Լևոն Գալստյան
Լևոն Գալստյան

Յոթ տարվա ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻՆ

 

Ուղիղ յոթ տարի առաջ մենք հայտնվեցինք հեռուստաէկրանին և ասացինք. «Բարեկամնե՜ր, այն, ինչ ամեն կիրակի կատարվելու է այստեղ, հավատացեք՝ մի քիչ զարմացնելու է երիտասարդ հեռուստադիտողներին և հաճելի հուշերի ու հրճվանքի պահեր  պարգևելու ավագներին: Հնչելու են հին սիրված երգեր: Հին երգը հին գինու պես է. որքան հնանում, այնքան ավելի համեղ է դառնում: Վայելենք հին երգի համը»:

Մենք այդ օրը մի քիչ հուզված էինք. պատասխանատվությունը մեծ էր: Տարիներ շարունակ մարդիկ կարոտ էին մնացել լավ երգերի, որոնցում մենք ենք, մեր պատմությունը,  այսօրվա հոգևոր շարժընթացի ակունքը: Անցանք գործի: Հեռուստադիտողի ջերմ արձագանքը թև տվեց մեզ: Մարդիկ հետաքրքրությամբ դիտում էին նաև երգերին ուղեկցող տեսատարեգրության կադրերը, որտեղ իրենց մանկության և պատանության օրերն էին, երբեմնի Հայաստանն ու Երևանը, և ամենակարևորը` նրա մարդիկ: Այստեղ են և՜ ժողովրդական երգը, և՜ նրա վաղնջական ոգին արտահայտող ազգային-տոհմիկ երգը, և՜ եկեղեցական շարականները, և՜ նախաքրիստոնեական գուսանական արվեստից ու միջնադարյան տաղերից սկիզբ առած աշուղական արվեստը, և՜ քաղաքային երգը, և՜ մեր լավագույն կոմպոզիտորների երգային ստեղծագործությունը, նաև քսաներորդ դարի հեղինակային երգը:

Մեզ հաճախ հարցնում են՝ «Երգ երգոցը» բարձրացրե՞լ է արդյոք մարդկանց երաժշտական ճաշակը: Մենք չենք կարող անհամեստորեն ասել` այո, որովհետև հետևում ենք այն հին պատվիրանին, որը պահանջում է չվազել գովասանքի հետևից, այլ պարզապես ամբողջ ուժով ձգտել գովելի գործ անել: Իտալացի երգիչ-դերասան Ադրիանո Չելենտանոն մի առիթով ասել է. «Չեմ վախենում սուտը լսելուց, երբ գիտեմ ճշմարտությունը»: Իսկապես, ո՜չ մի կեղծ նոտա, ո՜չ մի սուտ երգ ու երաժշտություն մեզ չի կարող վախեցնել, եթե գիտենք ճշմարիտ երգի ու երաժշտության արժեքը, եթե ճանաչում ենք դրանք: Ի վերջո, մեր հաղորդման հիմնական խնդիրը մեր մշակույթի բնօրինակն ու պատճենը միմյանցից զատելն է: Բայց դա բավարար չէ. անհրաժեշտ է նաև մեծարել և բարձրացնել բոլոր այն կոմպոզիտորներին, երգահաններին ու բանաստեղծներին, ովքեր կերտել են և այսօր էլ կերտում են հայ երգի դիմագիծը, ովքեր հնարավորություն են տալիս մեզ չամաչելու մեր երաժշտությունից, ովքեր վահանի պես մեզ և մեր երեխաներին պաշտպանում են նրանցից, ովքեր գրոհում են հայ երգի դիրքերը:

Չենք չափազանցնի, եթե ասենք՝ հարյուրավոր, գուցե հազարավոր երգեր կան, որոնք դեռ չեն հնչել, որքա՛ն չընթերցված էջեր կան, որ դեռ չեն կարդացվել, որքա՛ն գաղտնիքներ կան, որ չեն վերծանվել: Հայտնի բան է, որ շատ կենսունակ են սխալներն ու արատները, և դժվար է ճշմարիտ արժեքների ճանապարհը: Նույնը վերաբերում է նաև երգին ու երաժշտությանը: Եթե մարդկանց ականջին անվերջ հնչեն բաղաձայն ու անհոդաբաշխ երգեր, մարդը կկորցնի լավի ու վատի մասին ընկալումները: Եվ որքան ջանք ու ժամանակ է հարկավոր լինում շտկել այդ սխալները:  Ժողովուրդը դիպուկ է ասում. «Գիժը քարը գցում է ձորը, հազար խելոք չեն կարողանում հանել»:

Խոստովանենք, որ շատերի համար ամեն օտար բան միշտ ավելի լավն է, ավելի օրինակելի՝ անկախ այն բանից՝ որակյա՞լ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ է այդպես ՝ թող պարզեն հոգեբանները, իսկ մենք հիշենք ժողովրդական իմաստությունն այն մասին, որ «հեռու տեղեն եկած հալվեն շերեփով կուտեն»: Այնպես որ հեռու մնանք այդ հալվայից և վայելենք մեր հոգևոր այգիների պտուղները: Որպես կանոն, լավն ու գեղեցիկը լուռ են, մի կողմ քաշված և անտրտունջ սպասում են իրենց հերթին, ինչը երբեմն մի ամբողջ կյանք է տևում: Իսկ տեսե՞լ եք՝ որքան եռանդուն է միջակությունը, որքան հաջողակ, որքան աղմկոտ: Ընդ որում, որքան միջակ, այնքան՝ աղմկոտ ու հաջողակ: Ժողովուրդն ասում է. «Դատարկ կարասն է ուժգին ձայն հանում»: Կա նաև այս խոսքը.  «Զանգակի ձենը հեռվից անուշ կգա»: Իսկապես, գեղեցիկն ընկալելու համար հաճախ հարկ է լինում հեռանալ նրանից կամ հեռվից լսել նրա ձայնը, հեռվից տեսնել այն: Ժողովուրդը նաև ասում է. «Ծառը Աստծու մոտ գանգատվեց իրեն կտրող կացնից, Աստված ասեց՝ ինչո՞ւ ես դժգոհում, կոթը քեզանից է»: Այնպես որ մեր վրիպումների ու թերիների արմատը մեր մեջ փնտրենք և ծնունդ տանք միայն բարի գործերի, իսկ լավ երգը սիրելը և լավ երգ լսելը նույնպես բարի գործ է:

Հին երգերը մեզ համար մեր ծնողների պես են: Ասում են՝ ծնողների պատիվը չիմացողը Աստծու պատիվը չի իմանա: Այդպես է նաև ավանդույթի հարցում: Ոչ մի բարձունքի չի հասնի արվեստագետը, եթե օտարվի իր ակունքներից: Նույնը երգը կարելի է այնպես երգել, որ անգամ հեղինակը չճանաչի, բայց կարելի է նաև այնպես երգել, որ ամեն մեկին թվա, թե ինքն է հեղինակը: Եթե հիշում եք. «Նույն ծաղկից օձը թույն է քամում, մեղուն՝ մեղր»: Մեր դարը ծանր մարտահրավերներ է մեզ հրամցնում, բայց առաջարկում է նաև բազում թաքնված հնարավորություններ: Հետևաբար, մենք պետք է օգտվենք մեր դարի առավելություններից և ոչ թե կրենք նրա վնասները: Այդպիսի վնասներից է մշակութային դասալքությունը, երբ ոմանք մերժում են սեփականն ու ոտքով-գլխով հանձնվում օտարին: Ընդ որում, հանձնվում ինքնակամ: Այդպե՜ս են կործանվել երբեմնի հզոր ու անառիկ բերդերը: Ներսի՜ց:

Արվեստի բազմազանությունը, անշուշտ, նրա հարստությունն է: Բայց արվեստն այսօր ոչ թե բազմերանգ գեղեցիկ գորգ է հիշեցնում, այլ բազմագլուխ հիդրա: Ինչ ասես՝ չկա՝ է՜լ առևտրային արվեստ, որ մարդկային զգացմունքներն ապրանք սարքած վաճառում է, է՜լ անարվեստ արվեստ՝ տարբեր ծանոթ ու անծանոթ անվանումներով՝ «ռաբիս»,  «գլամուր» և այլն: Ինչ ասես՝ չկա: Իսկ ինքը՝ արվե՞ստը, առանց մակդիրների, մականուն հիշեցնող բնորոշումների, պարզ, բնական, իսկակա՜ն արվեստը: Ասում են՝ դա վատ  «ծախվող» ապրանք է: Գուցե իրոք վատ է վաճառվում, բայց հետո՞ ինչ… Ո՞վ է ասել, որ արվեստը վաճառքի համար է: Մեր ժողովուրդն ու նրա տաղանդավոր զավակները երբ ստեղծագործել են, չեն մտածել նյութական օգուտի մասին: Նրանք ընդամենը փորձել են իրենց ցավից միջից լույսի մոմեր վառել… Այդ դեպքում ո՞վ է իրավունք տվել համացանցի որոշ հարթակներում վխտացող արվեստի չարչիներին որոշելու մեր ժողովրդի իրական ճաշակն ու ակնկալիքները, թե իբր մարդիկ ավելի շատ սպասում են ոչ թե լավ երգ ու երաժշտության, այլ «տաշի-տուշիների»  ու քեֆչիական հռհռոցների: Այս հաղորդաշարով մենք փորձեցինք մեզանից դուրս վանել և հերքել «հայի վերջին խելքի» մասին դատավճիռը և թույլ չտալ, որ «չորն ու թացը իրար հետ վառվեն»:

Ահա այսպես սկսվեց «Երգ երգոցը» և հենց այդպես էլ շարունակվելու է...

 

Լևոն Գալստյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ