Արաքս Փաշայանը
արաբագետ
արևելագետ է:
Արևելագիտության
ինստիտուտի
փորձագետ է,
նաև՝ Երևանի
պետական
համալսարանի
դոցենտ:
Փորձաշրջան է
անցել
արաբական
երկրների
մի շարք
գիտական ու
ուսումնական
կենտրոններում:
Աշակերտել է
Հայաստանում
արաբագիտության
դպրոցի
հիմնադիր
պրոֆեսոր
Նիկոլայ
Հովհաննիսյանին:
Հեղինակ է
մի շարք
գրքերի
և հարյուրավոր
հոդվածների,
որոնք
նվիրված են
արաբական
երկրների
նորագույն
շրջանի
պատմությանը,
արաբական
երկրների
հայ
համայնքներին,
ինչպես նաև
քաղաքական
իսլամին:
«Տարածաշրջանը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ արժեքներին»
Վեց տարի առաջ սկսված «Արաբական գարունը» կարծես թե իսկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ խոսքի, սոցիալական հավասարության ու արդարության, տնտեսական ու քաղաքական առաջընթացի համար սկսված շարժում էր, որն ի հայտ եկավ կուտակված բազմաթիվ համակարգային խնդիրների արդյունքում: Թերևս այս տեսանկյունից միայն «արաբական գարունը» կարելի է նույնականացնել զարթոնքի հետ:
Սակայն զարթոնքը միանգամայն այլ ընթացք ունեցավ: Միգուցե այն պատճառով, որ արաբամուսուլմանական հասարակություններում խոր արմատներ ունեցող պահպանողական ու կրոնական ավանդույթները, ցեղային ու կլանային համակարգի տարրերը, ինչպես նաև կարծրատիպային ու կրոնամոլ աշխարհընկալումները խոչընդոտեցին արդիականացմանը:
Մյուս կողմից, արտաքին կամ տարածաշրջանային այն ուժերը, որոնք ձգտում էին իրավիճակը վերցնել սեփական վերահսկողության տակ և վերաձևել ստատուս քվոն, շահագրգռված չէին տարածաշրջանի առաջընթացով ու արդիականացմամբ: Հազիվ թե Քաթարը, Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան, որոնք հանցավոր են նույն Սիրիայի փլուզման հարցում, ցանկանային, որպեսզի Սիրիան դառնար արդի ժողովրդավարական պետություն:
Որտե՞ղ էին ծնվել «արաբական գարնան» սցենարները: Արդյոք կարող էի՞ն այս շարժումներն անակնկալ լինել մեծ տերությունների, նրանց ուղեղային կենտրոնների, հատուկ ծառայությունների համար:
Կան հարցեր, որոնց պատասխանը կտա ժամանակը: Թե ո՞ր պետությունները կամ ուժային կենտրոնները նպաստեցին, որպեսզի «արաբական գարուն» լինի, դժվար է ասել, բայց հայտնի են այն պետությունները, որոնք արաբական մի շարք երկրներում հետագայում ի հայտ եկած դրամատիկ զարգացումների անմիջական պատասխատուներն են: Ամեն դեպքում, քիչ հավանական է, որ առանց արտաքին միջամտության հեղափոխական ալիքը դոմինոյի էֆեկտով տարածվեր, քանի որ տասնամյակներ շարունակ իշխող վարչակարգերին հաջողվել էր ոչ միայն պահպանել իշխանությունը, այլև այն փոխանցել կամ մշակել փոխանցման կայուն մեխանիզմներ:
Կարծել, որ հնարավոր է ժողովրդավարություն թելադրել ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Միջին Արևելքին, հաշվի չառնելով ժողովուրդների հոգեկերտվածքը, ավանդույթները, դավանանքները, գաղափարախոսությունները՝ մանավանդ Միջին Արևելքի պարագայում դա քաղաքական անհեռատեսություն է կամ ուղղակի՝ նոնսենս: Միջին Արևելքը քաղաքակրթական առումով միանգամայն այլ արեալ է, որտեղ խոր արմատներ ունեն արևմտյան քաղաքակրթությանը ոչ այնքան հարիր իսլամը, նաև՝ մուսուլմանական ու ցեղային տարաբնույթ արժեքային համակարգերը: Արևմտյան տիպի ժողովրդավարություն Միջին Արևելքում ընդհանուր առմամբ այդպես էլ չհաստատվեց և մոտ ապագայում հազիվ թե հաստատվի: Բոլոր փորձերը, կարելի է ասել, ձախողվեցին:
Մյուս կողմից, Արևմուտքի կողմից Միջին Արևելքում ժողովրդավարության ներդնումը կարելի է համարել տարածաշրջանի նեոգաղութացմանը միտված հերթական քայլ, որն, ըստ ամենայնի, նպատակ ունի տարածաշրջանի իր դաշնակիցների օգնությամբ ստեղծված անկայունությունն ու հակասություններն օգտագործել՝ վերահսկելու տարածաշրջանը, նրա կոմունիկացիաներն ու ռեսուրսները:
Իսլամն ու արևմտյան ժողովրդավարությունը տարբեր հասկացողություններ են, տարբեր արժեքային համակարգեր, շատ դեպքերում՝ միմյանց հակոտնյա: Իմ պատկերացմամբ, միայն այն դեպքում Միջին Արևելքն ընդհանրապես կարող է արդիականանալ, եթե կրոնն ու պետությունը միմյանցից բաժանված լինեն: Ահա այս դեպքում և միայն աշխարհիկ իրականության մեջ հնարավոր կլինի մրցունակ քաղաքական ու տնտեսական համակարգեր ներդնել, սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնել, զարգացնել կրթության համակարգը՝ մաքրելով այն կրոնամոլության տարրերից և այլն: Մինչդեռ այսօր Միջին Արևելքում իսլամը նոր զարթոնք է ապրում: Մուսուլմանական աշխարհը հայտ է ներկայացրել վերադառնալու ճշմարիտ Ումմա՝ նոր շունչ հաղորդելով միջնադարյան իրավական, սոցիալական և բարոյական արժեքներին: Այստեղ երբեք չեն դադարել ղեկավարվել շարիաթով կամ գոնե նրա առանձին դրույթներով:
Այսօր իսլամական զարթոնքը շատ դեպքերում աչքի է ընկնում ամենակոշտ, ծայրահեղական ու արմատական ելևէջներով, ինչի ապացույցը վերջին շրջանի ջիհադական ռազմաքաղաքական կառույցների գործունեությունն է, շատ ու շատ արմատական իմամների քարոզչությունը, հասարակական առանձին շերտերի հարաճուն կրոնականացումը անգամ Եվրոպայում և այլն, ինչը կարելի է դիտարկել նաև որպես պատասխան Արևմուտքից և արևմտյան արժեքներից եկող մարտահրավերներին: Այնպես որ, իսլամը կա և կմնա տարածաշրջանի ինքնության և զարգացման ամենակարևոր բաղկացուցիչն ու հասարակական գիտակցության հենքը:
Ինձ համար ամենաանհասկանալին այն էր, որ «արաբական գարնանը» նախորդած և հաջորդած տարիներին Արևմուտքը մինչև վերջ աջակցեց Միջին Արևելքի կրոնականացմանը, հետընթացին ու քաոսին՝ ի վերջո նպաստելով տեղերում ազգային անվտանգության համակարգերի փլուզմանը կամ թուլացմանը: Ի վերջո, արաբական աշխարհի ավտորիտար իշխանությունները, նաև Արևմուտքի հետ համագործակցության շնորհիվ, տասնամյակներ շարունակ կարողանում էին անսասան պահել տարածաշրջանի անվտանգությունը: Հազիվ թե Արևմուտքը չէր հասկանում, որ ջինը չպետք է շշից դուրս գա: Ուրեմն ի՞նչ փոխվեց:
Միջին Արևելքն իրականում մի մեծ խճանկար է, որտեղ ապրում են էթնիկ, կրոնական ու դավանական բազմաթիվ համայնքներ, որոնց միջև գոյություն ունեցող խորքային խնդիրները ցանկացած անկայունության դեպքում արագորեն գլուխ կբարձրացնեն, ինչպես դա եղավ «արաբական գարնան» ու դրան հաջորդած դեպքերի արդյունքում: Միթե Սադդամ Հուսեյնի օրոք Իրաքն ուներ այսօրվա խնդիրները: Իհարկե՝ ոչ: Ուրեմն, նույն ԱՄՆ-ը պատասխանատու է Իրաքում ստեղծված քոասի համար: Մյուս կողմից, ոչ պակաս անհասկանալի է նույն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ գերտերությունների կողմից Միջին Արևելքում երկակի չափանիշների քաղաքականությունը: Վաշինգտոնը պայքարում է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ՝ միևնույն ժամանակ սերտորեն համագործակցելով Սաուդյան Արաբիայի հետ, որն իսլամական արմատական գաղափարախոսություններ, մասնավորապես վահաբականություն արտահանող ամենամեծ երկիրն է:
Ի վերջո «արաբական գարնան» շղթայի երկրների ժողովուրդները, հասարակությունները չդարձան ավելի բարեկեցիկ, ավելի լավը այսպես կոչված «զարթոնքի» ալիքների արդյունքում: Իրականում արաբական իսլամական աշխարհը վիթխարի կորուստներ կրեց, նրա զարգացումը մի քանի տասնամյակ հետ ընկավ, ի հայտ եկավ նոր ֆենոմեն՝ Դաիշը, արաբական բազմաթիվ հասարակություններ, հատկապես՝ սիրիական, մեծ ցնցումների ենթարկվեցին: Մենք ականատես եղանք մարդկային ողբերգության ու դժբախտության:
Միջին Արևելքում առկա իրավիճակի համար պատասխանատվություն են կրում առաջին հերթին տարածաշրջանի պետությունները, ինչպես օրինակ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Իրանը և այլն, որոնցից շատերի միջև տարիներ շարունակ եղել է սուր մրցակցություն՝ հանուն առաջատար դիրքերի: Իսկ մեծ տերությունները սիրում են օգտագործել ներքին հակասությունները:
Կարծում եմ, տևական ժամանակ է պետք, որպեսզի Միջին Արևելքը վերագտնի իր խաղաղությունը և կայունությունը: Շատ կարևոր է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի դերը, նրանց մոտեցումների ընդհանրությունը: Միջին Արևելքը հիշեցնում է մի գաթա, որից բոլորն իրենց բաժինն են ուզում: Տարածաշրջանի հետագա խնդիրներն էապես կախված են մեծ պետությունների ու տարածաշրջանի ուժային կենտրոնների երկխոսությունից: Արդյոք նրանք կկարողանան պայմանավորվել առկա խնդիրների շուրջ, ցույց կտա ժամանակը:
Այս ընթացքում անընդհատ հնչել են նաև հարցեր, թե ի՞նչ պետք է անեինք մենք, ի՞նչ չարեցինք, ի՞նչ պետք է անենք՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները մեր մեծ տարածաշրջանում:
Մենք Մեծ Մերձավոր Արևելքի մի մասն ենք: Ամեն ինչ թվում է հեռու, բայց իրականում շատ մոտ է: Բայց ահա Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությունը բավական տխուր վիճակում է: Դա առանձին թեմա է: Ինչ վերաբերում է համայնքներին, նրանք, առավել քան այսօր, ունեն անկախ Հայաստանի աջակցության կարիքը: Իսկ թե որքանով ենք տեր կամ տեր կլինենք նրանց, վիճարկելի է: Բայց ամենացավալին այն է, որ մենք ձախողվեցինք հայրենադարձության հարցում, ինչպես ձախողվել ենք պետականաստեղծման և հարակից բազմաթիվ հարցերում: Մենք չկարողացանք Հայաստանում պահել ո՛չ իրաքահայերին և ո՛չ էլ սիրիահայերին՝ չհաշված հատուկենտ դեպքեր: Չօգտագործեցինք նրանց ռեսուրսը, փորձը, հմտությունները և այլն:
Մենք օգնեցինք, որ այն մարդիկ, որոնք ուզում էին հաստատվել Հայաստանում և հայ մնալ, հեշտությամբ տեղափոխվեն այլ երկրներ՝ ձուլվելու հեռանկարով: Ինչևէ: «Արաբական գարունը» կործանարար վնաս հասցրեց նաև հայ համայքներին, առաջին հերթին՝ Սփյուռքի մայր համայնքին՝ Հալեպին: Տասնամյակներ առաջ Միջին Արևելքի մեր համայքներում սկսված արտագաղթին և բազմաթիվ այլ խնդիրներին գումարվեցին վերջին շրջանի դեպքերը՝ փաստորեն ազդարարելով Միջին Արևելքի հայ համայնքների ոսկե դարի ավարտը:
Արաքս Փաշայան