«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Անարգեցին նաև Պարույր Սևակին...». ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ 

 

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է և մենք որոշեցինք այսօր հրապարակել ոչ այլ ինչ, քան փոքրիկ մի հատված մասնագիտությամբ քիմիկոս, գրող, գրականագետ, մշակութաբան ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԻ «ՍԵՎԱԿԻ ՀԵՏ» գրքից մի հատված: Ինչո՞ւ: Որովհետև շատ պարզ մի պատումով Ասատուր Փաշայանը հասնում է Պարույր Սևակ երևույթի մի քանի շերտերի... 

«...Երբ ավարտում էի «Սևակի հետ» մենագրությունս, երջանիկ պատահականությամբ տեղեկացա Պարույր Սևակի դպրոցական տարիների մի դրվագին, ինչը ցնցեց էությունս:

Աշխարհագրագետ, գիտությունների դոկտոր, Պարույր Սևակի համագյուղացի և մտերիմ Խաչիկ Նազարյանի քույրը՝ Արաքսյա Նազարյանը, իր «Բանաստեղծ ախպերս եկավ» հուշագրությունում գրում է. «…1938-1939 թվականներին մարտունեցիները գալիս հաց էին խնդրում մեր գյուղացիներից, ալյուր, կարտոֆիլ և այլն: Ազին՝ Պարույրի մայրը, միշտ տալիս էր, հետն էլ՝ չիր, պոպոք, պանիր: Մի անգամ էլ երեք հոգի առանձին-առանձին գալիս հաց են ուզում: Ազին երեքին էլ տալիս է, հետո գալիս է չորրորդը: Ազին մերժում է՝ ասելով, որ էլ հաց չկա:

Քիչ հետո տեսնում է, որ Պարույրն էդ մարդու հետ գալիս է: Դպրոցից վերադառնալիս իրենց տան մոտ տեսնում է մերժված աղքատին:

- Ազի, ինչի՞ հաց չես տվել:

- Որդիս, դե երեք հոգու տվել եմ էլի, չկար:

- Ազի, ինձ էլ, իրեն էլ ճաշ տուր, որ սոված չգնա…»:

Հիմա եմ միայն հասկանում, թե ինչու շակալները օրը ցերեկով Երևանի կենտրոնում այրում էին «Եղիցի լույս»-ի տպաքանակի մի զգալի մասը: Այրում էին, քանզի դրանում կային Պարույր Սևակի հետևյալ տողերը.

«Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի,
Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ»:
      
Եթե Պարույր Սևակն իր ողջ կյանքում քայլեց նեղ, տատասկոտ, չափազանց անանցանելի և ականապատված արահետներով, ապա իր թողած ծովածավալ գրական և մշակութային ժառանգությամբ մեզ համար ապահովեց լայն, չափազանց լայն, լուսառատ և լայնահուն պողոտաներ…

Իր անչափ սիրելի Մաքսիմ Գորկու մեծագույն հերոսի՝ Դանկոյի նախատիպը եղավ Պարույր Սևակը  հայ և համաշխարհային գրական անդաստանում: Եթե Դանկոն իր բոցավառ սրտով լուսավորեց մոլորված, շփոթ և անօգնական մարդկանց փրկության ճանապարհը, ապա Պարույր Սևակն իր ամեն մի տառով, ամեն մի բառով, ամեն մի տողով, ամեն մի պարբերությամբ, ամեն մի էջով, ամեն մի գրքով, տարաբնույթ, կիրթ, գրագետ ու շատ հաճախ բնագրին հարազատ թարգմանությամբ, արևմտահայ շատ ու շատ գրողների նորովի ներկայացնելու իր ազնիվ, ազգանվեր գործունեությամբ մեզ հորդորեց և պատգամեց չափազանց տարողունակ և գալիք սերունդներին ուղղորդված հզոր մի տեսություն՝ Մարդագիտության տարրական գիտելիքների տեսությունը:

... Պարույր Սևակի կյանքի շատ ու շատ մանրամասներ պարզելիս, պատահաբար տեղեկացա, որ խելացիին և տաղանդավորին հալածելը Հայաստանում վաղ անցյալում էլ է եղել:

Միշտ հպարտացել եմ V-VI դդ. փիլիսոփա, տրամաբան Դավիթ Անհաղթով: Հատկապես, որ Անհաղթ անուն է ունեցել: Եվ այն էլ մեզանից շուրջ մեկ ու կես հազարամյակ առաջ: Բայց երբ կարդացի մեծանուն հայագետ, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ Հրաչյա Աճառյանի մի վկայությունը, փշաքաղվեցի.

«…Դավիթ Անհաղթ, փիլիսոփա, Հարք գավառի Հերթ կամ Հերյան գյուղից: Կոչվում է նաև Ներդյունացի, աշակերտ Սահակի և Մեսրոպի, քեռորդի Մովսես քերթողահոր:

Իր ուսումն ավարտեց Հունաց մոտ և կայսեր ներկայությամբ վիճելով հույն փիլիսոփաների հետ` հաղթեց, որով և ստացավ Անհաղթ տիտղոսը:

Վերադառնալով Հայաստան, սկսեց պարապել փիլիսոփայական երկերով, որոնք ընդունելություն չգտան: Հայերը անարգեցին Դավիթին, զարկին, վիրավորեցին: Նա գնաց Վրաստան, ուր և մեռավ…» (Հ. Աճառյան, «Հայոց անձնանունների բառարան», հատոր Բ, Երևան, 1944, էջ 24)...

Այո, հայերը անարգեցին հանճարեղ փիլիսոփային: Ավելին, զարկին, վիրավորեցին...

Բայց ինչո՞ւ: Պարզ չէ՞, ինչու: Խելացի և անտեր մարդուն միշտ պետք է զարկել:

Այդպես հայերը հետագայում զարկեցին և անարգեցին Անանիա Շիրակացուն, Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տղային, Մխիթար Սեբաստացուն, Խաչատուր Աբովյանին, Միքայել Նալբանդյանին, Կոմիտասին, Լեոյին, Հրաչյա Աճառյանին, Հակոբ Անասյանին, Կարապետ Չոբանյանին, Մինաս Ավետիսյանին:

Անարգեցին նաև Հրաչյա Աճառյանի աշակերտ Պարույր Սևակին...»:

ԱՍԱՏՈւՐ ՓԱՇԱՅԱՆ
«ՍԵՎԱԿԻ ՀԵՏ» մենագրությունից

  

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ