Գայանե Հովհաննիսյան
Գայանե Հովհաննիսյան

 

Դասավան-

դում է

Օմանի

Բարձրա-

գույն

Տեխնոլո-

գիական

Քոլեջում:

 

Ստացել է

բանա-

սիրության

դոկտորի

գիտական

աստիճան,

մասնա-

գիտանալով

ընդհանուր

և կիրառական

լեզվա-

բանության

ոլորտում։

 

Գիտական

ուսումնա-

սիրությունները

և աշխատան-

քային

գործունե-

ությունը

նվիրված են

գիտակցության

հոգելեզվա-

բանական

խնդիրների,

լեզուների

յուրացման

և ուսուցման

ուսումնա-

սիրությունը։

 

Զբաղվում է

տարբեր

երկրներում

լեզվա-

բանական

կրթության

կազմակեր-

պման  և

միջմշակու-

թային

հաղորդակցման

հարցերով։

 

 

«Տեսանելի դարձնել բոլորիս առաջիկա տարիների անելիքը...». ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Այս օրերին, երբ երկրի մշակույթի և կրթության մասին տարբեր քննարկումներ են տեղի ունենում և տարբեր կարծիքներ են հնչում, ակնհայտորեն պարզ է դառնում, որ բախվում են աշխարհի տարբեր մոդելներ, ինքնություններ և աշխարհայացքներ, որոնց տերերը բացարձակապես համոզված են իրենց գիտելիքների և ունակությունների կենսական անհրաժեշտության հարցում։

Ուզում ես հասկանալ, թե այսօր ո՛ր ինքնությունը կգերիշխի. այն, որ նախորդ իշխանության պես ուժեղ թելադրողական դի՞րք ուներ (ու այնքան էր խեղճացրել- ճնշել, մինչև մարդկանց ինքնությունից «յոլա» գնացող գորշություն ու էշի փալան էր թողել), թե՞ կձևավորվի մեկ այլ՝ բազմագույն, բազմաշերտ, հարուստ ինքնություն, որը սիրով կներառի և կընդունի իր հայ լինելու բոլոր տեսակներն ու խոսվածքները, հայի բոլոր կենսաձևերն ու անգամ մտայնությունները։ Չէ՞ որ մենք այսօր այնքա՛ն տարբեր ենք մեր ապրած երկրներում ձեռք բերած հոգևոր պատկերացումներով, մեր նիստուկացով, հմտություններով և ունակություններով։

Լայն որ նայենք, արտագաղթի մեջ մի լավ բան կա:

Մարդիկ գնում էին փորձով տեսնելու իրենց և ուրիշի լավն ու վատը, վերգտնելու իրենց ինքնության այն գույները, ձայները, որոնք խունացել, խլացել ու լռել էին ետևում մնացած միջավայրում։ Ոմանք կարողանում են հարմարվել միջավայրի թելադրանքին, մյուսները կարողանում են փոխել միջավայրը, բայց բոլորն ուզում են չդավաճանել իրենց։

Շատերը գնացին անվերադարձ, որովհետև կայացան, արմատ ձգեցին այլ երկրներում։ Մյուսներն ապահով են զգում իրենց, երբ ոտքի մեկը դրսում են պահում, երրորդներն, ինձ նման, գնում են սովորելու, աշխատելու, իմանալով որ գալու են տուն։

Աշխարհին հաղորդակից լինելու բոլոր ձևերն են անհրաժեշտ, և ես երբեք իմաստ չեմ տեսել գնացողներին խղճալու կամ մեղադրելու մեջ։ Դա նույնն է, ինչ մեղադրես և խղճաս նրանց, ովքեր կամա թե ակամա մնում են։ 

Հայի ի՛նչ տեսակ ասես, որ չկա՝ տարբեր կրոնի, կլիմայի, լեզվի ու քիմքի վարժված։ Ավելի լավ չէ՞, որ մտածենք մեր տարբերություններո՛վ հպարտանալու մասին։

Աչքս բացել եմ ավանդապահ երևանցու ընտանիքում, գյուղերի հետ սերտ ազգակցական կապերի մեջ։  Այն ժամանակ ռուսական ազդեցությունն էր գերիշխում, հետո եվրոպական լեզուներով ու մշակույթով էր լցված մեր կրթության բովանդակությունը։

Մինչև այս երկիրը՝ Օման գալս, համոզված էի, որ մեզ՝ հայերիս համար, շատ կարևոր է սեփականից բացի, ռուսական-եվրոպական մշակույթների, պատմության, գրականության իմացությունը։ Մոսկվայում ասպիրանտուրայի տարիներին ինձ համար հարազատ էր ռուսական մշակույթն ու մտավորականության կյանքը, ապա՝ դրան զարմանալիորեն նման ամերիկյան համալսարանական աշխարհը, որը հենված է ներգաղթյալ բազմազանության վրա, և կրկին Եվրոպան՝ իր ինքնաբավ, հղկված, մոցարտամատ երաժշտությամբ ու արվեստով։

Հատկապես եվրոպակա՛ն քաղաքակրթությունը կարծես մի թել է, որով մենք գալիս ենք միջնադարյան անցյալից, եթե ոչ նեոպլատոնական Դավթի անհաղթ ժամանակներից, զուգահեռվում ենք ճակատագրով մեզ հետ կապված արևելաեվրոպական, խորհրդային մշակույթին և պատմությանը։

Այս անգամ սակայն, Արևելքն ինձ այլ անակնկալ մատուցեց։

Ես իմ մեջ գտա մեր մոռացված արևելյան ինքնությունները՝ հոգևորի, կենցաղի, խոսքի և մտածողության, էլ չասեմ՝ արժեքների այնպիսի շերտեր, որոնց գոյության մասին կամ չէի կասկածում, կամ ֆանտաստիկ երազանքի տեղ էի դնում մտքովս անցած տեսապատրանքները։

Երբ հանդիպեցի այստեղ ապրող սիրիացի ու լիբանանցի հայերի, ինձ համար նոր իմաստ ստացան 1946 թվի ներգաղթյալ իմ հայաստանյան ընկերներն ու ծանոթները։ Եվ ես հասկացա մի կարևոր բան՝ այս հայերը մեզ հետ իրենց հայ լինելուց ավելի շատ են խոսում, քան իրենց այն կյանքից, որն իրենց առօրյան է, բայց հայկական չէ։ Գիտակցության տարբեր շերտեր են, որ միջավայրին հասկանալի լինելու համար խոսում և լռում են ըստ իրադրության։ 

Եվ ահա, արտագաղթի բերումով վերջին մի քանի տարիներն ապրելով արաբական և հնդիրանական մշակույթների հետ շփման մեջ, աշխատելով նրանց հետ, ես հասկացա, որ մենք՝ հայերս, կամ անձնավորեմ՝ ես, սովետական հայս, որ կրթվել է հայ-սովետական ավանդույթով, որ կարևորել ենք մեր սովորած պատմությունը, փիլիսոփայությունն ու գրականությունը, մի տեսակ մոռացել ենք և անտեսում ենք մեր հայ էության մի մեծ, շա՜տ մեծ մասը՝ մեր այն լեզվաաշխարհագրական, մշակութային էությունը, որը եղել է և ապրում է արաբական և հնդիրանական երկրներում բոլոր պատերազմներից և կոտորածներից առաջ։

Ինձ հետ հակառակն էր կատարվում։

Արաբական մշակույթի հետ իմ հին հարազատությունը հետս խոսեց մի առավոտ՝ երբ մոտակա մզկիթից հնչեց «Քելե լաո»-ն։ Դե հիմա արի ու պարզաբանիր՝ նրանք են առաջինն այս մեղեդին երգե՞լ, թե՝ մենք։

Չի հետաքրքրում։

Հետաքրքիրը փաստն էր, և հետո՝ էլի տասնյակ փաստեր լեզվի, խոհանոցի, բարքերի մեջ, որոնք այնքա՛ն խորն են, որքան մեր «այո»-ն է, մեր «վալ-լե»-ն, «Նաիրի»-ն, «աշխարհը» և մեր «աստված»-ը։ Հետո, ինձնից անկախ, մզկիթը եկեղեցի էի անվանում, և ինձ հասկանում էին տեղացիք։ «Ապրիլի 23» փողոցի անունը, իհարկե, պիտի դարձնեի «Ապրիլի 24»... և ստիպված դա էլ պիտի բացատրեի։

Հետո խունկի հայրենիքում մի հին վիմագրության մեջ հայերեն գրեր տեսա՝ այդ կողմերում հայկական ներկայության վկայություն։ Իսկ հետո սկսեցի կազմել իմ հայ-օմանական ընդհանուր բառացանկը։

Ճանաչելու օրինաչափությունն է. քանի դեռ չգիտես, անտարբեր ես, մի քիչ թշնամական։ Երբ սկսում ես ճանաչել, տարբերում ես մնացյալից, և եթե հաղորդակից եղար, ապա առնվազն ընդունում ես մյուսին, սիրում նրա մեջ քեզ հարազատը, սկսում ես օտարն էլ հասկանալ։ Եվ ահա,այս աշխարհում, ուր պատմությունն ասես քնել է հազար տարի և արթնացել քսանմեկերորդ դարում, չեն հասկանում եվրոպական մտքի տրամաբանությունը, ճշգրտեմ՝ չեն ջանում հասկանալ։ Ավելին, թոթափում են և չեն վստահում նրանց, ովքեր փորձում են իրենց կրթվածությամբ և գիտելիքով ճնշում գործադրել գրված պատմություն չունեցող բարի ու խաղաղասեր այս մարդկանց վրա։

Իրենց պետք չէ ձեր արևմտյան գիտելիքը, պետք չեն ձեր փիլիսոփաներն ու տրակտատները։ Առանձնապես չեն ներծծված անգամ իրենց կրոնական և մշակութային հարևանների աշխարհայացքով։ Իրենց իսլամն էլ ուրիշ է (ոչ շիա, ոչ սունի, իբադի են նրանք)։ Եվ բոլոր նրանց, ովքեր փորձում են վերևից նայել, անգամ իրենց բարեկամ անգլիացիներին, նրանք տալիս են մեկ խաղաղ պատասխան. գիտելիքը փոխանցիկ չէ, այն արարելի է։ (Թեև հեղինակը չի խոստացել իր այս հետաքրքիր միտքը հետագայում մանրամասնել, բայց սպասենք այս ինքնատիպ մոտեցման «բացահայտմանը»: Խմբ.):

Արարելի գիտելիքի մասին իմ այս բացատրական թարգմանությունը երեք բառից է գալիս, որ ասել է նրանց առաջնորդը` "Knowledge is renewable". Գիտելիքն արարում են սեփական փորձով, ուսումնասիրությամբ և հետազոտությամբ, այդպես է այն տարբերվում ինֆորմացիայից։ Գիտելիքը միայն սեփական է լինում, այն ինչ «փոխառվում», «փոխադրվում», «վերաշարադրվում», աստված չանի՝ «գողագրվում» է, չի համոզում. պլպլում է, բայց չի ընդունվում։

Ինձ զարմացնում էր, որ միջազգային հաղորդակցման լեզվի՝անգլերենի ուսուցումը կազմակերպում են քերականությունը ծրագրից հանելով։ Հնարավո՞ր բան է։ Պարզվեց, այո։ Անգամ անգլերեն սովորելն են հարմարեցնում իրենց։ Այնքան, որքան պետք է հաղորդակցվելուն, ոչ՝ ավելի։ Թող անգլերենն էլ իրենց հարմարվի, եթե այդքան ուզում է տարածվել։Սակայն, գնահատման և միջազգային նորմերի համապատասխանության պահանջները դրանից չեն թուլանում։ Ում պետք է, կհաղթահարի։

Կասենք՝ ծայրահեղ է, այն էլ մենք՝մեր մաքուր բրիտանական անգլերենի ուսուցման ավանդույթներով, գերկատարելագործված մեթոդներով։ Բայց դե... սա նրանց ազգային լեզվական մտածողությունը և մյուս արժեքները պահպանելու որոշումից է գալիս: Խորը մտածես՝ կասես, որ ուրիշի արժեքն, այո, քեզ համար գործիք դարձրու. եթե աշխատեց, ուրեմն կյուրացնես։ Այսպես, թե այնպես, հաղորդակցումն անխուսափելի է։

Մի կողմից՝ հաղորդակից անոթների օրենքով, հետամնաց ասիացիները լցվում են իրենց կատարելության հարցերով վիճող Գերմանիա և Բրիտանիա, այնտեղ հաստատելու իրենց կենսակերպն ու պահանջելու հանդուրժել այն։ Մյուս կողմից՝ կայացման պայքար են մղում քսաներորդ դարում ծնված ազգերը։ Մի երրորդ կողմից էլ՝ հին ու դարավոր էթնոսներն են որոնում վերածննդի և երիտասարդացման իրենց ուղին։

Գլոբալացման անխուսափելի հոսանքի մեջ պետք է կարողանալ խելացիորեն վարել սեփական նավը։ Իսկ հոսանքը տարընթաց է։

Իհարկե, մերոնք հազարավոր մասնագետներ չեն բերում՝ կրթելու երիտասարդ սերնդին, հազարավոր շինարարներ չեն բերում՝ կառուցելու մեր տներն ու ճանապարհները։ Մերոնք ծեր ժլատի հոգեբանությամբ դրսից եկածը անձնական ներքնակի տակ են պահել, անձերի հատուկենտ հաղթանակներով են պարծեցել, հաղորդակցվել են տարերայնորեն, անձնական խնդիրներ լուծելու համար։

Հիմա կուտակած միջոցները ներքնակի տակից հանելու ժամանակն է, որովհետև դրսից պիտի բերենք մեր երեխաներին, նրանց սովորած վերջին նվաճումերն, ու աշխարհից ներս թողնենք այն լավագույնը, որ մեզ համար բազմանալու, ուժեղանալու ճանապարհ է բացում։ Մեզ շատ է պետք ընդունել հայի տարատեսակը, և շատ է պետք ընդունել այդ փոփոխությունն ամենուր՝ մտածելակերպում, լեզվի մեջ, հոգևոր նախասիրություններում։

Այո, ստիպված կլինենք գրել, ջնջել ու նորից գրել ուրիշներից արտագրած սահմանադրությունն ու օրենքները, մինչև դադարենք ուրիշներին մեզ համար նախադեպ դարձնել, սկսենք չվախենալ և արարել մերը, այն, որում տեղ կա բոլորին, ումից սովորել ենք, ում հետ շփվում ենք և  ում առաջ բաց են մեր դռները։ Այդ կառուցման ճանապարհին պիտի կարևորենք մարդուն, նրա զգացմունքները, նրա բնականոն, խղճի հետ հաշտ և խաղաղ ապրելու իրավունքը։

Օրերից մի օր, ոգեշունչ պատանեկությունս հիշելով, ուսանողներիս, իբր, խրարուսեցի, թե՝ այ երեխեք, աշխուժացեք, պետք է շատ աշխատեք, "work hard"... և մի խելացի աղջիկ, մեղմ ժպտալով ինձ առարկեց, թե ինչո՞ւ «հարդ», միսս, պետք է հարմարավետ լինի սովորելը...

Մեզ պետք է շարադրել և մշակել հաղորդակցման բոլոր ոլորտների բոլոր ընթացակարգերը, և անխոնջ աշխատանքով և լավ հաշվարկով, մինչև վերջին դետալը մանրամասն նկարագրել հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Եվ պետք է ապահովել իրազեկվածության այնպիսի մեխանիզմներ, որոնք բացառեն անտեղյակությունը, այսինքն, իրավակարգային անգրագիտությունը։

Փառք աստծո, գիտելիքի կառավարման տեխնոլոգիաների ներուժն ունենք։

Համալսարաններում և դպրոցներում միայն գիտելիքի կազմակերպումով է հնարավոր կրթությունը վերածել անձի որոնողական փորձառության, որտեղ արարված գիտելիքը ապրված է այնպես, որ տեղ չի թողնում պիտակային որոշումների համար կյանքի և ոչ մի ոլորտում։ Այն հասարակությունը, որ օտարվում է իր բնությունից, ինքն իրեն կառուցում է խմբային պիտակավորման սկզբունքով, մի՛շտ է կանգնած փլուզման աղետի առջև։

Չե՞ք նկատել, թե որքան կայուն են զարգանում բնական ազդեցությունների ենթակա մշակույթները, և որքան անկայուն այն հասարակությունները, որոնց համար բնական սպառնալիքները վերացած են:

Ուսանողուհու հանգիստ առարկությունն էր, որ առջևս բացեց կրթության մեջ մշակույթի, արժեքների, նիստուկացի, էթիկայի ուսումնասիրության անհրաժեշտությունը։ Չէ՞ որ հետազոտական միտքն էլ ազգային նկարագիր ունի։ Ազգային նկարագիր էլ կա, որ հետազոտական միտք չունի։

Սակայն սա ոչ մի կերպ չես մտցնի հորինած տերմինի տակ, մանավանդ, որ տերմին հորինելն արդեն ինքնին սիմպտոմ է։ Ինչև է, այդ փուլի իմ կրթափիլիսոփայական դիտարկումները հենց այնտեղ էլ պտուղներ տվեցին։ Տարին չլրացած, այդ անշտապ, բայց արագ զարգացող երկրում հետազոտել-սովորելու ունակությունը որպես ազգային մշակույթի և կրթության պատրադիր բաղադրիչ ներկայացնելու գաղափարը ծիլեր տվեց՝ գիտաժողովի, քննարկումների և վերջում՝ Օմանի լեզվական կրթության խնդիրներին նվիրված հեղինակավոր ժողովածուի մեջ փաստավերլուծական գլխի տեսքով։

Վասալային կարգավիճակից դուրս գալու և սեփական գիտելիքն արարելու այս հրամայականն այսօր Հայաստանն էլ ունի։

Եվ վստահ եմ, որ այս հեռանկարով ընդունված որոշումները բազմաթիվ խնդիրներ կլուծեն, արդյունքներ տալով արդեն առաջիկա 2-3 տարում, եթե կրթության բոլոր մակարդակներում հետազոտական բաղադրիչը կարևորվի որպես կիրառելի գիտելիքի ստեղծման ուղիներից մեկը։ Որակավորումներն ու դիպլոմները, էլ չասեմ՝ կառքը վարելու ունակությունն ու իրավունքը ներդրված գիտելիքից ածանցված իրողություններ պիտի լինեն, ոչ թե նպատակ կամ փոխանցիկ պիտակ, քանի որ որոնող մարդն է միայն, որ կրավորական չէ, և նա միշտ ուղեծրի վրա է։

Մենք տարբեր ենք, բոլորիս ակնկալիքները՝ տարբեր, բայց այսօր բոլորիս հայացը դեպի տուն է շրջվել։ Մեզ միավորող ոլորտների կազմակերպիչներն այսօր խնդիր ունեն տեսանելի դարձնելու բոլորիս առաջիկա տարիների անելիքը, որպեսզի յուրաքանչյուրս կարողանա շարունակել այն, ինչ անում է, ինչ դեռ պիտի սկսի արարել, և ինչ կիսատ է թողել տանը. տանն անել գիտության՝ աշխարհին մեր նվիրած հայտնագործությունների շարքը և կրթության՝մեր ոչ-ոքի չկրկնող ֆորմատները։

Ահա սա՛ է ինձ համար ապրելու մշակույթը։

 

Գայանե Հովհաննիսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ