«Խորհուրդներ դասախոսներին և ոչ միայն...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Երբևէ մտածե՞լ եք՝ ո՞րն է պրոֆեսիոնալի ու սիրողի տարբերությունը:
Ընդ որում՝ խոսքը մարդկային գործունեության ցանկացած բնագավառի մասին է:
Ու քանի որ, անկեղծ ասած՝ հասկանալի և ընդունելի պատասխանի չեմ հանդիպել, ուստի ստիպված եղա ինքս արտածել բանաձևը:
Պրոֆեսիոնալը հասկանում է իր արածը: Մինչդեռ սիրողը, որպես օրենք, անկարող է բացատրել արածը, եթե անգամ արժանահիշատակ արդյունք ունի:
Սովորաբար, երբ ծանոթանում եմ որևէ նկարչի հետ և անկեղծ խոսակցություն է ծավալվում, խնդրում եմ մի քանի նախադասությամբ բացատրել Մալևիչի «Սև քառակուսին» կտավի գեղարվեստական իմաստը: Հավատացնում եմ ձեզ՝ առ այսօր որևէ հասկանալի բացատրություն չեմ լսել: Ուստի և չեմ կարող ինքս բացատրել ընթերցողին:
Շատերի պես ես էլ եմ տառապել «վատ» դասախոսների ձեռքին:
Դրանցից շատերը, հիրավի, ականավոր գիտնականներ էին, սակայն լավ գիտնականը և լավ դասախոսը շա՜տ տարբեր են: Չեմ ցանկանում խոսել նյութի հուզական կողմի մասին: Միայն նշեմ, որ շատ ուսանողներ պարզապես կորցնում են հետաքրքրությունը առարկայի հանդեպ այն անհեթեթ պատճառով, որ այն մատուցողն ապաշնորհ դասախոս է:
Բայց ով փնտրում է, նա գտնում է:
Ամիսներ առաջ ամերիկյան մի հանդեսում կարդացի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի (Richard Feynman) մշակած ուսուցման մեթոդիկայի մասին:
Ֆեյնմանը, որը ոչ միայն տաղանդավոր գիտնական է, այլ նաև ոչ պակաս տաղանդավոր դասախոս, հստակորեն տարբերակում է ինչ-որ բան իմանալը և ինչ-որ բանի անունն իմանալը:
Բոլորս էլ գիտենք քունգֆուի մասին, բայց դեռ չի նշանակում, թե մենք քունգֆու գիտենք: Սրանից ելնելով, Ֆեյնմանն առանձնացնում է երեք հիմնական քայլեր, որոնք մեզ կարող են օգնել հասկանալու առարկայի բուն նյութը ու նաև լայնացնել մեր իմացության սահմանները:
Հետևենք մեծ մտածողի մտքերի ընթացքին քայլ առ քայլ:
1. ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ԱՅՆ ԵՐԵԽԱՅԻ՛Ն
Մաքուր թուղթ վերցրեք և գրեք վերնագիրը:
Այնուհետև մոռացեք բարդ բառերն ու տեխնիկական բառապաշարը և փորձեք շարադրել նյութն այնպես, ասես այն բացատրում եք բնագավառի հետ որևէ առնչություն չունեցող մեկին կամ էլ, որ ավելի լավ է, ութնամյա երեխային:
Վերը նշված բարդ բառերն ու տեխնիկական տերմինները ինքնախաբեության համար են: Թողեք դրանք գիտական զեկույցին:
Ամենատարածված ու պարզ բառերով բացատրեք ինքներդ ձեզ կամ էլ ութնամյա երեխային, թե ինչի մասին եք խոսում: Այս մոտեցումը կօգնի ըմբռնել երևույթների ներքին կապերն ու մտքերի տրամաբանական շղթան: Որոշակի ջանքերի շնորհիվ կտեսնեք, թե որտեղ են հարցերը:
Հենց դրանց հաղթահարումն էլ նշանակում է «սովորել»:
2. ԿՐԿՆԵ՛Ք
Սա, հիրավի, այն դեպքն է, երբ կրկնությունը գիտության մայրն է:
Նյութի հետ կրկնակի շփվելով միայն նկատում եք բացթողումներն ու մտքերի ֆունկցիոնալ կապերը:
Ուստի՝ կրկնե՛ք և լրացրե՛ք բացերը:
Հենց այստեղ եք հասնում ձեր ճանաչողության և իմացության սահմաններին: Իսկ սովորելը նաև ենթադրում է անցնել այդ սահմանները, լայնացնել ձեր պրոֆեսիոնալ մտահորիզոնը և գիտելիքների դաշտը:
Սա շարունակակն գործընթաց է:
Դարձրեք սովորությու՛ն, եթե չեք ցանկանում դոփել տեղում: Ձեր իմացության սահմանների բացահայտումը նաև սահմանափակում է ձեր սխալները, որոնք դուք կատարում եք, և ավելացնում է գիտելիքի կիրառման հաջողությունը:
Վերացական գիտությունը ոչինչ է:
Ուժը դրան տիրապետելն ու կիրառելն է:
3. ԿԱԶՄԱԴԱՍԵ՛Ք ԵՎ ՊԱՐԶԵՑՐԵ՛Ք
Կրկին աչքի անցկացրեք ձեր գրավոր նոթերը և համոզվեք, որ նախնական աղբյուրից որևէ տերմին տեղ չի գտել ձեր գրառումներում:
Այնուհետը այդ նոթերից պատմվածք կազմեք ու բարձրաձայն ընթերցեք:
Կրկին խնդրեք ձեր ութնամյա ընկերոջը՝ լսել ձեր պատմվածքը: Եթե այն տակավին հասկանալի չէ և պարունակում է անհասկանալի մտքեր ու անցումներ, ապա մի՛ զլացեք՝ շարունակեք կազմադասել և պարզեցնել՝ մինչև հասնեք ցանկալի արդյունքին:
4. ՓՈԽԱՆՑԵՔ ՈՒՐԻՇԻՆ (ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՏ)
Գիտելիքը կամ ինֆորմացիան կորցնում է իր իմաստը, եթե այն հնարավոր չէ փոխանցել ուրիշներին: Կրկին օգնության կանչեք ձեր ութնամյա «ընդդիմախոսին» կամ էլ մեկին, որը գրեթե ոչինչ չի հասկանում նյութից, և փորձեք նրա մտքին հասցնել ձեր շարադրանքը:
Ոչինչ այնպես չի ապացուցում առարկայի ձեր իմացությունը, որքան ոչ քաջատեղյակ մեկին այն փոխանցելը:
Արե՛ք այդ:
Հ.Գ.
Շնորհակալություն հայտնենք պրոֆեսոր Ֆեյնմանին այս հակիճ ու միաժամանակ խիստ ուսանելի մեթոդաբանության համար և մի քանի կետ էլ ավելացնենք մեր կողմից՝ հաշվի առնելով տեղայնացման կարևորությունն ու ժամանակի հրամայականները:
- Դասավանդենք մե՛կ լեզվով:
Եթե դասավանդում ենք հայերեն, ապա խոսենք մաքուր և գրական լեզվով: Առողջ խոսքն առողջ տրամաբանության արգասիք է: Եթե դասավանդում ենք անգլերեն, ապա խոսեք մաքուր և գրական անգլերենով, և այլն: Ի դեպ, հայոց լեզվի հնարավորություններն այս առումով անսահմանափակ են: Եվ այն սին տեսակետը, թե հայ տեխնիկական լեզուն խղճուկ է, պարզապես դուրս է քննարկումից:
- Նախապատրաստվենք դասախոսությանը ջանասիրաբա՛ր:
Անգամ «իմպրովիզները» պետք է մտածված և քննություն բռնած լինեն, ինչպես հատուկ է լավագույն ջազմեններին:
- Դասավանդենք սիրո՛վ և խանդաղատանքով:
Թող ուսանողը տեսնի ձեր աչքերի փայլն ու սիրահարվի առարկային: Ուսանողին ոգեշնչելն ու դռներ ցույց տալը դասախոսի մեծագույն առաքելությունն է:
- Նյութը մատուցենք առավելագույնս հետաքրքիր ու գրավիչ: Վա՜յ այն ինֆորմացիային, որը տաղտկալի է…Մրցակցությունը շա՜տ մեծ է:
- Մի քիչ արտիստիզմ… Դասախոսն էլ է բեմի վրա: Ոչ միայն ինչ, այլ նաև ինչպես: Սա շատ կարևոր է:
- Գնահատե՛նք ժամանակը: Թե ձերը, թե՝ ուսանողինը: Նախապատրաստվելիս չմոռանանք ժամայույցին նայել: Հատկապես այս դարում ժամանակը շատ թանկ է:
- Հասնենք նրան, որ ուսանողը սովորի ինքնուրույն աշխատել ու մտածել, այլապես հավերժական ուսանող կմնա: Մի բան, որը հաստատ ոչ նրան է պետք, ոչ էլ մեզ:
Հ.Գ 1.
Մեր կողմից ավելացված խորհուրդները Նոբելյան մրցանակի հավակնություններ չունեն: Ուղղակի Ֆեյնմանը ոգևորեց: Չնայած ասեմ, որ մենք էլ ունեցել ենք մեր ֆեյնմանները՝ Լևոն Ներսիսյան, Մկրյաններ, ավելի վաղ՝ Աճառյան, Ջահուկյան և այլն, որոնք բոլորն էլ յուրահատուկ էին ու բացառիկ դասավանդման իրենց մեթոդաբանության մեջ:
Իսկ Նոբելյան մրցանակի չեն արժանացել ոչ թե նրա համար, որ գիտնական չէին, այլ նրա, որ մեզ պարզապես Նոբելյան մրցանակ չեն տալիս:
Դավիթ Խաչիյան