«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Սերը մեր գոյությունն է, մեր կյանքը...» ՔՐԻՍՏԻՆԵ ԽՈՋԱՅԱՆ

 

 

Երբ սկսում էինք մեր հեռակա զրույցը Միացյալ Նահանգներում ապրող մեզ անծանոթ հայուհու՝ Քրիստինե Խոջայանի հետ, ներքին մի համոզվածություն ունեինք, որ նուրբ զգացողություններ են թաքնված նրա ներաշխարհում: Հավանաբար այն պատճառով, որ Քրիստինեն երաժիշտ էր, մանկավարժ, աշխատում էր երեխաների հետ: Գուցե նաև նրա կանացիության ու բարեկրթության արտացոլանքներն էին հուշում զգացմունքային, խորքային մարդու նրա կերպի մասին: 

Քրիստինեն շատ դժվարությամբ համաձայնվեց իր ու իր ընտանիքի մասին զրույցի առաջարկին: Կեղծ համեստության դրսևորումներ ու սեթևեթանքներ չկային, ուղղակի կար մի զգացողություն, որ ինքը բազում հայերից մեկն է, իր գործն է անում, գնում է իր ճանապարհով ու դժվար թե այն հետաքրքիր է հանրությանը:

Բայց մենք համառեցինք. «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի առաքելությունն է մեկտեղել աշխարհով ցրված հայերին, հասկանալ նրանց, տեսնել նրանց, ճանաչել նրանց, խոսել միմյանց հետ, սիրել միմյանց, միմյանց մեջ գտնել մեզ, մեր անցյալը, ներկան ու անցնելիքը, և ստեղծվեց այն զրույցը, որը սիրով ապրող, սիրով աշխատող ու սիրո մեջ աշխարհը տեսնող մի գեղեցիկ հայ ընտանիքի մասին է՝ ի դեմ Քրիստինե Խոջայան զգայուն ու լուսավոր մարդու: 

Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

- Ես ծնվել եմ մտավորականների ընտանիքում: Մայրս հայոց լեզվի և գրականության ուսուչուհի է՝ տասնամյակների հարուստ կենսագրությամբ: Հայրս` հրապարակախոս, բանաստեղծ Սուրեն Խոջայանը, երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի գրական հաղորդումների բաժինը:

Մենք չորս քույրեր ենք: Ավագը՝ Նաիրուհին, բանասեր է, ուսանողական տարիներին հետաքրքիր պատմվածքներ էր գրում, որոնք հաճախ հրապարակվում էին համալսարանի ուսանողական թերթում: Նունեն դերասանուհի է, աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում, նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում: Աշխատել է նաև աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ, որի արդյունքում ծնվել է մեծ արվեստագետի հայտնի կոլաժներից մեկը: Լիլիթն ու ես երաժիշտներ ենք: Լիլիթը հանրապետական մրցույթների դափնեկիր է, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Արդեն տասնհինգ տարի աշխատում է Լոս Անջելեսի «Mesto» նվագախմբում, որպես մենակատար:

- Որտեղի՞ց է Ձեր Խոջայան ազգանունը: Կպատմե՞ք Ձեր արմատների մասին:

- Խոջայան ազգանվան արմատը «մեծ»-ն է, իսկ պարսկերեն` «տեր»-ը: Ցավում եմ, որ չգիտեմ, թե ազգանվանս խորքերը դեպի ուր են գնում:

Ծնողներս ծնունդով Արցախից են: Երկու կողմի պապիկներիս էլ շուտ եմ կորցրել: Մայրական կողմի պապիկս ազնվական եւ շատ կիրթ մարդ է եղել: Նա մարշալ Հովհաննես Բաղրամյանի ընկերն էր: Երկար տարիներ վարչական պաշտոն է զբաղեցրել: Շատ հպարտացա, երբ լսեցի, թե Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանն ի՜նչ խորին հարգանքով ու ակնածանքով էր պատմում պապիկիս կատարած բարի գործերի մասին:

Հրաշալի տատիկներ եմ ունեցել: Հայրական տատիկս աչքի էր ընկնում իր սլավոնական գեղեցկությամբ ու կանացի իմաստնությամբ, իսկ մայրական տատիկս իր անսահման բարությամբ ու ներողամտությամբ: Մեզնից յուրաքանչյուրը, կարծում եմ, իր նախնիների պատմության, կենսագրության արգասիքն է: Շնորհակալ եմ նրանց:

- Որտե՞ղ, ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը, ձևավորման Ձեր ճանապարհը:

- Ես ծնվել եմ Երևանում: Մանկությունս վառ գույներով է տպավորված իմ մեջ: Մայրս, որ կնոջ և մայրական սիրո իսկական խորհրդանիշ է ինձ համար, մանկությանս տարիներին, չնայայած իր անչափ զբաղվածությանը, մեր բոլոր հյուրերին ընդունում էր մեծ սիրով ու ջերմությամբ: Իսկ հյուրեր ունենում էինք շատ հաճախ և նրանք շատ անվանի մարդիկ էին՝ գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ:

Եթե գրողներն էին հյուրընկալվում մեզ, ապա պարզ երեկոն վերածվում էր գրական երեկույթի: Եթե հյուրերը երաժիշտներ էին, ուրեմն իսկական համերգն անպակաս էր: Հուզմունքով ու կարոտով եմ հիշում մեր հյուրընկալ հյուրասենյակի պատերը, որոնք ինձ շատ մեծ ու սովորականից ավելի ջերմ էին թվում այն օրերին:

Հիմա եմ հասկանում, որ ջերմություն փոխանցողն իմ մեծ ընտանիքն էր, և այն հրաշալի միջավայրը, որում ես մեծացա: Բազմաթիվ գրողների և կոմպոզիտորների ստեղծագործություններ մինչև տպագրվելը կամ ձայնագրվելը, առաջինը հնչել են մեր տանը: Ես փոքր էի եւ ունկնդրում էի առանց գիտակցելու դրանց բարձրարժեք լինելը:

Մայրս իր կերպարով մեծ ազդեցություն է ունեցել իմ կանացի ինքնության ձևավորման հարցում: Հայրս, որը միշտ եղել և շարունակում է մնալ հեղինակություն ինձ համար, մեծ դեր է ունեցել իմ ոգեղեն զարգացման ճանապարհին:

Արվեստի հանդեպ մեծ սերը գալիս է նաև գեղեցկատես եւ ազնվաբարո քույրիկներիցս, որոնք մեծ դեր են ունեցել իմ՝ իրենց ամենակրտսերի, գեղարվեստական ճաշակի ձևավորվան հարցում:

- Ուրեմն ինչպե՞ս և ե՞րբ է Քրիստինե Խոջայանը «հայտնվել» Միացյալ Նահանգներում:

- Հայրիկիս սրտի վիրահատությունն էր պատճառը, որ 90-ականներին մենք տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ:

- Ո՞րն է ջութակահարուհու Ձեր ճանապարհը, որտեղի՞ց եք սկսել:

- Երաժշտական ճանապարհս սկսվել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցից, որտեղ էքստեռն կերպով միանգամից ընդունվեցի ջութակի 4-րդ դասարան: Մեծ ակնածանքով ու խորին հարգանքով եմ հիշում ուսուցչիս՝ Վիլլի Մոկացյանին, որի խորհուրդն ինձ համար ճակատագրական դեր ունեցավ: Ավարտելով դպրոցը շարունակեցի ուսումս 10-րդ դասարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ունեցել եմ հրաշալի մանկավարժներ` Մարիամ Հովսեփյանը, Էդվարդ Մարգարյանը, Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարեն Հարությունյանը, պրոֆեսոր Կարպ Դոմբաևը: Մարդիկ, որոնց շնորհիվ հաղորդակից դարձա բարձրարժեք մշակույթին:

- Ինչո՞ւ ջութակ: Ի՞նչ է տվել այն Ձեզ:

- Ջութակն իմ էության մի մասն է: Այն ինձ հարստացրել է, օգնում է ներդաշնակ ապրել ինքս ինձ հետ:

- Կպատմե՞ք մանկավարժի Ձեր գործունեության մասին: Ինչպե՞ս սկսվեց այն:

- Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև միշտ զբաղվել եմ սիրածս աշխատանքով, սիրով ու նվիրումով եմ կատարել այն: Իբրև ուսուցչուհի քայլերս սկսել եմ ամերիկյան երաժշտական դպրոցում, որի տնօրենը գերմանուհի էր, հրաշալի մի կին: Շատ կարճ ժամանակում տարբեր ազգությամբ մեծաթիվ աշակերտներ ունեցա:

Այժմ դասավանդում եմ "International School Music" և Մանուկյան դպրոցներում, ղեկավարում եմ փոքրիկների երգչախումբը և դպրոցի նվագախումբը՝ իր շատ փոքր կազմով:

- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար աշխատել երեխաների հետ:

- Ինձ համար երեխաների հետ աշխատելը հրաշալի զգացողություն է, հատկապես, երաժշտական դպրոցում, որտեղ մոռանում եմ հոգնածությունը, կորցնում եմ  ժամանակի զգացողությունը: Վայր, որտեղ ոչ միայն սովորեցնում ես, այլև՝ սովորում: Դասավանդելը շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է, նաև՝ չափազանց բարդ ու պատասխանատու:

- Ի՞նչ դժվարություններ, բարդություններ է ենթադրում հայ մանկավարժի գործունեությունը սփյուռքում:

- Հայ մանկավարժի գործունեությունը բարդ է այն առումով, որ բազմամշակույթ երկրում ապրող հայ երեխային պետք է կարողանա փոխանցել ավանդաբար ժառանգված երգն ու երաժշտությունը, ծանոթացնել հայ դասական արվեստին, ինչպես նաև դարերի ընթացքում ստեղծված մշակութային անգնահատելի արժեքներին:

- Արդյոք դժվար չէ՞ սփյուռքում ապրող հայ երեխայի անցնելիք ճանապարհը: Ինչո՞վ են նրանք ապրում, ի՞նչ են երազում, ի՞նչ նպատակներ ունեն:

- Անշուշտ, դժվար է սփյուռքում բնակվող հայ երեխայի համար, որը փորձում է իրեն գտնել և՛ Արևմտյան, և՛ հայկական մշակույթի մեջ: Ընտանիքը, դպրոցը, եկեղեցին, իհարկե, անում են ամեն ինչ նրանց հայ պահելու և ինքնությունը պապհպանելու համար: Պահպանելու հայկականությունը, լեզուն, մշակութը, ազգային ավանդույթները: Եվ այստեղ անգնահատելի է հայ ուսուցիչների դերը: Բայց այսօրվա երեխան, բնականաբար, ապրում է նաև ժամանակի իր կյանքով, նախընտրում է լսել ռոք, ռեփ, փոփ, քանթրի: Երաժշտասեր երեխաներն, անշուշտ, այս ցանկին ավելացնում են նաև դասական երաժշտությունը:

- Ի՞նչ հակասություններ եք տեսնում ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում նրանց մեծանալու, ապագայի հեռանկարներն այդ աշխարհի հետ կապելու և հայի ինքնությունը պահպանելու հարցերի հետ կապված:

- Կարծում եմ մարդկության ամենամեծ գյուտն է տեխնոլոգիայի զարգացումը: Այսօր կա մշակույթի և քաղաքականության բախում: Սակայն, համոզված եմ, եթե երեխան ճիշտ օգտվի ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից, այն կլինի գործնական ու նպատակային, ու դրան չի զոհաբերվի ազգային մշակույթը:

Մեծ ցավով եմ ասում, բայց այսօր մենք մի տեսակ հեռացել ենք մեր ինքնությունից, արմատներից: Եվ այս ճգնաժամը դարձել է սովորական կենսակերպ:

Քրիստինե Խոջայանի ամենամեծ երազանքը:

- Իմ ամենամեծ երազն է՝ միշտ երջանիկ տեսնել իմ փոքրիկ ընտանիքին, նաև իմ բոլոր հարազատներին ու ընկերներին: Ունենալ հզոր և խաղաղ հայրենիք:

- Կյանքի Ձեր փիլիսոփայությունը:

- Փիլիսոփայությունս է՝ սիրել և ներել:

- Ո՞վ է հայ մարդը ըստ Ձեզ:

- Հայը արարող է ու ազնիվ: Ցրված ենք աշխարհով մեկ, բայց ցավի պահին կարողանում ենք արագ համախմբվել՝ մեկ սիրտ, մեկ մարմին դառնալ:

- Ի՞նչ է սերը:

- Սերը մեր գոյությունն է, մեր կյանքը:

- Ձեր խորհուրդը:

- Ապրենք բարությամբ ու սիրով, որոնց միջև տիեզերքն էլ թռիչքում կզգանք:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ