«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Ամենահանճարեղ ստեղծագործությունն, ի վերջո, կյանքն է...». ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
«Մեր սերնդին երկու տարբեր իրականություն վիճակվեց. երկու հասարակարգ, երկու կենսակերպ, երկու մշակույթ՝ սովետականն ու մեր ժամանակներինը: Իրարամերժ երկու իրականություններ, որոնցից և՛ առաջինն էր խորթ՝ նորմալ, ազատամիտ, բանական մարդու համար, որովհետև շատ էր կաշկանդում, ճնշող էր, մարդն, ի վերջո, ազատ չէր, և՛ երկրորդն է, ցավոք, օտար:
Մեր նվիրական երազանքները, որ իրականություն էինք ուզում դարձնել՝ կիսատ մնացին: Մեր սերնդին վիճակվեց անկախ երկիր ստեղծելու ճակատագրական պատեհությունը, բայց ժամանակի ընթացքում, ցավոք, մեծ դժվարությամբ ձեռք բերած արժեքները սկսեցինք հերթով տանուլ տալ: Սա լուրջ վերլուծության նյութ է: Վանոյի բառերով՝ «կյանքը մեր ուզածով չեղավ», թեև Վանոն սա ասել էր սովետական կյանքի մասին...: Անկախ Հայաստանը մեր երազած Հայաստանը չեղավ: Դարձավ մի երկիր, որտեղից մարդիկ հեռանում են: Ես էստեղ էլ եմ զգում, էս իրականության մեջ էլ եմ զգում խորթություն և օտարություն: Շատ ցավալի է: Ու երևի էս երկու իրականությունների համադրումն ինձ հուշեց «Օտար ժամանակներ» վերնագիրը»:
Դժվար է երկու ընկերների զրույցը ինչ-որ ձևի մեջ «տեղավորելը», այդ զրույցից «նյութ» ստանալը, մանավանդ, երբեմն թվում է, թե բոլոր ասելիքներն ասված են, բոլոր զրույցներն արված են, անհասկացողություններ, թյուրըմբռնումներ չկան, տարակարծություններ, հակադրություներ չկան, որովհետև մի ամբողջ կյանք կա այդ ամենի արանքում: Դժվար է, բայց փորձեցի հակադարձել Վասակին, մանավանդ, որ առիթը նրա նոր լույս տեսած գիրքն էր՝ «Օտար ժամանակները», Վասակի պատմվածքներո՞վ, էսսեներո՞վ, ուղղակի մտածումներո՞վ, ուղղակի արձանագրումներո՞վ...: Չգիտեմ: Այնուամենայնիվ գրականությամբ, որի սկիզբը յոթանասունականներում է: Մեր սերնդի համար մի ժամանակ, որը պատված է երանություններով, հիացումներով, իսկ դրանց հետևում ուղղակի մեր երիտասարդությունն է:
- Ասում ես երկու տարբեր իրականություններ, «կյանքը մեր ուզածով չեղավ», իսկ կյանքը լինո՞ւմ է որևէ մեկի ուզածով ընդհանրապես: Հրանտն ասում էր. «Աշխարհն էն է, ինչ որ կա, իմ կարծիքով չի...»:
- Չէ, լինում է, իհարկե լինում է, շատերի համար լինում է: Հրանտի ասածն իհարկե ճշգրիտ է, բայց ես այլ բան եմ ասում: Ընդհանուրի մասով, ոչ անհատի,- մեր ուզածով չի եղել: Մեր պատմության ընթացքում ավելի շատ պահպանող ենք եղել, քան նվաճող, երբեմն ինձ թվում է, թե անընդհատ տանուլ ենք տվել... Բայց երևի ինչ-որ պատճառ կա, որ էդպես է եղել ու էդպես պիտի լիներ: Երևի միշտ գալիք սերունդների համար ինչ-որ խնդիրներ պիտի թողնեն նախորդները... Բայց ինչքա՞ն կարելի է լավագույն ժամանակները հետաձգել, անընդհատ հուսադրվել, թե հաջորդ սերունդը ավելի լավ կապրի, թե ավելիին կհասնի:
-Մի հատված կարդանք «Օտար ժամանակներ»-իցդ.
«Ամենահեշտը վայրկյանն ապրելն է: Ապրում ես: Հետո սպառում ես րոպեն: Հալվում է ժամը: Թերթում ես օրը: Շաբաթներն անցնում են: Հետ ես նայում՝ չկան: Անցել են:
Որտե՞ղ ես: Պարզվում է՝ ճիշտ քո տարիքին: Քո օրվա մեջ: Անվերջության մեջ: Վիճակված է ապրել քո բաժինը: Մի քիչ: Ոչ մի ակնթարթ ավելի: Այնքան հեշտ ես ապրում՝ մի քիչ: Անվերջությունից՝ մի քիչ: Շատ հեշտ է: Հազարամյակից մի փշուր: Դա էլ է հեշտ, ապրիր որքան կուզես: Դարը նույնպես շռայլ է, կարող է տրվել անմնացորդ:
...Եվ հասկանում ես, որ մինչ դու հմայված ընդառաջ էիր գնում քո ժամանակին, ինչ-որ պահի նա աննկատ է ու շարունակում է անկասելի ընթացքը հակառակ ուղղությամբ»:
- Միշտ մտածում եմ. ինչո՞ւ է մարդն այսօր գրում, երբ գրել են Չարենցը, Տերյանը, Թումանյանը, Մաթևոսյանը, Ֆոլքները, մյուսները: Հասկանում եմ, որ պիտի գրեն, բայց միշտ դրա մասին մտածում եմ: Հետո մտածում եմ լրագրող ե՞ս, թե՝ գրող: Լրագրությո՞ւն, թե՝ գրականություն: Տարբեր են, չէ՞:
- Տարբեր են, իհարկե, տարբեր են: Լրագրությունը ոնց որ պարտադրվեց: Գրականությունը ստեղծագործություն է, լրագրությունը՝ ապրուստ: Քանի դեռ չէի խրվել լրագրության մեջ, չէի սկսել դրանով զբաղվել, ավելի շատ ժամանակ և նվիրվածություն տանում էր գրականությունը, բայց, հանգամանքների բերումով, լրագրությունը կարծես երկրորդ շարք մղեց գրականությունը: Ես չէի ուզենա, որ էդպիսին լիներ ընթացքը: Իմ նախասիրությամբ, խառնվածքով, հակումներով ես ավելի շատ գրականության մարդ եմ: Լրագրությունը խանգարում է ստեղծագործել, բայց շատ թե քիչ ապահովում է ապրուստ: Գրականությունն ավելի շատ նվիրում է պահանջում ու կարծես խանգարում է ապրել...
...Ասում ես ինչո՞ւ է մարդն այսօր գրում: Ես էլ եմ միշտ մտածել, թե ինչու է գրում, ի վերջո, բոլոր հնարավոր ու անհնար լավ գրքերը կարծես արդեն գրված են...Իսկապես, միշտ մտածել եմ էդ մասին, բայց, շատ հավակնոտ չհնչի, մտածել եմ նաև, որ եթե չես գրելու էնպիսի մի բան, որն իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում, չեմ ուզում համեմատության մեջ ասել՝ լավն է, կամ վատն է, ուրեմն իմաստ չունի, որովհետև, իրոք, մենք փառահեղ գրականություն ենք ունեցել, էլ չեմ խոսում համաշխարհային գրականության մասին, կատարելության նմուշների մասին,- ու էդ ֆոնին ստեղծագործելը, ջանքը նույնիսկ՝ լուրջ գործ ստեղծելու, մի քիչ կարող է ծիծաղելի թվալ:
Բայց մյուս կողմից՝ մի ուրիշ փաստարկ էլ կա. յուրաքանչյուրն իր գործն է անում, իր ժամանակի մեջ, իր միջավայրի գրողն է, տարեգիրն է, և եթե չլինի որևէ սերնդի գրականությունը, մի մեծ տարածություն բաց կմնա: Այլ հարց է, թե ինչ արժեք կստեղծվի:
Հետո, ի վերջո, ամենահանճարեղ ստեղծագործությունը կյանքն է, կյանքը՝ իր անակնկալներով, իր հակասություններով, չգիտեմ, իր շքեղությամբ ու հմայքով, նաև՝ ողբերգականությամբ: Ու եթե ինչ-որ մեկը որոշում է ստեղծագործել, տագնապում է, ուրեմն, որ կյանք ասված հանճարեղ «ստեղծագործությունը» տանուլ է տալիս, որ այն հավերժ չի, սպառվում է, ու ինքը չի կարողանում դրա մեջ լիարժեք դրսևորվել, էդտեղ չի գտնում իրեն: Ու զուգահեռ մի ուրիշ աշխարհ է փորձում ստեղծել, փորձում է մի ուրիշ իրականություն ստեղծել, որտեղ ինքն է թելադրում ժամանակի ընթացքը, ինքն է այդ իրականության տիրակալը, և այդտեղ ինքը շատ ավելի լավ կդրսևորվի, ինքը շատ ավելի ազատ է, որտեղ հանգամանքներն իրեն չեն թելադրում:
- Բայց այդպես ապրելը դժվար է: Դժվար չէ՞:
- Հեշտ չի, բնականաբար: Առհասարակ դժվար է ապրելը և՛ առանց ստեղծագործելու, և՛ ստեղծագործելով: Եթե հեշտ լիներ ապրելը, ես չէի գրի. ոչ մի դեպքում: Եթե կյանքը մեր ուզածով լիներ, մենք դրսևորվելու, վայելելու ու նաև էդ կյանքին ու ուրիշներին օգտակար լինելու իմաստով բավարարված, ինքնաբավ լինեինք, երևի թե շատ քիչ մարդ կստեղծագործեր, չէր փնտրի ինքնադրսևորվելու այլընտրանք:
-Գրքիդ երկրորդ մասը կոչել ես «Կյանքի հակառակ կողմը»: Իսկ ի՞նչ ես փնտրում կյանքի հակառակ կողմում: «Օտար ժամանակները» կարծես հասկացանք:
- Պահ եկավ, երբ սկսեցի ավելի ու ավելի հաճախ մտածել ժողովրդական առածների և ասացվածքների մասին: Մենք ՝որպես ժողովուրդ, լավն ենք: Մեզ բնորոշ է բարությունը, ուրիշին ձեռք մեկնելը, սրտացավությունը: Մենք երբեք ագրեսիվ չենք եղել: Մեր հավաքական նկարագրի մեջ շատ դրական բաներ կան, մեր ընկալումներն առողջ են, և դրա վկայությունն են նաև մեր առածներն ու ասացվածքները: Դրանց մեջ ժողովրդի իմաստնությունն է կուտակված:
Բայց ինչ-որ մի պահի զգացի, որ դրանք կարծես արգելակում են մեր ընթացքն ու զարգացումը, մեր ժողովուրդն այնքան է ապավինում դրանց, որ կյանքի ցանկացած իրավիճակի համար կիրառում է որպես պատրաստի դեղատոմս: Մի կողմից՝ բարձր տեխնոլոգիաների զարգացում գլխապտույտ արագությամբ, երևակայության ամենաանհավանական թռիչքներ, արժեքների վերագնահատում, և մյուս կողմից՝ կաղապարված մտքեր, հին խրատներ, ժամանակի փորձությանը չդիմացող ընկալումներ...
- Ու որոշեցիր «նենգափոխել»:
- Չէ, ոչ թե նենգափոխել, այլ, կարելի է ասել՝ դրանց հակառակ իմաստների վրա շեշտադրումներ անելով՝ դրանք ներկայացնել նոր փայլով... Սա փորձ է՝ հաճախ ճակատային ու պարզունակ պատմություններով հանել կաղապարները: Ես էդքան մեծ հավակնություն չունեմ, իհարկե, թե եղած իմաստնություններին համարժեք է արածս, բայց միտք շարժելու փորձ է: Դարերի ընթացքում հղկված այդ իմաստուն ասույթները ինչ-որ իրավիճակներում արդեն չեն աշխատում ի նպաստ մեզ, ավելին՝ մեզ մղում են անբանության...
Շատերը այդ ասացվածքներով արդարացնում էին իրենց արատները, ծուլությունը, պատեհապաշտությունը, անձնապաստանությունը և այլն: Ինչ-որ մի պահից սևեռուն միտք դարձավ, որ դրանք,- ոչ բոլորն, իհարկե,- կասեցնում են մեր ընթացքը:
Բայց ամեն ինչ չբացահայտեմ. մնացածը՝ գրքում:
Հ.Գ. «Նորածին շան լակոտին տարան և կապեցին անիմաստ հաչող ու կծան շան կողքին:
Նրանց կյանքը գուցե և արժանի է մանրակրկիտ շարադրանքի, բայց դրա կարիքը չկա: Ասեմ միայն, որ ապրեցին սովորական շնային կյանքով:
Հա...Ու մեկ էլ այն, որ հաչող ու կծան շան կողքին կապածը, որ վաղուց արդեն լակոտ չէր, այլ մեծ շուն՝ չափազանց խելոք դուրս եկավ. նրանից ոչ հաչել սովորեց, ոչ կծել»:
Սա էլ «Կյանքի հակառակ կողմից»: Իսկապես, մնացածը՝ գրքում, որի շնորհանդեսը լինելու է հունիսի 10-ին, ժամը՝ 17:30-ին, «Նոյյան տապան» գրախանութում:
Արայիկ Մանուկյան