Կարինե Հարությունյան
Կարինե Հարությունյան

 

Լրագրող եմ,

հրապարակախոս:

 

Մի քիչ էլ՝

դասախոս:

 

Ավարտել եմ

Երեւանի

պետական

համալսարանը,

թեեւ ուզում էի

դերասանուհի

դառնալ:

 

Ուսանողներս

ասում էին,

որ ի դեմս ինձ

հայ թատրոնը

շատ բան է

կորցրել:

 

Գուցե:

Գուցե եւ ոչ:

 

Գրել սկսել

եմ երրորդ

դասարանից:

 

Ոտանավորներ

էի գրում,

բայց վստահ չէի,

որ լավն են

ու ոչ մեկին

ցույց չէի տալիս:

 

Հետո այնպես

եղավ, որ դարձա

լրագրող, 

չնայած նրան, որ

պատմվածքներ

գրելն ինձ

ավելի էր

դուրս գալիս:

 

Մշակույթից

սկսել եմ,

քաղաքականության

մեջ խորացել:

Այդ

խորխորատներում

ինձ կորցրել

ու  փորձել եմ

վերագտնել

իմ պոետիկ

նախասկիզբը:

 

Սիրում եմ

երգել,

խոհանոց

եւ գինի:

 

 

ԽԵՂՃԱՑՈՂ երկրի քամին

                                       

Երբ այս տարվա առաջին ձյունը հասավ  երկիր, ես որոշեցի ետ փռել մեր բնակարանի գորգերը: Ու չգիտես  ինչու հիշեցի 1994-ը, երբ փորձում էի տաքացնել հանրակացարանային իմ 9 քմ-ը, որտեղ կար մեկ մահճակալ, մեկ աթոռ եւ երկու կիսաջարդ գրադարակ: Սեղանը հետո եկավ, բավականին ուշ: Մի օր շենքի պարետ Հրանտը սենյակիս դուռը ծեծեց եւ ներս քարշ տվեց իմ, արդեն իմ գրասեղանը: «Հազիվ գտա: Որ աթոռ լինի, մի հատ էլ աթոռ կտամ»,- սփոփող ժպտաց ու գնաց:  

Գյումրեցի Վահան Թումասյանը, որը «Շիրակ կենտրոն»  ՀԿ տնօրենն է, ձյան գալուստի հետ մի տեսանյութ էր տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու վերնագրել. «Չգիտես՝ ուրախանաս, թե տխրես»: Տեսանյութում Գյումրիի փողոցներն էին ու առաջին ձյունը, որը կարծես մի կարեւոր բանից ուշացած վրա էր տալիս ու թակում աղետի գոտու կնիքը 28 տարիների հեռվից չթոթափած քաղաքի ասֆալտը: Բայց Վահան Թումասյանի մասին քիչ ավելի ուշ:

…Գորգերը փռեցինք: Աղջիկս ասաց. «Կարոտել էի, շատ սիրուն են, համ էլ էսպես ավելի տաք է»: Ես էլի մտքով ետ գնացի դեպի պատերազմի տարիները, երբ ձմեռնամուտի մի օր սենյակիս միակ դուռ-պատուհանը ցելոֆանապատեցի, գործս վերջացրի, հոգնած նստեցի մահճակալին ու անկարող նայեցի բանտված ապակիներին. գրեթե ոչինչ չէր երեւում: Կյանքում առաջին անգամ զգացի, որ ատում եմ ձմեռը՝ ինչպես այդ օրերին  ատում էի պատերազմը…  Ու ձմեռն ու պատերազմը նույնացան ինձ համար:

Արդեն քանի տարի իմ կյանքում ձմեռը պատերազմի նման գալիս  ու հերթական մարտում պարտվածի պես հեռանում է, քանի որ վստահ  եմ, թե  այս մի մարտն էլ հաղթեցի: Կամ համոզում եմ ինձ. երբ հոգեպես հաշտ չես, հաղթությունը լիարժեք չէ:

Գյումրիի բնակիչների մի որոշակի հատված այդպես՝  28 տարի ու մինչ օրս պատերազմի մեջ է: Ձմեռ թե ամառ: Մինչդեռ ՆԳՆ ինչ-որ պաշտոնյա 30 մլն դոլարանոց տուն գնելու, իսկ ուրիշ մեկը, տասը, քսանը՝  մի այլ գերատեսչությունից, ասենք, 25 հազար դոլարանոց ավտոմեքենա քշելու հնարավորություն ունեն:

Դեռեւս 2015-ի սեպտեմբերին՝ մեկ տարի առաջ, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը մամուլում նշել էր, որ թեեւ պաշտոնական տվյալներով Գյումրիում առկա է 114 հազար մարդ, սակայն քաղաքի բնակչության իրական թիվը չի գերազանցում 70 հազարը: Հայտնի է նաեւ, որ Գյումրին արտագաղթի մեծ թիվ գրանցած բնակավայրերից է: Գյումրեցիներից շատ-շատերը Ռուսաստանի ճամփան են բռնում՝  ընտանիքը պահելու համար: Թե նրանցից քանիսն է ընտանիքին փող ուղարկում, քանիսն է ընդմիշտ լքում ընտանիքը, անհայտ է: Համենայնդեպս, որքան փնտրեցի, նման վիճակագրություն չգտա: Բայց կա այլ փաստ, որ այս պահին Գյումրիում առնվազն 300 ընտանիք անօթեւան է: Ինչպես նույն՝ Վահան Թումասյանն էր նշել. այդքան ընտանիք ապրում է  «սոսկալի պայմաններում»:

2006-ից գործող  «Շիրակ կենտրոն»-ը  ամեն տարի  վառելափայտ է բաժանում կարիքավոր ընտանիքներին: Կենտրոնի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ սա կառույցի միակ բարեգործական ծրագիրը չէ: Այս տարվա հունվարից կենտրոնը հայտարարել էր  Գյումրին՝ առանց վագոն-տնակների  նախագծի մեկնարկի մասին, համաձայն որի կառույցը գնում էր կիսախարխուլ տնակներ եւ դրանք քանդում՝ այդպիսով լուծելով մի քանի խնդիր. բնապահպանական, քաղաքաշինական, բարոյահոգեբանական: Կենտրոնը նաեւ բարեգործական դրամահավաքի միջոցներով բնակարաններ էր նվիրաբերում անօթեւան ընտանիքներին: Աստվածահաճ գործ է: Միայն այն մտքից, որ անօթեւան ընտանիքը մարդկային պայմաններում ապրելու հնարավորություն է ստանում, հոգի է ջերմանում:

Սակայն այս բարեգործությունների արդյունքում  «Շիրակ կենտրոն»-ը  փակվելու վտանգի առջեւ է այսօր: Կենտրոնի նկատմամբ կիրառվում է հարկային օրենքը՝ այն դեպքում, երբ կենտրոնը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Կենտրոնի՝  երկրի բարձրագույն իշխանություններին հղված դիմումները մնացել են անպատասխան եւ վերջին հույսով կենտրոնը դիմել է ՊԵԿ նորանշանակ նախարար Վարդան Հարությունյանին: «Շիրակ կենտրոն»-ի վրա 5 մլն դրամի հարկային բեռ կա, որից միայն 700 հազարն է հնարավոր եղել վճարել: Կենտրոնը խնդրում է հանել այդ հարկային բեռը, որպեսզի հնարավորություն ունենա այսուհետ եւս աջակցել կարիքավորներին:

Պետությունը միշտ էլ կարող է բացառություններ անել՝ ելնելով երկրի Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի տեսանկյունից: Ի՞նչ արժեն գյումրեցի տատիկ-պապիկների անատամ ժպիտները, որոնք մոտալուտ ձմռանը ջերմություն երաշխավորող վառելափայտի շարքերի բերկրանքից են: Կամ՝ ինչի՞ է հավասար երեք մանկահասակ  երեխաների մոր ուսերի բեռը, որը թեթեւանում է կենտրոնի բարեգործությամբ: Օրենքը կարող է ծնկի գալ ցրտից սառչող երեխայի առջեւ:

Աշխարհի մի փոքրիկ անկյունում մի բուռ հողակտորի վրա դեռեւս պահպանվող երկիրը, որը պաշտոնական տվյալներով ունի 3մլն-ից մի փոքր ավելի բնակչություն, ամեն ձմռան ավելի սեղմվում-փոքրանում է՝ ցրտից ու կարիքից ճնշվող բնակչության հառաչանքներից: Այս մեր ափաչափ աշխարհը դեռ պատերազմի մեջ է, ունի դեռեւս չկայացած տնտեսություն, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, իսկ Գյումրին էլ ակամայից դարձել է ազգի  ինքնաճանաչողության փորձաքարը: Մեր արժանապատվության նվագարանը, որը հնչում է դուդուկից  էլ տխուր: Մինչեւ ոսկորները թափանցող ցրտաշունչ քամու պես:

…Երբ այս տարվա առաջին ձյունը հասավ երկիր, ես որոշեցի ետ բերել իմ մանկությունը, մտովի հագնել այն կանաչ վերարկուն, դնել այն փափկամազ մորթե գլխարկն ու վազվզել մեր շենքի բակում, ձնագնդի խաղալ եղբորս հետ ու  կչկչա՜լ-կչկչա՜լ տաք ձյան մեջ թավալ տվող ախպերիկիս խենթությունների վրա: Պատերազմի հետ նույնացած ձմեռվա՝  ինձ հետապնդող սարսուռը ցրելու համար: Վերհիշելու համար մի մոռացված երգ, որը զանգերի ղողանջով է սկսվում ու ավարտվում է… զանգերի ղողանջով:

Չգիտեմ՝ ինչպե՞ս սիրել տալ ձմեռը գյումրեցի երեխաներին:

…Պատերազմի գույժը մահաբոթ նետի պես է, կարող է շամփրել  ամեն կենսունակ բան, բայց ձմռան հետ կռիվն էլ մի ուրիշ պատերազմ է: Երբ չկա տուն, երբ կաթում է «դոմիկիդ»  տանիքը, երբ հայրդ, ամուսինդ, որդիդ, եղբայրդ, երբ ընտանիքիդ սյունը հեռուներում է…

Իսկ քամին ազատ է…

 

Կարինե Հարությունյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ