Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան

Գրող

«Անարվեստ մաղթանքների արվեստը…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ



Թվում է՝ ի՞նչ բարդ բան է՝ մաղթանք գրել, կենաց ասել, ոգևորել մերձավորին։ Երկու բառ է՝ կպցնում ես իրար, ու պատրաստ է։ Բայց պարզվում է՝ այդպես չէ։

Հազար տարվա մեջ մեկ անգամ մեկ հավանությամբ գրառումներս «չհավանած» մի բանաստեղծուհի սոցիալական ցանցում շնորհավորել էր ծննդյանս օրը՝ «ուրախանալով» (իր բառն է) իմ ուրախությամբ ու ի՞նչ մաղթած լիներ՝ կռահե՜ք. խորիմաստ գրիչ… Գրող, այն էլ՝ ցանցում սեփական լուսապատկերքի ամենօրյա տարափից չկշտացող խորահոգի կնոջ կողմից լա՜վ մաղթանք է, չէ՞։ Երևի միայն ինքը կհասկանա, թե որքա՜ն խորիմաստ։ Այնքա՜ն խորիմաստ, որ դժվարանում ես հասկանալ՝ մաղթա՞նք է, քննադատությո՞ւն, թե՞ կսմիթ… 

Մի մեջբերում անեմ Նապոլեոն Հիլից նրա հետ հիմնականում համաձայն լինելու պատճառով։

«Ոչ վաղ անցյալում մեր կողմից անցկացված գիտափորձերն ապացուցեցին, որ մարդուն հնարավոր է հիվանդություն ներշնչել: Մեր կողմից ընտրված «զոհերին» երեք մարդ հաջորդականորեն դիմեց նույն հարցով.«Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում, սարսափելի տեսք ունեք»: Առաջին անգամ հարցը ժպիտ և անխռովություն առաջացրեց. «Չէ, ի՞նչ եք ասում, ամեն ինչ լավ է»: Երկրորդ անգամ պատասխանը սովորաբար այսպիսին է լինում. «Ճիշտն ասած՝ ինձ թույլ ու տկար եմ զգում ոնց-որ ...»: Դե, իսկ երրորդ անգամ նա, ում դիմում են այդ հարցով, ուղղակի խոստովանում է, որ ինքը հիվանդ է:

Ծիծաղել պետք չէ, ավելի լավ է՝ այդ խաղը խաղացեք ձեր ծանոթներից մեկի գլխին:

Միայն թե շատ ջանքեր մի՛ ներդրեք, ի՞նչ իմանաք՝ մեկ էլ տեսաք՝ լուրջ հիվանդացավ: Իմիջիայլոց, գոյություն ունի աղանդ, որի անդամները վրեժխնդիր են լինում իրենց թշնամիներից՝ կատարելով նույնը, ինչ որ մենք, միայն թե վեց անգամ ՝ վեցանիստի մեթոդով: Նրանք դա անվանում են բաց կախարդանք:

Կա ցնցող վկայություն, երբ հիվանդությունները սկսվել են վատ, չարագուշակ մտքերից: Չարագուշակ միտքը կարող է ներշնչվել, կարող է և ինքնուրույնաբար ծնվել մարդկային գիտակցության մեջ: Ուստի հետևեք մի իմաստուն մարդու օրինակին, էլ առավել իմաստուն, քան կարող է թվալ իր հետևյալ մտքից. «Երբ ինչ-որ մեկը ինձ հարցնում է, թե ինչպես եմ ինձ զգում, ես միշտ նրա մռութը ջարդելու ցանկություն եմ ունենում»:

Հիլի հետ համաձայն չեմ միայն վերջին կետում. չափն անցած խիստ է։

*

Վերելակ նստեցի, չանցած երկու հարկ՝ կանգնեցրին ու մի անծանոթ կին աղջնակի հետ ներս մտավ։ Պատրաստվում էի գլխով բարևել՝ սպասելով, որ հայացքը կընկնի հայացքիս, բայց կինը մեջքով կանգնեց, ասես դատարկության էր հանդիպել։ Երեխան, որ կլիներ 7-8 տարեկան, ցնցեց կնոջ ձեռքը, նայեց աչքերիս ու ասաց.

-Բարև Ձեզ։

-Բարև, դպրո՞ց։  Հաջող օր,- ասացի, ու արդեն հասել էինք առաջին հարկ, իջանք։

Կինը շարֆով փաթաթեց վիզն ու երեխային շտապեցնելով հանեց։

Երեխան շրջվեց, ձեռքով արեց, ու հեռացան։

Երբ ես երեխա էի, ինձ էլ այս երեխայի պես դաստիարակել են այն սկզբունքով, որ «Բարևն Աստծունն է» և քաղաքավարություն է։ Գուցե փոխվե՞լ է այդ ժամանակվանից հետո ինչ-որ բան։

*

Մի վայրում, քրոջս ուղեկցությամբ, պարտադրված ներկայություն էի ապահովում: Ինձ չսիրող, ոչ ապրելս ուզող, ոչ մեռնելս` մի կին, ծածուկ, աչքը չէր կտրում ինձնից: Քույրս, որ արմատից գիտի այդ կնոջ` ինձ ատելու պատմությունը, ասաց` քեզ հետևող աչք կա ... Ասացի` դե, գեղեցկությունից ո՞վ է կարողանում աչք կտրել որ: Ծիծաղեցինք, ծիծաղեցինք, ծաղկեցինք. հո չէի՞նք թողնելու` կինը պարապ մնար։

Բոլոր ծածուկ հետևողներ, բարին՝ ձեզ: Նաև՝ քաղաքական դաշտում։ Ակնկալում ենք, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը մեր կյանքը լավացնի, մեզ համար աշխատանք գտնի, մեզ ապահովի, մեզ ջերմացնի, փայի-փայփայի, իսկ ինքներս… սպասում ենք նրանց սայթաքումներին: Որքան հեշտ ենք կարծում մարդկային հարաբերությունները։ Նույնպես և՝ հեղափոխությունը՝ մեր երկրում: Առանց մեկը մյուսի լինո՞ւմ է։

*

Երեխա ժամանակ պատկերացնում էի, թե գրողները պարտադիր կերպով մորուքավոր ծերունիներ են, որոնք ամբողջ ժամանակ նստած են գրասեղանների առջև ու գրում են, գրում։ Հետագայում կարծում էի, թե գրող լինում են միայն տղամարդիկ, թող որ՝ նաև երիտասարդ: Ավելի ուշ, երբ կին գրողի էի հանդիպում, սիրտս սկսում էր թպրտալ: Այն ազնվության պակասն էի փորձում լրացնել նրանց բացահայտելով, որը, մանուկ ուղեղիս համոզմամբ, չափազանց չորուկ ու միակողմանի էր դարձրել կյանքը գրականության մեջ:

Այսօր ողջունում եմ ցանկացած կին գրողի ի հայտ գալը: Նրանք իրականում շատ չեն, պարզապես հաղթահարել են տղամարդկանց գերակայությունը, ու գուցե շատ են թվում, մանավանդ սոցցանցերում, սակայն իրականում այնքա՜ն դեռ պիտի լրացնեն կանանց մշակույթի պակասը դարերի էջերին: Երբ հանդիպում եք, մի շտապեք գնահատել նրանց որպես զգացմունքի արտահայտիչ։ Կինը ինչպես սրտից, այնպես էլ մտքից է բաղկացած։ Թեպետ կենսաբանական փաստ է, որ կնոջ սիրտն ավելի արագ է աշխատում, քան տղամարդունը։  Իսկ դա անհետևանք չէր կարող մնալ։

*

Ընկերության օրն էր: Կապ չունի, որ այսօր այդ օրը չէ։ Հինգ տարի առաջ Ֆեյսբուքում 414 ընկեր եմ ունեցել, երկու տարի առաջ՝ 763, այսօր՝ 1251: Մեծ մասին անձամբ ճանաչում եմ: Թիվը նշում եմ, որ բարեկամ ընտրելու պատասխանատվության և հարգանքիս չափը պատկերացնեք մի տարածքում, որն ամեն օր կլորիկ հինգհազարանոցը պատրաստ է դնել յուրաքանչյուրիս գրպանը։ Հինգ հազար ընկերո՜ջ (բրավո ֆեյսբուքի հումորի զգացմանը)։

Ընկերները բազմազան են, բազմատեսակ, բազմազբաղ, բազմաշնորհ, ի՞նչ թվարկեմ. կարծել ես` ճանաչել ես, պարզվում է` չես ճանաչում, կարծել ես` չես ճանաչում, պարզվում է` ճանաչում ես ... Էս ամենը էնքան սթափ, խոր, ջան ու փութաջանով վերլուծելու հիմք է, որ մի դիսերտացիա կարելի է գրել։

Ահա, օրինակ, ընկերներիցս մեկը, ստատուս է դրել` շնորհավորեք ինձ: Ձայնիս ու սրտիս ամբողջ ուժով շնորհավորում եմ` մտածելով, որ առիթի մասին գոնե նեղություն կկրի` կտեղեկացնի: Բայց նա մեծահոգաբար լռում է, անգամ լայք չի դնում, որ հասկանաս` քեզ լսել է: Անցնում են օրեր: Նորից է գրում` ինձ շնորհավորեք: Կրկին ամբողջ ուժով շնորհավորում եմ: Էլի անպատասխան։ Օրեր առաջ դարձյալ գրել է` ինձ շնորհավորեք: Էլի շնորհավորում եմ. ախր մի շնորհավորանքն ի՞նչ է, որ խնայեմ։ Ընկերոջիցս...

Գրառում ես տեղադրում՝ լուրջ, քահ-քահ ծիծաղում են, հումորով նյութ ես դնում՝ լուրջ են ընդունում, գրում ես՝ լավ եմ, հարցնում են՝ էս կյանքից չե՞ս. գրում ես՝ վատ եմ, խղճահարվում են՝ ի՜նչ մեղք ես։ Ամիսներով էջումդ որևէ արձագանք չեն թողնի, մեկ էլ հանկարծ կգան սուր ու սպանիչ մի քննադատությամբ՝ առանց պատասխանդ լսելու: Ինչ էի ուզում ասել. ընկերությունը նախ և առաջ հաճելի ու ջերմ միջավայր է ենթադրում, երբ կարող ես թուլանալ, պատմել, զգալ ու վայելել։ Գուցե ոմանք համաձայն չե՞ն...

*

Ախր ... չասել չի լինում ... Նեղանալ չկա:

Այս հինգ տարիների ընթացքում ինձ ում հետ ասես որ չեն համեմատել. սպասելի ու ոչ արտառոց են եղել Սահյանի, Բակունցի, Մաթևոսյանի, Րաֆֆու, Սարոյանի, Զորյանի, Սևակի, Մարո Մարգարյանի, Հովհաննես Գրիգորյանի հետ համեմատությունները: Բարի բախտություն՝ ինձ: Արտառոցներից՝ Զահրատին, Կամսարին ու Չարենցին նմանեցնելը: Ի երջանկություն ինձ: Օրերս ինձ համեմատեցին Վանո Սիրադեղյանի հետ, ու ես անհարմար զգացի ասել, որ վերջինին, ցավոք, գրեթե չեմ կարդացել: Դեռ: Ու ափսոս՝ գոնե չեմ կարող եզրակացնել՝ ո՞ր հիմքով եմ համեմատվում: 

Եթե ռուսերեն սկսեմ գրել՝ հիմա էլ Նարինե Աբգարյանին են նմանեցնելու: Ու միայն այդ պատճառով թարգել եմ վտանգավոր մտադրությունս ու շարունակում եմ մայրենի լեզվով գրել։ 

Դեռ Շեքսպիրին ու Բալզակին չեն նմանեցրել: Էդ էլ՝ մտածում եմ՝ կյանքը երկար է. ժամանակ կա։

Երկու հարց է ինձ մտատանջում. մի՞թե մենք ուրիշ գրողների չենք կարդացել, կամ նրանք բոլորն իրար այդքան նման էին:Եվ կամ՝ մենք բոլորս միմյանց այդքան նման ենք։

Հարցս հռետորական է:

Քանի որ, ինչ էլ որ լինի` այստեղ իրոք պիտի նմանվեմ Սահյանին`

ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻԿ...

 

Անուշ Սարգսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ