«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«ՑԱՎԴ տանեմ»

 

«Երկրաշարժի պահին ընթանում էր Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի նիստը: Ներկաներից ոմանց թվում է, թե հատակը գնում է ոտքերի տակից: Նիստն ընդհատում են: Անմիջապես զանգահարում են Ատոմակայան: Այնտեղից հաղորդում են. «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա»: Եվս մի քանի զանգ ձեռնարկություններ, բուհեր, քաղաքի շրջաններ: Ամեն տեղ ամեն ինչ կարծես թե կարգին է:

Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Միսաք Մկրտչյանը, հավանաբար ինչ-որ բան կանխազգալով, պտտեցնում է հեռախոսի սկավառակը՝ փորձելով կապվել իր քաղաքի հետ: Կապ չկար: «Ինչո՞ւ քաղկոմում ոչ մեկ չի պատասխանում»,-տարակուսում է նա: Միսաք Լևոնովիչն այդ ժամանակ դեռ չգիտեր, նրա մարգարե-սիրտը նրան դեռ չէր հուշել, որ իր հարազատները նույնպես մնացել են քանդված շենքի փլատակների տակ...:

Կենտկոմում որոշում են ամեն դեպքում դեպի մի քանի հյուսիսային շրջաններ ուղղաթիռներ ուղարկել հետախուզման նպատակով: Նիստը վերսկսվում է: Հաջորդ օրը Հայաստանի ղեկավարությունը պետք է մեկներ Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հասունացած խնդրի լուծման քննարկումներին...

«...Անցնում են րոպեներ, ժամեր: Երևանում տարածվում են խոսակցություններ: Դրանց ոչ ոք չի ուզում հավատալ: Լենինականի վրայով թռչող օդաչուները տեսել էին հսկայան փոշու ամպ: Ավտոմեքենաների վարորդները, որոնք դուրս էին պրծել հանրապետության մեծությամբ երկրորդ կենտրոնից, երդվում էին, որ իրենց աչքերի առաջ իննհարակնի շենքերը փլվել են ավազահատիկներից շինված խաղալիք շենքերի նման: Ականատեսները վկայում էին. ավերակներ են, որոնց տակ կենդանի թաղված են հազարավոր մարդիկ: Ուղղակի հառաչում էին:

Այդ նույն երեկո ողջ Հայաստանը՝ տառապած ապոկալիպտիկ տեսլականներով, տագնապներով ու հույսերով գնաց օգնության...»:

Այսօր թերևս հավատալի չէ, բայց այս փաստը հրապարակվեց Աղետից ամիսներ անց միայն, ժամանակի խորհրդային ժուռնալիստական «իսթաբլիշմենթի» երևացող ներկայացուցիչներից մեկի՝ Դավիթ Գայի «Ցավդ տանեմ. երկրաշարժ Հայաստանում. ականատեսի գրառումներ»  զգայացունց գրքում: Հրապարակվեց 150.000 օրինակով:

Մենք դեռ չգիտեինք  «բեսթսելլեր» բառը, բայց Գայի գիրքը իրական «բեսթսելլեր» էր՝ դժվար ձեռքբերելի անգամ այդպիսի տպաքանակից հետո:

Դավիթ Գայը՝ «Վեչերնայա Մոսկվա» թերթի թղթակիցն էր, աշխարհի շատ ժուռնալիստների հետ աղետի առաջին իսկ օրերից Հայաստանում էր, շրջել էր Հայաստանով մեկ, ճշմարիտ ժուռնալիստական աշխատանք էր արել՝ մասնագիտությանն ու ստորագրությանը հավատարիմ: Դավիթն ամբողջ խորությամբ զգացել էր Հայաստանը, հայ մարդուն, հայի նկարագիրը: Դավիթը սիրել էր Հայաստանը ու այն ազնվորեն ներկայացրել հսկա երկրի միլիոններով չափվող ընթերցողին:   

1993-ին Դավիթ Գայը որպես էմմիգրանտ հաստատվեց Նյու-Յորքում:

Մենք փորձեցինք գտնել այսօր էլ հայտնի ու ազդեցիկ այդ մարդուն, բայց առայժմ ապարդյուն:  Տվյալների մեր որոնումներն անարդյունք չանցան, բայց Դավիթը դեռ կապի մեջ չէ մեզ հետ: Հուսանք արձագանք կլինի:

Տարելիցին, երբ լրահոսում կլինեն Աղետի բազմաթիվ մանրամասն նկարագրություններ, փրկվածների վկայություններ, մարդկային բազմաթիվ հոգեցունց  պատմություններ, որոնք նաև Դավիթի գրքում կան, մենք որոշեցինք զերծ մնալ դրանցից և մի քանի այնպիսի հատվածներ ներկայացնել Դավիթի պատումից, որոնք, գուցե, ուղղակիորեն կապ չունեն վերը նշյալի հետ, բայց Դավիթ Գայի այն զգացողություններն են, որոնք նա ունեցել է Հայաստանում, որոնցով սիրել է Հայաստանը:

Հայաստանը, որ սիրելի է անգամ ծանր վշտի մեջ:

«Հայերի մոտ մի արտահայտություն կա, որ դժվար է որևէ այլ լեզվում գտնել: Տխրության պահին, թե ուրախության, սեղանի շուրջ, թե ընկերական շրջապատում, հարազատների, թե անծանոթ մարդկանց հետ շփվելիս հայերն ընդամենը երկու բառ են ասում. այնքան կարճ ու այնքան տարողունակ երկու բառ. «Ցավդ տանեմ»:

Երկու բառ ընդամենը, բայց շատ խորունկ միտք: Առողջ տեսնելու, հաջողակ, երջանիկ տեսնելու ցանկություն: «Ցավդ տանեմ». ասել է թե կիսում եմ ցավդ, ցավդ ինձ եմ վերցնում: Այսպես է բառացիորեն: Որքա՜ն եմ լսել այս բառերը Հայաստան իմ այցերի ժամանակ՝ ուղղված փրկարարներին, բժիշկներին, շինարարներին, որոնք շտապում էին Հայաստան սրտի կանչով:

Ինձ ուղղված էլ եմ լսել այս բառերը: Եվ այսօր՝ հնագույն հողի համար դժվար այս ժամանակում, ես ուզում եմ որպես պատասխան հնչեցնել այդ կարճ ու տարողունակ բառերը, արտահայտել իմ զգացումները՝ իմ կարեկցանքն ու հույսերը: «Ցավդ տանեմ», Հայաստան»»:

«Լենինականում ֆրանսիացիներին մոտեցավ մոտակա գյուղի մի բնակիչ և նրանց հրավիրեց իրենց տուն: «Մենք վաթսուն հոգի ենք»,- ասացին ֆրանսիացիները: «Գնացինք բոլորով»,-ասաց նա: Նրան անհնար էր մերժել. այնպիսի աչքերով էր նա նայում: Գյուղում հյուրերին տաքացրին, կերակրեցին: «Շշմելու ժողովուրդ են հայերը»,- հրաժեշտին ասաց ֆրանսիացիների ղեկավարը:

«...Հայկական գյուղերում հիշվում է գյուղի հոտը: Հատկապես նրանց մոտ, ովքեր դրան սովոր չեն բարուրից: Վաղ առավոտից եռանդուն հայ կանայք եփում են, տապակում, թխում:  Եվ այդպես ամեն օր: Այնտեղ մեծ տարբերություն չկա կիրակի և աշխատանքային օրերի ճաշկերույթների մեջ: Կերակրել պետք է միշտ՝ այն էլ ոչ հապճեպ ու կշտացնող: Խմածդ թեյով ու բուտերբրոդներով չես գոհացնի հացթուխին, խաղողագործին: Լավաշի մեջ փաթաթվում է գոմեշի կարագը, վրան՝ տնական կաթնաշոռը (Թո՛ւ քեզ, աստծո սիրուն, բառ գտար. տնական: Իսկ ուրիշ ի՞նչ կերպ, խանութի հո չէր լինելու), հետո ձվաձեղ. սկզբից թավայում դրվում է կարագը, հետո լոլիկի կտորները: Հալվող դեղին հյութի մեջ կարծես ինքը՝ արևն է հալվում, հետո վերջում՝ ձուն: Մի աման մածունը լրացնում է առավոտվա «մենյուն»: Եվ կարելի է աշխատել քրտինքը ճակատին, ահա թե որտեղից է կարելի պեղել մարմնիդ էներգիան...»:

«...Այդպես են հայկական գյուղերում սնվում ամռանն ու աշնանը: Ձմռանը հաճախ տալիս են խաշ. եփում են տավարի ոտքերը, ստացվում է թանձր, կպչուն հեղուկ, հետո փրթում են լավաշը և ուտում են՝ ոմանք ձեռքով, ոմանք՝ գդալով: Մի աման և ամբողջ օրը կուշտ ես...»:

«Ինչքան էլ աղքատ չլինի հայկական տունը, երեք բան այնտեղ կա միշտ՝ մառան, կարաս և թոնիր: Մառանում պահում են մրգեր, սոխ, կարտոֆիլ, չորացրած բիբար, կարասում՝ խաղողի երիտասարդ գինի, իսկ թոնիրում թխում են լավաշ: Առանց դրա տունը տուն չի...»:

«Մեզ ուղեկցող ոստիկանը հանկարծ սկսեց խոսել Մինասի մասին: Ոչ հեռու Ջաջուռ գյուղն էր, Մինասի հայրենիքը: Մինաս: Հայաստանում, հավանաբար, չկա ավելի ճանաչված նկարիչ, թերևս՝ Սարյանից բացի: Ողբերգական է նրա ճակատագիրը: Չար ճակատագիրը միշտ ուղեկցել է նրան: Ութ տաերկանում հիվանդացել է և մահից փրկվել: Ամանորի մի գշեր այրվել է նրա արվեստանոցը: Կրակի մեջ այրվել են 150 կտավներ: Մի քանի տարի հետո զոհվել է և նա: Նրա տան մոտ նրա հարվածել է ավտոմեքենան...»:     

«...Դիլիջանից Սևան տանող ճանապարհը հուսահատության հասցնող ոլորաններով է, որտեղ միջակ վարորդը ոչինչ չունի անելու: Դա կարծես Հայաստանի խորհրդանիշը լինի: Այնպես, ինչպես և Երևանից՝ նոր մայրաքաղաքից դեպի հին մայրաքաղաք՝ Արտաշատ ձգվող ճանապարհը:  Այդ երկու ճանապարհների մեջ երկրի գոյության իմաստն է՝ արտահայտված իրարից տարբեր:

Առաջինի երկայնքով բազալտե և գրանիտե հանքելուստները կախված են ճանապարհի գլխին՝ սպառնալով փլուզումներով: Այստեղ անտես մի դիրիժոր կարծես քարե սիմֆոնիայի մի դժվար պարտիտուր է կարդում: Այստեղ է ուժը, հզորությունը, ամրոցը:

Երկրորդն անցնում է հավասար, մեղմաբարո մի հողի միջով, որը նվիրում է հաց, գինի, ուրախություն, ապրելու խնդություն: Դա նրբություն է, գուրգուրանք է փափկություն: Այնտեղ Հայաստանը մարտնչող է, հայրենի օջախի պաշտպան, այստեղ մայր է, որ լավաշ է դնում մարտիկի ուսապարկում, խաղողի ճութ ու մի փարչ երիտասարդ գինի...»:

«Ինչո՞ւ եմ հիշում այս ամենը: Որովհետև այդ ամենը պահպանվել է, չի ավերվել ընդերքի անխիղճ ցնցումների հետ...»:

«...Փնտրում եմ կենտրոնական հրապարակում կանգնած ոստիկանական «Վոլգայի» վարորդին: նհրաժեշտ է մի մեքենա՝ ծայրամասեր գնալու համար:...Մոտենում է փոքրամարմին, գիրոտ, շարժուն՝ գնդակի նման մի տղամարդ:

-Որտեղի՞ց ես,-հարցնում է: Մոսկվայի՞ց: Ինչո՞վ օգնեմ: Վարորդին գտնե՞մ: Ես տեսել եմ իրեն:

Հարցնում է ու գնում, խառնվում մարդկային հորձանուտում: Մի տասը րոպեից վերադառնում է կապիտանի հետ, որն անմիջապես համաձայնվում է օգնել ժուռնալիստին:

-Ուրիշ ինչո՞վ օգնեմ, ասա,-ասում է տղամարդը ու անցնում է հայերենի. հա՞ց, ջո՞ւր: Ու վերարկուի գրպանից հանում է թերթի մեջ փաթաթած մի կտոր հաց ու հանքային ջուր: Ուրիշ ջուր այդ պահին քաղաքում չկար: Ես շնորհակալություն եմ հայտնում:

-Ասա, ինչո՞վ օգնեմ,-ասում է տղամարդը: Իմոնք բոլորը մահացել են: Ընտանիքիցս մարդ չի մնացել...»:   

«...Ահա մի շտրիխ, վայրկենական մի կադր բնությունից, որ մնացել է իմ հիշողության մեջ...: Թարմ, մաքուր, թափանցող առավոտ: Ես մեկնում եմ Մոսկվա առաջին չվերթով: Արարատին կարելի է ձեռք մեկնել: Թռիչքուղուց այն երևում է ինչպես ափի մեջ: Թվում է, թե լեռն այնքան էլ գոհ չէ: Ինձ ճանապարհում է Ջուլիան, երիտասարդ մի բանասեր...»:

Հ.Գ. Մենք կուզեինք, որ հրապարակմանն արձագանքեին նաև այն մարդիկ, որոնք Դավիթ Գայի «հերոսներն» են: Երիտասարդ բանասեր Ջուլիան, լուսանկարներում պատկերված անձինք և այլք: Հասկանալի է. անցել են ժամանակներ, 28 տարի, կյանքը թելադրել է իրենը, բայց մարդկային ճակատագրերն ամենահետաքրքիր պատմություններն են, որ կուզեինք մատուցել մեր ընթերցողին:

Կոնտակտի համար՝ [email protected]

 

 

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ