Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

«Անժառանգ առաքյալը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Վարդգես Դավթյանը բժիշկ-հոգեբույժների խորհրդահայ վերջին և անկախ Հայաստանի առաջին սերնդի լավագույն ներկայացուցիչներից է, որն այսօր, ցավոք, ապրում, աշխատում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում: Դոկտոր Դավթյանը բազմաթիվ յուրահատուկ հետազոտությունների, ուսումնասիրությունների, գրքերի ու հոդվածների, նաև՝ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ է:

Եվ ահա «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի համար Վարդգես Դավթյանը պատրաստել է հոգեբուժական էսսե-հուշապատումների մի բացառիկ հետաքրքիր շարք՝ «Տոտալիտար մտածողության, հոգեկան ավտոմատիզմի և ազատախոհության արանքում (հոգեբուժական մի էքսպերիմենտի մասին )» ընդհանուր խորագրով, որի առաջին ստեղծագործությունը՝ «Անժառանգ առաքյալը», այսօր ներկայացնում ենք «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի ընթերցողին:

Ամերիկյան հոգեբույժ Ի. Շնայդերը անցյալ դարի 70-ականներին գրում է, որ 19-րդ հարյուրամյակի վերջին երկու կարևոր գյուտ հիմնարար ազդեցություն են ունեցել հասարակական և մշակութային կյանքի վրա՝ կինեմատոգրաֆիան և հոգեվերլուծաբանությունը (փսիխոանալիզ), և որ դրանք ունեն նմանություններ ոչ միայն ժամանակագրության առումով, այլև զարգացման առանձնահատկություններով (Irving Schneider, The Psychiatrist in the Movies: The First Fifty Years, Հետևյալ գրքում. The Pcychoanalitic Study of Literature , New Jersey, 1985, էջ 61):

Նրա վկայությամբ, մի շարք կինոֆիլմերում ներկայացվող գրավիչ, գթասիրտ հոգեբույժի կերպարը ընդօրինակելի է եղել և ապագա բժիշկներին կողմնորոշել դեպի հոգեբուժություն: Կան նաև շատ հոգեբույժներ, որոնք խոստովանել են, թե իրենց մասնագիտական ընտրությունը տեղի է ունեցել, երբ ծանոթացել են Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններին:

Իմ կյանքում մասնագիտության ընտրությունը պայմանավորված է եղել երկու հանգամանքով: Առաջինը, երբ բժշկական համալսարանի ցածր կուրսերում հափշտակությամբ և ավելի հասուն հայացքով վերընթերցել եմ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները. որպիսի հզոր, համոզիչ, ավարտուն կերպարներ և հոգեվիճակների կլինիկական հավաստիություն...:

Երկրորդ հանգամանքը, որ բախտ ունեցա ծանոթանալու, ապա համատեղ աշխատելու (ցավոք կարճատև) ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանի (1904-1986) հետ: Հենց նա ինձ համար բացահայտեց, որ հոգեբուժությունը բժշկագիտական նեղ մասնագիտություն չէ լոկ, ինչպես ասենք վիրաբուժությունը կամ նյարդաբուժությունը, այլ իմացության ընդարձակ, անվերջավոր տարածք բնագիտական, բժշկա-կենսաբանական, հումանիտար-մարդաբանական, սոցիալ-հոգեբանական, մշակութաբանության և այլազան գիտությունների ու նաև արվեստի և գրականության համույթում:

Ա. Մեհրաբյանի շնորհիվ կարողացա ներսս հաշտեցնել վաղ երիտասարդ տարիքում իմ հետաքրքրությունների բազմադեմ վեկտորները՝ իմ սերերը գեղարվեստական գրականության, բնագիտական հայտնագործությունների, անձի հոգեբանության, կլինիկական էքսպերիմենտների, մեծ մարդկանց կենսագրության և առհասարակ արտաքուստ իրար հետ կապ չունեցող մասնագիտությունների հանդեպ:

«Եթե հոգեբույժը փիլիսոփա չէ, ուրեմն արհեստավոր է». Ա. Մեհրաբյանի այս թեզը ուղեցույց եղավ իմ մասնագիտական կյանքում, և ոչ միայն իմ: Անդրանիկ Մեհրաբյան անունը հիմա արդեն քչերն են մտաբերում. նրա անմիջական աշակերտները, հոգեբույժների և հոգեբանների ոչ մեծ շրջանակ, իսկ երիտասարդ սերնդին այն գրեթե ոչինչ չի ասում: Մինչդեռ, նա է 20-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի հոգեբուժական միտքը դուրս բերել միջազգային ասպարեզ:

Ա. Մեհրաբյանը խորհրդային ամենախոշոր հոգեբույժների առաջին տասնյակում էր, իսկ որպես հոգեախտաբանության տեսաբան - գիտնական, կարելի է ասել՝ միակն էր: 50-70 - ականներին նրան ճանաչում էին համաշխարհային համարում ունեցող այնպիսի դեմքեր, ինչպիսիք էին Կ. Յասպերսը, Է. Ֆրոմը, Հ. Սելյեն: Չթվարկեմ խորհրդային հոգեբուժության ծանր հրետանիներին՝ Գիլյարովսկուն, Կերբիկովին, Սնեժնևսկուն, մյուսներին, որոնք հարգանքով ոտքի էին կանգնում, երբ սրահ էր մտնում Անդրանիկ Մեհրաբյանը:

Այս խոշոր գիտնականի հիշատակին, որն Հայաստանում հիմնադրել և 40 տարի ղեկավարել է գիտական հոգեբուժությունը, չկա որևէ իրեղեն հիշատակ, հուշատախտակ կամ անվանակոչված հոգեբուժական կլինիկա՝ համոթ և ի խայտառակություն սերունդների...

Իսկ ինչո՞վ էր Ա. Մեհրաբյանը գրավել խորհրդային և միջազգային հոգեբուժական մասնագետների ուշադրությունը: Նա խորությամբ և համակողմանի ուսումնասիրել է հոգեախտաբանության ամենաբարդ ֆենոմեններից մեկը՝ ինքնագիտակցության խանգարումը կամ դեպերսոնալիզացիան, որը մարդկային ես-ի ամենաաղետալի հիվանդությունն է: Իր հռչակավոր «Դեպերսոնալիզացիա» մենագրության մեջ (1962 թ.), որն այսօր դասական սկզբնաղբյուր է համարվում, ներկայացնելով հիվանդների մոտ երկու հարյուր պատմություն (ոչ նրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի հոգեբույժ համաշխարհային պրակտիկայում չի ուսումնասիրել այդքան կլինիկական դեպք), Մեհրաբյանը հանգել է լուրջ, հիմնարար հետևությունների անձի գիտակցության ուսմունքի և ընդհանրապես հոգեախտաբանական և հոգեբանական գիտությունների ասպարեզում:

Մեհրաբյանի կողմից  «կլինիկական նյութը հավաքվել, մանրազննին համակարգվել և մշակվել է 25 տարվա ընթացքում, հետևապես արժանի է ամենահամակ ուշադրության», - գրում են արդեն 21-րդ դարի մոսկովյան առաջատար մասնագետները «Հոգեբուժություն» դասագրքում (Цыганков Б.Д., Овсянников С.А. , Психиатрия, учебник, М., 2009, էջ 300):

Հայաստանում՝ զրո ուշադրություն: Ավելին: Հայրենի իշխանությունները մտմտում են օտարել Նորքի հոգեբուժական կլինիկան, այն հոյակերտ շինությունը, մեր (հոգեբույժներիս) «ալմա մատերը», որը մոտ 60 տարի առաջ կառուցվել է Անդրանիկ Մեհրաբյանի ջանքերի և հեղինակության շնորհիվ:

(Շարունակելի)

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ