«Որբի գլուխը խուզողներին...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Ամենածանր և անվերադառնալի կուրուստը, հիրավի, հավատի կորուստն է: Որքա՜ն մաքառումների միջով պիտի անցնի անհույս հոգին, որքա՜ն անձուկ դռներով մտնի ու որքա՜ն նեղ ճանապարհներ պիտի կտրի, որ գոնե վերադառնա այն կետին, որից սկսել էր…
Լուսահոգի տատիկս ասում էր՝ երբ մի լուրջ բան ես մտածում, թող վրան երեք գիշեր անցնի:
Ժողովրդի հավաքական իմաստությունն ավելին է, քան հազարավոր խելոքների գրքային կամ, որ ավելի վատ է, սոցիալական ցանցերում առկայծող փայլուն, բայց բովանդակությունից զուրկ իմաստակությունը: Երբևէ ռացիոնալ միտք այդ ճամարտակության մեջ չկա:
Բայց «միտք» հասկացողությունն այսօր կորցրել է իր ակադեմիական իմաստը, երբ ձևն ու շոուն դարձել են առաջնային, իսկ ներքին կատարելությունը՝ երկրորդային կամ անգամ երրորդային ատավիզմ:
Տարիներ առաջ գրել եմ սրա մասին, երբ Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան առջև, Աբովյան փողոցի հարակից տարածքում, մոլախոտի պես հառնեցին ու հասակ առան անիմաստ ու քաղաքին խորթ քյաբաբանոցները:
Էական չէ՝ այդ տաղավարներում շո՞ր, թե ինչ է վաճառվում: Իմաստը նույնն է՝ քյաբաբ:
Սրտացավ երևանցիները դուրս եկան պայքարի՝ պահանջելով չայլանդակել 2800-ամյա քաղաքի տեսքն ու չփակել երաժշտական տան հայացքը: Իշխանությունները, սակայն անվրդով մնացին: Ոստիկանական ուժեր բերեցին և եզին հատուկ համառությամբ առաջ տարան քաղաքաշինական (կամ՝ քաղաքաքանդման) անհեթեթ ծրագիրը:
Իրականում այս ամենի իմաստն ավելի խորքային էր՝ միգուցե քաղաքացիական հասարակության ձայնը լսելի, առավել ևս՝ իրականանալի դառնալու նախադեպ թույլ չտալ:
Զորբայությունն արեց իր գործը: Եվ ի՞նչ ունենք այսօր: Առևտրի ու քյաբաբի կրպակների հետևում վախվորած կուչ եկած Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը: Եվ անգամ այդ տանը հնչող Կոմիտասը, Բախն ու Դելլալյանը կարծես վախենում են բարձր հնչելուց, որ հանկարծ չխաթարեն քյաբաբային ռաբիսի այլանդակ աղմուկը:
Ուստի պատահական չէ, որ Մշակույթի նախարարությունն էլ մի օր պիտի ծվարեր ԿԳՍՄ դառնահեծ հապավումի խուլ արվարձաններում: Եվ հայոց մշակույթն էլ պիտի իր խեղճ գոյությունը քարշ տա քյաբաբանոցների ստվերում ու քյաբաբ ուտողների ռաբիս երևակայության մեջ:
Տիեզերքում պատահական ոչ մի բան չի եղել, չկա ու չի լինելու: Հանրահայտ էֆեկտի մասին է խոսքս, ըստ որի Սինգապուրում թիթեռնիկի թևերի թափահարումը կարող է փոթորիկ առաջացնել Հյուսիսային Կարոլինայում:
Սակայն Սինգապուրից և Հյուսիսային Կարոլինայից վերադառնանք Հայաստան:
Կար Երիտասարդական պալատը քանդելու քաղաքական որոշում: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Չգիտեմ: Ամեն դեպքում Երիտասարդական պալատն այլևս չունենք: Փոխարենը ունենք Երևանը փոշու ամպով ծածկող մի ամայի տարածք:
Չունենք Աֆրիկյանների տունը: Փոխարենն ունենք անհասկանալի և չգործող մի երկնաքեր:
Չունենք Բանվորի արձանը: Եվ, բնականաբար, բանվորներ էլ չունենք: Եվ ամենուր ունենք անհասկանալի ու անտեղի իրար գլխի շարված ու ոչինչ չասող մահարձաններ ու քանդակներ: Ոչ մի կապ մշակույթի ու մշակութային հիշողության հետ:
Նախադեպը վտանգավոր բան է: Սրա մասին հրաշալի գիտեն մեր բոլոր կառավարությունները: Եթե ուզում ես հասարակությունն ու ժողովուրդը վերածել անտարբեր քյաբաբ ուտողների ու վիճակախաղերով հարստանալու մոլուցքով ապրող ամորֆ մի զանգվածի՝ վերացրու նրա մշակութային արմատները:
Իսկ մշակույթը միայն արվեստը չէ: Մշակույթը շատ ավելի լայն իմաստ ունի: Մշակույթը, նախ և առաջ, մարդկային հարաբերություններն են և մարդկանց վերաբերմունքը իրենք իրենց, իրենց Հայրենիքին և աշխարհին ընդհանրապես:
Այսօր ևս քաղաքական որոշում կա՝ միավորել և օպտիմալացնել բուհերը:
Իմաստուն խոսքն ասում է, որ լավ ցանկություններով է պատված դժոխք տանող ճանապարհը:
Համալսարանական-գիտական կենտրոն ստեղծել Աշտարակո՞ւմ: Իրո՞ք:
Նախ սկսեք ստեղծել և դրանից հետո միայն որոշեք օպտիմալացնել բարձրագույն կրթության համակարգը: Այլապես դարձյալ կհայտնվենք կոտրված տաշտակի առջև:
Հիսուսի արձանը Հատիսի գագաթի՞ն: Անկեղծ ասած՝ հավատ չունեմ, որ այդ անհեթեթ գաղափարը ևս ավարտուն տեսք կստանա: Պարզապես կունենանք աղճատված Հատիս ու թքված շինարարություն:
Նույնպես և Կասկադի շինարարությունը երբևէ չի ավարտվի: Ներկան է անցյալի և ապագայի կապը: Այսօրվա մշակույքը պետք է կամուրջ լինի մեր հազարամյա պատմության և ապագայի միջև: Ներկայում են ձևավորվում հիշողությունը և ծնվում ապագային միտված բողբոջները: Հենց սա է մշակույթի և մշակութային գիտակցության առհավատչյան, այլ ոչ թե հայ ազգի ու գենի մասին սին դարձած տեղի և անտեղի հիշատակումները:
Հիմա խոսում են Բրյուսովի լեզվագիտական համալսարանը Մանկավարժականին և Ֆիզկուլտուրայի ինստիտուտին միաձուլելու մասին:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ որևէ պատշաճ գիտական և տնտեսագիտական հիմնավորում (feasibility study) և քննարկում այդ թեմայով չի եղել և, կարծես թե, չի էլ նախատեսվում: Բայց ենթագիտակցաբար զգում եմ, որ դրա արդյունքում մենք չենք ունենալու ո՛չ Բրյուսով, ո՛չ Մանկավարժական, և ո՛չ էլ Ֆիզկուլտ-ինստիտուտ: Կունենանք միասնական ամորֆ մի հաստատություն և ընդմիշտ կմոռանանք բարձրագույն կրթության առաքելության մասին:
Իսկ, միգուցե, արդեն եղած և կայացած լավին ձեռք չտա՞նք:
Եթե կառավարությունն անկարող է խելքին մոտ որևէ հիմնավորում ներկայացնել, ապա խորհուրդ եմ տալիս գոնե ապավինել շուկայի անտեսանելի ձեռքին: Թող լինի բնական մրցակցություն վերոհիշյալ բուհերի միջև, և թող շուկան էլ որոշի, թե որ բուhն է ավելի ապահանջված Հայաստանի կյանքում:
Այլապես դարձյալ ու դարձյալ կրկնելու ենք նույն սխալը՝ նախ քանդել, հետո կերևա:
Այդպես քանդեցինք Երիտասարդականը, այդպես քանդեցինք Լեզվի ինստիտուտը: Այդպես փոշիացրեցինք մեր երկրի երբեմնի լրջագույն արդյունաբերական ներուժը: Եվ թող որևէ «խելոք» չասի, թե նույն Աշտարակ քաղաքում գործող ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտները մեզ պետք չէին: Շատ էլ պետք էին՝ հակաօդային պաշտպանության միջոցներ նախագծելու և սարքելու համար: Մենք այնքա՜ն ունեին և ունենք դրանց կարիքը… Եվ մեզ, միգուցե, ռոբոտատեխնիկական «Մարս» գործարանը պե՞տք չէր, այլ դրա փոխարեն նորաձևության կենտրոն և մի նոր քյաբաբանո՞ց էր պետք:
Եվ այդպես գրեթե քանդեցինք Ավետիք Իսահակյանի հայացքի ներքո հառնող Կամերային երաժշտության տան արտաքին տեսքը: Իսկ ո՞վ է ասել, թե հարակից այգին, շատրվաններն ու Իսահակյանի լուռ ներկայությունը պակաս կարևոր են, քան բուն շինությունը:
Իսահակյանի լուռ հայացքի ներքո հարյուր տարի առաջ Բեռլինում Թեհլերյանը սատկացրեց թուրք դահիճին, իսկ այսօր Իսահակյանի լուռ հայաքի ներքո չգիտեմ ում թեթև ձեռքով մեր մշակույթն է ոչնչացվում:
Բանվորի արձանը հանելուց առաջ պետք էր մտածել, թե ինչ է դրվելու դրա փոխարեն՝ բառացիորեն և փոխաբերաբար:
Ընկերներիցս մեկն ասում է՝ մի բան մեր կառավարությունը, հաստատ, լավ է անում: Եթե չեն ուզում, որ մարդիկ ինչ-որ բանի մասին իմանան, ապա երբեք չեն իմանա: Միգուցե և մենք երբեք չիմանանք, թե ինչ գաղտնի խնդիր է լուծվում բուհերի միավորման և օպտիմալացման նախագծի գեղեցիկ բառերի ետնաբեմում:
Բայց դե ավետարանական իմաստությունն էլ ասում է ՝ չկա գաղտնի մի բան, որ մի օր հայտնի չդառնա: Եվ, որքան էլ փորձեք այսօր գաղտնի քաղաքական որոշումներ կայացնել, մի օր այդ ամենը ջրի երես է դուրս գալու: Ինչպե՞ս եք նայելու ձեր որդիների ու թոռների աչքերին: Միգուցե չե՞ք էլ նայելու: Թե՞ ասելու եք՝ ուզում էինք լավ բան անել, բայց չստացվեց…
Լուսահոգի Վազգենի Սարգսյանի ասած՝ այս երկիրը որբի գլուխ չէ, որ ով ոնց ցանկանա խուզի:
Աղայանի «Անահիտ» հեքիաթն իր ողջ խորքային իմաստությամբ դարձավ մուլտիպլիկացիոն շոու: Մի՛ արեք այդպես:
Թումանյանի «Լոռեցի Սաքոն» դարձավ ժամանակակից թեթև ներկայացում: Մի՛ արեք այդպես:
Եվ, եթե անկարող եք նորն ու ավելի լավը ստեղծել, գոնե մի քանդեք արդեն եղածը: Կտրված ծառի տեղում անապատ ու կարիճներ են բուսնելու, ուստի հանգիստ թողեք մեր պապերի ու հայրերի տնկած ծառերն ու փորձեք ինքներդ գոնե մի նոր տնկի ավելացնել մեր փոքրիկ երկրում:
Կրկին ասեմ՝ ամենածանր և անվերադառնալի կուրուստը, հիրավի, հավատի կորուստն է:
Չորս հազար լուսերես ուսանողների հավատը չի՛ կարելի սպանել:
Մի՛ հասցրեք դրան: Դրանից անդին գեհենն է:
Դավիթ Խաչիյան