«Անհայտ» ՎԱՐՊԵՏԸ
«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի…» հատուկ նախագծում շարունակում ենք «փորփրել» լուսանկարչի անձնական արխիվը և նորովի «հայտնաբերել» մեր ժամանակի մարդկանց: Նրանց, որոնք լինելով մեր ժամանակի մի մասը, կարևորագույն մի մասը, եթե նույնիսկ լքել են մեզ, մնացել են հավերժությունում, որովհետև նրանք ՄԵԾ են:
Թվում է, թե մենք նրանց ճանաչում ենք ինչպես հարազատի, բայց միայն թվում է: Նրանք տարբեր են իրենց կյանքի յուրաքանչյուր վայրկյանում, որովհետև՝ նրանք ՄԵԾ են: Ահա այդպիսի «տարբեր» Խորեն Աբրահամյան Վարպետի ենք «հայտնաբերել» այս անգամ: «Անհայտ» Վարպետին: Արտիստին, որ ապրեց գեղեցիկ ու նվիրյալ մի կյանք: Նվիրյալ՝ Արտիստի էությանը:
Ինչպե՞ս ծնվեցին այն լուսանկարները, որոնք գրեթե անհայտ են հանրությանը:
«Վարպետին բազմաթիվ անգամներ եմ լուսանկարել տարբեր առիթներով, բայց 89-ի մի օր նրան լուսանկարելու գնացի առանձին պայմանավորվածությամբ: Վարպետը համաձայնվել էր հատուկ լուսանկարվել: Ինձ համար մեծ պատիվ էր և պատասխանատվության ընդգծված զգացողություն ունեի»,-ասում է Հակոբ Բերբերյանը:
«Առաջարկվել էր դիմանկար անել, բայց ես պնդեցի այլ մոտեցմամբ աշխատել, քանի որ դիմանկարներ շատ կային արված: Ուզեցի գնանք և Վարպետին լուսանկարենք գործի պահին, գործի մեջ: Նրա նման մարդը գործի մեջ կերպարանափոխվում է, մտնում է իր էության մեջ, գործի էության մեջ և ավելի արտահայտված է երևում մարդը, արվեստագետը:
Ինձ զանգահարեցին թատրոնից և ասացին, որ կարող եմ նրան փորձի ժամանակ աշխատել: Գնացի: Դահլիճում մութ էր, լուսավորված էր միայն բեմը, ինչպես, սովորաբար, միշտ լինում է փորձերի ժամանակ: Թեև նախնական պայմանավորվածություն կար, բայց ես մոտեցա նրան ու կրկին թույլտվություն խնդրեցի: նա ասաց, որ ես ազատ եմ և կարող եմ լուսանկարել ինչպես կամենամ»,-շարունակում է լուսանկարիչը:
«Առաջին անգամն էր, որ հատուկ իր համար էի գնում էի թատրոն, զուտ իրեն լուսանկարելու: Այն ժամանակ լուսանկարներն անում էինք ժապավենի վրա և անկեղծ ասեմ, ժապավենային հնարավորությունները, որքան էլ, որ ֆլեշ ես օգտագործում և այլն, թույլ չեն տալիս այդ միջավայրում, այդ մթության մեջ ստանալ այն, ինչ մտածել ես: Կոտրվում, ջարդվում է ամեն ինչ, չի ստացվում: Մի քանի լուսանկար արեցի, բայց որոշեցի, որ դրանք «հաշիվ չեն:
Մի քանի տարի անցել էր այդ հանդիպումից և մի օր պատահաբար Վարպետին տեսա նախկին առևտրի տան մոտ, այնտեղ, որտեղ այսպես ասած «ֆայլաբազարն» է: Շատերը կհիշեն, որ Արտիստը մի հայտնի «Նիվա» ուներ: Տեսա, որ բացել է «Նիվայի» դուռն ու կողքով նստած ծխում է: Այնքա՜ն բնորոշ էր այդ պահին իր կերպարն այդ միջավայրին՝ ազատ, երևանցիավարի: Մոտեցա, խնդրեցի լուսանկարել: Վստահ չեմ, որ ինձ հիշեց, բայց ասաց. «խնդրեմ»: Ասացի Վարպետ, սա բեմը չէ, բայց սա էլ իրենն ունի: Ասաց. «խնդրեմ, խնդրեմ»,- հիշում է Հակոբ Բերբերյանը:
«Երրորդ անգամ հանդիպեցի, երբ, ցավոք, ինքն արդեն վատառողջ էր: Պայմանավորվեցինք, որ լուսանկարելու եմ տանը: Ինքը մեծ պատրաստակամությամբ ընդունեց: Կարմիր ֆուտբոլկա էր հագին: Հարցրեց. «ի՞նչ անեմ»: Ասացի, որ ոչ մի բան հարկավոր չէ անել, ուղղակի ուզում եմ լուսանկարել այնպիսին, ինչպիսին կաք: Ասացի կարելի է՞ խնդրել, որ ինձ հետ խոսեք, բայց բառերով չէ: Լուռ խոսեք: Եվ Խորեն Աբրահամյան Արտիստը մտավ իր տարերքի, իր էության, իր կյանքի մեջ: Ու ես լուսանկարեցի: Փաստորեն, վերջին անգամ լուսանկարեցի նրան»,- եզրափակում է իր հիշողությունները լուսանկարիչը:
Ահա այսպես են ծնվել Արտիստի այն լուսանկարները, որոնք մենք ներկայացնում ենք առաջին անգամ և լուսանկարչի թույլտվությամբ հավելում ենք նաև երկու լուսանկար, որտեղ Խորեն Աբրահամյան Վարպետը մեր մշակույթի մյուս Մեծերի՝ Օհան Դուրյանի և Հակոբ Հակոբյանի ընկերակցությամբ է:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ