Հասմիկը
բանասեր է:
Ուսումնա
սիրում է
համաշխար
հային
գրակա
նություն,
գրակա
նության
տեսու
թյուն:
Եվ՝ ոչ միայն...
«Ուսուցչի ու ծնողի միջև խորացող կոնֆլիկտի պատճառն ու հետևանքը...». ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Օրերս լայն քննարկման ու հակասական կարծիքների առիթ դարձավ երևանյան դպրոցներից մեկում արձանագրված տհաճ միջադեպը. հայրն իր երեխայի և նրա դասընկերների ներկայությամբ ապտակել էր ուսուցչին:
Ինչ խոսք, դեպքը հաճախադեպներից չէր. միանգամից գրավեց հանրային ուշադրությունը: Հնչող կարծիքները իրարամերժ էին ու բազմաբնույթ: Նկատելի էր գաղափարական երկու հիմնական գիծ:
Մի մասը մեղադրում էր ծնողին ուսուցչի տարիների վաստակը նսեմացնելու և նրան աշակերտների մոտ նվաստացնելու համար: Այս դեպքում հարվածի հասցեատերը համարվում էր ուսուցչի հավաքական կերպարը:
Մյուս կողմը փորձում էր արդարացնել ծնողին՝ բերելով այն վարկածը, թե ուսուցիչը փորձել է իշխանություն բանեցնել և բարձր դիրքերից խոսել ծնողի հետ, ինչն էլ վիրավորել է ծնողի ինքնասիրությունն ու նրան հունից հանել:
Ամեն դեպքում դատապարտելի իրողություն է տեղի ունեցածը:
Իրականում ո՞րն է հասարակական երկու շերտի՝ մանկավարժի և ծնողի միջև օրեցօր խորացող այս կոնֆլիկտի պատճառն ու հետևանքը:
Փաստ է. մեղադրանքների տարափը երկկողմանի է, իսկ կենտրոնում կրթություն ստանալու համար դպրոց գնացող երեխան է: Արդյոք երկու դեպքում էլ սա նրա շահերի ու կրթության իրավունքի ոտնահարում չէ՞:
Սովորողի գերակա շահ ասվածը երբեմն չարաշահվում է երկկողմանի, իսկ աշակերտակենտրոն ուսուցման գաղափարը սխալ կիրարկում ստանում:
Ամեն դեպքում որևէ կոնֆլիկտ ծնողի ու ուսուցչի միջև չի կարող անհետևանք մնալ միաժամանակ և՛ ուսուցչի, և՛ ծնողի հետ անմիջական շփում ունեցող երեխայի համար: Ինչ խոսք, հետևանքները նաև հոգեբանական են լինում, որոնք հաճախ անհաղթահարելի են մնում նրա հետագա ողջ կյանքի ընթացքում:
Որքան ենք ծնողական ժողովներին լսել այս կամ այն հարցի շուրջ մեր դիտարկումները, նկատառումները, ինչու չէ, նաև բողքի ձայնը բարձրացնելու առաջարկներ: Իսկ մենք որքանո՞վ ենք պատրաստ լսելու և օբյեկտիվորեն արձագանքելու քննադատություններին: Տխուր փորձը ցույց է տվել, որ ցանկացած քննադատություն ձևակերպվում կամ ընկալվում է որպես վիրավորանք: Մինչդեռ քննադատությունն է զարգացման մեխանիզմի շարժիչը:
Հանգամանքների բերումով առիթ եմ ունեցել դպրոցի հետ առնչվել տարբեր կողմից էլ. ես դպրոց եմ մտել և՛ որպես աշակերտ, և՛ որպես ծնող, և՛ որպես ուսուցիչ:
Դպրոցում ես տեսել եմ շահախնդիր և անշահախնդիր թե՛ դասընկերներ, թե՛ ուսուցիչներ, թե՛ ծնողներ:
Ես տեսել եմ աշակերտների էմոցիաների վրա ինքնահաստատվող մանկավարժներ, ուսուցիչների վրա հոխորտացող, նրանց հիմարեցնել փորձող աշակերտներ, ուսուցիչներին կառավարել փորձող ծնողներ…
Ես տեսել եմ աշակերտներին և իրենց աշխատանքն ինքնամոռաց սիրող, նվիրված մանկավարժներ:
Ես տեսել եմ ուսուցիչների յուրաքանչյուր քաղցր, գնահատողական խոսքից ոգևորվող, նրանց հաճելի պահեր պարգևելու ձգտում ունեցող աշակերտներ:
Ես տեսել եմ մանկավարժական կրթությանը հարգանքով վերաբերվող, ուսուցիչներին վստահող և նրանց գործունեությունը գնահատող ծնողներ, որոնք ընտանիքում միշտ բարձր են պահում ուսուցչի անունն ու պատիվը:
Ինքս բավականին մեծ դժվարությամբ եմ հաղթահարել իմ մի քանի ուսուցիչների հոգեբանական ճնշումներն ու հակամանկավարժական արաքների հետևանքները:
Դատապարտելի է նաև ծնողների՝ առերևույթ ի շահ երեխայի, բայց իրականում երեխայի ապագայի համար անդառնալի ու երբեմն նաև կործանիչ հետևանք ունեցող միջամտությունները ուսումնական գործընթացին ու ուսուցչի մասնագիտական գործունեությանը. կողքից քննադատելը երբեմն հեշտ է ու գայթակղիչ՝ պայմանավորված ինքնահաստատվելու ներքին մղումով:
Որքան էլ մեծ լինի ծնողի դերը երեխայի ուսումնառության գործում՝ միևնույն է՝ ուսումնական գործընթացի անմիջական մասնակիցները մնում են ուսուցիչն ու աշակերտը. ծնողը միայն օժանդակող է այս դեպքում:
Հաշվի առնելով այս իրողությունը՝ որպես ծնող՝ փորձել եմ հնարավորինս քիչ միջամտել երեխա-ուսուցիչ փոխգործակցությանը՝ իմ պարտքը կատարելով տանը՝ իմ և երեխայի կարողությունների շրջանակներում: Իսկ թե ինչպիսի գնահատանքի է դա արժանացել, հարցի մյուս կողմն է:
Ցավոք սրտի, կան ուսուցիչներ, որոնք արդեն սովորել են ծնողների ճնշման տակ աշխատել: Խոսքն այստեղ ոչ թե ծնողին իր երեխայի առաջադիմության մասին տեղեկություն տալու մասին է, այլ ծնողի պահանջով դասարանում իր երեխային բոլորից առանձնացնելու և յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերելու մասին:
Երբեմն կյանքում անհատի ձախողման պատճառը հենց վերոնշյալ հանգամանքն է լինում, որը, բնականաբար, ոչ մի կողմից էլ հստակ չի արձանագրվում: Մեր անհաջողությունների մեջ մեղավոր են բոլորը, բացի մեզանից:
Իրականությունն այն է, որ ծնողը երեխայի թերացման մեջ միշտ մեղադրում է ուսուցչին, իսկ ուսուցիչը՝ ծնողին: Ստացվում է փակ շղթա. ո՞վ է ի վերջո «մեղավոր», ով՝ «անմեղ»:
Մեղավոր է գիտակցական ցածր մակարդակը, որը թույլ չի տալիս դիմացինին, նրա կարգավիճակին ու գործունեությանը ըմբռնողաբար ու հարգանքով վերաբերվել, իրավիճակն օբյեկտիվ ու ճշմարտացի ընդունել: Այս խորացող խնդրի լուծումն անհնար է, եթե չլինի երկկողմ ներհայեցողություն ու մարդակերտման գործընթացում գաղափարների ու նպատակների վերանայում:
Ի վերջո՝ ո՞ւր ենք գնում, և ո՞րն է մեր նպատակը:
Հասմիկ Հակոբյան