Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Անահիտներ», «Անահիտներ», կինո...

 

Ավանդույթն ասում է, որ հազարամյակներ առաջ հռոմեացի զորավարի զինվորները ջարդել են հայոց դիցարանի պտղաբերության աստվածուհու՝ Անահիտ դիցուհու վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։

Օրեր առաջ Հայաստանի հանրային հեռուստատեսության շենշող տաղավարում, ճերմակ սեղանների շուրջ բազմած մի քանի տասնյակ մարդիկ՝ ֆրակավոր ու տոնական տրամադրությամբ, անասելի լարումով, անհանգստությամբ, հուզմունքով ու հռոմեացի զինվորներից ոչ պակաս կրքով սպասում էին Անահիտ աստվածուհու ոսկեզօծ արձանիկի «բաժանմանը»:

Ու ամեն մարդ այդ արձանիկը տանելու է իր Հռոմը: Այն Հռոմը, որի անունն է Կինո: Նրանց բոլորի ճանապարհները տարել են դեպի կինո: Նրանք բոլորն ապրել են այն աշխարհով, որի անունը կինո է՝ աներևակայելի, աննկարագրելի մի աշխարհ, որտեղ մարդը եթե մտնում է, ուրեմն մտնում է այլևս:

Հայաստանի ազգային կինոակադեմիան մշակութային նոր սանդղակ սահմանեց՝ 30-ից ավելի հայ կինոակադեմիկոսների բաց քվեարկությամբ (որը կարելի է բացառիկ երևույթ հռչակել հայ իրականության համար) որոշելով 2016 թվականի հայկական կինոյի կինոանվանակարգերը և մշակութային նոր որակի առաջին կինոմրցանակաբաշխությամբ մեծարել հաղթողներին՝ շնորհելով Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակը:

Իրական տոն էր, բայց թողնենք տոնականությունը և առանց տուրք տալու կասկածամտության, անհավատության, դավադրությունների մեր ազգային ավանդական սովորույթներին, անդրադառնանք մրցանակաբաշխությանը:

Հայաստանի ազգային կինոակադեմիան՝ ներկայացնելով մրցանակաբաշխության հայտը, սահմանել էր, որ մրցանակաբաշխության նպատակն է «...վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը»:

Վերաձևակերպվեցի՞ն արդյոք այդ չափանիշները:

Որպես առաջին քայլ՝ այո, ընդհանրապես՝ դեռ ոչ:

Այո, որովհետև չգոյության, դատարկության, անկենդանության փոխարեն գնահատման ինչ որ չափանիշներ գոնե որոշակիացվեցին՝ ի դեմ բաց քվեարկության և կինոակադեմիայի՝ որպես ազգային կառույցի ռեանիմացիայի: Ի վերջո, կինոյի մեծ աշխարհում միմյանց հետ խոսում են ազգային կինոակադեմիաները, իսկ ժամանակակից աշխարհում տարիներ շարունակ արդարանալ, որ մերը վերակենդանացման բաժանմունքում է, հարիր չէ ժամանակակից պետությանը: Թեկուզ հենց այն պատճառով, որ երկրում կա միջազգային կինոփառատոն, որն իր հարթակում խոսում է աշխարհի հետ՝ չունենալով աշխարհի հետ խոսող մյուս հարթակները, որոնք պետք է ներդաշնակեն կինոգործը՝ արտադրությունից մինչև տարածում:

Իսկ ընդհանրապես, հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշների առումով պետք է ավանսով վերաբերվել ազգային կինոակադեմիային: Անթույլատրելի է վերակենդանացման բաժանմունքից նոր դուրս եկածից պահանջներ ունենալը:

Իսկ պահանջներ պետք է ձևակերպվեն՝ նկատի ունենալով ակադեմիկոսների ընտրության, նրանց համապատասխանության խնդիրները, քվեարկությունների կանոնակարգվածությունները, խաղի կանոնների սահմանումները և այլն:

Բացահայտե՞ց արդյոք առաջին մրցանակաբաշխությունը նոր անուններ, թերևս կարելի է ասել ոչ, կամ այո՝ վերապահումով:

Անունները, որոնք տարան հիմնական «Անահիտները», բացահայտված էին:

Կայի՞ն արդյոք հայկական կինոյում նոր անուններ 2016-ին՝ հանրային ընկալման կտրվածքով դժվար է ասել, քանի որ ֆիլմերը, որոնք հայտավորված էին, ընդհանրապես ֆիլմերը, որոնք նկարահանվում են հանրությանը դեռևս անհասանելի են իրենց հիմնական մասով: Միակ բացառությունը «Ոսկե Ծիրանն» է, բայց այն քիչ է կինոտարածման առումով: Չկա հեռուստատեսային ցուցադրության մշակույթը, չկան ֆիլմարտադրողների, ֆինանսավորողների շահագրգռությունները, պրոդյուսինգային, մարքետինգային լուծումներ: Նույնիսկ պրես-տուրեր չկան, որպեսզի ապահովվի կինոյի տարածումը:

Որպեսզի վերացվի աններդաշնակությունը ակադեմիկոսների կատարած ընտրության և հանրության ընկալման առումով, հավանաբար պետք է գտնվեն նոմինացված ֆիլմերի հանրային դիտումների մեխանիզմներ: Այս պահանջը ևս կարելի է ձևակերպել ազգային կինոակադեմիայի ավանսում:

Լավատեսական է, անշուշտ, որ 11 անվանակարգերում ներկայացված էր 45 հայտ՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմերի մի ամբողջ շարք՝ նկարահանված 2016 թվականին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ներկայացված ֆիլմերը պետք է լինեին ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ համատեղ արտադրություններ, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:

Ասել է, թե 2016 թվականին Հայաստանում ֆիլմարտադրություն, այնուամենայնիվ, եղել է և ոչ հուսահատեցնող միտումներով:

Նկարահանվել է՞ արդյոք որակյալ կինո, եղե՞լ են արդյոք գաղափարներ, որոնք կարող են լինել մրցունակ, բացահայտվե՞լ են արդյոք ռեժիսորական, դերասանական, օպերատորական, կինոդրամատուրգիական դրսևորումներ. սա այլ խոսակցության նյութ է:

Ընհանրական մոտեցմամբ և այո և՝ ոչ:

Տարվա «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

Թերևս սպասվում էր և դժվար է ասել, որ կինոակադեմիկոսները ճիշտ չէին իրենց կողմնորոշումներում:

Ֆիլմը նոմինացված էր բազմաթիվ անվանակարգերում, իսկ շահեց նաև տարվա «Լավագույն օպերատոր» անվանակարգում (Վահագն Տեր-Հակոբյան), տարվա «Լավագույն դերասան» անվանակարգում (Սամվել Թադևոսյան):

Մհեր Մկրտչյանի ֆիլմը՝ իր ռեժիսորական մոտեցումներով, դրամատուրգիական ասպեկտով, օպերատորական զգացողությամբ, դերասանական էսթետիկայով և այլն, թերևս էականորեն տարբերվում էր 2016-ին նկարահանված և նոմինացված մի շարք խաղարկային ֆիլմերից: Առավել աղմկահարույցներից՝ առավել ևս:

Այն նաև պրոդյուսերական լավագույն աշխատանք էր և կարելի է, ինչ-որ տեղ դիտարկել նաև որպես պրոդյուսերական ֆիլմ:

Տարվա «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողը Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմն էր:

Այս ֆիլմը նույնպես նոմինացված էր բազմաթիվ անվանակարգերում և շահեց նաև տարվա «Լավագույն սցենարիստ (Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան), տարվա «Լավագույն ռեժիսոր» (Հարություն Խաչատրյան) մրցանակները:

Այս ֆիլմի մասին բազմաթիվ հրապարակումներ եմ ունեցել և մի ավելորդ անգամ չեմ կրկնի իմ տեսակետները:

Ի դեպ, Հարություն Խաչատրյանը, հայտարարելով, որ այս մրցանակաբաշխությանը կինոակադեմիան չի սահմանել «Լավագույն դեբյուտային ֆիլմ» անվանակարգ, բայց չափազանց կարևոր համարելով այդ անվանակարգը, իր մրցանակներից մեկը նվիրեց ռեժիսոր Աննա Արևշատյանին՝ վերջինիս «Բարի լույս» ֆիլմի համար: Գուցե որպես դեբյուտային ֆիլմ, այն կարելի էր հաջողված համարել: Բայց, կարծում եմ միայն այդքանը:

Երկու անվանակարգերում մրցանակներ ստացավ ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակ» ֆիլմը. տարվա «Լավագույն նկարիչ (Միքայել Անտոնյան, Վարդան Սեդրակյան) և տարվա «Լավագույն դերասանուհի» (Յանա Դրուզ):

Այս ֆիլմը, թերևս 2016 թվականին արտադրված ֆիլմերի հայտություններից մեկը կարելի է համարել՝ իր շատ հետաքրքիր կինոմտածողությամբ, կինոլեզվով, կինոդրամատուրգիական ասպեկտով, բայց կինոակադեմիկոսները այն դիտարկել էին նշված անվանակարգերում, որի հետ նույնպես դժվար է չհամաձայնել:

Տարվա «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը («Բարի լույս»), տարվա «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը («Սիմոնի ճամփան»), տարվա «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ռեժիսոր Արմինե Հարությունյանի «Մշո գեղեն» ֆիլմը:

Մի շատ հետաքրքիր դիտարկում, որի մասին կխոսենք հետագայում:

Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որի մասին մեծ աղմուկով խոսվեց ամբողջ 2016-ի ընթացքում, որը հավակնում էր լինել ֆիլմ՝ նվիրված մեր հանճարին՝ Կոմիտասին, որը պետք է ներկայացներ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը նշող Հայաստանը, որի ստեղծման համար արվել էին Հայաստանի կինոարտադրության գանձարանի համար աննախադեպ ներդրումներ, մնաց լռության մեջ: Եվ աենևին էլ այն կարծիքին չեմ, թե պատճառը հանճարեղ վարդապետն էր կամ, առավել ևս նրա «լռությունը»:

Հետաքրքրական էր նաև, որ «Երկրաշարժ» աղմկահարույց ֆիլմը ներկայացված չէր անվանակարգերում:

Գուցե ճի՞շտ էին ամերիկյան կինոակադեմիայի ակադեմիկոսները: Մեր ակադեմիկոսները գուցե իսկապե՞ս սխալվել էին: Ինչևէ:

Առաջին «Անահիտներն» արդեն իրականություն են: Կինոյի տոնը Հայաստանում կայացավ: Կայացավ մեծագույն ջանքերի գնով և սա կարելի է համարել քայլ առաջին աստիճանով:

Կունենա՞նք արդյոք այդ աստիճաններով բարձրացող կինո:

Վստահաբար կարող եմ ասել՝ այո, եթե գիտակցենք կինոյի դերը երկրների ու հասարակությունների ներկայացման գործում, եթե ստեղծվի ներդաշնակ կինոարտադրություն, եթե ազգային կինոակադեմիան իսկապես կարողանա ավարտին հասցնել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշների վերաձևակերպումը, եթե կարողանա իսկապես նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

Իսկ դրան կարող է նպաստել կինոարտադրության մրցունակ մեխանիզմների ստեղծումը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հզորացումը, փառատոնային այլ դրսևորումների միջոցով, հեռուստատեսային մեխանիզմների ընդգրկմամաբ կինոյի հանրայնացումը:

Առայժմ շնորհավորենք «Անահիտ»-ների առաջին մրցանակակիրներին, ազգային կինոակադեմիային առաջին կինոտոնի կապակցությամբ:

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ