«Թոխմախի մետաստազները…». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Սկսեմ զբոսաշրջությունից: Փոքր ինչ ծեծված, բայց հոգեհարազատ թեմա է:
Մեր խելահեղ աշխարհում ամեն տարի ավելի քան մեկ միլիարդ մարդ ճամփորդում է իր տանից դեպի մեկ այլ վայր և դրանով իսկ, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության սահմանման, դառնում զբոսաշրջիկ: Եվ բնական է, որ այս հսկայական քանակական հոսքը բերում է նաև որակական բազմատեսականացման:
Սկզբնական փուլում Թոմաս Կուկը հետաքրքրասեր մարդկանց խմբեր էր հավաքում Լոնդոնում և Արևելյան ճեպընթացով ուղարկում Եգիպտոս՝ բուրգերը տեսնելու և Նեղոսով զբոսնելու:
Հետագայում զբոսաշրջությունը դարձավ շատ բազմազան, որ կարողանա բավարարել միջին վիճակագրական զբոսաշրջիկի միջին վիճակագրական պահանջները:
Ժամանակի ընթացքում զբոսաշրջության լայնահոս գետը բաժանվեց վտակների՝ պատմական, մշակութային, կրոնական, գիտական, երիտասարդական, ընտանեկան, ճարտարապետական, արկածային, գինու և այլ ոգելից խմիչքների, համադամասիրական, ծովափնյա, հեծանվային, և այլն, և այլն:
Գոյություն ունի մարդկային պահանջմունք, որը դրամի առկայության դեպքում դառնում է պահանջարկ, ուստի՝ շուկայի դասական օրենքների համաձայն, գրեթե անմիջապես երևան է գալիս առաջարկը: Վճարիր և ստացիր:
Հայաստանը ներկայացնում է ասպես կոչված ինտելեկտուալ զբոսաշրջային արդյունք, որն իր մեջ ընդգրկում է զբոսաշրջության գրեթե բոլոր տարատեսակները՝ բացառությամբ ծովափնյա հանգստի:
Եվ թող ոչ մեկին չհուսահատեցնի ծովի բացակայությունը: Շատ երկրներ, որոնք բառիս բուն իմաստով հեղեղված են զբոսաշրջիկներով, հենց ինտելեկտուալ զբոսաշրջություն են առաջարկում: Եվ մարդիկ գնում են Ֆրանսիա Էյֆելի աշտարակը և Լուվրը տեսնելու համար հիմնականում: Միայն փոքրիկ մասն է օգտվում ֆրանսիական լողափերից:
Վերջերս զբոսաշրջության մեկ այլ տեսակ է շատ պահանջված դառնում աշխարհով մեկ՝ սև զբոսաշրջությունը (black tourism), որը ներառում է այցելություններ այնպիսի վայրեր, որոնք այս կամ այն կերպ պատմում են մարդկային հոգու և մարմնի տառապանքի մասին՝ երբեմնի բանտեր, լքված բնակավայրեր, պատերազմ տեսած շինություններ, նախկին համակենտրոնացման ճամբարներ, մեռած արդյունաբերական քաղաքներ…
Անգամ Չեռնոբիլ և դրա կողքին գտնվող Պրիպյատ ավան, ուր ժամանակին բնակվում էին չարագուշակ ատոմակայանի աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները:
Եվ հավատացեք, տարեց-տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են այցելում նման վայրեր:
Հուսանք՝ նաև պատմությունից դասեր առնելու նպատակով:
Հայաստանը ևս կարող է նմանատիպ տուրեր առաջարկել:
Ցավոք մեզանում այդպիսի տեղեր շատ կան՝ թալանված գործարաններ, լքված գյուղեր ու ավաններ, պատերազմի բովով անցած շինություններ, տապալված ու անարգված արձաններ, մեռնող գիտական հաստատություններ, իրենց վերջնական պատուհասին սպասող շենքեր ու տներ, վրանային ավաններ, Սպիտակի երկրաշարժը չարագուժող վայրեր…
Բայց ամենաակնառու վայրերը, որոնք օր-օրի ծաղկում ու բարգավաճում են, մեր գերեզմանատներն են՝ սփռված ողջ Հայաստանով մեկ:
Այս թեման նոր չէ մեզանում: Տարիներ առաջ փորձ արվեց տնտղել հասարակական կարծիքը՝ պարզելու համար հայերիս վերաբերմունքն այս երևույթի հանդեպ: Անգամ առաջարկություն արվեց աստիճանաբար անցնել դիակիզմանը, որը, սակայն, ցավոք, դեմ առավ եկեղեցու բավականին ագրեսիվ հակազդեցությանը՝ հիմք ընդունելով Հին կտակարանի «Հող էիր և հող դարձիր» անեծքը:
Բայց ի՜նչ լավ կլիներ, եթե մենք մեզ հետ բարոյախրատական որևէ աղերս չունեցող Հին կտակարանի փոխարեն Հիսուսի ուսմունքի ամենակերևոր ուղերձով առաջնորդվեինք, այն է՝ սիրո պատգամը: Իտալացիները պակաս աստվածապաշտ չեն, որ արդեն գրեթե համատարած անցնում են դիակիզմանը: Նրանք պակաս չեն սիրում իրենց անցավորներին, բայց նախընտրում են հրաժարվել մեռած քաղաքների վերածվող գերեզմանոցներից, քանի որ մայր հողն էլ աստվածային պարգև է, ուստի պետք է հողին էլ սիրով վերաբերվել:
Եվ ընդհանրապես, ամեն ինչ հիրավի չափի մեջ է գեղեցիկ: Եվ «շաբաթն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար»:
Բոլորս էլ անցավոր ենք և բոլորս էլ անցավորներ ունենք, որոնց սիրել ենք և շարունակելու ենք սիրել ու կարոտել: Բայց, հավատացե՛ք անցավորիս, անգամ սերը չափի մեջ է գեղեցիկ:
Եկեք միասին անցնենք մեր հանրահայտ գերեզմանոցներով, որոնք շրջապատել են քաղաքը: Տխուր հուշերն ու զգացմունքները խառնվում են իրարամերժ ապրումների հետ: Բետոններ, քարակուռ դամբարաններ, մետաղական սեղանիկներ ու պահարաններ և, իհարկե, անսպառ քանակությամբ աղբ: Քայլելու տեղ գրեթե չկա:
Շատ գերեզմանոցներում ձեռներեց տնօրենները հասցրել են անգամ ավտոճանապարհներն ու քայլուղիները վաճառել: Հասիր գերեզմանին ինչպես ուզում ես: Հավաքիր չորացած ծաղիկները, քաղհանիր մոլախոտերն ու նետիր մի կողմ: Քո տարածքից հեռու: Կամ էլ՝ մի քիչ փող տուր ասես գետնի տակից ծլած հավաքարարին, որ մերձավորներիդ գերեզմաններին «լավ նայի»:
Մեռելապաշտություն: Մեծն Նժդեհն էլ էր խոսում մեռելապաշտության մասին և կարևորում այն: Սակայն եկեք կրկին կարդանք մեծ հայրենասերին ու փորձենք հասկանալ նրա միտքը:
Խոսքը մեր նախնիների հերոսության գնահատման ու դրանով նորը ստեղծելու մասին է:
Ավա՜ղ, այսօրվա հայը դա բառացի է հասկացել ու գործի վերածել:
Ես անգամ չեմ ցանկանում խոսել հարցի տնտեսական կողմի մասին. եթե ավելի համեստ լինեինք և իրոք սիրեինք մեր անցավորներին, ապա կբավարարվեինք փոքրիկ մի հուշաքարով՝ կանաչ խոտի մեջ դրված, քան այս գրեթե անհասկանալի ծախսերով ու անճաշակ զոռբայությամբ:
Քանի մարդ գիտենք, որոնք արտագնա աշխատանքի են գնացել, որպեսզի մի քանի կոպեկ աշխատեն ու գերեզման կառուցեն… Քանի մարդ գիտենք, որ հեծեծում են պարտքերի ու վարկերի տակ, որ ավարտին հասցնեն գոնե բետոնային աշխատանքները…
Մի պահ փորձեք դրամի վերածել այս ամենն ու տնտեսագիտորեն նայել այս քարերին ու մահարձաններին:
Տնտեսագիտությունից անցնենք հարցի բարոյական կողմին:
Ավաղ, մեռելապաշտությունն իր ամենատգեղ ձևով շատ խորն է արմատավորված մեզանում: Ավելի հեշտ է լաց լինել Ցեղասպանության թեմայով, քան քայլեր անել, որ այն այլևս երբեք չկրկնվի: Պերճ Զեյթունցյանի բառերով ասած՝ վրեժ լուծել թուրքից՝ նրա աչքի տակ մի հզոր ու գեղեցիկ երկիր կերտելով: Բայց ո՛չ, պետք է ապրել ու տառապել կարոտախտով առ ծովից-ծով Հայաստան, քան փորձել նմանօրինակել Տիգրանին կամ Պապ թագավորին:
Եվ էլ ավելի դժվար է Նժդեհ կարդալ ու հասկանալ մեծ հայի խոսքերն ու գործը:
Մասնավորապես այն միտքը, որ մեռելապաշտությունը գերեզմանապաշտություն չպետք է դառնա:
Բայց, ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, կարկուտը խփած տեղն է խփում: Եվ, եթե վիճակդ վատ է, ապա իմացի՛ր, որ հաստատ ավելի վատ կլինի: Մեզ քիչ են թոխմախներն ու մյուս անծայրածիր դամբարանադաշտերը: Եթե դու քո հաղթանակին տեր չես կանգնում, ապա շատ շուտով պարտվող կդառնաս: Մենք թոխմախների հախից չեկանք, այլ տարեց-տարի ավելի ու ավելի շենացրինք դրանք (փոխանակ երկիրը շենացնելու): Թոխմախներն էլ ուժ ու հանդգնություն առան ու հակագրոհի անցան՝ այս անգամ ողջ Երևանով:
Առաջներում մատների վրա կարելի էր հաշվել Երևանի կենտրոնի շքամուտքերի մոտ փակցված համեստ քարե հուշատախտակները, թե՝ այս շենքում այսինչ թվից մինչև այսինչ թիվն ապրել է հայ մեծանուն այսինչը…
Այսօր արդեն գրեթե ամեն շքամուտքի մոտ մի քանի նմանատիպ քարե սալատախտակներ են՝ եռալեզու, ինչպես որ պահանջում է ժամանակի ոգին: Մեծ, անճաշակ ու աչք ծակող: Դե ի՞նչ, մոդա է ու, երևի, լավ բիզնես անտաղանդ ճարտարապետների ու կոռումպացված քաղաքամայրային պաշտոնյաների տանդեմով:
Հնդկական սերիալների շարունակվող ձնծաղիկները, որոնք կշատանան ու կբազմանան մեր սուրբ և պարարտ հողի վրա:
Անցնում ես փոքր կենտրոնով ու աջուձախ համատարած այդ հուշատախտակներն ես տեսնում՝ նախկին նախարարներ և փոխնախարարներ, ինչ-որ անհասկանալի զինվորականներ, ինչ-որ թղթակից անդամներ ու ավագ գիտաշխատողներ…
Հիրավի, Թոխմախի մետաստազները Երևանում:
Պաշտե՛ք մեռելներին ու լա՛ց եղեք: Հետո յոթն արեք, հետո՝ քառասունքը, հետո՝ տարին: Ու մոռացե՛ք, որ ձեզ տրված էր մեծ գործեր անել ու ԵՐԿԻՐ կառուցել: Գնացե՛ք արտագնա աշխատանքի, որ արյուն-քրտինքով, ձեր կենդանի ու ձեր կարոտը քաշող հարազատներից կտրված, մի քանի ղուրուշ աշխատեք ու դրանով թոխմախների բետոնն ու քարն ավարտեք:
Դե, եթե Աստված հաջողություն տա (մեռնեմ Աստծո զորությանը…) մյուս տարի էլ կարելի է Չեբոկսարի, Չեյլաբինսկ կամ Ստամբուլ գնալ ու այդ երկու ղուրուշով էլ շքամուտքի կողքի հուշաքարը պատվիրել:
Կրկին՝ փառք տիրոջը. ավտոբուսներ Երևանից ամեն օր գնում են դեպի ռուսաստաններ ու թուրքիաներ:
Մեկ սերունդ հետո այլևս տեղ չի մնալու նոր հուշասալերի համար:
Կարելի է տեղերն աճուրդով վաճառել: Հրաշալի կողմնակի եկամուտ քաղաքային իշխանությունների համար: Ի դեպ, Պանթեոնի տարածքն էլ կարելի է մի քիչ ընդլայնել ու դարձյալ աճուրդով վաճառել: Փողը երբեք շատ չի լինում…
Չնայած գուցե վաճառել են, մենք ենք անտեղյակ…
Եվ ավարտենք Հիսուսի առակով: Ասում էր՝ երբ քեզ խնջույքի են հրավիրում, մի՛ շտապիր ամենաբարձր տեղում նստել, քանի որ կարող է գա տանտերն ու ասի՝ եղբայր, այս տեղն այլ մարդու համար է: Դու գնա ավելի ներքև նստիր: Ավելի լավ է՝ ցածր մի տեղում նստել: Ու, երբ գա տանտերը, կասի քեզ՝ ինչու՞ ես հեռու նստել: Վեր կա՛ց, արի իմ կողքին նստիր: Ու քեզ կհրավիրի նստել իր կողքին: Այդ դեպքում քո պատիվը շատ ավելի կլինի:
Հիսուսը հասկանում էր: Նժդեհը հասկանում էր: Թամանյանը հասկանում էր:
Ի դեպ, եթե չեմ սխալվում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ժամանակին լիքը լավ մարդիկ են աշխատել: Լավ կլիներ տեսնել նրանց անհատական կամ էլ գոնե հավաքական հուշասալը գլխավոր մուտքից աջ: Մի քանի անգամ էլ ես եմ մտել այդ շենքը: Ո՞վ գիտե, միգուցե մի գեղեցիկ օր իմ անունով էլ մի բան դրվի…
Թող լույս իջնի մեր մեծերի գերեզմաններին: Հոգիներին ու ոսկորներին՝ հանգստություն:
Դավիթ Խաչիյան