Մանե Մաթևոսյան
Մանե Մաթևոսյան

«Խիզախում, որ Երևա(ց)». ՄԱՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Պահ, բառ, հույզ

ձուլվում են ու երևակվելիս

տարրա-

լուծվում։

Մաս 1. Ըմբռնել

Երկուսը խոսում են, մեկը՝ լռում։ Բառերն ականջը հասան․

- Սուրբ Աննայում եղե՞լ ես։

- Ի՞նչ Աննա։

- Վա՞յ, Սուրբ Աննա՛ն, Աբովյանի վրա, որ ժամանակին լեզվի ինստիտուտ էր․ եկեղեցին այգում էր, ու շատերս չգիտեինք, որ գոյություն ուներ։

Հե՜յ, զրուցո՛ղ, հլա մի դուրս եկ։

- Չե՞ս եղել։

- Կարծեմ՝ եղել եմ։

- (Ով էլ լինի) հիմա ո՞ր եկեղեցին գնանք։

Քամին դանդաղ քշում էր մեզ՝ իբրև հոտ, ու հյուրասիրում ամեն պատահած խոտ։

-

- Սուրբ Սարգի՞ս, Գրիգոր Լուսավորի՞չ։

Մեր հարևանների բարեկամները կհատեն Աշխարհս մե փանջարա-ն երգելով, Հայաստանի Վէրքից մորմոքվելով ու Մի կաթիլ մեղր համտեսելով։ Հետո հերթը կհասնի անհամատեղելիների համեմատությանը։

- Մեզ մոտ փողոցն անցնելիս մարդիկ չեն շտապում։

Դուք միայն գտել եք․ ինչի՞ շտապել։ Մտքում՝ բարձր երգ։

- Բալա ջան, կանգնիր քեզ ու եղբորդ նկարեմ։ Մերոնք արդեն կարոտած կլինեն․․․

Բառակապակցություն կազմողը, լեզվին տվողը, բայց տառ չիմացողը կանգնում է սիրված աստղի անվան հրապարակում, թե․

- Տա՛, ոնց էլ նկարես՝ Շառլը չի՛ երևալու։ Քեզ պե՞տք ա․․․

Տատին, բարոյական հաղթանակ տարած, դիմադրում է, ժպտում։

Կարոտը կադրավորեցին, միսիան կատարեցին։

Կանգնել մոտ, բայց լինել անհաղորդ, ինչպես հեռուն։

Հայրենիք կարոտած տարագիրը դատարկ եկեղեցում՝ մոմ։ «Մասիս սար», «սևաչյա յար» կանչողը գլուխը բռնում է, վազում, հողակտոր գրկում ու ա՜խ, ա՛յդ արևահամ օդից կիզվում։

Զեխից հետո՝ մի լա՜վ սնանկանում։

- Մենք կարոտել էինք Հայաստանը․ էստեղ ի՜նչ լավ ա։ Էստե՞ղ։

Էստեղ կպցրու տարածք, արտաշնչի փոքր ու միջին բիզնես։

Թե ուզես՝ քեզ

«Տղամարդու ողջ տեսականին՝ 50% զեղչ»։

«Էստի՛ համեցեք, ամուրի կանայք, էստի՛, զղջալ չի՛ք։

Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները․․․ էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը թինկը տված քնել»։

Գիքորը մենակ էր ու հայրը հետը չէր, որ աղմուկը լռության թինկին տար, երազը քայլելով ապրեր։

Հենք կա-չկային, հայացք արագ ընթացքին,

Տոպրակները աղբե, կտորե հավաքվում են ու մարդու պես Ներսում խցանում իր մոտն ու օտարը։

Հոմանիշին սպասում։

Կում-կում կլանել իրողությունը և քիչ-քիչ լքել քունը։ Հիշողությունն ինչ պահի՝ բավ է։ Հըն, հիմա լա՞վ ես։

Մաս 2. Թափանցել

Մարդը մեկուսի՝ մեկի ուսին,

Մարդը՝ իր հույսին,

Հույսը՝ քաղաքին,

Քաղաքը՝ պետին։

Պետը՝ ծանրաբեռնված։

Ո՛չ հիշողությանը,

Այո՛ իշխանափոխությանը։

Ձգիր պահը ու չզգաս ցավը։

Խնդրում եմ՝ ահերդ կուլ տուր կում-կում։

Պատմական անցքերը փակ են,

Աչքերդ լայն բաց են։

Սանիթեք, ասա, մենք հիմա ո՞նց շրջանցենք․

Անցնենք անհասցե կտորներիդ վրայով։

Թեկուզ և կկոցել, բայց ի՞նչը և որտեղի՞ց գտնել։

Կառավարությունից՝ կենտկոմ,

Կենտկոմից՝ սփյուռ․ նախ,

Հիմա Հանրապետության 37-ում սովածները կշտանում են,

Սևազգեստ մայրը՝ սառնությանը հենվում, նկարն է դեմ տալիս։

Կամ 1988, կամ 2008, կամ 2016:

Լուման կլուծի՞։

Պուլպուլակների քաղաքում ջուրը քիչ է։ Ու թեև քո սրտի գործը չկա, լիքը ծրագիր ու ծրագրավորող կա։

«Փոփոխություն», «արժեքային համակարգ» եսիմ ինչ։

Էստի ե՛կ, էստի՜․․․

Մաս 3. Ապրել

Երազները կուլ են գնում։ Կարևորվելիս՝ ամբոխում խլանում, խցանվում։ Մշուշին թաթախվում, հօդս է ցնդում բողոքը՝ ներկայում ասված, ապառնիին ուղղված։

Կեսը՝ սե՛ր, կեսը՝ կե՛ր, կեսը՝ վարկե՛ր։

Քաղա՛ք,

Նա, որ աստ չէ, ի՞նչն է տեսնում, որ՝

«Ամալիկի սերն անպատասխան է», ու

Թե ինչպես է պոլիէթիլենը պարեցնում սոց․ վիճակն ու ցավը։

Հարևանուհին կուղղորդի ամուսնուն, երբ պետք է ու թե Արիստոտելի քարոզից հոգնի երեխային մի լավ կհասցնի։

Խաչակնքում՝ թեթևացում, խաչը հանում ու վերքը մրմռում։

Մաս 4. Հանդգնել

Շինության որբեր, «Երևան-Օուքլենդ»,

Քաղվածք, քանդվածք, ամայի փողոց, 1, 2…4 աղբատար։

Տրվել վարձով, հետո վաճառքով, բայց ոչ խաբկանքով։ Քաղաքի ներսում ապրել, դրսում՝ անբառել։

 

Երևան, 2018, նոյեմբեր

Մանե Մաթևոսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ