վանքերը եւ հրաշակառոյց սուրբ տաճարները...»:

Ահա այս ընտանիքում է հասակ առել և ժամանակի լավագույն կրթությունը ստացել Սոֆյան՝ հատկապես հայոց լեզվի և գրականության նրա իմացությունը, վայելչագրությունը հետագայում ախալքալաքցի ժամանակակիցների վկայությամբ բավարարում էին քաղաքի ամբողջ բնակչությանը: Նրան դասավանդել է նույն ինքը՝ Ղազարոս Աղայանցը:

1890-ականների երկրորդ կեսին Սոֆյան ամուսնացել է Ախալքալաքում պատվավոր Խարազենք անունը կրող գերդաստանի զավակ, շռայլ հոգու տեր, զարմանալի Ներսես Ղևենյանի հետ6 (նրանց առաջնեկը՝ Հովհաննես Ղևենյանը, որ Մ.Սարգսյանի «Չէ՞, Օնես» պատմվածքի հերոսն է, ծնվել է 1897 թ.): 1905թ. Ղևենյանների ընտանիքում ծնվել է Մ.Սարգսյանի մայրը՝ Շուշանը: 

Սոֆյան, ինչպես նշեցինք, քաղաքի կրթյալ բնակիչներից էր և նամակագրական կապ էր պահում դրամատիկ ժամանակների բերումով տարածաշրջանում սփռված իր հարազատների հետ՝ Ախալցխա, Թբիլիսի, Երևան, Բաթում, Բաքու, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքներ: «Ախալքալաքի փոշտը չի կըրնա անգործ մնալ, քանի դեռ Սոֆո մամը հոս կը բնակվի»,- ասում էին համաքաղաքացիները:

Թոռներին հասցեագրած նամակները սկսվում էին. «Բարև ձագիս ձագը» սերնդապահ բառերով: Նամակագրական կապով էր առնչվում նաև Շառլ Ազնավուրի պապի՝ Միսաք Ազնավուրյանի զավակների հետ: Թեև Միսաքը, ում Սոֆյան հիշելիս «ախպարս» էր ասում (հորեղբոր որդին էր), լքել էր 4 զավակներին և տիկնոջը՝ Հայկանուշին, ու գերմանուհի Լիզա անունով նոր տիկնոջ հետ վերաբնակվել Փարիզում:

Միսաքի և Հայկանուշի Միքայել որդին՝ Շառլի հայրը, ծնվել է 1897 թ. Ախալցխայում: 20-ամյա Միքայելը մասնակցել է Ախալցխայի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև, երբ մենշևիկները քաղաքը հանձնել են թուրքերին, ապաստանել է քրոջ մոտ՝ Բաքվում, այստեղից էլ հայկական կոտորածներից մազապուրծ, Հ.Աբելյանի թատերախմբի հետ մեկնել է Պոլիս, ծանոթացել Քնար Բաղդասարյանի հետ, և միասին մեկնել են Եվրոպա՝ նախ Բուլղարիա, ապա՝ Փարիզ:

1922թ. Սալոնիկում ծնվել է Աիդան, 1924 թ. Փարիզում՝ Շառլը (Վաղարշակը):

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅԵՐԵՆ

Համերգից հետո, բարեմաղթանքների և զնգուն կենաց բաժակաճառերի շուրջ, հետնաբեմում հավաքված տասնյակ բարեկամ-ազգականների միջև ծայր է առնում մի անսկիզբ անվերջանալի զրույց, վերհանում են անցածի ուրախ ու տխուր վերհուշը, խոսում ձեռքբերումներից, նաև «դու ումոնցե՞ն ես...» հարց-ձեռքսեղմումով ծանոթանում:

Այստեղ տեղի է ունենում նաև Մկրտիչ Սարգսանի և Շառլ Ազնավուրի երկխոսությունը.

- Շա՛ռլ,-դիմել է գրողը դեռևս բեմական արտահագուստի մեջ գտնվող երգչին,- իսկ հայերեն երգեր չունե՞ս, ինչո՞ւ չես երգում նաև հայերեն...

- Կերգեմ,- հաստատակամ պատասխանել է նա,- եթե երգերս թարգմանվին հայերեն, բայց այնպես թարգմանվին, որ նույն մյուզիքով երգելու ըլլան...

Օրեր անց հրատարակչություն է հրավիրվում գրականագետ, թարգմանիչ, այդ շրջանում ֆրանսերենի լավագույն գիտակներից մեկը՝ Աբրահամ Ալիքյանը և նրան գլխավոր խմբագիրը առաջարկում է կազմել Շառլ Ազնավուրի երգերի ընտրանին, թարգմանել և ներկայացնել այն հրատարակչությանը:

Շուտով, ազատ ընտրությամբ, հավաքվում է շուրջ 50 երգ-բանաստեղծություն, որոնք որևէ կերպ չեն կրում ժամանակին բնորոշ թեմատիկ ու գաղափարական սահմանփակումներ ու բարդույթներ: Ժողովածուն կազմվում է Ազնավուրի հանրահայտ երգերից, որ պարզապես կյանքի անշրջելիության և սիրո հավիտենականության մասին են՝ շանսոնյեի «սրտի չափ» խոր, կենսալից ու առօրեական, ինչպես ծերացող ժամանակի աննկատելի ընթացքն է:

Նրանում տեղ են գտնում՝ «Մաման»,«Սերն ու պատերազմը», «Բոհեմը», «Եվ սակայն», «Ալելույա», «Երկու կիթառ», «Իզաբել», «Օ, կյանք», «Ոսկի հասակ»,«Տուր մեզ այսօր», «Պոկեր», «Ինձ տվեցին», «Հավերժության ճանապարհը» և այլն, նույնիսկ «Սիրուց հետո»-ն, որ Ազնավուրին թվում էր, թե խորհրդային կոճկված իրականության մեջ թույլ չեն տալու հնչեցնել...

Թարգմանիչը որոնում է նրա ոճական առանձնահատկության հայկական բնագիրը, փորձում բացահայտումներ անել «ներսից» և ռիսկի է դիմում, որն հիմնականում պսակվում է հաջողությամբ. որոշ երգերի վրայից ընդամենը սրբում է անտունիի շերտն ու օտար փոշին, նվաճում բանաստեղծության «ծննդի լեզվով» ապրելու իրավունքը:

Խիստ կանոնիկ հանգավոր բանաստեղծությանը վարպետորեն կարողանում է օժտել վանկական, շեշտական զգայուն ռիթմիկայով, որ ներդաշնակ հնչի ազնավուրյան ինքնաբուխ «մյուզիքին»:

Իվ Սալգի ճշգրիտ բնորոշումով. «Ազնավուրը երգում է միայն Ազնավուր, եթե նույնիսկ այդ Ազնավուրը հղացված է ինչ-որ միջանկյալ մեկի կողմից»:

Սա լիարժեքորեն գիտակցվել է թարգմանչի կողմից և նրա տեսանելի, թե աննկատ միտումը այս «միջանկյալության» սահմանը ի չիք դարձնելն է եղել, իսկ երգչի ցանկության դեպքում՝ նուրբ հնչերանգային խմբագրում-հարմարեցումով, երգը հայերեն հնչեցնելը:

Ժողովածուի ստեղծման և խմբագրական աշխատանքների ընթացքում, որ տարիներ են տևում, հրատարակչություն է այցելում գրող, այն ժամանակ դեռևս Երևանի բժշկական ինստիտուտի ուսանող Թորոս Թորանյանը:

Նա 60-ականների այն եզակի սփյուռքահայ մտավորականներից էր, ով կարողանում էր երկաթե վարագույրի պայմաններում գրական, մշակութային, մարդկային կամուրջներ կապել հայրենիքի և Սփյուռքի գաղթօջախների միջև, ջերմ անմիջականություն հաղորդելով օտարի բռնաճնշմամբ երկատված փոխհարաբերություններին:

Տեղեկանալով ապագա գրքի հրատարակչական գործընթացից, Փարիզից իր նախաձեռնությամբ և ձեռամբ Երևան է բերում Շառլ Ազնավուրի հակիրճ ու տարողունակ նախաբանը, որն անմիջապես զետեղվում է գրքում.«Ֆրանսերեն գրող մի հայի համար ի՜նչ երջանկություն է իմանալ, որ իր երգերը թարգմանվել են իր նախնյաց լեզվով: Նամանավանդ ի՜նչ հպարտություն...»: 

Հաշվի առնելով, որ առաջին անգամ է Շառլ Ազնավուրի երգերի գիրքը հայերեն հրատարակվելու, ի դեպ հրապարակի վրա դեռ չկար ռուսերեն թարգմանության նախադեպը, ինչը գրեթե պարտադիր էր խորհրդային իրականության պայմաններում՝ արտասահմանյան հեղինակների գործերի հրատարակման համար կանաչ և անխոտոր ճանապարհ ապահովելու նկատառումով, որոշվել է հակիրճ առաջաբանով ներկայացնել մեծ արվեստագետին հայ ընթերցողին:

«Ազնավո՛ւր տաղանդ» վերտառված առաջաբանի հեղինակը գրքի թարգմանիչ Աբրահամ Ալիքյանն է, որ երկու հարթությունների համատեքստում է ներկայացնում հռչակավոր շանսոնյեի ֆենոմենը՝ նախ աստվածատուր տաղանդը, որ հակադրվելով աշխարհում ընդունված կարգ ու կարծրատիպին («Ազնավուրի ձայնը վիրավորում է մարդկանց ականջը... Ամբողջ մի դար է հարկավոր ընտելանալու համար այդ ձայնին... »), երգի բնատուր, «անընկճելի» ինքնավստահության շնորհիվ նաև («Վստահ էի, որ Փարիզը կնվաճեմ անկասկած»), հաստատեց իր տիրական ներկայությունը շանսոնի աշխարհում՝ բերելով նոր ոճ, նոր գեղագիտություն, նոր ռիթմեր նրանում:

Այնուհետև՝ արմատները, որտեղից է գալիս նրա հույզը, որ ակունքներից է սնվում այն և պարզաբանում է (նաև բանաստեղծի կենսափաստերն ի միտ). «...անցնելով Սայաթ-Նովայի տաղերի արգավանդ բուսահողի միջով, մխրճվում են ու կորչում հայ ժողովրդական քառյակների մեջ, որ այնքա՜ն սիրել է երգել նրա հայրը: Ուստի նաև, անկասկած, քուչակյան հայրենների մեջ, որոնց առողջ, կենսաթրթիռ, ֆիզիկական սիրո մաքրությունը փառաբանող հափշտակության մթնոլորտում են շնչում Ազնավուրի երգերը:

Քուչակի նման նա էլ «քանց սերն քաղցրիկ չկա» երդվելով, երգում է այդ մեծ զգացումը, որպես վայելք ու գինովություն, որպես հավիտենական երիտասարդություն, որպես գերագույն «երկրային սնունդ», ուստի Քուչակի նման, չի վախենում երբեմն նույնիսկ չափազանց անկեղծանալուց» և այլն:

Այսպիսով Ազնավուրի «Սեր՝ սրտի չափով» գիրքը (Վիկտոր Բալայանի խմբագրությամբ) լույս տեսավ 1968թ. 25000 տպաքանակով (բանաստեղծական գրքի համար աննախադեպ նաև այն տարիներին), ինչպես նշեցինք, մտահղացման գրեթե «բնագրային» տեսքով, առանց կեղծ նոտաների և չարամիտ վերախմբագրումների՝ գրաքննչական ժամանակների ոգուն համապատասխան:

Հայ ընթերցողը այսուհետ «մյուզիքի» ներսը սողոսկեց, հնարավոր եղավ լիարժեք ճանաչել Ազնավուրի հոգին՝ սիրող, ներշնչվող, տառապող նրա երգը...

Ընթերցողը գիրքն ընդունեց նույնպիսի ոգևորությամբ, ինչպես հեղինակին՝ տարիներ առաջ, երբ առաջին անգամ եկել էր Երևան...

Եվ այնուամենայնիվ, միանշանակ չէին կարծիքները, քանի որ ժողովածուի լույսընծայումից երկու տարի անց, «հանկարծ» ուշադիր ընթերցվել էր այն իշխանական «բարձունքներում» և այնտեղ է, որ հայտնաբերել էին արատավոր, խորհրդային գաղափարախոսությանն անհարիր իրողություններ, նրանում պեղել «ազգային սնապարծության նոտաներ» և անհանդուրժելի ու սխալ Շառլ Ազնավուրին հայկական ավանդական երաժշտարվեստին առնչելու փորձը, «նրան համարելով Սայաթ-Նովայի ու Քուչակի տրադիցիաների շարունակող», դիտարկելով սա իբրև «հայ ազգային ոգու համաշխարհային պանծացման» փորձ.

«Ընկեր խմբագիրներ, դուք ձեր աշխատանքում պետք է ղեկավարվեք սոցիալիստական ռեալիզմի բարձր սկզբունքներով»,- կոչ է արել (թերևս որերորդ անգամ) Մամուլի պետկոմի նախագահի տեղակալ Վ. Մկրտչյանը 10.06.1970 թ. հրատարակչությունների խմբագրական կազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ հերթական նկատողություններն ու դիտողություններն անելով «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր Մկրտիչ Սարգսյանին:

«Հորինում էին պատրվակներ նկատողություն անելու... ,- Պարույր Սևակի «Եղիցի լույս» գրքի կալանման շրջանը և իր՝ գրքի խմբագրի նկատմամբ ստեղծված անհանդուրժողական մթնոլորտը վերհիշելով, պատմում է Մկրտիչ Սարգսյանը:

- Հետաքրքիր կլինի թերթել այդ օրերի Հրատպետկոմի արխիվը և իմ կարծիքով՝ այնտեղից դուրս կնետվեն հինգից ոչ պակաս, տասից ոչ ավելի նկատողություններ, որոնցով «պարգևատրել» են իմ պետերն ինձ՝ վատ աշխատանքի, գաղափարական թերություններով գրքերին ընթացք տալու համար և այլն»:

Ուրեմն այս նկատողությունն էլ գրողն ընդունեց «որպես պարգև, որպես շքանշան», միայն մի ուշագրավ հավելում՝ այն վերջինն էր «պարգևներից», քանի որ նույն օրը՝ 10.06.1970 թ. Մկրտիչ Սարգսյանը դիմում է ներկայացրել Կենտկոմ՝ գլխավոր խմբագրի պաշտոնը լքելու վերաբերյալ:

ՎԵՐՋԱԲԱՆ

Շառլ Ազնավուրը չերգեց հայերեն (միայն դստեր՝ Սեդայի հետ Սայաթ-Նովայից մի հատված, որի մասին առանձնահատուկ բացատրություն ունի երգիչը):

Հետագայում նրա երգերի նոր թարգմանություններ հրապարակվեցին, գուցե ավելի հաջող, կամ պակաս, բայց Ազնավուրը դրանք չհնչեցրեց բեմերից: Ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն երգերի մեջ նա սպիտակ պահեց հայերեն էջը:

Յուրահատուկ մի մեկնաբանություն է արել հայությանը հուզող այս հարցադրմանը 1980թ. փարիզաբնակ գրող Մովսես Պչաքճյանի հետ զրուցելիս. «Չեմ հասկնար, որ ինչու հայերէն պիտի երգեմ: Որպէսզի սրահին մէջ երկու հայ ըսեն, որ մեզի համար հայերէ՞ն երգեց: Անոնք, որ հայերէն կ’երգեն, քարիէր չեն ըներ եւ չեն կրնար ընել,- պարզաբանում է Ազնավուրը:- Միայն Հայաստան կրնան ընել: Հայեր կու գան ու ինձմէ կ’ուզեն, որ հայերէն երգեմ: Եթէ հայերէն երգեմ ո՞վ պիտի հասկնայ: Հայերուն համար չեմ գրած, որ հասկնան: Հայը շովինիզմ կ’ընէ, շատ լավ, թող ընէ, ես ալ շովինիզմ կ’ընեմ: Բայց մէկ տեղ կայ, ուր շովինիզմ չեմ կրնար ընել: Հայերը չեն ընդունիր բացատրութիւնս: Մէկ հատ գոնե երգեցէք, կ’ըսեն: Իլ սոն թոմպէն ինչո՞ւ հայերէն չեղաւ, կ’ըսեն: Բայց ի՞նչ պիտի շահի հայը, եթէ հայերէնով երգէի»:

Իսկապես, մեծ հայորդու հետ անհնար է չհամաձայնվել...

 

Վահագն Սարգսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ