Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

ԱՀԱԲԵԿՉՈւԹՅՈւՆ՝ նոր ժամանակի «դեմքը»...

 

Մեկ տարի առաջ այս օրն ամբողջ աշխարհը ցնցված էր Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից։ 

Տարիներն անցնում են, ժամանակները գնում, իսկ աշխարհը շարունակում է մնալ ահաբեկչությունների վախով պարուրված։ 

Ֆրանսիայի մասին ու նրա շուրջ։ Խորհրդածություններ մեկ տարի անց...
«...Ես հավատում եմ, որ աղետից կարելի է խուսափել: Վրիժառու ոչ մի ճակատագիր թաքնված չէ սև ամպերի ետևում՝ սպառնալով մեզ կործանում», - գրում է Անդրե Մորուան։  

«Մարդկության փրկությունը մարդկության ձեռքում է… Մենք պետք է կործանումից զերծ պահենք դեռևս կենդանի և ծաղկուն քաղաքակրթությունը: Մենք հաջողության մեջ համոզված չենք, քանզի խելագարության պոռթկումը կարող է համակել մարդկանց այն խմբերին, որոնց վրա մենք ազդեցություն չունենք, և նրանք կպայթեցնեն հողագունդը: Բայց և այնպես մենք կարող ենք, թեկուզ անուղղակի, ներգործել նրանց վրա: 

Մեր համոզումների կայունությունը, մեր որոշումների արագությունը կզինաթափեն նրանց, ովքեր սպառնում են մարդկության ապագային...»։

Տարիներ առաջ փիլիսոփայորեն էի նայում հանճարեղ ֆրանսիացու մեկ դար առաջ բարձրաձայնած այս մտածումներին՝ կարծելով, որ դրանք ուրիշ ժողովուրդների համար են։ Այսօր այլ է ընկալումս, քանի որ հոկտեմբերի 27-ի «մարդկային խելագար պոռթկումի» ականատեսը եղա, որի վրա վրա ոչ մի ազդեցություն չուներ ոչ մեկը, որ կարողանար կամ սպառնալ, կամ էլ զինաթափել նրանց․․․։

Ահաբեկչութունն ամենասարսափելի բռնությունն է և ամենաահավորն է, որ հիմնականում զոհվում են անմեղ մարդիկ։ 

․․․Մեկ տարի առաջ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցավ  սարսափելի մի ահաբեկչություն։ Մեկ օրվա ընթացքում ահաբեկիչներն իրականացրին մի քանի հարձակում՝ Stade de France մարզադաշտում, Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային խաղի ժամանակ, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա  Օլանդը, «Բատակլան» համերգասրահում և երկու սրճարանում։ 

Ահաբեկչության զոհ դարձան 135 անմեղ մարդ։ «Իսլամական պետություն» խմբավորումը, որն իր վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը, այս ծրագիրը մշակել էր  դեռևս 2015 թ․  հունվարի  7-ին, Փարիզում  «Շառլի Հեբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո։ 

Ողջ աշխարհը ցնցվեց ու դատապարտեց։
Օրը օրին նստվածք էին տալիս ահաբաեկչության պտուղները, Փարիզում  տիրում էր մի անբացատրելի մղձավանջ, ոչ մեկի դեմքին ժպիտ չկար, բոլորը  դարձել էին ինքնամփոփ, երեկոյան ժամերին, մարդիկ գերադասում էին տնից դուրս չգալ։

Ֆրանսիան դարձավ ահաբեկիչների գերին, ամենուր  մտցվեց խիստ կարգ ու կանոն։ Առավել ուշագրավ կենտրոններում ու մարդաշատ վայրերում առ այսօր հսկողություն է սահմանված։
Մեր օրերում քաղաքակիրթ երկրի ժողովուրդն ապրում  է ցնցումների մեջ...

Փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է մտածում ֆրանսիացին, երբ երկիրը լցվել է տարատեսակ ներգաղթյալներով ու իրենք «ստիպված» են նրանց օթևան տալ, կերակրել, երբ չգիտեն, թե նրանցից քանիսն են ընդունակ գնացքներ,  թատրոնի շենքեր,  մարզադաշտեր պայթեցնելու․․․ 

Պատկերացրեք, որ ֆրանսիացին բոլորովին այլ կերպ է մոտենում այս հարցերին։ 

Դրսից եկած մարդիկ, որոնք արդեն հաստատվել ու ապրում են այս երկրում,  ավելի խորն են ընկալում վտանգը և սարսափով ապրում, քան իրենք՝ ֆրանսիացիները։

Ամեն անգամ, երբ որևէ տեղ մտնելիս ոստիկանները  բոլորին զննում են, աշխատանքից հետո բավական մեծ հերթեր են գոյանում, ֆրանսիացին բոլորի նման հանգիստ ենթարկվում է այդ կանոններին, բավական ժամանակ է կորցնում, բայց երբեք չի տրտնջում, որ իր երկրում տիրում է այդ ահասարսուռ մթնոլորտը։ Օրենքի առջև Ֆրանսիայում բոլորն են հավասար...

Ֆրանսիայի խնդիրները թողնենք ֆրանսիացիներին․․․

88-ից առայսօր շատ կրակոցներ եղան նաև Հայաստանում: Անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ, նոր բռնություններ, նոր սպանություններ:

Հոկտեմբերի 27-ը թերևս գագաթնակետն էր։

Ոչ մեկս չէր ուզում ընկալել դառը ճշմարտությունը, որն անսպասելիորեն ցնցեց Հայաստան աշխարհը։

Ո՞վ կարող էր երբևէ պատկերացնել, որ Ազգային ժողով կարող են ներս խուժել զինված մարդիկ ու վայրկյանների ընթացքում գլխատել երկիրը։

Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 17 տարի: Մեզ համար տխուր ու գորշ հիշողություն դարձած այս արյունալի ոճիրը մեր պատմության ամենացնցող էջերից է:

Հանցագործները դատապարտվեցին ցմահ բանտարկության, սակայն ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հոկտեմբերի 27-ը մնաց չբացահայտված: 

Քաղաքական ու տնտեսական իրադարձությունների արդյունքում, իբրև սփոփանք մենք մեզ շատ հաճախ համեմատում ենք այլ երկրների հետ: Տնտեսական առումով մեր ոտքը «երկարում» ենք դեպի ամենաաղքատ երկրները, քաղաքական առումով՝ ամենահզոր տերությունների հետ ենք չափչվում։

«Ոմանք կարող են մոլորության մեջ գցել ու մոլորվել, սակայն ոչ ոք չի կարող խաբել բոլորին»։

Անցյալ դարերից մեզ հասած այս հանճարեղ միտքը 21-րդ դարի հանցագործ աշխարհի համար հին ու քարացած է, քանզի այսօր ցանկացած վրիժառու ամբոխ կարող է իրեն իրավունք վերապահել ոչ միայն մոլորեցնելու մարդկանց, ոչ միայն խաբելու, այլև կանխամտածված, միտումնավոր ականապատել դպրոցներ, հիվանդանոցներ, թատրոններ, պայթեցնել գնացքներ, դեսպանատներ, պատանդ վերցնել մարդկանց։

Քաղաքական հարցերի լուծման թիրախը դարձել է ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ, մինչդեռ խոշոր տերությունների ղեկավարները, մի կողմ թողնելով այս ոճրագործությունները, շարունակում են իրենց դիվանագիտական հանդիպումները, և քանի որ բոլորն իրար խաբում են, արդյունքում ոչ միայն խաբված են ողջ աշխարհի ժողովուրդները, նաև՝ անպաշտպան են: 

Միթե ահաբեկչություն չէ հինգ տարի շարունակվող Սիրիայի պատերազմը, ուր ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում։ Ահաբեկչություն  չէ՞ արդյոք, խաղաղ պայմաններում Արցախի սահմանին կանգնած զինվորի սպանությունը։

Ուրեմն մարդկությանը ժամանակ առ ժամանակ ցնցումների մեջ պահելը ձեռնտու է խոշոր խաղացողներին...

Դե ի՞նչ, քանի որ համայն մարդկությունը վաղուց վարժվել է «ահաբեկչություն» կոչվող աղետին, մնում է հանգիստ սպասել, թե մոտ ապագայում  տարակերպ «ահաբեկիչներն» ինչ դաժան փորձության կենթարկեն աշխարհը, մինչդեռ իր ժամանակին Անդրե Մորուան կարծում էր, թե «մարդկության փրկությունն իր ձեռքում է»։

                                         

 

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ