Հարություն Հարությունյան
Հարություն Հարությունյան

 

Լրագրող եմ:

 

Ազատ ժամանակ

գրում եմ:

 

Հիմնականում՝

արձակ:

 

Խաղարկային

երկու ֆիլմերի

սցենարի

հեղինակ եմ:

 

Դասախոսում եմ

ԵՊՖ

ինստիտուտում:

«Ամեն ինչ անցողիկ ա, պահն ա՝ հիասքանչ»

                                           

Ինչո˜վ ասես չի զբաղվի անգործ մարդը: Երբ աշխատանք, զբաղմունք չկա, ո˜վ ասես քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Հաճախ ինձ թվում է, որ մենք ՝ հայերս, քաղաքագիտության բնագավառում  բացառիկ ունակությունների տեր ենք:

Հին ծանոթներիցս՝ ուստա Վլեն, որ սովետի տարիներին ճանաչված խառատ էր, իսկ հիմա շշերի ընդունման կետում բանվոր է աշխատում, հանգիստ կարող է մի երկիր կառավարել,  հատկապես` նախագահի կամ ամենաքիչը վարչապետի պաշտոնում: Ամեն ինչ գիտի Վլեն,ամեն ինչից հասկանում է, միայն ափսոսում  է, որ ժամանակին  ծնողներին չհարցրեց իր անվան ծագումնաբանությունը: Ոչ պապի անունն էր Վլադիմիր, ոչ էլ` ապուպապի: Պապից ժառանգած Տեր-Գաբրիելյան ազգանվան կողքին մի տեսակ խորթ և անսովոր էր հնչում Վլադիմիրը: Թե անունն ինչ էր նշանակում, հետո իմացավ, երբ առաջին դասարանում դասվարը երեխաների անունների բացատրությունն էր տալիս:

Ի˜նչ անուններ կային դասարանում` Էլեոնորա, Գվիդոն, Լենդրուշ, Ռեմարկ, Բենիամին…Նրա անունը ուրիշ էր, մի տեսակ` նվաճողական, բայց, միևնույն է, երկար էր: Եվ երբ Վլեն արդեն սկսել էր հասկանալ ռուսերեն, ամեն անգամ երբ  ներկա-բացակա անելիս ռուսերենի ուսուցչուհին կարդում էր իր անուն-ազգանունը՝ «Тер-Габриелян  Влади-мир», Վլեն ձեռքը բարձրացնում էր և քթի տակ փնթփնթում. «Попробуем»:

Կրճատված՝ Վալոդ անունը չսիրեց, Վլադիմիրն ավելի լավ էր, բայց այ գերկարճ՝ Վլե անունը, երբ առաջին անգամ լսեց, սրտին կպավ: Իրենն էր: Որքա˜ն էր փնտրել,  մինչև որ անունը եկավ ու գտավ իրեն: Մի օր Վլադիմիրը ոչ իր կամքով մտավ միլիցիայի քաղմաս և այնտեղից դուրս եկավ Վլե դարձած: Դա շատ վաղուց էր` դպրոցական տարիներին, Վլեն արդեն մեծ էր՝ ծխում էր:

Վլեն, ինչպես պատմությունից գիտենք, աշխարհին չտիրեց, բայց երբ մի անգամ Մոսկվայում մասնակցում էր խառատների համամիութենական մրցույթին, գրավեց առաջին տեղը: Հաղթողի հավաստագիր-դիպլոմը ստացավ Մոսկվայի  քաղաքային կուսկոմիտեի առաջին քարտուղար Գրիշինի  ձերքից: Առաջին քարտուղարը  անձամբ շնորհավորել էր Վլեին և համբուրել նրա ճակատը:  Վլեն  այդ երեկո  այնքան էր խմել, որ հաջորդ օրը, խումհարի մեջ ընկած, ուշացել էր Մոսկվա-Երևան գնացքից: Երևանում ոչ ոք չնկատեց նրա ուշացումը, ազդեցիկ կուսակցական գործչի՝ Գրիշինի ձեռքից ստացած դիպլոմը կողպել էր բոլորի աչքերը:  Շնորհավորում էին, մատնացույց անում, հրավիրում` պրոֆտեխուսումնարաններում հանդիպելու ապագա խառատների, ֆրեզերագործների հետ: Վլեն հաճույքով  էր մասնակցում հանդիպումներին` ամեն անգամ թևի տակ ցուցադրական պահելով տեղական և  միութենական մամուլի օրինակները:

Վլեն տարբերվում  էր իր գործընկերներից: Նա հետևում էր աշխարհի անցուդարձին, պարտադիր նայում էր կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» և տեղական «Լրաբեր» լրատվական թողարկումները: Թերթերի կրպակի աշխատողը օրվա մամուլը ստանալիս միշտ առանձնացնում և հատուկ Վլեի համար պահում էր  նրա նախընտրած «Պրավդա», «Իզվեստիա», «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Սովետսկի սպորտ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Ոզնի», «Գրական թերթ» և հատկապես՝ «Գրքերի աշխարհ» թերթերը: Վլեն տանը մեծ գրադարան ուներ, բայց, ի տարբերություն այդ ժամանակների շատ գրքասերների, նա դրանք կարդում էր:

Առաջարկը՝ ընդունվել կոմկուսի շարքերը, մերժեց, ասել  էր. «Ես սկի կոմսոմոլ չդարձա, պարտիականն ինչի՞ս ա պետք: Իմ գործը երկաթ տաշելն ա, առանց էդ տոմսի էլ վատ չեմ տաշում»: Իրոք, Վլեն լավ վարպետ էր: Նրա մասին խոսելիս ասում էին` երկաթից մարդ է տաշում: Բայց Վլեն պարտիական չդառնալու ուրիշ պատճառներ էլ ուներ. նրան հարգում, հետը լուրջ զրույցի էին բռնվում  քաղաքի ճանաչված, հանցագործ աշխարհի կողմից հարգված տղերքը: Վլեն գիտեր իր սահմանները: Նա ոչ հանցագործ աշխարհի ճամփան բռնեց և ոչ էլ պարտիական դարձավ:   

Ամեն ինչ հարթ էր ընթանում` հարգանք, աշխատանք, ընտանիք, երեխաներ, կանոնավոր աշխատավարձ, հավելավճարներ, մինչև որ, ինչպես ինքն էր ասում, երկիրը պայթեց: Վլեն արտադրամասի միակ վարպետն էր, որ մինչև գործարանի փակվելը մնաց արտադրամասում և թաց աչքերով հետևեց, թե ինչպես մի օր իր երկաթյա ընկերոջը խցկեցին օտարերկրյա համարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը, որտեղ իրար գլխի մետաղի ջարդոնի պես լցված էին տարբեր տեսակի հաստոցներ: Մեքենան, ծանրության տակ ճողված, հևալով անհետացավ` շվարած Վլեին  թողնելով հետևից արձակած մրածխի մեջ:

Վլեն, ինչպես ասացի, ապակյա տարաների ընդունման կետում բանվոր էր աշխատում: Անկախության տարիներին այդ աշխատանքը նրան բաժին հասավ: Դրանից էլ գոհ էր: Նրա ընկեր-ծանոթներից շատերն անգործ էին, իսկ ինքը, լավ, թե վատ, աշխատանք ուներ:

Ես պարապ ժամանակ հաճախ էի ոտքս կախ գցում շշերի ընդունման կետի մոտ, որտեղ աշխատում էր Վլեն: Քիչ կհանդիպես յոթանասունն անց մարդու, որ կարող է իր դիպուկ գնահատականներով հաճելի զրուցակից լինել: Վլեն, ինչպես միշտ, մատը երկրի զարկերակի վրայից  չէր վերցնում: Ցանկացած իրադարձության վերաբերյալ իր յուրահատուկ  մեկնաբանություններն ուներ:  Թեև թերթեր էլ չէր կարդում, բայց ուրիշների պես կտրված չէր իրականությունից: Երբ հերթական անգամ անցնում էի Վլեի աշխատատեղի կողքով, հնչեց նրա խռպոտ ձայնը.

-Ի՞նչ կա, հարևա՛ն, նորություն, բան չունե՞ս:

Մենք հարևաններ չէինք, բայց Վլեն բոլորին այդպես էր դիմում, իսկ անծանոթներին՝ «բարեկամս» փաղաքշական ձևով:

Ասում եմ.

-Իմացա՞ր, վարչապետին փոխեցին:

Նայում է դեմքիս ու, առանց աչք թարթելու, առանց մտածելու, միանգամից եզրակացնում.

 -Հա,՛ թոշակի են ուղարկում: 

-Ի՞նչ թոշակ, դեռ վաթսուն չկա,- ասում եմ:

-Էս դեպքում տարիքը կապ չունի,- համոզված պնդում է ուստա Վլեն և առանց շունչ առնելու շարունակում:

-Մարդը յուղ էր փոխում, հետո դարձավ ցեխի պետ, հետո գործարանի տեր, կամաց կամաց իրանը ստեղծեց ու բարձրացավ: Մարզպետ եղա՞վ, եղավ,- ասում է ու, ճկույթը ցուցադրաբար ծալելով, անցնում մյուս մատների ծալման գործողությանը:

- Պատգամավոր դարձա՞վ, դարձավ, Ազգային ժողովի նախագահ եղա՞վ, եղավ, վերջում վարչապետի աթոռին նստե՞ց, նստեց: 

Երբ արդեն ձեռքի չորս մատները ծալել էր և մնացել էր բութ մատը, այն տնկած, տարավ-բերեց ու թե.

-Ի՞նչ մնաց, ոչինչ,- ասաց ու, բթամատը ցից պահած, հուլունքի հավասար քարերի պես հատ-հատ՝ իրար կողքի շարելով վանկերը` շարունակեց.

- Մնաց՝ նա-խա-գահ: Ինքն էլ գիտի, որ նախագահ չի կարա դառնա, գիտի, չէ՞,- ասաց ու գոհ աչքերը չռեց դեմքիս:

-Այո, բայց հասկանում ե՞ս,- դանդաղում եմ,- մի բան կուզի:

-Ի՞նչ պիտի ուզի, հո նախարարի պաշտոն չի՞ ուզելու, ամոթ չի՞, -ասաց, նայեց դեմքիս և, տեսնելով, որ կասկածներս չփարատեց, կես շունչ դադարից հետո, քթի տակ փնթփնթալով, շարունակեց:- Չնայած` ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար դեսպան ուղարկեցին:

Եվ իր եզրակացությունից գոհ, գլխի հաստատուն շարժումով ավելացրեց.

- Ասենք՝ Վրաստան: Բայց որ դուզ խոսանք, հեչ դեսպանի բան չի:

Հենց վերջին բառի վրա Վլեն ձեռքերը հուսահատ խփեց ծնկներին, հետո էլ թե`փոխում ե՞ն, թե՞ արդեն փոխեցին:

-Դե, -ասում եմ, - էսօր առավոտյան` կառավարության նիստի ժամանակ, հրաժարական տվեց:

Վլեն նորից  ծնկներին է խփում.

-Այ մարդ, ես ժամը մեկի լուրերը նայել եմ, բան չասեցին:

-Վայ , ուստա Վլե, -ժպտում եմ,- երեկոյան կասեն, չեն կարող չասել, ուղղակի չեն հասցրել երևի:

-Չեն հասցրե՞լ, -դեմքը ծռմռում է Վլեն,- էդ ո՞նց ա լինում` որ առավոտ ութին տելեվիզրը միացնում եմ, ասում են` գիշերը ով ում ա ընդունել, ինչ այց ա արել: Լուսադեմին ինչ լինում ա ասում են, իսկ առավոտյան տեղի ունեցածը կեսօրից հետո չեն հասցնո՞ւմ: Մի տող գրել-կարդալը հասցնելու հետ կապ չունի:

-Վա˜յ, - չեմ կարողանում զսպել ծիծաղս, - դա ոչ թե գիշերվա աշխատանքն են լուսաբանում, այլ նախորդ օրվա լուրերի կրկնությունն է:

-Չէ՛,- քթի տակ խորիմաստ ժպտում և իրենն է պնդում Վլեն,- եթե նախորդ օրվա կրկնություն լինի, կգրեն «կրկնություն ա»: Համ էլ, էս ինֆորմատիկայի դարում լուրերի ի՞նչ կրկնություն: Էս ո՞ր թիվն ա, որ լուրերը կրկնեն: Եթե կրկնեն էլ պետք ա, ոչ թե «այսօր» ասեն, այլ «երեկ» կամ առնվազն օրը նշեն:  Ուրիշ բան կա, դու չգիտես:

-Ի՞նչ,- զարմանում եմ ես:

-Դե, ոնց ասեմ, որ հասկանաս,- կմկմում է Վլեն,- էդ ասելու բան չի:

-Ասա, ասա` տեսնեմ ի՞նչ է, որ ես չեմ հասկանա,- պնդում եմ:

Եվ Վլեն պատմում է մի պատմություն, որը չեմ հասկանում` կատա՞կ է, թե՞ իրականություն:

-Մի օր տուն եկա, ծխել էի,-ասում է ու, զարմացած հայացքս բռնելով, բացատրում, - դե էն՝ Շեքսպիրի ասած` երջանկության խոտից:  Լա˜վ-լավ  էի: Փռվեցի թախտին ու տելեվիզըրը միացրի: Սերիալ էր: Նայում եմ, այ քեզ բան, դուրս գալիս ա: Հասկանում եմ` խորություն կա, մտածելու թեմաներ կան, էն ինչ եք ասում, սցենար կա, հասկանում ե՞ս, մեղքս ինչ թաքցնեմ, կա: Հանկարծ ինձ բռնացրի էն մտքի վրա, որ կա՛մ բախտս բերել ա` լավ սերիալի եմ հանդիպել, կա՛մ, իրոք, սերիալները վատ բան չեն, լավ ժամանակ ես մաշացնում: Էդ պահին մեր հարևան Վաչոն եկավ մտքիս, որ ամեն անգամ, երբ էդ թեմայով խոսակցություն ա լինում, ասում ա` սերիալները մարդկանց թմբիրի մեջ պահելու համար են:

Հիմա նայում եմ ու քիչ ա մնում գնամ Վաչոյին տանից դուրս կանչեմ ու մի չափալախ տամ: Էս մտքի վրա էի` սերիալը վերջացավ: Ալիքը փոխեցի: Էլի սերիալ էր, նայում եմ ու… էս էլ եմ հասկանում՝ հզոր ֆիլմ ա: Էս մեկը որ վերջացավ, փոխեցի ուրիշ ալիք, ստեղի սերիալը քարե դարի մասին էր, բայց, չգիտես` ինչու, դարին դարդ էին ասում: Նախկինում բան չէի հասկանում, հիմա նայում եմ ու զգում եմ ՝ լավն ա, շատ խորը, էնքան, որ պրծնելուց հետո մի տասը-տասնհինգ րոպե պուլտը ձեռիս սառել էի, ափսոսում էի ալիքը փոխել ու մտածում էի քարե դարի ժողովրդի մասին:

Ինչ-որ պահի ալիքը փոխեցի: Նորից սերիալ էր` էն, որ արդեն երկու տարի ա, սերիաները կարտի պես խառնում են  ու  նորից բաժանում, - ասում է, հետո ճշտում, - դե, ցույց են տալիս, էլի: Ուրեմն նայում եմ, նայում, այ քեզ բան,- զարմացած աչքերն է ճպճպացնում և շարունակում,- հորս արև, երևի մի հինգ-վեց անգամ նայած կլինեի, բայց այս անգամ ուրիշ ձև եմ հասկանում, հո չեմ հասկանում,- հիացական  ասում է  ու շարունակում իր պատմությունը:-  Երբ վերջացավ նորից փոխեցի ալիքը: Սերիալ էր՝ կոմեդիա: Էս էլ նայեցի, ի տարբերություն նախորդ անգամների, որ զզվում էի, հիմա հավանում եմ:

Իրանք ծիծաղում են, ես ծիծաղում եմ, իրանք չեն ծիծաղում, ես շարունակում եմ ծիծաղել: Կասկածի մեջ  տապակվում եմ, ընկել եմ մտածմունքի մեջ, չեմ հասկանում` իրո՞ք էդքան լավն են, թե՞ ինձնից ա: Ալիքը փոխում եմ ու  հայտնվում Ռուսաստանում: Ստեղ էլ սերիալ ա, նայում եմ ու նորից նույնը՝ հասկանում եմ:

Վառած սիգարետի ծուխը թոքերը լցնելով` շարունակում է .

-Չնայած ռուսականները էն ժամանակ էլ էի հասկանում:

-Ուստա՛ Վլե, դու դրանից ծխում ե՞ս,- հարցնում եմ զարմացած:

Վլեն, որ կարծես սպասում էր հարցիս, առանց երկար-բարակ  ձևեր թափելու ասում է.

-Առաջ չէի ծխում, հիմա մեկ-մեկ, հենց ճարում եմ, ծխում եմ ու տուն վազում: Ձգվում եմ թախտին, ու գնա՜ց` սերիալ եմ նայում: Դու չես կարա պատկերացնեա`ինչ լավ ա: Հլը մի օր փորձի:

Հետո համոզում է.

-Կատակ չեմ անում, հաստատ փորձի ու էն….«Կիսաբաց լուսամուտները» նայի:

Չէ՛, -  ասում եմ,- ես այդքան ներվ չունեմ, չեմ դիմանա: Մեկ-մեկ լուրերն եմ նայում, ու վերջ:

-Է՛, լուրերը նայի, ծխի ու նայի:

Նայում եմ Վլեի դեմքին, ուզում եմ հասկանալ մեր խոսակցության լրջության սահմանը: Վլեն շարունակում է.

- Դու էսքան ժամանակ չես հասկացե՞լ դրանց լուրերի պայծառության պատճառը:

 Գլխով կողքերն է ցույց տալիս.

-Շուրջդ նայի, էս վիճակը համեմատական ա՞ դրանց ցույց տվածին,- նայի, կողքերդ նայի:

-Լա՛վ,- ասում եմ,- պատճառները ուրիշ տեղ են, չափազանցնում ես:

-Չափազանցնում ե՞մ, - ոչ այն է զայրացած, ոչ այն է զարմացած ասում է ուստա Վլեն և շարունակում,- ոչ մի բան էլ չեմ չափազանցնում: Ես հասկացել եմ, դրանք աշխարհին ուրիշ վիճակում են նայում, դրա համար ա ըտենց: Դու փորձի, կհամոզվես ու կտենաս, որ ամեն ինչ էդքան վատ չի: Կասեմ ավելին՝ շատ էլ լավ ա, -հաստատուն ասում է Վլեն ու ավելացնում, - վատ ա, երբ իրականության մեջ ես, իսկ երբ հայտնվում ես օդերում, հասկանում ես, որ իրանց պես ես մտածում: Դա ի՞նչ ա նշանակում, մտածի:

Ապա հայտնագործություն արած մարդու պես ուրախ ժպտում է և, չսպասելով հարցի պատասխանին, շարունակում.

-Իրանց պես պետք ա ապրես՝ կերած, խմած, ծխած: Եթե ուտել-խմելու բան չկա, ուրեմն՝ գոնե ծխած: Հենց որ դու էլ էդ վիճակում ըլնես, քո համար էլ կողքերդ  դրախտի նման կըլնի՝ անհոգ, անդարդ, առանց պրոբլեմների: Մի խոսքով՝ ոնց որ դրախտում: Այ էդ ժամանակ վարչապետը հրաժարական տվեց-չտվեց, նոր պաշտոն կուզի-չի ուզի, կարևոր չի, հասկանում  ե՞ս, բան չի փոխվելու, ու դու էդ ժամանակ կհասկանաս` ամեն ինչ անցողիկ ա, պահն ա՝ հիասքանչ:

 

Հարություն Հարությունյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ