«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Մեզ երբեք չասաց, թե ինչ պետք է անենք...». ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ

 

Նրա «Առաջին սիրո երգի» ձայներն առ այսօր Երևանի փողոցներում են, թեպետ գրեթե չկա այն Երևանը, որին նա ձոնում էր իր առաջին սիրո երգը: Չկան նրա Երևանի մարդիկ, նրանց սերերը, նրանց օրերը, նրանց գիշերները, նրանց մտերմությունները: Չկա նրանց քաղաքը: Բայց, բարեբախտաբար, կան սերունդներ, որ հիշում են այն Երևանի մարդկանց, նրանց քաղաքն ու պատվում են նրանց, որովհետև նրանք հիշողության մեջ են և ուրեմն՝ ապրում են:

Հայկական կինոյի վարպետներից է նա՝ Յուրի Երզնկյանը, որ տեսել էր «քարը քարին շարված» քաղաքն, ու «առհավետ կապել էր իր կյանքը նրա յուրաքանչյուր շենքի հետ»: Յուրի Երզնկյանն էր, որ «վարդագույն իր ընկերոջ» մեջ էր տեսել «անխավար լույսի տունն» ու «ամեն հայի հույսի տունը»: Եվ ահա, 95 տարի անց նրա ծնունդից, նրա աստղը հանգրվանում է նրա ընկերների՝ հայ կինոյի մյուս մեծ վարպետների կողքին: Հանգրվանում է նրա Երևանի սրտում՝ «Կինոմոսկվայի» աստղային պուրակում, որ «Ոսկե Ծիրան»-ային ծնունդ է, «Ոսկե Ծիրան»-ային մտահղացում ու մեծարում հայ կինոյի: 

Նրա դուստրը՝ կինոքննադատ Անետա Երզնկայնը հուզված է: «Նրա աստղը ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է, որ կար այդպիսի ռեժիսոր, մարդ, որն իր հետքն է թողել կինոյում, թողել է իր ֆիլմերը, իր կինոն, իր դպրոցը, իր ուսանողներին»,- ասում է նա: «Այն ժամանակ նա գուցեև այդ մասին չէր մտածում, բայց այսօր նրան հիշում են նրա ուսանողները: Ուզում էի ասել երիտասարդ, բայց իրականում արդեն ոչ այնքան երիտասարդ կինոգործիչներ, որոնք եղանակ են ստեղծում հայկական կինոյում: Ես համոզված եմ, որ ուսուցիչները շարունակվում են իրենց ուսանողների գործերում:

Շատ շնորհակալ եմ իրենցից, շնորհակալ եմ Հարություն Խաչատրյանից, որը փայլուն ռեժիսոր է, որը «Ոսկե ծիրան»-ով ճանաչելի դարձրեց մեզ ամբողջ աշխարհում: Շնորհակալ եմ, որովհետև ոչ միայն նրան հիշում են, այլև շարունակում են նրան, և անում են ամեն ինչ, որ նրա անունը հնչի:

Այսօր Յուրի Երզնկյանն այսպիսի մարմնավորում է ստանում, և մարդիկ այս պուրակում նայելով նրա աստղին՝ կտեսնեն նրան իրեն շատ հարազատ միջավայրում՝ իր ընկերների, իր բարեկամների հետ: Մարդկանց, ում հետ նա կիսում էր իր ուրախություններն ու տխրությունները: Այստեղ, նրա կողքին Փարաջանովն է, որի հետ նրանք շատ լավ, բացառիկ ընկերություն էին անում, Էդմոնն է Քյոսայան, որոնց ես միշտ նմանացնում եմ իրենց խառնվածքներով, Բեկնազարյանն է, որի հետ թեև տարիքային տարբերությունններ ունեին, բայց գիտեր նրան, Յավուրյանն է, որի հետ և աշխատել են և մտերիմներ էին և այլն: Իրենք ապրում են այնքան, որքան ապրում են իրենց ֆիլմերը: Իրենք, մեր մեծերն ապրում են այնքան, որքան իրենց հիշում ենք»,- շարունակում է ռեժիսորի դուստրը:

Օրեր առաջ այս իրադարձությունից՝ Անետա Երզնկյանը սիրով համաձայնվել էր «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի հետ կիսվել երզնկյանների մեծ գերդաստանի ընտանեկան գաղտնիքներով, «Առաջին սիրո երգի» եզակի մանրամասներով, Յուրի Երզնկյանի առաքինությունների ու մարդկային թուլությունների չբացահայտված պատմություններով:

Յուրի Երզնկյանը երզնկյանների անվանավոր տոհմից էր: Նրա փառահեղ նախնիները Երզնկայից Լոռի էին հասել և բնավորվել Հաղպատում: Հարությունը՝ Յուրի Երզնկյանի պապը, Հաղպատի վանքի քահանան էր:

«Հաղպատի հռչակավոր վանքի վանահայր Հարություն քահանա Երզնկյանն ուներ չորս արու զավակ: Ահա, ընտանյոք, քահանան կանգնել է լուսանկարվելու: Ահա քահանայի տունը, ահա քահանայի գյուղը, ահա քահանայի վանքը»,- գրում է Հրանտ Մաթևոսյան Մեծն ու ահա այսպես բնութագրում քահանայի զավակներից Արամայիսին՝ նշանավոր Արամայիս Երզնկյանին, Ալեքսանդր Մյասնիկյանի կառավարության հողագործության ժողովրդական կոմիսարին, Յուրի Երզնկյանի հորը.

«Նրա պայծառ կյանքը հիսունութերորդ տարում ողբերգաբար ընդհատվեց 1937 թվականին: Նա էլ անցավ, ինչպես կասեր նրա բարեկամ Հովհաննես Թումանյանը: Մնաց հայ ժողովուրդը, Երևան քաղաքը և մեր երախտագիտությունը՝ Արամայիս Երզնկյանին՝ Հաղպատի վանքի Հարություն ըմբոստ վանահոր չորս որդիներից երեցին՝ կոմիսարին, խմբագրին, հրապարակախոսին, դիվանագետին, շինարարին, եռանդուն հանրագետին»:

«Երզնկյանների ընտանիքը շատ հետաքրքիր ընտանիք էր»,-ասում է Անետա Երզնկյանը: «Արամայիս Երզնկյանը շատ արտահայտված ու սիրված քաղաքական գործիչ էր և ընդհանրապես գործիչ էր, որն ինչ-որ արել է, դա մնայուն է եղել՝ լինի քաղաքականության մեջ, ճարտարապետությունում, մշակույթում, թե այլուր: Նա մի մարդ էր, որն ընկերություն էր անում և նամակագրություն ուներ Պլեխանովի հետ, Ստալինի հետ, որի սկսած ռեպրեսիաներին էլ ինքը զոհ գնաց, Ֆրիտյոֆ Նանսենի հետ, որի հետ շատ մտերիմ էր ու շատ բարեկամական կապեր ուներ: Հայաստանում լինելիս Նանսենը գրեթե միշտ Արամայիսի հետ էր, նա էր ուղեկցում մեծ մարդասերին ամենուր, և հենց այդ բարեկամության արդյունքում էլ ծնվեց նրա «Խաբված ժողովուրդ» նշանավոր գիրքը, որի մի մեծ մասը նվիրել է Արամայիս Երզնկյանին»,-շարունակում է Անետա Երզնկյանը:

Ապագա ռեժիսորը՝ Յուրի Երզնկյանը մեծացել է հյուրընկալ մի ընտանիքում, ուր հավաքվում էին Իսահակյանը, Սարյանը, Չարենցը, Թամանյանը: Համախմբվել են թեյի սեղանի շուրջ ու զրուցել, բանավիճել, քննարկել: Փոքրիկ Յուրին հատուկ կապվածություն է ունեցել հոր հետ, ու չնայած գրեթե չունեցած ժամանակին, Արամայիս Երզնկյանը միշտ կարողացել է լավագույնս շփվել որդու հետ:

«Տատիկս՝ Անետան, որի անունը ես կրում եմ հայրիկիս կամքով, դաշնակահարուհի էր, շատ մեծահարուստ հրատարակչի աղջիկ, որին պապիկս հանդիպել էր Շվեյցարիայում ուսանելու տարիներին և ամուսնացել: Ժամանակի բոլոր մեծերը նրանց տանը միշտ սպասված հյուր են եղել: Այդ մթնոլորտում է մեծացել հայրիկս ու թեև փոքր է եղել, բայց ամեն ինչը կարողացել է «վերցնել»: Ընտանիքում նա ամենակրտսերն է եղել, եղբայրն ու քույրերը նրանից շատ ավելի մեծ էին և ինքը շատ սպասված ու սիրված է եղել: Հայրիկս պահպանել էր այդ հիշողությունները»,-ասում է Անետա Երզնկյանը:

Առաջին քայլերը կինոյում Յուրի Երզնկյանն արել է Փարիզից իր հայրիկի բերած լուսանկարչական սարքով: Նա միշտ ունեցել է սերը դեպի ֆոտոն, դեպի պատկերը: Հետագայում, երբ նա ամբողջովին նվիրվել է կինոյին, նրա առաջին լուսանկարները պահպանվել են որպես հաճելի հիշողությունների վկայություններ: Դրանք առ այսօր Վարպետի բնակարանում են:

«Մի օր,- պատմում է Անետա Երզնկյանը,- երբ ռուսական օպերային թատրոնը Երևան է գալիս հյուրախաղերի, Արամայիս Երզնկյանն իր հետ տանում է նաև որդուն՝ հայրիկիս: Նա միշտ իր հետ տարել է Յուրային օպերաներ դիտելու: Այդ օրը, երբ ներկայացումն ավարտվում է, Յուրան դահլիճից պոկվում է ու վազելով գնում դեպի բեմ և մոտենալով հռչակավոր Մարիա Մաքսակովային ասում է, որ բոլորին հրավիրում է իրենց տուն»:

Տխրահռչակ 36-ին, երբ Արամայիս Երզնկյանը հայտնվում է բանտում, ամիսներ անց Յուրի Երզնկյանը կորցնում է մայրիկին՝ Անետային: Հետո, կարճ ժամանակ անց մահանում է նաև Արամայիս Երզնկյանը, և Յուրի Երզնկյանը 13 տարեկանում մնում է առանց ծնողների: Ընտանիքում շատ սիրված, յուրահատուկ միջավայրում ու մթնոլորտում մեծացած տղան հանկարծ հայտնվում է շատ ծանր իրավիճակում և մի ժամանակաշրջան ապրում է Թբիլիսիում, մեծ քրոջ մոտ: Դպրոցը նույնպես շարունակում է Թբիլիսիում:

«Ի դեպ, այդ դպրոցում սովորում էին նաև Լև Կուլիջանովը, Լիա Էլիավան և ուրիշներ: Նրանց դասարանում եղել են այլ երեխաներ ևս, որոնց ծնողները ենթարկվել էին ռեպրեսիաների, և դպրոցում այդ երեխաներին ուսուցիչները ոտքի են կանգնեցրել որպես «ժողովրդի թշնամիների», և այդ երեխաներն այդպես ոտքի կանգնած մնացել են ամբողջ դասի ժամանակ: Ահա այսպիսի շատ ծանր ժամանակներ է ապրել հայրիկս»,- ասում է Անետա Երզնկյանը և շարունակում ենք զրույցը:

- Դպրոցից հետո, այնուամենայնիվ, Յուրի Երզնկյանին հաջողվում է առաջին քայլերը կինոյում անել մեծ վարպետների հովանու ներքո: Ի՞նչ էր հիշում Վարպետն այդ օրերից:

- Այո, թեև նա արդեն 14-15 տարեկանից ձևավորումներ էր անում ռուսական դրամատիկական թատրոնում, քանի որ շատ լավ նկարում էր, այնուհանդերձ, կարողանում է ուսումը շարունակել Մոսկավայում և դա շատ կարևոր մի ժամանակաշրջան է դառնում իր համար: Այո, նա շատ լավ դպրոց է անցել՝ Սիմոնովի և Ռոմի դպրոցը: Նա միշտ հիշում էր նրանց և միշտ ասում էր, որ շատ բանով է նրանց պարտական, որովհետև շատ բան է սովորել նրանցից: Այդ անունները մեր ընտանիքում միշտ իրենց յուրահատուկ տեղն ունեին և մենք պաշտում էինք նրանց:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Յուրի Երզնկյանը կարողացել է նաև լավ ընտանիք ստեղծել:

- Անշուշտ: Մայրիկս՝ Լիդա Երզնկյանը բալետի պարուհի էր, չնայած որ ոչ մի օր չի պարել: Ամուսնացել է հայրիկիս հետ ու չնայած շատ լավ տվյալներին՝ ավարտել պարուհու իր կարիերան: Նա սովորել է նաև թատերական ինստիտուտում, առաջին կինոդերասանական խմբում, ուր նաև Խորեն Աբրահամյանն է սովորել: Բայց կինոյում նույնպես գրեթե չի նկարահանվել: Բեկնազարյանի մի ֆիլմում նկարահանվել է, բայց այդ ֆիլմը փակվել է, երբ սովետա-ամերիկյան հարաբերությունները փչացել են, որովհետև ֆիլմն այդ մասին է եղել: Ասեմ, որ հայրիկս առանձնապես չէր ուզում, որ մայրս նկարահանվեր: Գուցե կուզեր, եթե իր մոտ նկարահանվեր, դա էլ՝ բացառվում էր: Չնայած, տարիներ անց միասին աշխատում էին ֆիլմերի վրա, մայրիկս նրան օգնում էր:

Նրանց սերն, ըստ էության, ծնվել է Մոսկվայում, երբ մայրիկիս որպես պարուհու ուղարկել են վերապատրաստվելու: Այդ օրերին էլ հանդիպել է հայրիկիս: Գուցե դա չի եղել սեր առաջին հայացքից, քանի որ նրանք Երևանում էլ միմյանց ճանաչել են: Սերը նաև միանգամից չի «տրվել», բայց հայրս, ինչպես մայրիկս էր միշտ պատմում, շատ հետևողական է եղել ու համառ և հասել է իր նպատակին ու նրանք 48-ին Երևանում ամուսնացել են: Մայրս շատ մեծ դեր է խաղացել, որպեսզի ձևավորվի այն մթնոլորտը, այն միջավայրը, որում ընթացել է հայրիկիս ստեղծագործական կյանքն ու այդ կյանքի ընթացքը:

Շատ բարի մարդ էր հայրս, շատ հասանելի մարդ, շատ մեծ հումորով, բայց նաև կտրուկ էր շատ: Յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ կայուն կարծիք ուներ, և իր կարծիքը միշտ, միշտ ասում էր: Երեխաներիս կյանքում, նա շատ մեծ դեր է կատարել: Նա մեզ երբեք չասաց, թե ինչ պետք է անենք, բայց բերեց այնտեղ, որտեղ մենք ենք և դրա համար ես շատ շնորհակալ եմ նրան: 

- Կարծես թե սովորական մարդ չէր:

- Գիտեք, նա իրականում մեծ էսթետ էր: Շատ բարձր չափանիշների համապատասխանող էսթետ թե կենցաղում, թե հագուստում, թե փոխհարաբերություններում: Միջավայրը միշտ բնորոշում է այն մարդկանց, որում ապրում են: Ինքը շատ էր սիրում այդ միջավայրը ձևավորել բարձր գեղագիտական չափանիշներից ելնելով:

Նա ուր գնում էր նկարահանումների, իր հետ անպայման պետք է գրքերի մեծ կապոցներ բերեր: Նրա բեռը վերադառնալուց միշտ շատ ծանր էր լինում և դրանք գրքերն էին, որոնք պարտադիր ընթերցվում էին: Հիշում եմ, նոր տպագրվել էր Ռեմարկի «Երեք ընկերը», և հիշում եմ, թե ինչպես Խորեն Աբրահամյանը, որ հաճախ էր լինում մեր տանը, մեծ հետաքրքրությամբ վերցրեց այն կարդալու: Խորենը միշտ ասում էր, որ Յուրայի միջոցով լավ գրականություն ենք կարդում, քանի որ հայրիկս շատ լավ գիտեր ժամանակակից գրականությունն ու միշտ հրաշալի ընտրություն էր անում:

Ասացի, որ նաև կենցաղում էր էսթետ: Նաև խոհանոցում էր էսթետ: Դրանք նրա մանկության արձագանքներն էին: Բոլորը, ովքեր գիտեին, ասում էին, որ տատիկս՝ Անետան, որը Վրաստանում էր մեծացել, որը շատ հյուրասեր ու հյուրընկալ մարդ էր, շատ լավ պատրաստում էր, և նրա խոհանոցը, որ հայկականի ու հատկապես՝ Լոռվա խոհանոցի և վրացականի նուրբ համադրությունն էր, նրա բոլոր հյուրերին էր գրավում: Շատերն են հիշում, որ նրա սեղանները միշտ լիքն էին:

Ի դեպ, թեև մայրիկս տատիկիս չէր տեսել, չէր ապրել նրա հետ, բայց գիտեր նրա խոհանոցի գաղտնիքները և դա հայրիկիս վերադարձնում էր մանկություն: Հայրիկս նաև սիրում էր, որ միշտ թխվածք էր լինում մեր տանը, և մեր տան դուռը երբ բացում էիր, այդ թխվածքի հոտը միշտ կար: Մայրիկս ամեն օր մի բան թխում էր:

Շատ սիրում էր, երբ հյուրեր էին գալիս: Սիրում էր սեղանի լիությունը: Եթե կոնֆետներ՝ ապա անպայման մեծ սկահակով: Թեյի սեղանին անպայման շատ մուրաբա՝ ելակի և սպիտակ կեռասի մուրաբաներ: Սրանք նույնպես նրա մանկության արձագանքումներն էին:

Նա էսթետի իր տեսակով մասնակցում էր նաև ամանորի տոնածառը զարդարելու արարողություններին: Երբեմն նույնիսկ այնպիսի խանդավառությամբ, որ մենք շատ հաճախ դուրս էինք մնում այդ պրոցեսից: Դա նույնպես ավանդույթ էր, որ փոխանցվել էր հորից՝ Արամայիս Երզնկյանից: Ընդհանրապես նրա սերն ու պաշտամունքն իր հայրիկի և մայրիկի նկատմամբ բացառիկ էր, ուրիշ:

Նա իր հայրական ընտանիքից բերել էր նաև երաժշտություն լսելու մշակույթը: 50-60-ական թվականներին այն մի տեսակ, կարծես թե, կորել էր, բայց հայրիկս բերեց մեր կենցաղ, մեր մշակույթ: Ժամանակին նրանք հավաքվել են ընտանիքով, միացրել են գրոմոֆոնը և լսել են «Տրավիատա», լսել են Ռախմանինով, Վերտինսկի: Մենք էլ էինք լսում ու գիտեինք, որ մեր տատիկը սիրել է, լսել է:

Իսկ կինոյի հանդեպ սիրո մասին, բնականաբար, չեմ ուզում խոսել: Նա ուղղակի ապրում էր կինոյով, շատ լավ զգում էր կինոն, իսկապես կինոյի մարդ էր: Թե Սիմոնովի մոտ ուսանելը, թե Ռոմի, թե Բորիս Բառնետի, որը 30-40-ական թվականների համաշխարհային կինոյի լավագույն վարպետներից էր, փոխել էր նրա կյանքը:

- Եվ այնուհանդերձ, ի՞նչն է ամենաշատը տպավորվել:

- Հիշում եմ, որ նրա ճամպրուկներից միշտ նարնջի անուշ հոտ էր գալիս: Այն ժամանակներում Երևանում նարինջ չկար, և ամեն անգամ Մոսկվայից Երևան գալիս նա նարինջ էր բերում, և այդ նարնջի հոտը միշտ մնում էր նրա 50-ականների կարտոնե ճամպրուկների պատերին: Իմ մանկական հիշողությունների մեջ այդ նարնջի հոտն է: Նարինջը վերջանում էր, հոտը մնում էր:

- Եկավ «Առաջին սիրո երգի» գաղտնիքները բացահայտելու պահը: Կինոնկար, որ կարծես թե բրենդ է:

- Գուցեև բրենդ է: Գուցեև 50-ական թվականների բրենդը: Շատ հաճախ ասում են, որ կինոն շուտ փչացող ապրանք է, ժամանակի ընթացքում դուրս է մղվում,  բայց մենք գիտենք ֆիլմեր և ռեժիսորների, որոնց գործերը մնայուն են և դառնում են օրինակներ բոլոր ժամանակների համար:

Գիտեք, որ «Առաջին սիրո երգը» սկսել է նկարահանել Լաերտ Վաղարշյանը: Հետո Լաերտն ինչ-որ խնդիրներ է ունեցել՝ ստեղծագործական, ֆինանսական և նրան հանել են ֆիլմից ու հայրիկիս են առաջարկել այն նկարահանել: Բայց նա ասել է, որ ֆիլմի նկարահանումը կստանձնի, եթե Լաերտին վերադարձնեն, և համատեղ սկսեն աշխատանքը: Ես լավ ճանաչելով հայրիկիս տեսակը, հասկացել եմ, որ ինքն ուզել է Լաերտին վերադարձնել, որովհետև գիտակցել է, որ Լաերտի ճակատագիրը, կյանքը, ապագան կարող է այլ կերպ դասավորվել:

Իրականում Լաերտ Վաղարշյանն արդեն որևէ անմիջական կապ չուներ ֆիլմի հետ: Փոխվել է ամբողջ դերասանական կազմը, ներգրավվել են Ղազարոս Սարյանը, Առնո Բաբաջանյանը և այլն:

Պետք է ասեմ նաև, որը շատ հետաքրքիր է, որ շատերը կարծում են, թե Առնո Բաբաջանյանն է ֆիլմի միակ կոմպոզիտորը: Առնոյի երաժշտությունն այս ձևաչափում այն ժամանակ դեբյուտային էր և մեծ ճանաչում բերեց Առնոյին, բայց շատ լիրիկական մասեր ֆիլմում, որոնք առ այսօր հուզմունք են պատճառում, Ղազարոս Սարյանինն են:

Վստահ եմ, հիշում եք այն դրվագը, երբ Խորեն Աբրահամյանի Արսենը՝ Արսեն Վարունցը, կորցրած իր երբեմնի հմայքը, փառքն ու նաև ձայնը, երգում է ռեստորանում, և գալիս է հայրը՝ Տիգրան Վարունցը, Հրաչյա Ներսիսյանի անկրկնելի կատարմամբ, և նրանք դուրս են գալիս ու քայլում են դեպի տուն աշնանային Երևանով, և արդեն տան մոտ Հրաչյան իր անձրևանոցը գցում է «որդու» ուսերին: Այդ դրվագին ուղեկցող հրաշալի մեղեդին, օրինակ Ղազարոս Սարյանինն է: Ես ամեն անգամ դիտելիս այդ տեսարանը կրկին հուզվում եմ: Ի դեպ, տեսարանը նկարահանվել է Աբովյան փողոցում, տան «կերպարում» նկարահանվել է լեզվի ինստիտուտի նախկին շենքը, որն այսօ չկա:

Ես այն ժամանակ, իհարկե, փոքր էի, բայց հայրիկս միշտ տանում էր նկարահանումներին և շատ դրվագներ եմ հիշում: Մեր տունը հենց օպերայի շենքի դիմաց էր, և ես հիշում եմ նաև, թե ինչպես նկարահանվեց հայտնի հորդառատ անձրևի տեսարանը Օպերայի շենքից դուրս գալիս: «Անձրևն» անխնա թափվում էր հսկայական խողովակներից, իսկ մենք զարմացած նայում էինք:

Այդ ֆիլմում նաև Խորեն Աբրահամյանի դերակատարումն էր հաջողված ու փայլուն, թեպետ, կարծում եմ, Խորենը չհաջողված դերեր չի ունեցել: Չգիտեմ, այն ժամանակ աստղեր կային, թե՝ ոչ, բայց Խորենն աստղ դարձավ մեկ գիշերում: Աշխարհի մեկ-վեցերորդում փայլեց նրա աստղը: Կանայք ուղղակի ուշաթափվում էին, երբ տեսնում էին նրան էկրանին:

Մենք շատ երկար զրուցեցինք Անետա Երզնկյանի հետ: Մի պահի զրույցին միացավ նաև Անետա Երզնկյանի դուստրը՝ Յուրի Երզնկյանի սիրելի թոռնուհին, և հուշերի պատմությունները շարունակվեցին:

Ներկայացվածը Յուրի Երզնկյանի մեծ կյանքի մի քանի դրվագներ էին միայն:

Եվ այսօր, «Ոսկե Ծիրանի» այս խենթ ու լուսավոր օրերին, երբ Երևանը վերադառնում է իր իսկական էությանը, իր բարի, անկաշառ, ժպտացող կերպին, քաղաքի իր մշակույթին, Յուրի Երզնկյանի Երևանին, երբ «Ոսկե Ծիրանն» աշխարհը բառիս բուն ու փոխաբերական իմաստով պտտեցնում է «Կինոմոսկվայի» շուրջ, Երևանում սկսում է հավերժորեն շողալ Յուրի Երզնկյան Վարպետի աստղը, որի շուրջը «կրկնում ենք մի ծանոթ եղանակ. «Իմ անուշ, իմ միակ»: Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում…»:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ