«Ծիրանենիների ծաղկելու ժամանակը...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Տարիներ առաջ, երբ զբոսաշրջությունը Հայաստանում բուռն ծաղկում էր ապրում, մի քանի առաջատար ընկերություններով հանդիպում խնդրեցինք արտգործնախարարության աշխատակազմից՝ մի քանի կենսական հարցերում պարզաբանում ստանալու ցանկությամբ:
Հիմնական հարցերը երկուսն էին՝
Ա) Ինչպե՞ս ներկայացնել Արցախը Հայաստանը պատկերող քարտեզներում՝ ի՞նչ սահմաններով, գույնով և անվանմամբ: Հարցն այն է, որ այդ քարտեզներով Հայաստանը ներկայանում էր արտերկրում կազմակերպվող ամենաբազմազան զբոսաշրջային հարթակներում, ուստի միասնական և կշռադատված մոտեցումը պարզապես հրամայական էր: Բացի այդ, այդ նույն քարտեզները բաժանվում էին Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, ուստի պետական մակարդակով համակարգումը պարզապես անհրաժեշտություն էր:
Բ) Երկորդ հարցը վերաբերում էր զբոսավարների կողմից Արցախի հիմնահարցի ներկայացմանը, որպեսզի հարցի ներկայացումը լիներ երկրի արտաքին քաղաքականության մոտեցումներին համահունչ:
Առաջարկը հստակ էր՝ ԱԳՆ կողմից տրամադրել տպագիր հուշաթերթիկ, որում ներկայացված կլիներ ՀՀ դիրքորոշումը:
Արտգործնախարարի տեղակալի հետ հանդիպումը լավ անցավ: Նա ուշադիր լսեց մեզ և խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանել մեր հարցերին:
Միանգամից ասեմ, որ պատասխան այդպես էլ չստացանք, ուստի յուրաքանչյուրս քարտեզների և տեղեկատվության ներկայացման հարցում ապավինում էր սոսկ մեր հասարակական պատասխանատվությանը և անվտանգության՝ սեփական ընկալման մակարդակին: Հայաստանում Սերժ Սարգսյանի ժամանակներն էին:
Համակարգված ինստիտուցիոնալ մոտեցումն, ավաղ, այդպես էլ տեղ չգտավ անգամ զբոսաշրջության ոլորտում: Ցանկացած քննարկման ժամանակ հարցերի հարցը մնում էր զբոսաշրջիկների համար հասարակական զուգարանների առկայությունը: Ի վերջո, դա էլ գտավ իր «հանճարեղ» լուծումը՝ աստղաբաշխական գումարով բիոզուգարանների ներկրման տեսքով:
Այս պատմությունը քաջածանոթ է ընթերցողին: Այսօր այդ զուգարաններից այստեղ-այնտեղ դեռ կան՝ պարապուրդի մատնված վիճակում: Բարեբախտաբար, մասնավոր սեկտորն ավելի ճկուն գտնվեց ու գտավ հարցի տրամաբանական և ամբողջ աշխարհում աշխատող լուծումը՝ զուգարաններ ամեն քայլափոխին գործող բենզալցակայանների տարածքում:
Մի օր էլ Երևանի բակերում սկսեցին խաղահրապարակներ տեղադրել: Նախ ուրախացա, որ երեխաները վերջապես խաղալու տեղ կունենան, իսկ բակը կլցվի ապագայի հույս ներշնչող մանկանց ուրախ ձայներով: Հետո տխրեցի, որովհետև երեխաներն այդ խաղահրապարակներում արդեն չեն խաղում: Միայն երիտասարդներն են երբեմն նստում մարզասարքերին: Նստում են, ծխում ու սուրճ խմում: Խաղերը վաղուց համացանց են տեղափոխվել:
Պատահական չէ, որ աղքատ Հայաստանի բնակչության տարեկան խաղադրույքների չափը կրկնակի գերազանցում է ՀՀ պետական բյուջեն, իսկ ծխախոտի օգտագործումը մոտավորապես բյուջեի կեսին է հավասար:
Իսկ խաղահրապարակները հիմնականում դատարկ են:
Օրեր առաջ մի հետաքրքիր դեպքի ականատես եղա: Ոստիկանները տուգանեցին Սայաթ-Նովա պողոտան արգելված տեղով անցնող մի երիտասարդի: Նախ տխրեցի: Տխրեցի, որովհետև այդ տղան ստիպված 5.000 դրամ տուգանք վճարեց: Հետո ուրախացա: Ուրախացա, որ մեր երկրում օրենքը վերջապես գործում է: Հետո դարձյալ տխրեցի: Տխրեցի, քանի որ այդ մոտեցումը պետք էր շա՜տ վաղուց որդեգրել և ոչ միայն փողոցն արգելված տեղում հատողների համար:
Հետո կարդացի, որ Կասկադի շինարարությունն ավարտին հասցնելու նոր ծրագիր է մշակվում: Նախ ուրախացա, քանի որ վերջապես կտեսնենք Թամանյանի մտահղացման նյութականացումը և աղբանոցի վերածված այդ գարշելի շինհրապարակը կվերանա Երևանի սրտից: Հետո տխրեցի: Տխրեցի, քանի որ ես դրան հիսուն տարի է արդեն սպասում եմ: Հիսու՜ն տարի:
Անկեղծ ասած՝ արդեն ո՛չ ինձ, ո՛չ էլ արագ հասունացող զավակներիս այլևս հետաքրքիր չէ՝ Կասկադը կսարքե՞ն, թե՝ ոչ: Ամենայն հավանականությամբ չեն էլ սարքի: Մեզանում խոսքը երբեք գործ չի դառնում, թեև այդպիսի «առաքելությամբ» կուսակցություններ կան ու դեռ ծնվում են:
Կարդացի, որ ԱԱԾ-ն լրտեսական ցանց է բացահայտել և վերացրել: Նախ, բնականաբար, ուրախացա: Հետո տխրեցի: Տխրեցի, քանի որ այդ ցանցերը պետք էր մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը (գուցե՝ մինչև 99-ի հոկտեմբերի 27-ը) բացահայտել և վերացնել կամ էլ օգտագործել ապատեղեկատվության համար: Հիմա դա արդեն, կներեք, աչքին թոզ փչելու պես մի բան է:
Մի իմաստուն ժամանակին ասել է՝ «…Ամեն ինչ իր ժամանակն ունի»: Հիրավի, ունի: Եվ հիմա քարերը հավաքելու ժամանակն է: Իսկ տասնամյակներ շարունակ լոկ փուչ ինքնագոհությանը տուրք տալու համար մսխված ժամանակն այլևս ետ չես բերի: Ժողովորդը մի բան էլ է ասում՝ «Լավ է ուշ, քան երբեք»: Ես էլ իմ կողմից ասեմ՝ «Լավ է ուշ, քան… ավելի ուշ»:
Երևանում և Հայաստան աշխարհում ծաղկել են ծիրանենիները:
Բնությունը մեզնից, հաստատ, ավելի խելացի է: Դրա համար էլ մարտ ամսին մեզ առատ ձյուն ուղարկեց, որ ջրամբարները լցվեն ու ամռանը մեր այգիները չչորանան: Երբ մեր հավքական խելքն ու շրջահայացությունը, մեղմ ասած, կաղում են, իսկ ժամանակը մեզանից անկախ սրընթաց առաջ է սլանում, երևի մեզ մնում է միայն բնությունից օրինակ վերցնել ու հասկանալ, թե ե՞րբ է դեղնած տերևները թափելու և ե՞րբ է ծիրանենիների ծաղկելու ժամանակը:
Դավիթ Խաչիյան