ՇԱՂԻԿԸ, որ «Երևանում կարոտում է Թեհրանը, Թեհրանում՝ Երևանը»
«ՀԱՅԵՐ»-ը իրանահայ Շաղիկ Ամիրյանի հետ՝ Հայաստանի, Իրանի, մեր ու նրանց մասին…
Իրանահայ Շաղիկ Ամիրյանի ծնողները դեմ չէին իր՝ Հայաստան տեղափոխվելուն, թեպետ հորդորում էին մեկնել Կանադա, որտեղից ստացել էր համալսարան ընդունվելու հրավերը: Շաղիկը փոխարենը նախընտրեց սովորել Հայաստանի ամերիկյան համալսարանում և ապրել հայրենիքում՝ փորձելով ինչ-որ կերպ նպաստել երկրի զարգացմանը:
Շաղիկը պատմում է, որ թեպետ սփյուռքահայերը միշտ մտածում են, թե Հայաստանը վարդագույն երազների երկիր է, ու թվում է, թե ցանկացած բան հայրենիքում շատ հեշտ է ստացվելու, գալով այստեղ՝ հասկանում են, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:
Շուրջ երեք տարի է, ինչ իրանահայ աղջիկն ապրում է Երևանում ու ցանկություն չունի Հայաստանից հեռանալու: Այստեղ ստացել է արդյունաբերական ճարտարագետի որակավորում և արդեն աշխատում է: Սկզբնական ժամանակաշրջանում ամենադժվարը լեզվի խնդիրն էր. «Հայերեն սովորել էի ու գիտեի (Թեհրանի ամբողջ հայ համայնքը հայերեն գրել-կարդալ գիտի), բայց այստեղի առոգանությանը հարմարվելը դժվար էր: Ես կարող էի մի բան ասել, և ինձ սխալ հասկանային, միտքը չըմբռնեին»:
Շաղիկը Հայաստանում ոչ մի ծանոթ չուներ, երբ որոշեց այստեղ տեղափոխվել. պատմում է, որ միանգամից նոր շրջապատ մտավ: Առաջին ընկերները, որոնց հետ մինչ այսօր էլ մտերիմ է, Ամերիկյան համալսարանից են եղել: Հենց նրանց բաց ընդունելության շնորհիվ է, որ նոր հասարակությունում ինտեգրվելու խնդրի չի առնչվել: Ի դեպ, բաց ընդունելությունն ու ջերմ մտերմությունը հենց այն կողմերն են, ինչը Շաղիկին շատ դուր է գալիս հայաստանաբնակների մեջ:
«Հայաստանում ավելի հեշտ է մենակ ապրելը: Այստեղ մենք մեզ ավելի վստահ ու հանգիստ ենք զգում, գիտենք, որ հայրենիքում ենք: Երևանը փոքր քաղաք է ու սա շատ լավ է, ավելի ապահով է»,- կիսվում է Շաղիկը տպավորություններով:
Իրանահայ աղջիկը մինչև Հայաստան գալը կրթություն ստացել է Թեհրանի ազգային համալսարանում, որն աշխարհում յոթերորդ լավագույն համալսարանն է համարվում, սակայն չի սիրում, երբ իրեն խնդրում են համեմատել հայաստանյան ու իրանյան կրթությունը, քանի որ նախ և առաջ կա համալսարանների մասշտաբային տարբերություն. «Ամեն դեպքում, եթե համեմատենք, այնտեղ ուսանողները չեն սովորում, որ բոլորը «A» ստանան, այլ սովորում են գիտելիքի համար: Այնտեղ դասի նստելիս անգամ ուսանողներից կարող ես բան սովորել: Հայաստանում ինձ համար շատ անսովոր էր, երբ ուսանողն ամբողջ ընթացքում ոչինչ չի սովորում, վերջում անգիր է անում և «A» է ստանում: Սա որակը գցում է: Այն չորս տարին, որ Թեհրանում էի սովորել, իսկական համալսարան էր, իսկ այս երկու տարին դպրոց էր ինձ համար»:
Ըստ Շաղիկի՝ տարբերությունը նրա մեջ է, որ Թեհրանում շատ դժվար է համալսարան ընդունվելը: Նրա համար նաև տարօրինակ էր դասավանդման ձևը՝ թելադրության տեսքով: Պատմում է, որ Թեհրանում դասախոսը խոսում է, իսկ ուսանողները միայն բանալի-բառերն են գրի առնում: Այսպիսով՝ ուսանողը ոչ միայն կլանված գրում է, այլև լսում է, թե դասախոսն ինչ է պատմում:
Միևնույն ժամանակ Շաղիկը նաև նկատում է հայաստանյան կրթության լավ կողմերը. սիրում է խմբակային աշխատանքները, իրար հետ աշխատել սովորելը. «Ամերիկյան համալսարանի սեմինարները շատ եմ հավանում, հատկապես, երբ տարբեր երկրներից են գալիս, և անվճար: Թեհրանում սեմինարներ կազմակերպում են, բայց թանկ են: Ամեն մարդ չի կարող գնալ, կամ ամեն անգամ չի կարող գնալ»:
Շաղիկն անմասն չի մնացել նաև աշխատանք գտնելու հետ կապված խնդրից: Նա նույնպես կարծում է, որ Հայաստանում աշխատանք գտնելը բավականին դժվար է: Ենթադրում է, որ սա կախված է նրանից, որ փոքր երկիր է, ու աշխատատեղեր քիչ կան: Հատկապես դժվար էր աշխատանք գտնել իր մասնագիտությամբ. «Հիմա ամենը գրեթե ծրագրավորման ոլորտից է: Ես տեսնում եմ, որ ՏՏ-ն այստեղ շատ լավ է զարգանում, ու այս ոլորտում կարիերայի աճի հնարավորություններ կան: Սակայն գործարանները շատ քիչ են»:
Շաղիկը նաև նկատել է, որ այստեղ աշխատանքի հարցում մեծ դեր է խաղում ծանոթ ունենալը: Իրանում նույպես կարելի է հանդիպել այս երևույթին, սակայն այստեղ ավելի շատ է ու երևացող: Դժվարություններից էր նաև ռուսերենի խնդիրը, քանի որ սփյուռքահայերը հիմնականում չեն սովորում ռուսերեն, իսկ շատ հայկական ընկերություններ ռուսերենի իմացությունը համարում են պարտադիր գործոն:
«Ես այստեղ ընկերներ ունեի, որ արդեն գնացել են Հայաստանից՝ աշխատանքի խնդրի պատճառով, բայց ոչ ոքի չի կարելի մեղադրել, որովհետև ամեն մարդ իր կյանքն ունի: Կարելի է ապրել դրսում, բայց այնտեղից շատ ավելի օգտակար գործ կատարել Հայաստանի համար: Եթե ֆիզիկապես ներկայությունդ այստեղ ապահովել չի ստացվում, իմ կարծիքով, սխալ չի դրսում ապրել, բայց, իհարկե, չմոռանալ երկրի մասին»,- կարծում է Շաղիկը ու հավելում, որ թեպետ Հայաստանում հնարավորությունները քիչ են, դրանք պետք է ստեղծել: Շաղիկն ինքը ընկերների հետ այստեղ մասնակցել է “Teach Surfing” ծրագրին, որի ժամանակ ճամփորդության հետ մեկտեղ կամավոր կազմակերպում են սեմինարներ՝ ցանկացած թեմայով:
Սփյուռքահայերի՝ Հայաստան վերադառնալու ամենամեծ խոչընդոտն աշխատանքի հետ է կապված, որովհետև բոլորը մտածում են, թե Հայաստան գալով ինչով են զբաղվելու. «Եթե «Repat Armenia»-ի պես կազմակերպությունները, որ օգնում են Հայաստանում տեղավորվել ու ապրել, շատանան, ավելի շուտ կլուծվի հայրենադարձության խնդիրը»,- համարում է Շաղիկը, սակայն հավելում է նաև, որ անհրաժեշտություն չկա, որ հայությունն ամբողջությամբ մշտական վերադառնա Հայաստան. կարևորն այն է, որ կապ ստեղծվի հայրենիքի հետ. «Գլոբալիզացիայի դարաշրջանում հնարավոր չէ մշտական մի տեղ մնալ: Կարելի է պարզապես դրսից աջակցել, օգնել երկրին ինչ-որ կերպ»:
Անդրադառնալով Հայաստանի իրանցի զբոսաշրջիկներին, որը շատ հաճախ է Հայաստանում քննարկման առարկա դառնում, Շաղիկը ցավով նշում է, որ կարծես հիմնականում Իրանի մի քիչ ավելի այլ խավի մարդիկ են գալիս այստեղ. ոմանք որոշ վարքագծով կարծես թե գցում են երկրի անունը. «Ես իրենց Իրանում գրեթե չեմ հանդիպում: Երբ այստեղ որևէ մեկի հետ խոսում ես իրանցիների մասին, վատ բաներն է հիշում, սակայն Թեհրանում ապրելով՝ նման բաներ իրանցիներից դժվար թե նկատես»:
Դրսից Իրանը շատ ավելի փակ է թվում, բայց այդպես չէ, ասում է Շաղիկը: Իրանում կան սահմանափակումներ, օրինակ՝ հագուստի հետ կապված (չի կարելի բաց հագուստ կրել), բայց դա չի խոչընդոտում մարդկանց ազատությանը. «Այնտեղ այնքան հետաքրքիր կին սթարթափներ կան, որ այստեղ չես հանդիպի: Գենդերային հավասարություն ասվածը Իրանում ավելի ցայտուն է: Այստեղ ինձ հարցնում են՝ Իրանում կանայք մեքենա վարու՞մ են, այնինչ այնտեղ արդեն 50-60 տարի է, ինչ կանայք վարում են մեքենա. շատ ավելի շուտ, քան Հայաստանում»:
Տարվա ընթացքում մի քանի անգամ Թեհրան գնալն արդեն սովորական է դարձել Շաղիկի համար. ծնողներն այնտեղ են ապրում, այցելում է նրանց, երբ ազատ ժամանակ է գտնում: Թե՛ Երևանը և թե՛ Թեհրանը հարազատ է համարում. բնավորությամբ շուտ է հարմարվում նոր տեղերին, բայց, միևնույն է, Երևանում կարոտում է Թեհրանը, Թեհրանում՝ Երևանը:
Երանում Շաղիկը շատ սիրում է հին շենքերն ու փողոցները, շատ ափսոսում է, որ դրանք գնալով քանդվում են: Ազատ ժամանակ սիրում է շրջել փողոցներով և թեյատուն այցելել: Շաղիկը, սակայն, նկատել է նաև Երևանի մաքրության խնդիրը. չի սիրում բարձրահարկերի աղբատարները, որոնք և՛ կեղտոտում են քաղաքը, և՛ տհաճ հոտ են արձակում:
Իրանահայ աղջիկը երազում է, որ մարդիկ Հայաստանում ավելի հեռուն մտածեն և դուրս գան կաղապարներից, սակայն միևնույն ժամանակ լավատեսությամբ ու ժպիտով նկատում է, որ նոր սերունդը շատ է փոխվել. ավելի համարձակ է և ռիսկի դիմող:
Աննա Խաչատրյան