«Երևա՜ն, Երևա՜ն, իմ միակ օթևան...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ
Ինչքա՜ն երգեր են ձոնվել մեր սիրելի Երևանին, ինչքա՜ն բանաստեղծություններ և պարզապես բարի խոսքեր… Հիրավի, Երևանը մեզ համար զուտ քաղաք չէ, այլ շատ ավելին: Եվ հազարապատիկ ճիշտ էր Սևակը, երբ ասում էր. «Սա պատմելու բան չէ, սա զգալու բան է, Ա՜խ, ինչքա՜ն է տանջել ինձ իմ Երևանը»: Շատ հաճախ անգամ դժվար է բացատրել անծանոթին, թե ինչո՞ւ ենք մենք այսքան սիրում մեր քաղաքը:
Երևանը զգալու համար պետք է սիրել նրան, և սիրելու համար պետք է զգալ՝ սրտով, հոգով, մտքով և անգամ մատներով՝ շոշափելով հնամենի քարը, որն ապագայի «արևային քաղաքին» սիրահարված քարտաշ վարպետի բազկի զորությամբ ու սրտի թրթիռով դարձել է քաղաքամայր Երևան: Հիրավի, հավերժական մի քաղաք՝ արևով լի ու իր բնակիչներին ու հյուրերին հոգեպարար անսպառ ջերմություն հաղորդող:
Եվ, պատկերացնու՞մ եք, ինչ պատիվ ու պատասխանատվություն է Երևանը կառավարելը: Շուտով, շատ շուտով մենք կունենանք Երևանի ավագանի և, իհարկե, քաղաքապետ՝ մի անձնավորություն, որը պիտի հոգ տանի մեր հնամենի քաղաքի ու նրա բնակիչների մասին առաջիկա տարիներին:
Բայց ի՜նչ է մի քանի տարին 2.800 տարեկան հսկայի համար, որը հավերժ ապրելու հավակնություն ունի: Իսկ գիտե՞ք, թե որն է ալեզարդ ու հավերժ ջահել մեր Երևանի հոգին: Դա մենք ենք՝ երևանցիներս: Մենք ենք կառուցել և մենք էլ պիտի պահպանենք, շենացնենք, գեղեցկացնենք, հպարտությամբ ու անգամ խանդաղատանքով հանձնենք այն մեր սերունդներին՝ որպես մեր «միակ օթևան»: Եվ պետք չէ մեր քաղաքին վերաբերվել զուտ իբրև բնակատեղիի: Երևանն ավելին է՝ մեր փառավոր անցյալն ու մեր ուղերձը ապագային:
Իմ խորին համոզմամբ, հենց ա՛յս գաղափարը պետք է հանդիսանա հերթական ավագանու և քաղաքապետի աշխատանքի հիմնաքարը:
Սակայն, երբ կարդում ու լսում եմ թեկնածուների նախընտրական ծրագրերը, մի թյուր ու անհասկանալի տրամադրություն է համակում ինձ… Միտքս պարզ ձևակերպելու համար փորձեմ մի օրինակ բերել՝ մարդու մարմինը: Ապրելու համար առողջ մարմին է պետք: Սա կասկածի ենթակա չէ: Չմոռանանք նաև մեկ այլ հանրահայտ ճշմարտություն՝ առողջ հոգին միայն առողջ մարմնում է լինում: Բայց, եթե մի փոքր այլ տեսակետից նայենք, ապա կարող ենք փաստել, որ առողջ մարմինը միայն առողջ հոգու և առողջ սրտի տեր մարդուն կարող է զարդարել:
Ինչքան էլ շպարվի ու թանկարժեք օծանելիքներ օգտագործի մարդը, ինչքան էլ թանկարժեք շոր ու կոշիկ հագնի և ամենաբարձրակարգ մասնագետներին վստահի իր դեմքն ու մարմինը՝ միևնույնն է՝ սիրտն ու հոգին մնալու են նույնը: Եվ հազար վայ այն մարդուն և նրա մերձավորներին, որի արտաքին գեղեցկության տակ գարշելի սիրտ ու հիվանդ հոգի են պատսպարվել:
Նույնպես և մեր քաղաքն է: Ամենակարևորը Երևանի սիրտն ու հոգին են և, իհարկե, ոգին:
Հիմա լսենք ավագանու և քաղաքապետի թեկնածուներին և նայենք նրանց ծրագրային կետերը:
-Աղբից մաքրել Երևանը… Հրաշալի է:
-Կառուցել մետրոյի նոր կայարաններ… Շատ լավ է:
-Բարեկարգել փողոցները, կանաչապատել…խոսք չկա:
-Արգելել նոր շենքերի կառուցումը փոքր և անգամ մեծ կենտրոններում (անկեղծ ասած՝ կարծեմ արդեն տեղ չկա): Քաղաքի զարգացման վեկտորը տեղափոխել դեպի հյուսիս: (Երևի, նկատի ունեն Նորքի զանգվածները, բայց այդ դեպքում մետրոյի նոր կայարաններից մեկը պետք է հենց այդտեղ լինի)…այնուամենայնիվ՝ սքանչելի է:
-Կարգավորել տրանսպորտի աշխատանքը… Չքնաղ է:
-Տոնակատարությունները դարձնել պարբերական…անկրկնելի է:
-Բեռնաթափել փողոցները, վերացնել (կամ կարգավորել) կարմիր գծերը: Ստեղծել նոր ստորգետնյա կամ բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղիներ…հրաշք:
Այսինքն՝ առաջնորդվել դարեր շարունակ իրեն արդարացրած հին հռոմեական սկզբունքով՝ հաց և զվարճալիք: Այդ դեպքում բոլորը գոհ կլինեն՝ հատկապես երևանցին ու նաև, իհարկե, իշխանությունները: Իշխանության համար չկա ավելի լավ բան, քան գոհ և ուրախ հպատակը:
Բայց միթե այս ամենը մեզ չի հիշեցնում թանկարժեք կոստյում ու օծանելիք հագած մարդուն, որի համար առաջնայինն արտաքինն է, իսկ սիրտն ու հոգին երկրորդ պլան են մղված: Չէ՞ որ դրանք չեն երևում…
Իսկ ինչպիսի՞ն եմ ե՛ս տեսնում Երևանը, ի՛մ Երևանը, մե՛ր Երևանը:
Նախ և առաջ Երևանը պետք է լինի երևանցի կերտող քաղաք: Ոչ թե մարդկային ամբոխ, որն ունի հաց և զվարճալիքներ, այլ մի քաղաք, որում բարոյական արժեքներն են առաջնայինը: Քաղաք, որի սիրտն ու հոգին են առաջնայինը, իսկ մնացածը, հավատացեք ինձ, ինքն իրեն իր տեղը կգտնի: Քաղաք, որը ծնում և դաստիարակում է հպարտ, արժանապատիվ, պետական մտածելակերպով քաղաքացիներ: Քաղաք, որն իր մարշալներին, գեներալներին, գիտնականներին ու այլ նվիրյալներին է մեծարում ու նրանց արձանները տեղադրում, այլ ոչ թե շունիկների ու անհասկանալի ու քաղաքի հետ կապ չունեցող խորթ արժեքների:
Ս. Գրքից էլ մի միտք մեջբերենք՝ որտեղ գանձերն են, այնտեղ էլ կլինի սիրտը:
Ես ուզում եմ տեսնել այն Երևանն ու երևանցուն, որը կայարանից մինչև հրապարակ գորգեր է փռում՝ իր փառապանծ զինվորներին դիմավորելու համար: Քաղաք, որն օրհասական պահին կարող է հիդրայի պես անհատնում զորք հանել թշնամու դեմ: Իսկ պատերազմում, ինչպես հայտնի է, հաղթում է ոչ թե զենքը այլ ոգին:
Ես ուզում եմ ազգային և, եթե տեղին է ասել, ազգայնական ոգով տոգորված հայորդիներ ծնող ու գուրգուրող քաղաք տեսնել: Հավատացեք ինձ, նման «արևային քաղաքում» թե՛ հաց կլինի, թե՛ զվարճալիք, բայց դրանք կլինեն ոչ թե առաջնային, այլ ածանցյալ:
Ես ուզում եմ քոչարի ու յարխուշտա պարող տղաներ ծնող քաղաք տեսնել, որոնց կսիրահարվեն ու կսիրեն մեր քաղաքում ապրող «նաիրյան աղջիկները»:
Ոչ թե աղբ հավաքող, այլ աղբ չթափող քաղաքացիներ: Իրենց մեծ տան՝ Երևանի համար սրտացավ մարդկանց: Այդ դեպքում մայրաքաղաքի հյուրերն էլ իրենց պատշաճ կպահեն և միգուցե կվարակվեն Երևանի ոգով ու մենք կունենանք ոգեղեն քաղաքների համաստեղություն՝ Գյումրիից մինչև Ստեփանակերտ ու Ալավերդուց մինչև Մեղրի:
Հզոր ու հպարտ մարդկանց բանակ: Եվ այսպես մենք կունենանք ազգ-բանակ, որի համար, ինչպես մեծն Քերթողահայրն էր ասում, սահմանը սեփական սուրն է՝ որքան կկտրես՝ այնքան էլ կտիրես:
Ուրեմն՝ առողջ սիրտ, զգայուն հոգի և հպարտ ոգի՝ որպես առողջ մարմնի գրավական:
Սերտե՛ք այս միտքը, սիրելի թեկնածուներ: Սերտե՛ք և կյանքի՛ կոչեք: Իսկ տրանսպորտն ու աղբամանները հանգիստ թողեք: Դրա ժամանակը մենք չունենք:
Դավիթ Խաչիյան