«Տեսնես Իսահակյանը Մակիավելլի կարդացե՞լ է...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
«Հարց է ծագում՝ ավելի լավ է լինել սիրվա՞ծ, թե՞ ահազդու, կամ հակառակը: Պատասխանն է՝ ցանկալի է լինել սիրված և միաժամանակ ահազդու, սակայն, քանի որ դժվար է համատեղել սերն ու վախը, եթե պետք է ընտրվի այդ երկուսից մեկը, շատ ավելի հուսալի է լինել ահազդու, քան սիրված: … Նա [տիրակալը] պետք է համատեղի զգուշավորությունն ու մարդասիրությունը, որպեսզի չափազանց դյուրահավատությունը չվերածվի անզգուշության, իսկ չափազանց անվստահությունը՝ անհանդուրժողականության»:
Սրանք հատվածներ են 1469 թ. Ֆլորենցիայում ծնված Նիկկոլո Մակիավելլիի «Տիրակալը» գրքից: Չար լեզուներն ասում են, թե այս անմահ ստեղծագործությունը Մակիավելլին իրականում շարադրել է զուտ Ֆլորենցիայի դուքս Լորենցո դեի Մեդիչիին հաճոյանալու և վերջինիս միջոցով իր անձնական շահերն առաջ տանելու համար: Սակայն, ի հեճուկս մարդկային նվաստ հատկանիշների, անողոք ճակատագիրը միանգամայն այլ ապագա էր պատրաստել Մակիավելլիի և նրա անմահ ստեղծագործության՝ «Տիրակալ»-ի համար: Ցայսօր այս գործը և նաև նրա հեղինակն արժանանում են տրամագծորեն հակադարձ գնահատականների: Շատ հատկանշական է Բենիտո Մուսոլինիի տված գնահատականը՝ «զինված մարգարե»: Ի դեպ, Մուսսոլինին անձամբ է խմբագրել «Տիրակալի» 1930 թ. հրատարակությունը: Երևի սա է այն բազմաթիվ, այդ թվում՝ զգացմունքային, պատճառներից մեկը, որը ծնեց «մակիավելլիզմ» տերմինը: Մինչդեռ, օրինակ, Թոմաս Էլիոթն ասում էր. «Ոչ ոք չի եղել ավելի քիչ «մակիավելլիական», քան ինքը՝ Մակիավելլին»:
Ինչևէ, թողնենք գնահատականներ տալու իրավունքը ժամանակին ու քաղաքագետներին և մինչ մեր իրականությանը գալը, մի քանի մեջբերում ևս կատարենք մեծն ֆլորենտացուց:
«Բոլորը գիտեն, թե ինչ գովասանքի է արժանի այն տիրակալը, որն իր տված խոսքի տերն է և ապրում է ազնիվ կյանքով, այլ ոչ թե խաբեությամբ: Փորձը ցույց է տալիս, սակայն, որ մեր ժամանակներում մեծ գործեր արել են այն տիրակալները, որոնք հաճախ դրժել են տված խոստումները և կարողացել են խաբեությամբ մոլորեցնել մարդկանց և ի վերջո գերազանցել են նրանց, որոնց հավատամքը եղել է ազնվությունը… Կա պայքարելու երկու եղանակ. մեկը՝ օրենքով, մյուսը՝ ուժով: Առաջինը մարդկային է, երկրորդը՝ գազանային, սակայն, քանի որ առաջին եղանակը հաճախ բավարար չէ, ստիպված դիմում են երկրորդին»:
«Այսպես, տիրակալը գազանի որակներ կիրառելու անհրաժեշտության դեպքում պետք է օրինակ վերցնի աղվեսից ու առյուծից: Քանի որ առյուծը անպաշտպան է ծուղակի, իսկ աղվեսը՝ գայլի դիմաց, տիրակալը պետք է լինի խորամանկ աղվես, որպեսզի ճանաչի ծուղակները, և զորեղ առյուծ, որպեսզի վախեցնի գայլերին: Նրանք, ովքեր սահմանափակվում են միայն ուժի կիրառմամբ, չեմ տիրապետում կառավարման արվեստին: Ուստի շրջահայաց տիրակալը չի կարող և չպետք է կատարի իր խոստումը, եթե դա կարող է շուռ գալ իր դեմ, և եթե վերացել են իր խոստումը տալու դրդապատճառները… Տիրակալը դրժումը քողարկելու համար առիթների պակաս երբեք չի ունենա: Կարելի է անվերջ նման օրինակներ բերել հենց մեր օրերից ու ցույց տալ, թե խաղաղության քանի համաձայնություններ, քանի խոստումներ ի չիք են դարձել և առ ոչինչ համարվել տիրակալների նենգության պատճառով, և նրանք, ովքեր ավելի լավ են օգտագործել աղվեսային ձիրքը, օգուտ են քաղել: Անհրաժեշտ է, սակայն, լավ քողարկել այդ ձիրքը և լինել փայլուն կեղծարար ու երեսպաշտ. մարդիկ այնքա՜ն միամիտ են ու պահի հորձանքով ապրող, որ խաբեբան միշտ գտնում է խաբվելու պատրաստ որևէ մեկի»:
«Պետք է հասկանալ, որ տիրակալը, և հատկապես նոր տիրակալը, չի կարող հետևել բոլոր այն հատկանիշներին, ըստ որոնց մարդը համարվում է լավը՝ ստիպված լինելով հաճախ, պետությունը պահպանելու համար, գործել հակառակ արդարության, հակառակ գթության, հակառակ մարդասիրության, հակառակ հավատի: Ուստի անհրաժեշտ է հոգեպես պատրաստ լինել բռնելու այն ճանապարհը, որը քեզ հուշում են ճակատագրի քամին ու իրավիճակի փոփոխությունը, և, ինչպես վերն ասացի, ըստ կարելվույն պետք է չհեռանալ գթությունից, սակայն, անհրաժեշտության դեպքում, պետք է կարողանալ ցավ պատճառել»:
«Մարդկանց մեծ մասը կյանքից գոհ է լինում, երբ իրենից չեն խլում ունեցվածքն ու պատիվը, այնպես որ մնում է պայքարել միայն հավակնոտ փոքրամասնության դեմ, ինչը հնարավոր է անել բազմաթիվ եղանակներով և հեշտությամբ: Արհամարհանքը անկայունության, փոփոխամտության, փափկասունության, վախկոտության, անվճռականության հետևանք է: Այս ամենից տիրակալը պետք է զգուշանա ինչպես անհաղթահարելի խոչընդոտից և այնպես անի, որ իր գործողություններից երևան իր մեծահոգությունը, հաստատակամությունն ու արիությունը, իսկ հպատակների մասնավոր շահերին վերաբերող իր որոշումները լինեն անշրջելի, և պետք է իրեն պահի այնպես, որ ոչ մեկի մտքով չանցնի խաբել կամ շրջանցել իրեն»:
Ահա մի հետաքրքիր մեջբերում տիրակալի անձնական անվտանգության մասին.
«Պետք է բացառեմ թուրք սուլթանին, քանզի նա իր կողքին միշտ պահում է տասներկու հազար հետևակային և տասնհինգ հազար հեծյալ, որոնցից կախված է իր թագավորության անվտանգությունն ու հզորությունը, և անհրաժեշտ է, որ այդ տիրակալը, մի կողմ դնելով բոլոր այլ հոգսերը, պահպանի նրանց բարեկամությունը»:
Մեկ այլ հիշարժան հատված.
«Տիրակալը պետք է ցույց տա նաև, որ արվեստի և արհեստի սիրահար էՙ հյուրընկալելով և պատվելով իրենց ասպարեզի նշանավոր մարդկանց: Բացի այդ, պետք է խրախուսի իր հպատակներին, որ ապահով ծավալեն առևտուրը, գյուղատնտեսությունը և մարդկային գործունեության մնացյալ ոլորտները, որպեսզի ոչ մեկը չվախենա իր ունեցվածքն ավելացնելուց և չմտածի, թե այն իրենից կխլեն, առևտուրն սկսելուց էլ չվախենա բարձր հարկերից: Պետք է նաև խրախուսի նրանց, ովքեր ցանկություն ունեն նման գործունեությամբ զբաղվելու և մտածի ամեն կերպ զարգացնել իր քաղաքը կամ պետությունը: Պետք է, դրանից բացի, տարվա նախատեսված օրերին զվարճացնի իր ժողովրդին տոնակատարություններով ու ներկայացումներով: Իսկ քանի որ ամեն քաղաք բաժանված է համքարությունների ու դասերի, պետք է հաշվի նստի այդ միավորումների հետ՝ ժամանակ առ ժամանակ մասնակցելով նրանց ժողովներին, ցուցաբերելով մարդասիրություն և առատաձեռնություն և միշտ անձեռնմխելի պահելով իր կոչման վսեմությունը, քանզի դա չպետք է նվազի երբեք և ոչ մի պարագայում»:
Եվ մի քանի խոսք էլ տիրակալի նախարարների մասին.
«Տիրակալի համար պակաս կարևոր չէ նախարարների ընտրությունը, որոնց պիտանելիությունը կամ անպիտանությունը կախված են տիրակալի խոհեմությունից: Տիրակալի մտավոր կարողությունների մասին առաջին կարծիքը ստեղծվում է ըստ այն հանգամանքի, թե ինչպիսի մարդկանցով է նա շրջապատում իրեն, և եթե նրանք շնորհալի են և հավատարիմ, կարող է իմաստուն համարվել, քանզի կարողացել է ճանաչել իրենց բարձրության վրա գտնվող մարդկանց՝ պարտականությունների կատարման առումով, և ունակ է եղել պահպանել նրանց հավատարմությունը: Սակայն եթե նրանք այդպիսին չեն, միշտ վատ կարծիք է ստեղծվում տիրակալի մասին, քանզի նրա գործած առաջին սխալը այդ ընտրությունն է»:
Մակիավելլիի «Տիրակալ»-ը գեղարվեստական արձակ չէ, որ քնելուց առաջ հաճույքի համար կարդաս ու հաջորդ օրը քեզ թույլ տաս մոռանալ կարդացածդ: Պետք է կարդալ բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն, պարբերություն առ պարբերություն և ապա դադար տալ ու խորհել: Ես էլ, խորհելու պատրվակով, դուրս եկա տնից ու քայլեցի մեր հին ու նոր Երևանի փողոցներով: Եվ քայլերս ինձ բերեցին Իսահակյանի արձանի մոտ: Կանգնեցի Վարպետի բազալտե կոթողի առջև, մտովի խոնարհվեցի, ու մի հարց ծնվեց մտքումս՝ տեսնես Իսահակյանը Մակիավելլի կարդացե՞լ է: Հարցն ինքնին հռետորական էր, ուստի որևէ պատասխան ակնկալելն անիմաստ էր:
Հետո հայացքս ընկավ Իսահակյանին շրջապատած անճաշակ ու ժամանակավրեպ կառույցներին: Շրջվեցի մեջքով, որ չտեսնեմ: Հանդիպակաց մայթին պիտի որ մեր մեկ այլ Վարպետի՝ Կոմիտասի անունը կրող Կամերային երաժշտության տունը լինի: Չկա… Դարձյալ որևէ հոգևոր արժեքից զուրկ քաղաքային անասնագոմեր են: Եվ հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ հասարակության համար այդքան վտանգավոր «հավակնոտ փոքրամասնությունը», որին մեզանում հաճախ արհամարհանքով «մտավորականություն» են անվանում, անհույս փորձեր էր բանեցնում դիմակայելու այս համատարած անճաշակությանն ու, եթե կուզեք, քաղաքակործան զոռբայությանը: Չհաջողվեց: Տիրակալները, նախարարներն ու ոստիկանություն հորջորջվող տասներկու-հազարանոց զորքն իրենց բարձրության վրա գտնվեցին: Եվ քայլ առ քայլ, հիրավի մակիավելլիական ճշգրտությամբ, առաջ տարան իրենց ծրագիրը: Հանուն իշխանության և ինքնահաստատման: Այսօր Իսահակյանն ու Կոմիտասը ամոթխած ծվարել են շաուրմայանոցների ստվերում:
Մակիավելլիի դասերը մնում են կիրառական առ այսօր: Չար լեզուները նաև ասում են, թե «Տիրակալ»-ը շատ քաղաքական գործիչների սեղանի գիրքն է՝ մեկ այլ մեծ իտալացու՝ Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» պաշտամունքային գրքի հարևանությամբ: Երանի նաև Նոր կտակարանը կամ էլ Իսահակյանի հատորյակը տեղ զբաղեցներ այդ շարքում…
Կրկին շուռ եկա դեպի Իսահակյանը: Եվ նրա հայացքում կարդացի Նիկկոլո Մակիավելլիի բառերը. «Հաղթում է նա, ով համբերատար է»:
Մենք համբերատար ենք: Սա կասկածից դուրս է: Երևի ի վերջո կհաղթենք:
Դավիթ Խաչիյան