«ԵՐԱԶԱՍԵՐ ազգը». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Բառացիորեն մի շնչով կարդացի Ջուլիան Բարնսի «Աշխարհի պատմությունը 10½ գլուխներով» գիրքը (Julian Barnes, “A history of the world in 10½ chapters”)` Աիդա Հարությունյանի հրաշալի թարգմանությամբ:
Բարնսը պոստմոդերնիստական և հակաուտոպիական տեսանկյունից շատ հետաքրքիր մեկնաբանություններ է տալիս համաշխարհային պատմության հանրածանոթ դեպքերին, որոնք մենք ավելի հաճախ որպես առասպել կամ անգամ դոգմա ենք ընդունում:
Ի դեպ, գրքում բազմաթիվ անդրադարձներ կան հայերիս համար իբրև սրբություն ընկալվող Արարատ լեռան հետ կապված մի քանի թեմաների: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ և փորձել Բարնսի օրինակով մի քիչ կողքից նայել պատմության դեպքերին և, մասնավորապես, մեր՝ հայերիս առնչվող հնագույն և ոչ այնքան հին պատմական իրադարձություններին:
Կողմնային դիտորդը հաճախ ավելին է տեսնում, քան սեփական ակնդետ հայացքը և կարծրացած միտքը կարող են ընկալել: Ուստի, փորձենք միասին մի քանի հարցեր բարձրաձայնել, որոնց պատասխանները, թվում է, վաղուց մեզ հայտնի են: Ընդամենը թվում է:
Բարնսը «Միջախաղ» գլխում մի հրաշալի միտք է հայտնում՝ «Պատմությունն այն չէ, ինչ պատահել է: Պատմությունն ընդամենը այն է ինչ պատմաբաններն ասում են մեզ»:
1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարեց հայոց Եղեռնի կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին փաշային: Գերմանական դատարանն արդարացրեց Սողոմոնին: Արդարությունը հաղթանակեց, իսկ հայի վրեժը հագուրդ ստացավ:
Բայց եկեք անկեղծ լինենք՝ Գերմանիայի դատարանն արդարացրեց Թեհլիրյանին, քանի որ Թուրքիայի դատարանն արդեն Թալեաթին օրենքից դուրս էր ճանաչել և մահապատժի որոշում կայացրել:
Հիմա եկեք մի կողմ դնենք մեզ այդքան խանգարող զգացմունքայնությունը և փորձենք մի պարզ հարցի պատասխանել: Մենք՝ հայերս, վրեժի զգացողությունը չհաշված, ի՞նչ շահեցինք Թալեաթի, Էնվերի և Ջեմալի սպանություններից:
Դադար ենք տալիս և մտածում:
Ավելի տրամաբանական չէր լինի՞ այդ երեք եղեռնագործներից ինչ-որ ձևով (թեկուզ կտտանքներով) կորզել Ցեղասպանության պատվիրատուների անունները: Ակնհայտ է, որ երիտթուրքերն ընդամենը կատարող դահիճներ էին: Իսկ ո՞վքեր էին պատվիրատուները: Այս հարցի պատասխանը շատ բան ջրի երես կհաներ: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ միայն պաթետիկ վրեժխնդրության ծարավ և Նեմեսիսի արձանը Երևանի Օղակաձև զբոսայգում:
Սողոմոնի և մյուս վրիժառուների ձեռքով սառույցին գրվեցին Մեծ Եղեռնի բոլոր գաղտնիքները: Մենք գիտենք, թե ով քաշեց ձգանը, բայց արդեն երբեք չենք իմանա, թե ով տվեց ձգանը քաշելու հրամանը:
Պատմությունը դաս չեղավ:
Որպես վերևում ասվածի շարունակություն՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին վրա հասավ մեր նորօրյա պատմության, թերևս, ամենասև էջերից մեկը: Այսօր, եթե չեմ սխալվում, Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և մյուսներին գնդակահարող ոճրագործներից միայն մեկն է կենդանի մնացել: Եթե նրան էլ մի բան պատահի՝ մենք արդեն երբեք չենք իմանա, թե ով տվեց ձգանը քաշելու հրամանը, և ինչու այդ ամենը տեղի ունեցավ:
Արհավիրքը ներկայացվեց իբերև «ուչաստկովիին» հարիր դեպք կամ անգամ դիպված:
Եվ, որ ավելի վատ է, մեր ընդհանրական խելքն էլ «ուչաստկովիի» մակարդակից չբարձրացավ: Սպանե՜լ, կախե՜լ, այրե՜լ… Մի՞թե մեր ողջ նպատակն այսօր միայն վրեժն ու դրա ոգեկոչումն են:
Ինչու՞ ենք մենք այդքան պաշտում Ֆրանսիան և ֆրանսիացիներին:
Իմ խորին համոզմամբ՝ որովհետև Ազնավուրը հայ էր: Կամ էլ, որ Փարիզը նորաձևության կենտրոն է և այնտեղ Էյֆելի աշտարակն է հառնում: Կամ էլ՝ որովհետև ֆրանսիացիները 1915-ին փրկել են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին:
Բայց հայերին օգնության հասնող նավերը միայն ֆրանսիական չէին, այլ նաև անգլիական: Այդ դեպքում ինչու՞ ենք մոռանում անգլիացիներին: Նույն ֆրանսիացիները չէի՞ն, որ 1920-ին թողեցին Հայկական Կիլիկիան ու փախան մի գիշերվա մեջ՝ ողջ հայությանը հանձնելով թուրք ոճրագործների յաթաղանի քմահաճույքին:
Եվ ինչու՞ ենք այդքան փնովում անգլիացիներին, որոնք, ի տարբերություն ֆրանսիացիների, մինչև վերջ կռվում էին մեր բանակի կողքին, մատակարարում զենք, զինամթերք, ռազմական խորհրդականներ, հանդերձանք ու սննդամթերք:
Մեկ այլ հրաշալի գրքում՝ Մեծ Բրիտանիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդու՝ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» ինքնակենսագրականում կարդում ենք, որ վերջինս, որպես փոխգնդապետ, անգլիական կորպուսի կազմում մինչև վերջ ծառայել է Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում: Ինչու՞ ենք մոռանում այս փաստերը և հիշում միայն շինծու այն նախադասությունը, թե «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»:
Ինչու՞ ենք մենք՝ հայերս, այդքան զգայական ընկալում պատմությունը և պատմական փաստերը: Չէ՞ որ պատմությունը ըղձական ժամանակային ձև բնավ չի ընդունում:
Մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ մի սիրուն օր պատմությունը չի կրկնվելու, հատկապես, որ այն միշտ կրկնվելու միտում ունի: Ավա՜ղ, որ միջին վիճակագրական հայի խելքն էլ որևէ փոփոխության ենթակա չէ: Ինչպես եղել ենք պոռթկուն ու զգայական Դանդալոշ դավիթներ, այդպես էլ մնում ենք: Ու երևի կմնանք:
1920-ի դեպքերը գրեթե մեկը մեկի կրկնվեցին 2020-ին: Եվ ի՞նչ: Ոչինչ:
«Ֆրանսիան մեզ մենակ չի թողնի: Ռուսներին պետք է բացատըրել, որ իրենց ազգային շահերը այս տարածաշրջանում միայն ու միայն Հայաստանի շահերի հետ են զուգորդված: Չինաստանն էլ իր ապագան Հայաստանի հետ է կապում: Չէ՞ որ նրանց գենոֆոնդի 4 տոկոսը հայկական է: Վիկիպեդիան վկա»:
Ինչու՞ ենք շարունակ սպասում, որ մեկը պիտի գա ու մեզ փրկի: Ֆրանսիացին, չէ՛, չինացին, չէ՛, ռուսը, չէ՛, պարսիկը: Քանի՞ հոգի է կարդացել լուսահոգի Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հիրավի լուսավորչական հոդվածը: Երևի միայն այն մարդիկ, ում առանց դա կարդալու էլ ամեն ինչ պարզ է: Նրանք, ում դա իսկապես պետք է, «Ռոբինզոն Կրուզոյից» բացի այլ բան չեն կարդում: Վախենամ, որ արդեն «Կրուզո» էլ չեն կարդում: Կարդալու դարն անցավ:
Փոքրիկ Հայաստանը (ավելի ճիշտ՝ Արցախը) չորս մարշալ է տվել՝ Նապոլեոնի մարշալներին չհաշված: Ամերիկացին կասեր՝ So what? – Այսինքն՝ հետո ի՞նչ: Քանի թիզ է ավելացել Հայաստանի հողը այդ չորս մարշալների շնորհիվ:
Հովհաննես Բաղրամյանի կենսագրության միակ փայլուն էջն անձամբ ինձ համար միայն Սարդարապատի ճակատամարտին մասնակցությունն է: Մեզ ի՞նչ, թե նա ազատագրել է Մերձբալթյան երկրները: Իրանում կանգնած տանկային բանակը, որի գլխավոր հրամանատարը Բաղրամյանն էր, կարող էր երկու-երեք օրում հասնել Անկարա ու Ստամբուլ: Դրանից հետո թող նրան խաչ հանեին: Հիրավի քա՜ղցր կլիներ այդ Գողգոթան… Եվ ի՞նչ շահեց Բաղրամյանը: Տաքուկ աթոռ Մոսկվայում: Նրա թաղման օրը Բրեժնևը Բաքվում Ալիևի հետ քեֆ էր քաշում:
Որտե՞ղ է հիմա հռչակավոր Խաչիսար (Չարդախլու) գյուղը, որը Խորհրդային և ռուսական բանակին երկու մարշալ (Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան) և ութ գեներալ է տվել: Չկա: Ավելի ճիշտ՝ Յոխ: Իսկ Բաբաջանյա՞նը: Վերջինս հռչակվեց Բուդապեշտի հակակոմունիստական հեղափոխությունը տանկերի թրթուրների տակ արյան մեջ խեղդելով: Հիմա մենք ինչու՞ ենք զարմանում, որ հունգարացիները, որոնց հիշողությունն ու ռացիոնալ մտածողությունը հաստատ հայկականից լավն են, այնքան էլ «չեն սիրում» հայերին:
Խորհրդային ավիացիայի գլխավոր մարշալ Խանփերյանցին (Խուդյակով) 1945-ին ձերբակալեցին, իսկ 1950-ին գնդակահարեցին՝ որպես «ժողովրդի թշնամի»: Պատմում են, թե 45-ի մայիսին նա անձամբ է կործանիչ ինքնաթիռով թռել Թուրքիայի (իմա՝ Արևմտյան Հայաստանի) վրայով՝ կատաղությունից ու անզորությունից ոռնալով: Երանի՜ թե մի քանի հարյուր կործանիչ էլ հետը վերցներ… Գոնե գնդակահարությունից առաջ հիշելու մի լավ բան կունենար:
Ծովակալ Իսակովի մասին շատ բան չկա ասելու, բայց այսօր Երևանում կան Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի և Խանփերյանցի անվան փողոցներ և բազում հաստատություններ: Լեոնիդ Ազգալդյանի մասին միայն մի անշուք հուշաքար է մեզ պատմում: Ումո՞վ պիտի մենք հպարտանանք: Ո՞վքեր են մեր կուռքերը: Այս հարցադրումից կարելի է շատ եզրակացությունններ անել:
Մենք սիրում ենք հպարտանալ ֆիզիկայի և հատկապես միջուկային ֆիզիկայի բնագավառում հայազգի գիտնականների մեծագույն ավանդով: Իրավունք ունենք: Հիշենք՝ խորհրդային հետախույզ և գիտնական Հայկ Հովակիմյանին, Կիրիլ Շոլկինին (Կիրակոս Մետաքսյան), Ալիխանյան եղբայրներին և մյուսներին:
Ալիխանյաններից Երևանին մնացին Ֆիզիկայի ինստիտուտը և այլ կարևոր հաստատություններ: Ավա՜ղ, այնքան կարճ էր մեր հավաքական խելքը, որ Ֆիզիկայի ինստիտուտը մսխեցինք, ինչպես որ մսխեցինք Մերգելյանի ինստիտուտը, Աշտարակի գիտահետազոտական կենտրոնները, «Մարս» գործարանը (ի դեպ՝ Սպիտակի երկրաշարժից հետո Մեծ Բրիտանիայի կառավարության նվերը Հայաստանին) և այլն:
Լուսահոգի Ազգալդյանը Ալեքսանդր Թամանյան-կրտսերի հետ համատեղ փորձում էր Երևանի նկուղներից մեկում ռումբ ստեղծել: Երանի՜ թե 2020-ին գոնե «կեղտոտ» զենք ունենայինք: Թող առաջատար և քաղաքակիրթ աշխարհը բողոքեր ու քննադատեր: Անձամբ ես թքած ունեմ: Փոխարենը մենք չէինք ունենա 2020-ի աղետը:
Քարից հաց քամող հայ ազգը… Կներեք, իմ աշխատասեր ազգակիցներ, բայց մի մոլորություն էլ սա է: Միջին վիճակագրական հայն այսօր անձնակործան և ազգակործան մեկ այլ դավանանք ունի՝ «Որտեղ հաց՝ էնտեղ կաց»:
«Գնանք Ամերիկա՝ հանգիստ ապրենք: Պետությունը մեզ կպահի: Գնանք Ռուսաստան՝ հանգիստ ապրենք: Գնանք թեկուզ Ջհանդամստան ու հանգիստ ապրենք… Քիչ աշխատենք, շատ վայելենք: Ի՞նչ, ֆիզիկոս կամ մաթեմատիկո՞ս դառնալ: Հո չե՞ք գժվել: Եկեք հանգիստ ապրենք ու հաշվենք ուրիշների ու մեր փողերը: Մեր տղան ապագա վարչապետն է, Արտեմ Ալիխանյանը կամ էլ՝ Արամ Խաչատրյանը: Չէ՜, մենք Լոս Անջելեսում նստած ձեզ խորհուրդներ կտանք, թե ինչպես է պետք կռվել ու երկիր ստեղծել»:
Ծովից ծով Հայաստան… Արդեն անգամ ծիծաղելի չէ: Նայեք քարտեզին: Ո՞վ է ապրելու այդ Հայաստանում, եթե դուք և ձեր որդիները սպիտակ գաղթի ճամփան եք բռնել: Թե՞ «Թող ուրիշներն ապրեն ու մաքառեն: Մենք ամերիկաներում ու ռուսաստաններում մի կերպ գլուխներս կպահենք»: Պատրանքներ մի՛ տածեք: Ոչ ոք էլ չի ապրելու: Շուշին կորցնելու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ այնտեղ ոչ թե 30. 000 այլ հազիվ 3.000 հայ էր ապրում կամ: Ոչ միայն սուրբ տեղը դատարկ չի մնում, այլև դատարկ տեղը սուրբ չի դառնում:
Կրկին ուշադիր նայենք քարտեզին: Հայաստանը գրեթե չի էլ երևում: Առայժմ՝ գրեթե… Եթե այսպես շարունակենք՝ բնավ չի երևա, որովհետև չի լինի: Բայց ոչինչ, Լոսում կնստենք, մեղվի պես աշխատող ամերիկացիների հացը կուտենք, Արարատի նկարին կնայենք ու գլուխ կգովանք՝ «Դուք գիտե՞ք, որ Ազնավուրը հայ էր… Հաստա՛տ բան եմ ասում: Վիկիպեդիայում է գրված…»: Մի սիրուն օր էլ Վիկիպեդիայի հայալեզու բաժնում կգրվի, որ մի ժամանակ Հայաստան անունով երկիր է եղել, որը կործանվել է անխտիր բոլորի, բացառությամբ մեր՝ հայերիս պատճառով: Իսկ այլալեզու բաժիններում կգրեն՝ «Հայաստան կոչվող երկրում Կոմիտաս չէին լսում, Նարեկացի չէին կարդում, թատրոններում հայկական պիեսներ չէին բեմադրում, Աստծո տաճարների փոխարեն Ղալթախչի էին գնում ուխտի, իսկ գերագույն ճշմարտությունը Երևանի տաքսիստների խոսքն էր»:
Դարձյալ մեջբերենք Բարնսին՝ «Հայերն հավատում էին, որ Արարատն աշխարհի կենտրոնն է, բայց լեռը բաժանեցին երեք հզոր կայսրությունների միջև, իսկ հայերին նրանից ի վերջո ոչ մի մաս չմնաց»:
Բարնսն ավելի լավ է մեզ տեսնում ու ճանաչում, քան ինքներս մեզ: Ավա՜ղ, մեր թշնամիներն էլ են մեզ լավ ճանաչում:
Հերի՞ք չէ էշի կանջում քնած մնանք: Թե՞ սա արդեն մեր քրոմոսոմների մակարդակում է՝ «հայու գեն» անունով: Ամեն ինչ անհու՞յս է: Ապավինենք բախտի՞ն: Թե՞, այնուամենայնիվ, մի հրաշքով զարթնենք ու սկսենք մտածել: Մտածել ու գործել: Չէ՞ որ մենք Սարդարապատ ենք ունեցել:
Եթե չենք ուզում վերջնականապես կործանվել, ապա վայրկյան առաջ պետք է դուրս գանք այս կործանարար թմբիրից: Ուզու՞մ եք գաղթական դառնալ: Դարձե՛ք: Ղալթաղչիի Սուրբ Հովհաննեսը ձեզ պահապան: Ես չեմ դառնա: Առանց Հայաստան ապրելն ինձ համար մահից ահավոր է, իմ սիրելի և հարազատ «տաքսիստ» հայրենակիցներ:
Եվ վերջում դարձյալ անդրադառնանք վրեժի թեմային: Մեկ այլ դասական՝ Մարիո Պյուզոն, իր «Կնքահայրը» գրքում գլխավոր հերոսի շուրթերով ասում է՝ «Վրեժն այն ուտելիքն է, որը մատուցվում է սառը վիճակում»: Ուրեմն՝ իմանանք իրականությունը, մտածենք, կշռադատենք և նոր միայն այն մատուցենք մեր սեղանին՝ որպես հիմնական ուտեստ կամ էլ իբրև աղանդեր:
Բարի ախորժակ բոլորիս:
Դավիթ Խաչիյան