ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ. Պերճուհի Թորոսյան

Արշալույս Բարսեղյան
Արշալույս Բարսեղյան

«ՀԱՅԵՐ»

լրագրող

 

Արշալույսը

լրագրող է:

Բնույթով՝

մաքսիմալիստ:

 

Համոզված է,

որ լավ

գիտելիքից, 

ձևավորված

արժեքային

համակարգից 

և որակյալ 

մասնագետ

լինելուց բացի, 

կարևոր են

նաև

միջավայրերը:

 

Այդտեղ է,

որ մարդն

անընդհատ 

ձևավորվում և

ձևավորվում է:

 

Առավել չի

հանդուրժում

անարդարությունը:

Նաև՝ 

մեծամտությունը:

Անհաշտ է

բոլոր

տեսակի

կարծատիպերի

հետ:

 

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակը սկսում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԵՐԸ» բացառիկ նախագիծը: Մենք անդրադառնալու ենք «Լույս» հիմնադրամի ուսանողներին, որոնք կրթվելով աշխարհի լավագույն համալսարաններում, ստեղծել են յուրօրինակ հայկական աշխարհ: Մեր նպատակներին հետամուտ՝ ցանկանում ենք մեկ տարածքում կենտրոնացնել Հայաստանի, աշխարհի պրոֆեսիոնալ հայի ստեղծական միտքը: Միավորելով այդ միտքը, մենք կարող ենք «Փոխել և փոխվել», ինչն էլ  «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի կարգախոսն է: Մենք համոզված ենք, որ ամենամեծ ներդրումը դեպի մարդն արվող ներդրումն է:

Առաջինը՝ ՊԵՐՃՈՒՀԻ ԹՈՐՈՍՅԱՆ

Կրթությունը տնտեսության, տնտեսությունը՝ կյանքի հիմքերում:

  • Ինչն է՞ Ձեզ ստիպում հարցազրույց տալ Հայաստանից  Ձեզ դիմած անծանոթ լրագրողի:
  • Այժմյան իրականությունն այն է, որ շատ հայեր Հայաստանում չեն ապրում, ու ինքնությունը պահելու ձևերից մեկն այս կապերը պահպանելն է: Սրա միջոցով է ինձ համար ստեղծվում հայ աշխարհը:

ԱՄՆ-Հայաստան-ԱՄՆ, կամ «ոչ մի տեղի չպատկանելու իրականությունը»

Պերճուհի Թորոսյանը տնտեսագետ է, ֆինանսիստ: Սովորել է Այովայի, Բոսթոնի և Կոլումբիայի համալսարաններում: Ծնվել է Հրազդանում, հետո տեղափոխվել Երևան, ավելի ուշ՝ ԱՄՆ: Այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:

90-ականներին Պերճուհու մայրիկի համար հնարավորություն է ստեղծվում լրագրողական պրակտիկա անցնել ԱՄՆ -ում: Այնուհետև ընդունվում է համալսարան՝ մագիստրոսական կրթություն ստանալու և սկսում աշխատել ռադիոյում: Ընտանիքը՝ ամուսինը, դուստրերը՝ Պերճուհին և քույրը, «միավորվում» են ավելի ուշ:

Պերճուհին ծնողներին բնութագրում է որպես ստանդարտներից դուրս, ազատամիտ մարդիկ. «Այն տարիներին, երբ Հայաստնում շատ դժվար էր ապրուստ ձեռք բերելը, իրենք շատ ձգտումներ ունեին: Մայրս  քառասունն անց, երբ արդեն երեխաներ ուներ, եկել, նորից սովորել է: Հայրս էլ շատ է օգնել նրան, առաջ է մղել ու ինքն էլ է առաջ գնացել: Հաղաթահարել են շատ բաներ՝ լեզվի չիմանալը, նոր մշակույթը: Սա տեսնելով՝ առանց իրենց հուշելու, հասկացել ենք, որ այդ ձգտումները կարևոր են»:

Այժմ Պերճուհու մայրը դասախոսում է Նյու Յորք նահանգի համալսարաանում, (State University of New York) իսկ հայրը դեղագործական լաբորատորիայի տնօրեն է:

Կրթություն, կամ «գիտելիքը ոչ այնքան պետք է տրվի, որքան պետք է վերցվի»

Պերճուհին դպրոցական կրթության մի մասը ստացել է Հայաստանում, մյուսը՝ Ամերիկայում: Չհարմարվելու պատճառով վերադարձել է Հայաստան և դպրոցին զուգահեռ՝ ավարտական դասարանում ընդունվել Ֆրանսիական համալսարան: Այստեղ սկսվել է իրականության և պատկերացումների, ցանկությունների հակադրման մի շրջան:

Պերճուհին համալսարանական կրթությունը այն շրջանն է համարում, երբ, ի տարբերություն դպրոցի, գիտելիքը ոչ այնքան պետք է տրվի, որքան պետք է վերցվի ուսանողի կողմից: Հայաստանում նկատել է ճիշտ հակառակ տրամաբանությունը, ավելին՝ այլ պատկերացումներն ու մոտեցումները հաճախ չեն էլ խրախուսվել: Նրան խանգարել է նաև արժեհամակարգային մեկ այլ խնդիր՝ ուսանողի ուշադրությունը ավելի շատ ընկեր/ընկերուհի գտնելու վրա է եղել, քան ուսման:

Պերճուհին անհրաժեշտ է համարում կրթության ոլորտի խնդիրները լուծելը, քանի որ այն տնտեսության կարևոր բաղադրիչն է և պետք է պատշաճ ուշադրություն դարձնել. «Իմ տեսածն այն էր, որ շատ ժամանակ ամոթ էր, որ տղաները լավ սովորեին, ընդունված չէր, որ աղջիկները կարծիք ունենային, մի քիչ շատ խոսեին: Այդ կարծրատիպերը խանգարում էին մասնագիտացմանը»:

Տնտեսության առողջացման համար, կրթությունից զատ այլ քայլեր ևս պետք է ձեռնարկել, սակայն Պերճուհին չցանկացավ մանրամասնել «Սխալ է առանց իրականության մեջ ապրելու խորհուրդներ տալը: Նայիվ կլինի իմ կողմից՝ առանց հետազոտելու ու խնդիրը հասկանալու կարծիք ասելը: Շատ թեորիաներ կան, որոնք ես գիտեմ, բայց Հայաստանը շատ բարդ քաղաքական, տնտեսական դրության մեջ է ու չեմ կարծում հեշտ լուծումներ կարելի է տալ»:

Մասնագիտություն, կամ «ԱՄՆ-ում տնտեսագետ կոչվելու համար պետք է ստանալ դոկտորական կրթություն»

Իր մասնագիտական ընտրությունը Պերճուհին կատարել է բավական բազմազան տարբերակների միջից. «Ինձ շատ բաներ էին հետաքրքրում՝ մաթեմատիկայի, հոգեբանության, փիլիսոփայության աշխարհները, իսկ տնտեսագիտությունը կապում է հումանիտար ու ոչ հումանիտար աշխարհները, և ես հենց դա ընտրեցի»: Բացատրում է, որ սա, շատ այլ մասնագիտությունների նման, մարդու կյանքը փոխելու համար է, քանի որ փողը, տնտեսությունը մարդու գոյության, ապրուստի զարկերակն են:

Պերճուհու մասնագիտական հետաքրքրությունը զարգացող երկրների տնտեսական զարգացման պրոցեսների ուսումնասիրությունն է, իսկ աշխատանքը՝ ԱՄՆ-ի կենտրոնական բանկում (Federal Reserve Bank of New York) միջազգային տնտեսական վերլուծություններ անելը: Ասում է, ԱՄՆ-ում տնտեսագետ կոչվելու համար պետք է ստանալ դոկտորական կրթություն, որն ինքը դեռ չունի: Առայժմ չունի նաև այն ստանալու որոշումը:

Կրթության ճանապարհն այսպես է եղել՝ բակալավրի աստիճանը ստացել է Այովայի համալսարանում, այնուհետ ֆինանսներ է ուսումնասիրել Բոսթոնի համալսարանում, իսկ տնտեսական քաղաքականություն մասնագիտացումը ձեռք է բերել Կոլումբիայի համալսարանում. «Ընտերել եմ այնպիսի ուղղություն, որ պրակտիկ կրթություն ստանամ ու ավելի մոտիկ լինի տնտեսագետի գործին: Ես արդեն ունեի մագիստրոսական կրթություն ու պետք է երկրորդը այնպիսի բան անեի, որ իրոք ինձ բարելավեր»:

Այս դեպքում ուշադրություն է դարձրել, որ համալսարանն իր ընտրած ոլորտում լավագույնը լինի: Պատմում է, որ մինչև Կոլումբիայի համալսարան ընդունվելը համարձակության խնդիր է ունեցել ու մտքում միշտ եղել է չընդունվելու վախը: Ավելի հասունանալուց հետո հասակցել է, որ շատ բաներ աշխատասիրության արդյունք են: Իսկ վերջնական համարձակությունը ձևավորվել է ամուսնու օգնությամբ:

Կրթությանը զուգահեռ Պերճուհին միշտ աշխատել է, սակայն ոչ միշտ մասնագիտական գործով: Համոզված է, որ աշխատանքը լրացնում է կրթությունը, տալիս է անկախություն, սովորեցնում է գործել, ձեռք բերել հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական գործունեության մեջ:

Հետաքրքրություններ, կամ «բացահայտել ֆիզիկական, հոգեբանական հնարավորությունների սահմանները»

Պերճուհու համար կարևոր են մարդկային շփումները. «Ես տարբեր աշխարհներից կապեր ունեմ: Մի աշխարհն այն է, որ Երևանում մանկության ընկերներ ունեմ, մյուսը՝ իմ համալսարաական կապերն են, երրորդը՝ ԱՄՆ-ի այն քաղաքները, որտեղ ապրել եմ: Այս բոլոր աշխարհների մեջ կան տարբեր անձիք: Մտքիս միշտ այդ աշխարհներն իրար կապելն է: Գուցե դա ինձ համար էլ է, որ այդքան իրարից անջատ չլինի իմ կյանքը»:

Այժմ ապրում է Նյու Յորքում, որը մեծ և հետաքրքիր քաղաք է, բայց անցուդարձը հաճախ հոգնեցնում է, իսկ ելքը լինում է բնությունը: Ամուսնու հետ արշավների է գնում սարեր: Հատկապես սիրում է ձմռանը գնալ, երբ այնտեղ շատ քիչ մարդ է լինում: Արշավները՝ արշավներ, բայց Պերճուհին ունի ևս մեկ ապրելակերպ՝ շուրջ 15 տարի յոգայով է զբաղվում: Սրա միջոցով կարողանում է իր ֆիզիկական, հոգեբանական հնարավորությունների սահմանները բացահայտել:

Սիրում է նաև դասական երաժշտությունը, դաշնամուր է նվագում, սակայն այժմ ավելի շատ լսում է, քան նվագում. ասում է, որ դա օգնում է մտքերը դասավորել: Գրականության դեպքում հետաքրքրված է էվոլուցիայի, ուղեղի աշխատանքի մասին պատմող գրքերով: Այժմ նաև դպրոցական տարիների բաց թողածն է լրացնում, սկսել է հայոց պատմություն կարդալ՝ «Հիմա Փավստոս Բյուզանդի գիրքն է առջևումս դրված: Ինձ շատ հետաքրքրում է»:

Ապագա, ինքնություն և Հայաստան, կամ «եթե ամեն մեկն անի այն, ինչն ինքը կարող է»

ԱՄՆ գնալու առաջին շրջանում Պերճուհին Հայաստան վերադառնալու ցանկություն է ունեցել: Հիմա էլ այդ միտքը կա, սակայն վախենում է, որ այս շրջանում հետ գալը մասնագիտական աճին կարող է խանգարել: Հայաստանում կան բարելավումներ, սակայն ԱՄՆ-ում հավաքվում են աշխարհի մակարդակով մրցակցային մարդիկ, ինչը անհատին մոտիվացնում է անընդհատ բարլավվել. «Ինձ համար ամենավախենալուն այն է, որ երիտասարդ տարիքում ասեմ շատ լավ մասնագետ եմ, շատ բաների եմ արդեն հասել ու հանգստանամ: Հայաստանում այդ վտանգը հիմա ինձ համար տեսնում եմ»:

Միշտ պատրաստ է օգնության կարիքի դեպքում իր ժամանակը, էներգիան, միջոցները տրամադրել: Հայաստնին օգնելու ավելի մեծ պլան առաժմ չունի: Կյանքի այս շրջանը այն փուլը չի համարում, որ ինքը կարողանա փոփոխություն բերել Հայաստանում: Դրա համար դեռ պետք է շատ բաների հասնի, հասունանա, սակայն. «Ինձ թվում է, որ շատ քիչ մարդ կարող է մեծ փոփոխություններ բերել: Եթե ամեն մեկն անի այն, ինչն ինքը կարող է, ուղղակի բաց լինի հնարավորությունների առաջ, այդ դեպքում միասնական ուժը կարող է մի բան փոխել»:

Իր փորձից ասում է, որ համեմատության միջոցով է մարդը գտնում իր ինքնությունը: Հայաստանում ապրելու շրջանում չի գիտակցել, թե ինչքան է իր ինքնությունը հայ լինելով որոշվում: Շատ քննադատվող մի թեմա կա, որը նրան անհանսգտացնում է: Սփյուռքում ապրող հայերը հաճախ խորհուրդներ են տալիս, ճիշտ և սխալը որոշում, համաձայն է, դրա մեջ տգեղություն կա, այնուամենայնիվ կա մեկ բացատրություն. «Դա գալիս է սրտացավանքից, որովհետև եթե, Աստված չանի, Հայաստանում մի բան լավ չլինի, դու քո ինքնության շատ մեծ կտոր կարող է կորցնես: Կասեմ, որ այդքան քննադատորեն դրան չնայեն, այլ նայեն որպես մի բան, որ բոլորս իրար հետ կապված ենք ու այն մեզ համար շատ կարևոր է»:

Պերճուհին և ամուսինը Կոլումբիայի համալսարանում են սովորել՝ նույն մասնագիտությամբ: Ամուսինը մոտ 6 տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ: Այս առումով իրար նման են և փոխըմբռնումն ավելի լավ է լինում. «Երբ մի տեղ մեծանում ես, մի այլ տեղ ապրում՝ մի ինքնություն ես ձեռք բերում, որ դու ոչ այնտեղին ես պատկանում, ոչ՝ այս: Կտրվում ես, փոխվում, բայց ամբողջությամբ չես ինտեգրվում, դրա համար էլ դառնում ես մեջտեղի մարդ: Իմ ամուսինը հայ է, որ Հայաստանում է ծնվել ու այստեղ է ապրում, կարող է դա հասկանալ՝ ոչ մի տեղ չպատկանելու իրականությունը»:

 

Արշալույս Բարսեղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ