«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

ստեղծվել

ենք

աշխարհի

հայերի

համար

և նրանց

ջանքերով:

 

Մենք

հավատում

ենք, որ

հնարավոր է

փոխել և

փոխվել:

 

Մեր 

նպատակն է 

մեկտեղել

հայությանը՝

միտված

վաղվա

Հայաստանին:

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ընտրությունների նախօրյակին». ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ

 

Յարոսլավ Հաշեկի այս սքանչելի պատմվածքը, որը «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը հրապարակում է՝ ելնելով ժամանակի և իրողությունների  և հատկապես՝ քաղաքական իրողությունների, անփոփոխելիության կանխավարկածից, առաջին անգամ հայերեն հրատարակվել է «Գարուն» ամսագրում, Հովհաննես Հարությունյանի՝ Չեխ Հովիկի հրաշալի թարգմանությամբ: 

- Երբեք,- մլադոչեխերի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին առարկեց սոցիալ-դեմոկրատների վիշեհրադյան հանձնաժողովի անդամը:

- Աստծո սիրուն, մի քիչ խիղճ ունեցեք. հազար կռոնը շատ քիչ է: Ձեր առաջարկած գնով նույնիսկ մեր ամենաբարի անդամը չի կարող ասել. «Եկեք քվեարկենք մլադոչեխ Մետելկայի օգտին»:

Մենք չենք կարող այդքան նվաստանալ: Հազար կռոնի եղածն ի՞նչ է: Հո մուրացկաններ չե՞նք: Այսօր ընտրելու համընդհանուր իրավունք գոյություն ունի: Իսկ ընտրելու համընդհանուր իրավունքի դիմաց ի՞նչ է ձեր հազար կռոնը: Հազար կռո՜ն: Ո՞վ իրեն թույլ կտա հազար կռոնի համար համոզմունք փոխել: Երբեք: Դուք պիտի գիտակցեք, որ քաղաքական համոզմունքը յուրաքանչյուրի հարստությունն է, և այդ հարստությունը անհնար է գնել...

- Հազար հինգ հարյուր կռոն, և այլևս չսակարկենք,- առաջարկեց մլաղոչեխերի պատգամավորը:

- Երբե՛ք:

- Հազար վեց հարյուր կռոն և հինգ հեկտոլիտր գարեջուր: Չպետք է մոռանանք, որ Մետելկան ազգային փոքրամասնությունների խնդրով զբաղվող ամենաականավոր գործիչն է:

- Երբե՛ք ու երբե՛ք,- առարկեց սոցիալ-դեմոկրատների ընտրական հանձնաժողովի մեկ ուրիշ անդամ:

- Մենք չենք ժխտում, որ Մետելկան... Բայց քաղաքական համոզմունքը... երբեք չենք վաճառի: Առաջին ընտրությունից մեզ մնացել է երեք հազար կռոն: Դուք... պիտի գիտակցեք, որ մեր ձայները կարող են վճռական լինել: Նման պայմաններում անհարմար է առաջարկել հազար վեց հարյուր կռոն և հինգ հեկտոլիտր գարեջուր: Մենք ունենք հազար ընտրող, յուրաքանչյուրին նույնիսկ կես լիտր գարեջուր չի հասնում: Իսկ ի՞նչ եք կարծում, կես լիտր գարեջրի համար որևէ սոցիալ-դեմոկրետ կփոխի՞ իր համոզմունքը:

Ուզում եք, որ ամբողջ Չեխոսլովակիան ծաղրի՞ մեզ, ուզում եք, որ մարդիկ մեզ մատո՞վ ցույց տան: Երբեք: Մենք՝ սոցիալ-դեմոկրատներս, թույլ չենք տա, որ ազնիվ մարդիկ կես լիտր գարեջրի համար նվաստանան ու վերնաշապիկի նման փոխեն իրենց համոզմունքը:

Նախկինում դուք մեզ ավելի շատ էիք տալիս, գիտակցելով, որ մենք այդ փողերով օգնում ենք կարիքավոր ընտանիքներին, որ ջանում ենք կերակրել կապիտալիզմի ճիրաններում տառապող քաղցած աշխատավորին: Մենք մեր դրոշը չենք կեղտոտի կես լիտր գարեջրով: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք առաջարկում: Ուզում եք, որ հազար սոցիալ-դեմոկրատ հինգ հեկտոլիտր գարեջրով ծախի՞ իր հավատը: Ծիծաղելի է: Առաջներում մլադոչեխերը իսկական ասպետներ էին: Հիմա հազար վեց հարյուր կռոն են առաջարում:

Բարեկամներ, մենք ձեր փոխարեն ամաչում ենք: Երևի ուզում եք նաև, որ «Ժողովրդի իրավունք» թերթը հոդվա՞ծ տպագրի Մետելկայի մասին: Դուք մոռանում եք, որ քաղաքական համոզմունքը սրբություն է: Ամոթ նրանց, ովքեր վաճառում են իրենց քաղաքական համոզմունքները: Հազար վեր հարյուր կռո՜ն: Կորեք գրողի ծոցը: Մուրացկան հո չե՞նք:

- Դե լավ,- ասաց մլադոչեխերի ընտրական հանձնաժողովի պատգամավորը,- ութ հեկտոլիտր գարեջուր և հազար ութ հարյուր կռոն:

- Հարգելի պարոն,- ձայնեց սոցիալ-դեմոկրատների ընտրական հանձնաժողովի մեկ այլ անդամ,- տեսնում եմ, որ ձեր կուսակցությունը անկում է ապրում: Ութ հեկտոլիտր գարեջրով ուզում եք հազար ընտրո՞ղ գնել: Ախր յուրաքանչյուրին մեկուկես գավաթ է հասնում: Ամո՜թ է, ամո՜թ: Մենք մեկուկես գավաթ գարեջրի համար ձայն չենք տա քաղքենիների կուսակցության թեկնածուին:

- Մի մոռացեք նաև,- տեղից վեր թռավ սոցիալ-դեմոկրատների ձախողված թեկնածու Հոբը,- որ այս տարվա ընտրությունները մեզանից երկու անգամ ավելի դրամ են տարել, քան դուք առաջարկում եք: Իհարկե, կառապանների մեր կուսակցությունը ձեր՝ քաղքենիների կուսակցության նման ճոխ սեղաններ չբացեց, մերոնք ամեն օր ռոմ ու գարեջուր չխմեցին, մսապուր ու նրբերշիկ չկերան: Մերոնք միայն ընտրությունների օրն են խմում: Դրա համար էլ մերոնց առաջնորդողը համոզմունքն է:

Ինչպե՞ս եք համարձակվում այդ համոզմունքը գնել ութ հեկտոլիտր գարեջրով: Դուք չափից դուրս էժան չե՞ք գնահատում համոզմունքը: Ուզում եք խաբե՞լ մեզ: Երբե՛ք: Մենք համոզմունքի դրոշը մաքուր կպահենք: Երկու հազար և գարեջո՞ւր: Երբեք: Համոզմունքը վեհ ու սուրբ հասկացություն է և չի գնվի երկու հազար կռոնով: Տուն-տուն չենք խաղում:

Հարուստների ձեր կուսակցությունը չպիտի այնքան նվաստանա, որ մեզ առաջարկի երկու հազար կռոնով վաճառել քաղաքական համոզմունքը: Տեղին էր հիշելը, դուք մի ժամանակ ասպետներ էիք: Հիմա ձեզ թվում է, թե ձրի եք տալիս այդ փողը: Մի նեղացեք. մենք վաճառականներ չենք:

- Պարոնայք, բայց մեր կուսակցության խիղճը մաքուր է, և վաճառականությունից խոսելն ամոթ է,- ձայնեց մլադոչեխերի պատգամավորը: - Մեզ համար քաղաքական համոզմունքը նույնպես սրբություն է, մենք նույնպես ատում ենք քաղաքական առևտուրը: Սրիկա է նա, ով վաճառվում է: Այդ պատճառով էլ մենք առաջարկում ենք այնպիսի գումար, որ հանկարծ չստացվի քաղաքական առևտուր: Էդուարդ Գրեգրի կուսակցությունը հեռու է կեղտոտ գործարքներից, սակայն Բարեկի կուսակցության համար նույնպես քաղաքական համոզմունքը վեր է ամեն ինչից: Բայց երկու հազար հինգ հարյուր կռոնից ավելի չենք կարող տալ: Գարեջուրն էլ կավելացնենք՝ քսան հեկտոլիտր:

Հիշեցեք, որ ընտրելու եք լուսավորության նախարարին՝ հսկայական վաստակ ունեցող մի մարդու, որը...

- Հենց դրա համար էլ ավելին պետք է տաք: Ի՞նչ է երկու հազար հինգ հարյուր կռոնը:

- Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը ամուր բնավորություն և մաքուր խիղճ ունի: Զուր է համոզելը, քանզի մեզ համար թանկ է յուրաքանչյուրի քաղաքական համոզմունքը:

- Իհարկե,- ասաց մլադոչեխերի պատգամավորը: Մենք նույնպես հարգում ենք անհատի համոզմունքը և ջանում ենք բարձր պահել համոզմունքի դրոշը: Ինչքա՞ն եք ուզում:

- Դուք ուզում եք կաշառե՞լ մեզ: Երբե՛ք: Հինգ հազար կռոն՝ գումարած ուտելիքն ու խմիչքը: Թույլ չենք տա, որ մեզ ստրկացնեք: Մենք չենք էժանանա: Մեր ընտրողները վաճառվողներից չեն:

- Կտանք չորս հազար կռոն,- ողբաց մլաչոդեխերի պատգամավորը:- Դուք մեզ կողոպտում եք:

- Զուր տեղը ջուր չծեծենք, հինգ հազար կռոն՝ գումարած ուտելիքն ու խմիչքը:

Քաղաքական արժանապատվությունն անհնար է գնել:

- Չորս հազար հինգ հարյուր, աստված է վկա, որ ավելին չեմ կարող տալ: Մի մոռացեք, որ Մետելկան չեխ ժողովրդի լավագույն զավակներից է:

- Չորս հազար հինգ հարյո՞ւր: Պարոն, դուք մեզ ծաղրում եք: Հինգ հարյուր էլ ավելացրեք, և վերջացնենք այս խոսակցությունը: Մենք ձեզ կտանք հինգ հազար հինգ հարյուր կռոնի տեղեկանք, հինգ հարյուրը կմնա ձեր գրպանում:

- Ստիպված համաձայնում եմ: Հինգ հազարը շատ է, բայց հանուն չեխ ժողովրդի մեծ զավակ Մետելկայի արժե զոհողություն անել: Մի քանի կռոնի համար չարժե վիճել: Ապագայում...

- Ես հպարտանում եմ Վիշեհրադի ընտրողներով,- ետընտրական իր ելույթում ասաց պարոն Մետելկան: - Անկեղծ ոգեշնչվածությունը վեր է ամեն ինչից...

Չեխերենից թարգմանեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ (ՉԵԽ ՀՈՎԻԿ)

Գարուն, 1999, N 8

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ