Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«․․․Ամեն ինչ քո ձեռքերում է․․․»․ ՄՈՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

«Երբեմն քաղաքականությունը մեզ վերադարձնում է ջունգլիներ»,- ասում է Ջոն։

«Այո, երկակիությունը մեզ կարող է տանել դեպի ջունգլիներ․․․ Երբեմն դժվար է հասկանալ, թե ով է իրական՝ դո՞ւ, թե՞ քո ալտեր էգոն։ Ամեն դեպքում, դուք երկուսդ էլ պետք է միասին դիմակայեք արտաքին հանգամանքներին, որոնց համար միևնույն է, թե ձեզանից ով է իրականը»,- ասում է Մոնին։

«Անմեղությունը ցանկացած պատերազմի առաջին զոհն է»,- շարունակում է Ջոն։

«Սուրբ Մարթայի պատմությունը մեզ սովորեցնում է բարեպաշտություն, բարություն և ճշմարիտ հոգևորություն»,- շարունակում է Մոնին։

«Աստղի լույսը դեռ կարող է մեզ ցույց տալ տուն վերադառնալու ճանապարհը»,- հուշում է Ջոն։

«Այո, և նույնիսկ կարելի է աստղ հորինել»,- հուշում է Մոնին։

«Մենք երբեք չգիտենք, թե մեզ ուր կտանի հիշողության արահետը»,- պնդում է Ջոն։

«Ես չեմ բացառում, որ կարող էի անցյալ կյանքում լինել Էմիլի Դիքինսոնը, և ոչ ոք չի կարող պնդել հակառակը»,- պնդում է Մոնին։

«Ամուսնության պատկերը․ հակադրությունները միավորված են մեկ ամբողջության մեջ»․ արձանագրում է Ջոն։

«Սիրահարների հոգիները միահյուսվում են՝ ստեղծելով յուրօրինակ նախշազարդեր, գուցե ժամանակավորապես, բայց՝ Միացյալ»,- արձանագրում է Մոնին։

«Երբեմն մենք կարող ենք խոսել միայն արցունքների միջոցով»,-վստահեցնում է Ջոն։

«Մեր նախնիների ժառանգությունը նորովի ներկայացնելը նման է գենետիկ կոդը սերունդներին փոխանցելուն»,- վստահեցնում է Մոնին։

«Փոթորիկը մաքրում է օդը և թույլ է տալիս նոր ծաղիկներ աճեցնել»,- կարծում է Ջոն։

«Փշրված երազանքի մասնիկները կարող են հաջողությամբ վերածվել նոր երազանքի․ ամեն ինչ քո ձեռքերում է»,- կարծում է Մոնին։

Ջոն՝ Ջո Քենինգհեմն է, Քվիլթինգի` Շերտակտավի, ժամանակակից կերպարվեստի այս նոր ուղղության համաշխարհային աստղերից մեկը, ամերիկացի արվեստագետ։

Մոնին՝ Մոնի Հովսեփյանն է, Շերտակտավի հիմնադիրը Հայաստանում, հայ արվեստագետ։

Ես նրանց տեսնում եմ «ՀայԱրտ» կենտրոնում, «Մոնի և Ջո․ Երկխոսություն շերտակտավի միջոցով» ցուցահանդեսի բացմանը, իսկ երկխոսությունը, որ ծավալվում է նրանց մեջ, թատերական երկխոսություն չէ։ Իրական երկխոսություն է, որ կայանում է տարբեր մտածողությունների, տարբեր մշակույթների, տարբեր սերունդների, տարբեր ժառանգության, հոգևոր տարբեր ներաշխարհների միջև և կայանում է արվեստի ստեղծագործությունների միջոցով, այս պարագայում՝ Շերտակտավների։

Երկխոսության մի կողմում արվեստագետ է, որի երկիրը «չունի» սահմաններ, որտեղ բախվում են մշակութային բազմազանության այսբերգները, որտեղ կենտրոնանում են համաշխարհային մշակութային շարժերը, համաշխարհային մշակութային ժառանգության ներգործությունները, որտեղից երևում են մարդկության մշակութային զարգացման ուղիները, լսվում են ձայներն ու արձագանքները, ճանապարհվում են ազդեցությունները։

Երկխոսության մյուս կողմում արվեստագետ է, որի հայրենիքը փոքր է, ինչպես թաշկինակը, բայց որտեղ սահմաններ չունեն մշակութային ժառանգության շերտերը, որտեղ սահմաններ չունեն քաղաքակրթական տարածումները, որտեղից երևում են մարդության ծագման ու զարգացման հետագծերը։

Բայց այս երկու արվեստագետների երկխոսությունը շա՜տ ներդաշնակ է։ Նրանք միմյանց հասկանում են ուղղակիորեն, հասկանում են իմաստասիրական շերտերում, պատմության արվեստային մեկնություններում, մարդկության մշակութային ժառանգության ընկալումներում, հասկանում են ազատության սահմանումներում, արվեստի անսահմանայնության տիրույթներում։       

«․․․ ցուցահանդեսը ներկայացնում է ստեղծագործություններ՝ միավորված նույն արժեհամակարգով ու մարդկային էության, ճակատագրի, անցյալի և ապագայի վերաբերյալ համանման մոտեցումներով՝ համընդհանուր մարդկային արժեքների վրա հիմնված Երկխոսության տեսքով։ Եվ սա հենց այն Երկխոսությունն է, որտեղ հեղինակները ավելի լավ են բացահայտում միմյանց և փոխլրացնում՝ օգտագործելով գեղարվեստական ​​շերտակտավի հմայիչ տեխնիկան։ Այս Երկխոսությունը բազմաշերտ է, խորը՝ շնորհիվ ոչ միայն հեղինակների վեհության և մտավոր ու հոգևոր խորության, այլև գեղարվեստական քվիլթինգի լայն հնարավորությունների, որոնք համատեղում են կերպարվեստի և կիրառական արվեստի առանձնահատկությունները»․ ցուցահանդեսի կատալոգում գրում են տեքստի հեղինակները՝ դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը և պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։

Այստեղ կտավները մաշտաբային են, կոնցեպտուալ, կոնցեպտուալ է նաև երկխոսությունը։ Այստեղ ինտելեկտուալ կոմպոզիցիաներ կան, ինտելեկտուալ կոմպոզիցիաներ կան նաև երկխոսության մեջ և այս երկխոսությունը բավականաչափ էկզիստենցիալ է։

Նրանք երկխոսում են «Անմեղության զոհաբերությունը», «Մեզ գրավում է անհայտը», «Փոփոխության փոթորիկ», «Ինքնախորասուզում», «Սեր», «Հակադրությունների միասնությունը և պայքարը», «ժառանգության ընթերցումը» խորքային հասկացությունների ենթատեքստերի, ենթաշերտերի, իմաստասիրական հրաձգությունների, փոխլրացումների ներքին հակասություններում և համադրություններում։

Այս երկխոսություններից յուրաքանչյուրն ունի պատմական, առասպելական, ինքնութենական, գոյաբանական, տիեզերական իր յուրօրինակ հիմքերը, որոնք հենված են մարդկության թողած մշակութային ժառանգության վրա՝ աստվածաշնչյան իրողություններից, մարդկության ծննդից մինչև նրա կայացման տարբեր ժամանակաշրջաններ։

Մոնիի «Սեր» շերտակտավում՝ քվիլթում, օրինակ, հայկական մանրանկարչության առասպելական թռչուններն են, շքեղ՝ գույների, համադրությունների, զարդանախշային պատկերումների մեջ։ «Սեր» քվիլթում Նահապետ Քուչակի սերն է, սիրո գովքը, սիրո պաշտամունքը, խորհրդավոր աշխարհը՝ պոետիկ ու կյանքային։

«Երկակիություն» քվիլթում բացառիկ վարպետությամբ հակադրությունների միասնությունն է և պայքարը։

«Երբեմն քաղաքականությունը մեզ տանում է դեպի ջունգլիներ»,-ասում է Ջոն։

«Այո, երկակիությունը մեզ կարող է տանել դեպի ջունգլիներ... Երբեմն դժվար է հասկանալ, թե ով է իրական՝ դու՞, թե՞ քո ալտեր էգոն։ Ամեն դեպքում, դուք երկուսդ էլ (նույնիսկ թշնամաբար տրամադրված քաղաքական կուսակցությունները) պետք է միասին դիմակայեք արտաքին հանգամանքներին, որոնց համար միևնույն է, թե ձեզանից ով է իրականը»,- ասում է Մոնին

Այս երկխոսությունը կայանում է հակադրությունների միասնության և պայքարի հոլովույթում։ Նրանց բախումը կայանում է Մոնիի «Երկակիություն» և Ջո Քենինգհեմի «Երկկուսակցական համակարգ» շերտակտավներում։

«․․․ Իրոք, մեր կյանքում շատ բան որոշվում է երկակիությամբ (Մոնիի նկարի վերնագիրը), որը բնորոշ է մարդկային էությանը: Սա ակնհայտ է նաև քաղաքականության մեջ. նույնիսկ երկկուսակցական համակարգը (ինչպես Քենինգհեմն է անվանում իր նկարը) անհատականության դուալիզմի արտացոլումն է: Ըստ էության, սա հակադրությունների միասնություն և պայքարն է միաժամանակ:

․․․Քենինգհեմի շերտակտավը բաղկացած է երկու տարբեր հյուսվածք ունեցող մակերեսներից, որոնք միմյանց վրա են գտնվում և որոնց տակից, կարծես, կենտրոնում արյան կաթիլներ են երևում։ Մեջբերումը մեզ տանում է դեպի հեղինակի կողմից երկկուսակցական համակարգի գնահատական՝ որպես դեպի արյունահեղություն տանող ջունգլի։

․․․ Մոնին իր աշխատանքում ելնում է այն փաստից, որ անհատի և նրա ալտեր էգոյի միջև առճակատումը, ի վերջո, կարող է հանգեցնել անհատի խորտակմանը։ Հետևաբար, լուծումը միասնության մեջ է։ Խայտաբղետ մասերի և հյուսված լարերի ֆոնի վրա գերիշխում են երկու նմանատիպ կանացի խճանկարային դեմքեր, որոնք դասավորված են «ոտուգլուխ» և միավորված են ընդհանուր գլխաշորով։ Դեմքերից մեկի աչքերը բաց են, մյուսինը՝ փակ, իսկ ճակատին փայլող աչք է։ Ֆոնի պայծառությունը, դեմքերի աչքի շողշողունությունն անմիջապես գրավում են դիտողին և մտածմունքների մեջ գցում»․ աշխատանքները մեկնում են Սեյրանուշ Մանուկյանը և Արմեն Դարբինյանը։։

Մոնիի աշխատանքները հաջողությամբ ցուցադրվել են անգլիական Բիրմինգհենում անցկացվող Քվիլթինգի ամենամյա փառատոնին, ուր և կայացել է Մոնիի և Ջո Քենինգհեմի հանդիպումը։ Իսկ նրանց երկխոսությունը Երևանում, ցուցահանդեսի կերպով՝ կայանում է Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի առաջարկով և նախաձեռնությամբ և առաջին անգամը նաև՝ նրա համադրողական տաղանդով։  

«․․․ Ներկայացված են երկու ականավոր վարպետներ՝ բաժանված աշխարհագրական մեծ տարածքով, տարբեր ծագման, տարիքի, մշակույթի, սեռի, փորձի․․․ Այնուամենայնիվ, ցուցահանդեսը ներկայացնում է ստեղծագործություններ՝ միավորված նույն արժեհամակարգով ու մարդկային էության, ճակատագրի, անցյալի և ապագայի վերաբերյալ համանման մոտեցումներով՝ համընդհանուր մարդկային արժեքների վրա հիմնված Երկխոսության տեսքով։ Եվ սա հենց այն Երկխոսությունն է, որտեղ հեղինակները ավելի լավ են բացահայտում միմյանց և փոխլրացնում՝ օգտագործելով գեղարվեստական ​​շերտակտավի հմայիչ տեխնիկան։ Այս Երկխոսությունը բազմաշերտ է, խորը՝ շնորհիվ ոչ միայն հեղինակների վեհության և մտավոր ու հոգևոր խորության, այլև գեղարվեստական ​քվիլթինգի լայն հնարավորությունների, որոնք համատեղում են կերպարվեստի և կիրառական արվեստի առանձնահատկությունները»․ արձանագրում են կատալոգի տեքստի հեղինակները։

Ցուցահանդեսն, իրոք, յուրահատուկ երևույթ է, քանի որ հայ արվեստասեր հասարաոությանը ներկայացվում է  ժամանակակից կերպարվեստի նոր տեսակ՝ Շերտակտավի արվեստը, նույն ինքը՝ Քվիլթինգը։։

Եվ, այնուամենայնիվ՝ ի՞նչ է շերտակտավի արվեստը կամ քվիլթինգը և ինչպես են դրան անդրադառնում համադրողական տեքստի հեղինակները․ «․․․։ Այն մասերի միաձուլման, փեչվորքի արվեստ է, որի արմատները դեռ հին Եգիպտոսից են և որն ունի հարուստ պատմություն եվրոպական երկրներում և հայկական իրականությունում։ Այն կապված էր սահմանափակ ռեսուրսների պայմաններում վերամշակման և ստեղծագործականության գաղափարի, հնից նոր բան ստեղծելու անհրաժեշտության՝ հին գործվածքների մնացորդներից գեղեցիկ առարկաներ ստեղծելու հետ։ Փեչվորքի և քվիլթինգի ժողովրդական արվեստով, ինչպես նաև խճանկարով ոգեշնչված բազմագույն կտորներից ստացվող երկրաչափական կոմպոզիցիայի շնորհիվ գործվածքի յուրաքանչյուր կտոր ավելի մեծ պատկերի մաս է կազմում»։

Իսկ գո՞ւցե շերտակտավները ստեղծվել են հեռավոր այն ժամանակներում, երբ հայ մամիկները վերմակներ էին ծնում հին գործվածքների մնացորդներից, և այդ վերմակներում իրենցից անկախ դնում էին այն արվեստի հիմքերը, որը հետո պետք է բարձրանար համաշխարհային հարթություններ։ (Ի դեպ, վերմակների մասին առաջին անգամ մտածեցի դեռևս տասը տարի առաջ մեր ժամանակի լավագույն արվեստագետներից մեկի՝ Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսում, որտեղ վերմակները մեկ այլ լուծման, մեկ այլ հարաբերության, մեկ այլ փիլիսոփայության մեջ էին արվեստի հետ)։

Իսկ գո՞ւցե Մոնի Հովսեփյանի ստեղծագործությունները ենթագիտակցական, աներևույթ, անտեսանելի այն ինքնութենական կապի մազե կամուրջներն են, որ շաղկապում են ներկան ու մշակութային ժառանգությունը, անցյալն ու վաղվա ժամանակը, նախնիների ու սերունդների երկխոսությունը։ 

 Թերևս՝ այո, քանզի, ինչպես գրում է պրոֆեսոր Արմեն Դարբինյանը․

«․․․Մոնին թերևս, ժամանակակից կերպարվեստի այս ուղղության հիմնադիրն է Հայաստանում։ Իհարկե, պատմականորեն անչափ հարուստ է հայկական ձեռագործական կիրառական մշակույթը, որը սակայն արտահյատվել է հենց ստեղծված կիրառական առարկաների բազմազանության մեջ։ Մոնին բարձրացրել է հազարամյակներով ձևավորված արհեստը Արվեստի մակարդակի․․․»։

Սա ակնհայտ է և ակնհայտ իրողություն։ Մոնի Հովսեփյանի՝ «Երախտագիտություն դարի երկայնքով» ստեղծագործությամբ, օրինակ, տարբեր մեդիաների այնպիսի արվեստային համադրություն է ստեղծված, այնպիսի արվեստային համակցություն, որ դժվար է հասկանալ, թե որտե՞ղ է, օրինակ, սկսվում ասեղնագործություն արհեստը և որտե՞ղ է այն համադրվում ասեղնագործություն արվեստի հետ։

Մոնի Հովսեփյանի ստեղծագործություններում այնպիսի արվեստայնությամբ են զուգակցված զարդանախշերի արհեստային ու արվեստային դրսևորումները, հեթանոսական ու քրիստոնեական ամենատարբեր խորհրդանիշերի արհեստային ու արվեստային դրսևորումները, այնպիսի համակարգային մտածողության մեջ են նրանք, որ գեղարվեստական շերտերի ենթատեքստերն անգամ տարալուծվում են արվեստի բարձրագույն հորիզոններում։

«Մոնի և Ջո․ Երկխոսություն շերտակտավի միջոցով» մեծածավալ ցուցադրությունը, համադրողի կոնցեպտուալ մտածողությունը, «ՀայԱրտ» կենտրոնի արվեստային միջավայրը ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ չկա մի ոլորտ, ուր հայ ստեղծագործողը, հայ արվեստագետը, հայ մտածողը չի կարող երկխոսության մեջ լինել աշխարհի հետ, ուղղակի պետք է լինեն ճիշտ հայեցակարգեր, ճիշտ մոտեցումներ, ճիշտ գնահատողներ և երազանքներ ունեցողներ։ 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90