Կամ՝
Մարիամ
Սյունի:
Ծնվել եմ
1993 թ.
հունվարի 3-ի
մի մութ ու
ձյունոտ
գիշեր,
Սյունիքի
մարզի
Ագարակ
քաղաքում՝
ամենա-
հարավում:
Սովորել եմ
ՀՊՄՀ-ի
Պատմու-
թյան և
իրավագի-
տության
ֆակ-ի
Պատմու-
թյան
բաժնում:
Այժմ
աշխատում
եմ Մեղրիի
համայնքա-
պետարան-
ում՝ որպես
տեղեկա-
տվության
և հանրային
կապերի
պատաս-
խանատու:
Քաղաքական
ակտիվիստ
եմ 2010-ից:
2018 ին
«Իմ քայլը»
դաշինքով
պատգա-
մավոր-
ության
թեկանծու՝
Սյունիք
և Վայոց
ձորից:
Ամուսնացած
չեմ, երկու
երեխա
չունեմ...
«Վերցրու գլխաշորդ, մի քիչ փող և արի ճամփորդենք...». ՄԱՐԻԱՄ ԾԱՏՐՅԱՆ
Արևելքի գույների ու բույրերի շռայլությանը, կացութաձևին ծանոթանալու լավագույն և մատչելի ճանապարհը Իրանում ճանապարհորդելն է:
Մի քիչ փող, գլխաշոր, ազդրերը, պարանոցն ու թևերը փակող զուսպ հագուստ, տարածքային անձնագրային բաժին մեկանգամյա այց, բանկում ընդամենը 1000 դրամ վճար, պարսկերեն մի 50 բառ, և կարող ես մեկնել Իրան:
Հայկական անցակետում անձնագիրդ ստուգելու են ոչ միայն հայ, այլև ռուս սահմանապահները:
Պարսկական անցակետում քեզ դիմավորելու են անշուք հագնված, հաճախ հողաթափերով և չխնամված արտաքինով, խորամանկ և որոնողական հայացքներով տղամարդիկ: Պետք չէ վախենալ: Հայկական դրամը «ձեռքի վրա թուման փոխող» տղաներն են, որոնք վարժ խոսում են հայերեն, ճանաչում են հայ հայտնի առևտրականներին և քեզ գրավելու, վստահություն ներշնչելու համար իրար հերթ չտալով՝ ասում են. «Ձեր Նիկոլն էլ ա ինձ մոտ փող փոխել, արի»:
Պաշտոնական հռչակված փողը Իրանում կոչվում է ռիալ: Սակայն բոլորն առևտուր են անում թումանով: Այն Պարսկաստանում տարածված էր մինչև 1932 թվականը, երբ փոխարինվեց ռիալով։ Ներկայումս տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ նպատակ ունենալով դյուրացնել դրամական հաշվարկները: Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամական միավոր։ Իրանի Կենտրոնական բանկի թղթադրամներում և խանութներում շրջանառվում էր ռիալը, սակայն առօրյայում իրանցիներն օգտագործում էին «թուման» բառը, ինչը որոշակի խառնաշփոթ էր առաջացնում։
Այսպես՝ եթե ձեր ձեռքում 500.000 ռիալ է, ապա մտքում կրճատում եք մեկ զրոն, դառնում է 50 հազար թուման, վերջինս էլ ՀՀ դրամի վերածելու համար բաժանում եք օրվա փոխարժեքին: Ենթադրենք՝ թումանի օրվա փոխարժեքը 27 է՝ 50.000:27=1850 ՀՀ դրամ: Հետևապես՝ 50 հազար թումանը, որքան էլ որ հնչեղ է, այդքան էլ մեծ գումար չէ:
Պատմամշակութային հայտնի վայրերը...
Հնագույն քաղաքակրթություն ունեցող բազմագույն ու բազմաշերտ երկիրը բացահայտելը այդքան էլ հեշտ գործ չէ:
Եկեք նախ ճանապարհորդենք մինչև Թավրիզ՝ Մեղրու մաքսակետից 280 կմ հեռավորություն ունեցող և 2018թ․ իսլամական աշխարհի զբոսաշրջության կենտրոն ճանաչված քաղաք:
Առաջին գյուղը, որը մեզ հանդիպում է սահմանն անցնելիս, Քյոթամն է՝ պատմական Գողթան գավառում:
Երկար ձգվող աջակողմյան տարածքը Նախիջևանն է, որտեղով ժամանակին անցել է Երևան-Օրդուբադ-Մեղրի երկաթուղին:
Ճանապարհին երկար ժամանակ քեզ ուղեկցում է հեռվում անսասան կանգնած գեղեցկատես Օձասարը, որի մի հատվածը երևում է նաև հարավային Ագարակ քաղաքից: Այս լեռան վրա է գտնվում պատմական Երջնակ բերդը: Այստեղ՝ բերդին հարակից տարածքում, Սյունյաց նախարարները 10-րդ դարում կառուցել են նույնանուն բերդաքաղաք. (Հենց այստեղ են տեղի ունեցել պատմական զարգացումները, երբ 909 թվականին Ատրպատականի սաջյան ամիրա Յուսուֆի զորքերը, երկրի բազմաթիվ շրջաններ ավերելուց հետո, պաշարել են Երնջակը: Բերդի պաշտպանները հաջողությամբ կասեցրել են թշնամու գրոհները: Ապարդյուն են անցել Յուսուֆի՝ բերդը դավադրությամբ գրավելու ուղղությամբ թափած ջանքերը: Նա խաբեությամբ նախ գերել է Սմբատ Ա-ին, ապա փորձել համոզել, որ հայ ռազմիկներին անձնատվության կոչ անի, սակայն հայոց շղթայակապ թագավորը բերդապահ զինվորներին հորդորել է շարունակել դիմադրությունը: Յուսուֆին մեծ դժվարությամբ է հաջողվել գրավել Երնջակը: Հայոց արքան նրա հրամանով սպանվել է…
Ի դեպ, 2012 թվականի ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հայտնվել է Երնջակաբերդ այցելած զբոսաշրջիկների մի տեսագրություն, որտեղ պարզ երևում են ամրոցի մնացորդները)։
Ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ ճանապարհները հոգնեցուցիչ չեն, և որակյալ ասֆալտը հնարավորություն է տալիս սահուն կտրել-անցնել ողջ Արևելյան Ատրպատականը:
Մինչև Ջուլֆա հասնելը Իրան մեկնող տուրիստների համար առաջին կանգառը Ավերակ-ջաղաց վայրն է:
Բնությունն ինքն է կերտել այս խորհրդավոր բնաշխարհը՝ մամուռով պատված բարձրաբերձ հողաթմբեր և շիթերով ցած թափվող պաղ ջրեր, կարելի է իջնել ոտաբոբիկ, զովանալ, լուսանկարվել:
Հաջորդ կանգառը Խոջա Նազարի քարավանատունն է:
Այն հայազգի առևտրականների համար 16-18-րդ դարերում ծառայել է որպես իջևանատուն, հանգստի կետ՝ Թավրիզից դեպի Սև ծով տանող ճանապարհին: Այն նաև «Մետաքսի ճանապարհի» հյուսիսային ուղղությունն է: Մեր օրերում այն ծառայում է որպես թեյատուն (չայխանա), որտեղ նաև պատրաստում, ցուցադրում և վաճառում են իրանցի վարպետների ձեռագործ-նկարազարդ աշխատանքներ: Գները մատչելի են: Որպեսզի պատկերացում կազմեք, կասեմ՝ միջին չափ ունեցող կավե նկարազարդ, սափորի տեսք ունեցող ծաղկամանը արժե 3000 դրամ:
Հաջորդ պատմամշակութային վայրը Հովվի մատուռն է:
Այն թվագրվում է 13-րդ դարով: 2008թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: Այն կառուցել են հայ երկու հովիվ եղբայրներ Արաքսի հանդիպակաց ափերին: Մյուսը Նախիջևանի տարածքում է եղել, որը ավերված է: Այստեղից կարելի է տեսնել Հին Ջուղայի գերեզմանատուն-խաչքարադաշտը, որը 2003-2004 թթ. ոչնչացրել են ադրբեջանցիները: Ավելի քան 2500 արվեստի գլուխգործոց բարբարոսաբար վերածվել է խճաքարի և լցվել Արաքս գետը: Ի դեպ, այժմ փորձում են վերականգնել խաչքարերի 3D ձևաչափով վիրտուալ տարբերակները՝ Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի նախաձեռնությամբ:
Նույն տարածքում և ընդամենը հաշված կիլոմետրերի վրա է գտնվում մեկ այլ չքնաղ կոթող՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրը, որը հայտնի է նաև Մաղարդավանք կամ Դարաշամբի եկեղեցի անունով:
Այն Իրանում գտնվող հայկական վանական երեք համալիրներից մեկն է:
Վերջինս նույնպես 2008 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այժմ ներառված է Ատրպատականի հայոց թեմի մեջ: Եկեղեցու որմնանկարները հայկական հայտնի նկարչական տոհմի՝ Հովնաթանյանների վրձնին են պատկանում՝ նման Մեղրու եկեղեցիներին: Կիսաշրջանաձև բուրգերով, ուժեղացված պարիսպներով շրջապատված Սբ. Ստեփանոս եկեղեցին վանական համալիր լինելուց բացի ունեցել է պաշտպանական նշանակություն և շրջակայքի բնակչության համար ծառայել է որպես պաշտպանական ամրոց:
Այստեղ ապրել և ստեղծագործել, կրթություն են ստացել հոգևորականները, և այժմ Սբ. Ստեփանոս եկեղեցուն կից պահպանվում են վանական խցերը: Եկեղեցին ունի թանգարան, որտեղ պահվում են զարդանմուշներ, ջուղայեցի կանանց հանդերձանքը, կացութաձևը խորհրդանշող նմուշներ:
Եկեղեցու բակում սառնորակ ջուր է հոսում՝ ամրացված վահանակին պարսկերենին կից հայառատ վերտառությամբ՝ «Խմելու ջուր»:
Վանքին կից՝ թթենիների շուքի տակ, փայտե սեղաններով շրջապատված թեյարան կա, որտեղ կարելի է կանգ առնել և սնվել: Այստեղ շաքարով համեղ թեյ, քաղցրավենիք և պաղպաղակ են հյուրասիրում:
Այս տարածքում, հատկապես հանգստյան օրերին, կարելի է տեսնել քաղաքաբնակների: Նրանք անմիջապես տարբերվում են իրենց գերխնամված տեսքով, առավել նուրբ ու քիչ ծածկված հագուստով ու գլխաշորով, արդուզարդով: Մինչդեռ տեղաբնակները և առավել պահպանողական հատվածը կրում են սև և ոտքերը ծածկող հեջաբ։
Հաջորդ կանգառը եզակի, ամենահրաշագեղ պատմական Քանդովան գյուղն է:
Այս գյուղը ժայռափոր քարանձավներով հայտնի գյուղ է, որը աշխարհի երեք հնագույն քարանձավային գյուղերից մեկն է (երկուսը ԱՄՆ-ում է): Գյուղը գտնվում է Իրանի հինգ հրաբխային լեռներից մեկի՝ Սահանդի լանջին՝ Օսկու քաղաքի մոտ: Պատմական ու ավանդական տները ունեն ճարտարապետական եզակի ոճ, և մի խումբ հետազոտողների կարծիքով այդ տները կառուցվել են հիջրայի 7-րդ դարում, մոնղոլների արշավանքի հետ միաժամանակ:
Ճարտարապետությունը և հին հյուսվածքով ժողովրդի կյանքը, նիստուկացը ուղղակի եզակի երևույթ են ողջ աշխարհում: Բնակարանները կոնաձև են, մեղվի փեթակների նման, փորվել են լեռան մեջ, և հետաքրքիրն այն է, որ մեղրը համարվում է գյուղի արտադրանքներից մեկը:
Ասում են՝ գյուղն անվանել են Քանդովան՝ մեղվի փեթակներին ունեցած նմանության համար («քանդու» թարգմանաբար նշանակում է փեթակ):
Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ:
Ժայռաբեկորների մեջ տեղադրված ջրի խողովակները և էլեկտրալարերը արտահայտիչն են շրջակա միջավայրի և բնության հետ մարդու խաղաղ գոյակցության: Գյուղը նման տեսք է ստացել հազարավոր տարիների ընթացքում. լավաների զանգվածները քամու, անձրևի և ձյան միջոցով նման տեսք են ստացել: Այս կացարաններում, որոնք կոչվում են քյարաններ, ձմռանը տաք է, ամռանը՝ զով: Կոնաձև տեսքի բերումով քյարանների մեծ մասը ունի տարբեր հարկեր, որոնք ներսից հաճախ միմյանց հետ կապ չունեն:
Գյուղն ունի մզկիթ, ջրաղաց, դպրոց: Տարեկան ավելի քան 300 հազար զբոսաշրջիկ է այցելում այստեղ:
Հաջորդ կանգառը 2018թ․ իսլամական զբոսաշրջության մայրաքաղաք չքնաղ Թավրիզն է:
Այստեղ կարելի է տեսնել շատ բան: Էլ-Գյոլի զբոսայգի, որտեղ գտնվում է իրանական Ղաջարների դինաստիայի ամառանոցը: Այժմ այստեղ հյուրանոց ու ռեստորան է: Ապա այցելել Թավրիզի խորհրդանիշ Ալիշահի միջնաբերդ կամ Թավրիզի Արգը: Այն Իրանի ամենահին պարիսպներից և քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկն է:
Իրանի ազգային ժառանգություններից մեկն է համարվում Թավրիզի քաղաքապետարանի եռահարկ շենքը, որը կառուցվել է 1935-1939 թթ. ընթացքում, 9600 քմ տարածքում: Շինությունն ունի 80 սենյակ և 10 գեղեցիկ դահլիճ, ժամացույցի շքեղ աշտարակ: Շենքում ժամացույցն այնքան հմտորեն է տեղադրված, որ ամեն քառորդ ժամը մեկ քաղաքում լսվում է դրա հնչեղ ձայնը:
Քաղաքը հարուստ է արևելյան գունեղ ու բազմաբույր շուկաներով, կանաչապատ զբոսայգիներով: Սակայն աչքի ընկնողը Թավրիզի պատմական փակ շուկան է:
Այն 2010-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Թավրիզը դարեր շարունակ գտնվել է Մետաքսի ճանապարհին, և դա էր պատճառը, որ քաղաքում տնտեսական կենտրոնի՝ քաղաքի փակ շուկայի ստեղծման անհրաժեշտություն է եղել: Մեծ տարածք է զբաղեցնում՝ մոտ 1 մլն քմ, և մի քանի մասնագիտացված շուկաների ամբողջություն է: Չնայած այն այժմ նորացվել և առավել ժամանակակից բնույթ է կրում, սակայն հնի ու նորի համադրությունն ուղղակի հրաշալի է:
Իրանի մյուս խոշոր հայկական վանական համալիրը գեղաշեն Սբ. Թադեի վանքն է:
1954 թվականից սկսած՝ սուրբ Սանդուխտ կույսի տոնի օրը, որը սովորաբար հուլիս ամսվա մեջ է, պատմական Վասպուրական նահանգի Արտաս գավառի ուղղությամբ ուխտի են գնում հարյուրավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր հատվածներից:
Արևելյան Ատրպատական ճամփորդելիս պարտադիր է տեսնել Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր լիճը՝ Ուրմիան:
Լիճն աղի է: Հարակից տարածքները և ճամփեզրերը աղակալած և ճերմակ են: Պետությունն այստեղից մեծ ծավալներով աղ է արդյունահանում: Ամռանը լճում կտեսնեք հագուստով և գլխաշորով լողացող կանանց: Այստեղ նույնպես արգելված է մարմինը նույնիսկ մասամբ մերկացնելը:
Ջրից դուրս գալուց հետո պետք է ամբողջությամբ ցողվել և մաքրել մարմինը ու հագուստը պատած աղից:
Իրանի խոհանոցը
Իրանը համարվում է աշխարհում ամենահարուստ խոհանոց ունեցող երկրներից մեկը: Ազգային խոհանոցն աշխարհի ամենահին խոհանոցներից է: Իրանի ամեն շրջան ունի առանձնահատուկ ճաշացանկ: Դարերից եկող ավանդական խոհանոցը ժամանակի ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել: Գլխավոր առանձնահատկությունը՝ օգտագործում են ոչ թե գործարանային նախապատրաստուքներ, այլ բնական մթերք:
Իրանական խոհանոցը շատ հարուստ է բրնձով փլավի տեսականիով: Հատկանշական է, որ իրանցիներն ամեն առիթի համար ունեն հատուկ բրնձով փլավ: Շատ են օգտագործում լիմոն և սոխ: Ունեն ապուրների հետաքրքիր և տարատեսակ շարք: Ամենատարածվածը ղորմե սաբզին է. այն ապուր է լոբով, մսով, սարի խոտերով և համեմունքներով:
Այստեղ շատ են ուտում աղացած մսով կերակուրներ: Տարածված է խորովածի մի քանի տեսակ և քյաբաբ: Արգելված են խոզի միսը, ալկոհոլը: Ուտում են հիմնականում հավի և ոչխարի միս: Տարածված է կիսաչոր լավաշը:
Մտնենք «Ալիի խանութ» և վերադառնանք Հայաստան
Ուրմիան տեսնելուց հետո՝ Թավրիզը շրջանցելով, Մակու քաղաքով դարձյալ վերադառնում ենք հյուսիս՝ Ջուլֆա, որի տարածքի մեծ մասը ընդգրկում է «Արաս» առևտրի ազատ տնտեսական գոտին: Հասնում ենք սահմանին և որպես ավանդույթ գնում արևելյան քաղցրավենիք և վերադառնում Հայաստան: Տեղացիները լավ գիտեն խանութներն ու դրանց տերերին: Բարեկամական մթնոլորտն ու փոխվստահությունն այստեղ՝ սահմանին, այնպիսի չափերի է հասել, որ հայերն արդեն հասցրել են իրանցի խանութատերերի պարտքատետրերում գրանցվել: Իրար կից խանութներից ամենահայտնին և մարդաշատը «Ալիի խանութն» է: Ալին անմիջական է, արևելքի առևտրականի խորամանկ հայացքով. առևտուր է անում նաև հայկական դրամով: Խանութում կարելի է գտնել բազմազան քաղցրավենիքներ:
Իրանից վերադառնալուց հետո վստահաբար մի քանի բան տպավորված կլինի.
ա/ կիլոմետրերով ձգվող նշենիների, ընկուզենիների խիտ անտառներ,
բ/ խանութներ, որտեղ կա գլխաշորերի վառ, գունեղ, ավելի քան 1500 տեսականի,
գ/ չշտապող, առանց «ոչ», «չկա» , «չի լինի» բառերն ասելու փափուկ և ժպիտով մերժող մարդիկ. չհաշված իրանական անցակետի աշխատակիցների չոր հայացքները՝ երկրում չեք հանդիպի «մուննաթի»,
դ/ կանաչ պարտեզներում խոտին նստած-պառկած և թեյ խմող ընտանիքներ,
ե/ հոգատար, անհանգիստ հայրիկներ և իրենց կողքը սեթևեթող խանում-խաթուն, ինքնագոհ կանայք,
Հավելենք, որ օրեր անց շահագործման է հանձնվելու Կապան-Թավրիզ ամենօրյա մատչելի երթուղին: Նախաձեռնությունը Մեղրի համայնքի ղեկավարինն է:
Մարիամ Ծատրյան