«Անդրանիկի մեծագույն դասը…». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
1988 թվականի ազգային զարթոնքի, Արցախյան շարժման ու դրան հետևած ժամանակներում՝ մինչև իր առեղծվածային մահը, գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը հրապարակեց հոդվածների, խոհերի ու մտորումների շարքեր, ունեցավ ելույթներ, որոնք քիչ հայտնի դարձան ընթերցողին, քանզի գալիս էին չկարդալու, միմյանց չլսելու ժամանակները: Իսկ հետագայում դրանք առավել խորը մոռացության մատնվեցին, քանի որ այդ ժամանակներին, բնականաբար, հետևելու էին տգիտության, մակերեսայնության, անմիտ խոսքի ժամանակներ:
Ու թեպետ Վարդգես Պետրոսյանի այրու՝ Էմմա Մակարյանի ու նրա դստեր՝ Արմինե Պետրոսյանի ջանքերով այդ հոդվածները մեկտեղվեցին փոքրիկ մի գրքույկում, բայց դրանք չդարձան մեր հանրության սեփականությունը:
Այսօր, երբ առավել կարևորվում է մտածող մարդկանց ներկայությունը մեր կյանքում, Վարդգես Պետրոսյանը «գալիս» է լրացնելու այդ բացը, ցավոք, իր թողած ժառանգությամբ միայն:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակը՝ գրողի ընտանիքի համաձայնությամբ, սկսում է նրա հրապարակախոսական ժառանգության մի որոշ մասի հրապարակումը:
Օգտվելով պատեհ առիթից, որ այսօր Անդրանիկ զորավարի ծննդյան օրն է, առաջինը հրապարակում ենք Վարդգես Պետրոսյանի քիչ հայտնի հոդվածներից մեկը՝ գրված 1990-ի փետրվարի 24-ին, զորավարի ծննդյան նախօրեին:
«Անդրանիկ զորավարի մասին առաջին անգամ տատիցս եմ լսել, 1942 թվականին:
Տաս-տասնմեկ տարեկան տղա էի, աշխարհում պատերազմ էր, իսկ հայոց պատմության մեր միակ դասագիրքը՝ Րաֆֆին, կարդում էինք թաքուն, գիշերները: Երբ տատս պատմում էր Անդրանիկի կռիվներից, ես մտածում էի, որ Րաֆֆին չի կարող գրած չլինել նրա մասին:
Տեսնես ո՞ր գրքում: Հարցրի մեր հայերենի ուսուցչուհուն: Այսօրվա պես հիշում եմ. մեր ուսուցչուհին նույնիսկ գունատվեց, սուս, ասաց, դասամիջոցին կմոտենաս: Դասամիջոցին, գլուխս շոյելով, նա զգուշացրեց, որ երբեք ոչ մեկի մոտ չտամ այդ անունը:
«Կմեծանաս, կիմանաս, թե ինչու»:
Մեծացա, իմացա:
1968-ին, երբ գրողների մի խմբով Փարիզում էինք, գնացինք Պեր-Լաշեզի գերեզմանատուն:
Հիշում եմ, Պարույր Սևակը կռացավ, համբուրեց մահարձանի քարը: Մենք ծաղիկներ դրինք, լուսանկարվեցինք, ավելի՝ լռեցինք: Երևի այդ պահին էր, որ իմ մեջ ծնվեց դառը հարցականը՝ ե՞րբ պիտի լինի գերեզմանների հայրենադարձություն…
Վերադառնալուց հետո ես տատիս պատմեցի, որ ծաղիկ եմ դրել Անդրանիկի գերեզմանին:
Տատս զարմացավ. «Ի՞նչ Փարիզ, զորավարն Էջմիածին է թաղված, Խենթի կողքին»:
Տատիս համար՝ Անդրանիկը Հայաստանից չէր գնացել երբեք: Եվ ճիշտը տատս էր՝ նույնիսկ այն տարիներին, երբ նրա անունը բարձր արտաբերելը վտանգավոր էր, Անդրանիկն ապրում էր մեր հոգիների լռության մեջ, երգերի մեջ, որ մտքներիս մեջ էինք ճչում, զորավարի փրկած հազարավոր գաղթականների զավակների ու թոռների օրորոցներում, պետական արխվների «խիստ գաղտնի» մակագրությամբ դարակներում:
Բայց նաև այդ դժվար ժամանակներում Անդրանիկի մեծ անունը երբեմն-երբեմն ճեղքում էր արգելքի սառույցը:
Ուջանցիները, փառք ու պատիվ իրենց, սրբազան գաղտնիքի մեջ կարողացան կերտել զորավարի արձանը և 1967-ի մի առավոտ՝ ի զարմանս և ի սարսափ պետական, կուսակցական շրջանային և հանրապետական վերնախավի՝ արձանը հպարտ կանգնեց գյուղի կենտրոնում: Նաև այդ դժվար ժամանակներում Խաչիկ Դաշտենցը պրպտում էր իր ժողովրդի հիշողությունն ու արխիվները, գտնում-հավաքում հերոսության մարգարիտներ, որ հետո պիտի շարվեին մի թելի վրա, դառնալով «Ռանչպարների կանչ», և այդ հրաշք ռանչպարների մեջ՝ Անդրանիկն էր:
Նաև այդ դժվար ժամանակներում պատմաբան Աշոտ Հարությունյանը վիթխարի մի հատոր էր հավաքել՝ վավերագրեր Անդրանիկի մասին (ավա՜ղ, այդ ժողովածուն մինչև օրս չտպագրվեց): Այդ վավերագրից մի քանի կտոր պատմաբանը տրամադրեց մեզ՝ «Գարուն» ամսագրի խենթ ու խելառ տղաներին: Ծանր կռիվ մղելով Կենտկոմի «գաղափարական սահմանապահների» հետ, 1969-ին մենք կարողացանք այդ վավերագրերը տպագրել մեր ամսագրում՝ ի պատասխան ադրբեջանցի թուրք Ֆ. Շուշինսկու նողկալի զրպարտության:
Եվ այնուամենայնիվ, Անդրանիկն ավելի բախտավոր եղավ, քան Արամ Մանուկյանը և Գարեգին Նժդեհը: (Այս երեք մեծ անունները նորագույն մեր պատմության՝ գոնե իմ իմացությամբ, Հայոց դիմադրական շարժման երեք հիմնասյունն են): Այսօր, իր 125-ամյա հոբելյանի փաստով, Անդրանիկ զորավարը պետականորեն վերադառնում է հայրենիք, որտեղից երբեք չէր գնացել: Պետականորեն պիտի վերադառնան նաև Արամն ու Նժդեհը, որոնք նույնպես միշտ ապրել են Հայաստան աշխարհում:
Անդրանիկի, նաև Արամի և Նժդեհի մեծագույն դասը հայոց գալիք սերունդներին ազգային համերաշխության դասն է, որ այսօր թերևս շատ ավելի է բախտորոշ ու անառարկելի: (Ամեն անգամ անասելի ցավ եմ զգում, վերհիշելով զորավարի տառապանքը 1918-ի փետրվարին, Էրզրումում, որտեղ նա չկարողացավ միավորել, իրար բերել հայկական կազմակերպությունները, զինված ջոկատները, որոնք բազմաթիվ էին և անհամերաշխ: Եվ Էրզրումի դարպասների մոտ կրած դառը պարտությունը մեր «հավերժական ոսոխի» դեմ բացեց Կարսը, Ալեքսանդրապոլը, մինչև Սարդարապատ…):
Այսօր մեծարել Անդրանիկի, Արամի, Նժդեհի, մեր հազարավոր ֆիդայինների հիշատակը, նշանակում է ոչ միայն երգել նրանց մասին, արձաններ դնել, փողոցներ ու դպրոցներ կոչել նրանց թանկ անուններով, այլև ամենից առաջ ամրապնդել համազգային համերաշխության նրանց տեսիլքը: Այդ համերաշխությունն այսօր կա մեզանում, բայց ավելի՝ իբրև զգացմունք, կամք և էներգիա: Այդ համերաշխությունը պիտի դառնա նաև գործող մեխանիզմ, սթափ ծրագիր, համազգային աշխատանքի բաժանում և ամենօրյա տքնաջան, սևագործ աշխատանք:
Անդրանիկ զորավարի ծննդյան տոնը ևս մի առիթ է՝ այդ ամենի մասին լրջմիտ խորհելու»:
24 փետրվարի,
1990 թ. Երևան
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ