Հասմիկ Կյուրեղյան
Հասմիկ Կյուրեղյան

 

Կրթության

ոլորոտում

լավագույնը

համարվող

Լոնդոնի

Համալսարա-

նական

Քոլեջի՝

UCL-ի

կրթության

ինստիտուտի

դոկտորան-

տուրայի (PhD)

ուսանող է։

 

Ունի

անգլերենի

դասավանդ-

ման մագիս-

տրոսի

աստիճան

Հայաստանի

Ամերիկյան

Համալսարանից։

 

Զբաղվում է

մեծահասակ-

ների

կրթության,

ուսուցիչների

նախնական

եւ շարունա-

կական

կրթության

ուսումնա-

սիրություն-

ներով։

 

Զեկույցներով

հանդես է եկել

տարբեր

համաժողով-

ներում՝

Հայաստանում,

Ուկրաինայում,

Ղազախստանում,

Անգլիայում։

 

Ունի շուրջ

վեց տարվա

դասավանդման

փորձ։

 

Մասնակցել է

Հայաստանում

առաջին

ծավալուն

ուսումնասիրու-

թյանը հանրա-

կրթության

պետական

չափորոշչի,

առարկայական

չափորոշիչների

և ծրագրերի

բարելավման

ուղղությամբ։

«Ամեն աշակերտ իրեն հավատացող ուսուցչի կարիք ունի….». ՀԱՍՄԻԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

 

Անշուշտ, լավ ուսուցչի նպատակը աշակերտի հաջողությունն է։ Սրան հասնելու համար տարբեր մեթոդներ են կիրառվում, սակայն ոչ միշտ է նպատակն իրականանում։ Այդ դեպքերում հաճախ ուսուցիչներն արդյունքի բացակայության տարբեր պատճառներ են նշում՝ աշակերտի մոտիվացիա, ընդունակություն, երբեմն՝ ժառանգականություն, եթե ստացվել է այնպես, որ նույն ուսուցիչը դասավանդել է նաև տվյալ աշակերտի քույրերին, եղբայրներին, ծնողներին, և այլն։

Այս բացատրությունները երբեմն անբուժելի հիվանդության ախտորոշման են նմանվում, սակայն մինչ «ախտորոշելը», պետք է մտածենք. արդյոք ամեն բան փորձե՞լ ենք և արդյոք ճի՞շտ փորձ ենք արել։ Օրինակ, անմեղ թվացող մեկնաբանությունը ուսուցչի կողմից կարող է ամբողջովին դեմոտիվացնել աշակերտին, իսկ մտածված, աշակերտի յուրահատկությունները և հոգեվիճակը, հաշվի առած մեկ բառն անգամ կարող է ոգևորել։ 

Դասավանդման ոչ ցանկալի արդյունքներ ունենալու պատճառները կարող են տարբեր լինել, բայց կան բաղադրիչներ, որոնք առանցքային են հաջողության համար։

Կենտրոնանալ աշակերտի ուսումնառության վրա

Յուրաքանչյուր լավ ուսուցիչ ձգտում է լավ դասավանդել՝ հետաքրքիր մեթոդներ կիրառել, զանազանություն մտցնել դասապրոցեսում, ընկերանալ աշակերտի հետ և այլն։ Սա շատ լավ է, եթե հաշվի չառնենք այն, որ հաճախ այս քայլերն իրականում ինքնանպատակ են։ Այդքան չարչարվելուց հետո, հերթական ստուգման կամ թեստի ժամանակ պարզվում է, որ աշակերտը կարծես բան էլ չի սովորել։ Ինչո՞ւ։

Այս դեպքերում ուսուցչի բնական արձագանքը սովորաբար հետևյալն է՝. «սա արեցի, այսքան անգամ կրկնեցի, բացատրեցի....»: Ստացվում է, որ կենտրոնանում ենք մեզ վրա, չհարցնելով՝ իսկ ի՞նչ էր անում աշակերտը, ինչպիսի՞ մտածական գործընթացում էր նա, ի՞նչ էր զգում, ի՞նչն էր նրա մոտ ստացվում և ինչը՝ ոչ։

Այս ամենը շատ հաճախ իրականում դուրս է մնում ուսուցչի դիտակետից, այնինչ հենց սա է աշակերտի հաջողության ելակետը։

Աշակերտի սովորելու գործընթացը դիտարկելը առաջին հերթին օգնում է ուսուցչին՝ գտնել պատասխաններ շատ հեշտ թվացող, բայց մեծ ծավալի ինքնավերլուծություն պահանջող հարցերին. ի՞նչն է խնդիրը, ինչպե՞ս լուծել, ի՞նչն ավելի լավ կարելի է անել, ինչպե՞ս անել, ինչո՞ւ, ե՞րբ եւ այլն։

Ի վերջո, եթե «երեխան չի կարողանում սովորել մեր դասավանդման միջոցով, միգուցե արժե դասավանդել այնպես, ինչպես երեխան է սովորում»։

Կրթության նպատակը սովորելն է, այլ ոչ դասավանդելը։

Հենց այս մոտեցումն է ընկած ուսուցիչների զարգացման վերջին տարիների բազմաթիվ  ծրագերի հիմքում։

Չպիտակավորել եւ չհամեմատել

«Տես, այսինչը ինչ լավ է կարողանում...». գրեթե բոլորս դպրոցում լսել ենք այստեսակ համեմատություններ մեր դասընկերների հետ։ Ուսուցիչներին հաճախ թվում է, թե այս համեմատությունը մոտիվացնում է և գրեթե միշտ զարմացնում, որ այն չի աշխատում...:

Ավելին, մենք սկսում ենք ինքներս պիտակավորել մեր դասընկերներին և մեզ։

Իրականում, այսպիսի համեմատությունները հաճախ անառողջ մրցակցություն են ստեղծում, ընկճում են համեմատվող աշակերտին և բացարձակ ինքնավստահություն հաղորդում նրան, ում հետ համեմատել են։ Դասարանում, անկախ ուսուցչի ցանկությունից, ձևավորվում են տարբեր ճամբարներ՝ էտալոնների և կրթական գործընթացից հիասթափվողների։

Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրն ինքն է իր հաջողության կերտողը, հետևաբար, ինքն իր հետ պիտի համեմատվի. ի՞նչ գիտեմ այսօր՝ երեկվա համեմատ, ինչպիսի՞ն եմ այսօր՝ երեկվա համեմատ եւ այլն։ Մենք պետք է ձևավորենք շարունակ ինքնաճանաչման և ինքնակատարելագործման ձգտող անհատների, ոչ թե նրանց, որոնք «հաղթում են» սահմանափակ մրցակցության պայմաններում։

Դասավանդման գործընթացն առաջին հերթին շփում է ուսուցչի եւ աշակերտի միջև և կախված նրանից, թե շփումն ինչպիսի մթնոլորտում կլինի՝ փոխվստահության, սիրո, հարգանքի, թե՞ վախի, անհանդուրժողականության, անարգանքի, կախված է առաջին հերթին ուսուցչից։ 

Մեծ սպասումների ուժը 

Մի շարք հետազոտություններ կան, ուր իրական օրինակների վրա ցույց է տրված, որ երբ ուսուցիչը հավատում է իր բոլոր աշակերտների կարողություններին, աշակերտներն էլ հավատում են իրենց ուժերին եւ առավելագույն արդյունք են ցույց տալիս։

Ուսուցիչները, հաճախ անկախ իրենցից, ձևավորում են որոշակի սպասումներ այս կամ այն աշակերտի հաջողության հետ կապված և սրա արդյունքում սկսում են տարբեր կերպ վերաբերվել աշակերտներին։ Կարևոր է գիտակցել, որ մենք ավելին ենք, քան կանք, սակայն չունենք գերմարդու հատկանիշներ։ Մեր հաջողության բանալին մեր մեջ է և մեր նկատմամբ հավատի, հետևաբար կարևոր է, որ աշակերտի հաջողության ուղենիշերը միասին սահմանեն ուսուցիչն ու աշակերտը՝ ինքնաճանաչման և հաջողության հանդեպ հավատի հիմքով։ 

Իհարկե, պետք է նաև լինել իրատեսական եւ չսպասել, չպահանջել աշակերտից գերբնական, իր ուժերից վեր բաներ: Սա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Մեծ, բայց ճիշտ սպասումներ սահմանելու համար ուսուցիչը պետք է լավ ճանաչի իր աշակերտներին, նրանց ընդունակություններն ու հակումները, իսկ դա անելու համար պետք է կենտրոնանա նրանց ուսումնառության վրա, վերլուծի այն և իր դասավանդումը։ 

Բազմաթիվ իրական պատմություններ կան, թե ինչ դրական արդյունքներ կարող են արձանագրել ուսուցչի մեծ սպասումները, անկեղծ սիրո եւ հոգատարության արտահայտումները աշակերտների ինքնաճանաչման, մոտիվացիայի բարձրացման և ուսումնառության արդյունավետության բարձրացման վրա։

Հետաքրքիր է, որ մի հետազոտության մեջ, երբ աշակերտներին հարցրել են, թե ով է իրենց համար ամենալավ ուսուցիչը, մեծամասնությունը պատասխանել են, «ով սիրում է մեզ և հոգատար է»։ 

Եվ ուրեմն՝ սիրենք  մեր աշակերտներին ու հոգ տանենք նրանց մասին, սակայն այնպես, որ այդ սերը և հոգատարությունը չվնասի նրանց։

 

Հասմիկ Կյուրեղյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ